- «Արարատն» ընդդեմ «Կովկասի ինստիտուտի» դատն այսօր շարունակվելու է, 7or.am, 19.02.2010
- Թույլատրելի՞ է արդյոք Հայաստանում ցեղասպանությունը ժխտող գրականություն հրատարակելը, Armar.am, Գոհար Փիլթոյան, 19.02.2010
- Հերքել, թե չհերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը, Hetq.am, Սառա Պետրոսյան, 19.02.2010
- «Արարատը» հասել է վերաքննիչ դատարան, Yerkir.am, Կարինե Մանգասարյան, 19.02.2010
- Վերաքննիչ դատարանը «Արարատ» կենտրոնն ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի գործով որոշումը կհրապարակի մարտի 5-ին, Noyan-tapan.am,
Սոնա Մաշուրյան, 19.02.2010
«Արարատն» ընդդեմ «Կովկասի ինստիտուտի» դատն այսօր շարունակվելու է
Այսօր Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը լսելու է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցն ընդդեմ «Կովկասի ինստիտուտի»։ 2009թ. դեկտեմբերի 4-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այդ գործի վարույթը կարճել էր՝ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպությունը պահանջում է «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամին պարտավորեցնել հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը, արգելել ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն ու վնասը հատուցել։
7or.am, 19.02.2010
Armar.am, 19.02.2010
Թույլատրելի՞ է արդյոք Հայաստանում ցեղասպանությունը ժխտող գրականություն հրատարակելը
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում լսվեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցն ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի (տնօրեն՝ Ալեքսանդր Իսկանդարյան)։ Հիշեցնենք, որ 2009թ. սեպտեմբերին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը դատական հայց էր ներկայացրել Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը մեղադրում էր «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամին և նրա տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանին Հայոց Ցեղասպանությունը ժխտող գրականություն թարգմանելու, հրատարակելու, տարածելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանություն բառերը չակերտավոր օգտագործելու մեջ։ Սակայն, ինչքան էլ որ զարմանալի էր, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյան, 2009 թվականի դեկտեմբերի 4-ի վճռով կարճեց դատական այս գործը` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը, դիմելով ՀՀ վերաքննիչ դատարան, դատական հայցում մանրակրիտ ներկայացրել էր խնդրի էությունը և խնդրել բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 4-ի վճիռը` գործն ուղարկելով նոր քննության:
Ինչպես Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նիստին, այսօր ևս հայցվոր կողմի՝ դատական նիստը տեսա-լուսանկարահանելու վերաբերյալ միջնորդությանը դեմ հանդես եկավ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի շահերը պաշտպանող Վահագն Գրիգորյանը։ Դատարանը՝ քաղաքացիական օրենսգրքի 114/3 հոդվածի հիման վրա, ըստ որի, եթե կողմերից մեկը համաձայն չէ, որպեսզի նիստը նկարահանվի, այն չպետք է նկարահանվի, արգելեց նիստի տեսա-լուսանկարահանումը։ Այս ամենից հետո դատավոր Արսեն Մկրտչյանը չափազանց հանգամանալից ներկայացրեց հայցվոր կողմի այն փաստարկները, ըստ որոնց, ընդհանուր իրավասության դատարանը չպետք է կարճեր դատական այս գործը։
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը դատարանի ուշադրությունը հրավիրել էր հայցի հարուցմամբ հետապնդվող իրավաչափ այն նպատակների վրա, ըստ որոնց, Հայոց Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքականության և ազգային անվտանգության ռազմավարության բաղկացուցիչ մաս, հետևաբար, որևէ կերպ դրա հերքումը, ժխտումը, մեղմացումը, դրա կատարված լինելու վերաբերյալ ցանկացած կասկածի դրսևորումը, այդ թվում՝ ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը, ոտնձգություն են ՀՀ ազգային անվտանգության, հանրային շահի, հանրության բարքերի, սահմանադրական կարգի, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում շահագրգիռ անձանց, ներառյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի դեմ: Բացի այդ, Ցեղասպանության հերքումը հանդիսանում է միջազգային նախադեպային և սովորութային իրավունքի խախտում, դատական պրակտիկայի անտեսում։ Ցեղասպանության հերքումը ճանաչվում է ցեղասպանության անբաժանելի մաս, որը ևս քրեականացված է մի շարք երկրներում: Այսինքն` ցեղասպանությունն արգելված է նաև միջազգային սովորութային իրավունքով, որը հավելյալ պարտականություններ է նախատեսում և՛ պետությունների, և՛ անհատների համար:
Նշյալ հոդվածի տպագրումով Հայոց ցեղասպանությունն ուղղակիորեն հերքելով և չակերտների մեջ առնելով` «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը փաստորեն միջնորդավորված կերպով նպաստում է Թուրքիայի հակահայկական ռազմավարության իրականացմանը: Ըստ այդմ, հայցվոր կողմը համոզված է, որ ցեղասպանության երևույթը կանխարգելելու և դատապարտելու նպատակով, պետք է բացառել Հայոց ցեղասպանությունը որևէ ձևով հերքելը, այդ թվում՝ այն չակերտների մեջ առնելը:
Նշենք, որ Ալ. Իսկանդարյանը, այս դատական նիստին ևս ներկա չէր։ Հասարակական լայն հնչեղություն ստացած այս դատական գործի վճիռը ՀՀ վերաքննիչ դատարանը կհրապարակի մարտի 5-ին։
Մեկնաբանելով դատական այս գործընթացը՝ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը նշեց, որ արդարության հասնելու համար իրենք կանցնեն բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով։ Այդ ընթացքում կպարզվի, թե Հայաստանի Հանրապետության կենսական անվտանգության շահերը, հայ ժողովրդի հանրային շահերը, Սահմանադրական կարգն ինչպե՞ս են պահպանվում ու պաշտպանվում ՀՀ իրավական ատյաններում։ «Մարտի 5-ին կհրապարակվի վճիռը։ Եթե վերաքննիչ դատարանը հաստատի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անօրինական վճիռը, ապա մենք ստիպված կլինենք բողոքարկելու ՀՀ վերջին դատական ատյան՝ Վճռաբեկ դատարան»,- ասաց Ա. Այվազյանը
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենն ընդգծեց, որ զարմանալի է այն իրավիճակը, որ ստեղծվել է ՀՀ-ում։ Այդ իրավիճակում Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու կոչված շատ մեխանիզմներ, որոնք հաստատված են օրենքներով՝ այդ թվում Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններով, գտնվում են բարձիթողի վիճակում կամ՝ ուղղակի չեն գործում՝ դրանով իսկ զրկելով հայ ժողովրդին կենսականորեն անհրաժեշտ պաշտպանական մեխանիզմներից։ Դրա ապացույցն էր ընդհանուր իրավասության (առաջին ատյանի) դատարանի այն վճիռը, որով կարճվեց դատական այս գործը։ «Խնդիրը վերաբերում է հետևյալին՝ թույլատրելի՞ է արդյոք Հայաստանում ցեղասպանությունը ժխտող գրականություն հրատարակելը։ Մենք համոզված ենք, որ դա անթույլատրելի է և´ ՀՀ, և´ ՀՀ-ի կողմից ստորագրված միջազգային օրենքներով։ Ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ թույլատրելի է՝ դրանով իսկ լրացնելով ՀՀ պետական և նրա բնակչության հանրային շահերին «Կովկասի ինստիտուտի» խնդրո առարկա հրապարակումով արդեն իսկ հասցված վնասը»,-նշեց Արմեն Այվազյանը։
Գոհար Փիլթոյան
Hetq.am, 19.02.2010, Սառա Պետրոսյան
Հերքել, թե չհերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը
Վերաքննիչ դատարանը իր որոշումը կհայտնի մարտի 5-ին
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը փետրվարի 19-ին քննության առավ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հ/կ-ի վերաքննիչ բողոքը, որով խնդրում էր բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը եւ գործն ուղարկել նոր քննության:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հ/կ-ն դատարան էր դիմել ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի` 2008 թ.-ին նրա հրատարակած «Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը» գրքում հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պատասխանողին պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու եւ բարոյական վնասը հատուցելու պահանջի մասին հայցով:
Ընդհանուր իրավասության դատարանը քաղ. գործի վարույթը կարճել էր պատճառաբանելով, որ հիշյալ վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Հայցվորները նշում են, որ եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության, ապա դատարանը պարտավոր էր մատնանշել օրենսդրական այն արգելքը, որը դատարանին թույլ չի տալիս քննության առնել նման կատեգորիայի հայցերը, ինչպես նաեւ պարտավոր էր մատնանշել այն մարմինը, որին պատկանում է տվյալ վեճը լուծելու իրավասությունը:
Հայցվորի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը երեկ դատարանում դարձյալ շեշտեց իր անհամաձայնությունը ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի վերաբերյալ եւ ավելացրեց, որ եթե դատարանի կարծիքով չկա իրավական նորմ, որը հնարավորություն տա լսելու իրենց ներկայացրած քաղ. հայցը, ապա միեւնույն է, հայցը պետք է մերժվի եւ ոչ թե կարճվի:
Ըստ հայցվորի` հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքականության եւ ազգային անվտանգության ռազմավարության բաղկացուցիչ մասը, հետեւաբար, որեւէ կերպ դրա հերքումը, ժխտումը, մեղմացումը, դրա կատարված լինելու վերաբերյալ ցանկացած կասկածի դրսեւորումը, այդ թվում ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը ոտնձգություն են՝
-Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության,
-հանրային շահի,
-հանրության բարքերի,
-սահմանադրական կարգի,
-ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում շահագրգիռ անձանց, ներառյալ ՀՀ քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի դեմ:
Ինչպես նաեւ` Ցեղասպանության հերքումը հանդիսանում է միջազգային նախադեպային եւ սովորութային իրավունքի խախտում, դատական պրակտիկայի անտեսում:
Ցեղասպանության հերքումը ճանաչվում է ցեղասպանության անբաժանելի մաս, որը եւս քրեականացված է մի շարք երկրներում:
Այսինքն, ցեղասպանությունն արգելված է նաեւ միջազգային սովորութային իրավունքով, որը հավելյալ պարտականություններ է նախատեսում եւ պետությունների, եւ անհատների համար:
Նախագահող դատավոր Արսեն Մկրտչյանի հարցին, թե ինչու է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հետամուտ այդ հարցին, հայցվոր Արմեն Այվազյանը հայտնեց, որ իր ղեկավարած կենտրոնի կանոնադրություն է այն պարտավորեցնում:
Կենտրոնի նպատակներից մեկն էլ այն է, որ «չեզոքացնեն միջազգային ասպարեզում ադրբեջանա-թուրքական լայնամասշտաբ քարոզչությունը, հետեւողկանորեն եւ անընդհատ քարոզեն Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տեսակետները…»:
Եվ, քանի որ Հայոց ցեղասպանությունն ուղղակիորեն հերքելով եւ չակերտների մեջ առնելով՝ պատասխանողը ոտնահարել եւ անտեսել է վերոնշյալ իրավական պահանջները, դա իրենց հիմք է տալիս ենթադրելու, որ պատասխանողը միջնորդավորված կերպով նպաստում է Թուրքիայի հակահայկական ռազմավարության իրականացմանը:
Ըստ այդմ, ցեղասպանության երեւույթը կանխարգելելու եւ դատապարտելու նպատակով պետք է բացառել Հայոց ցեղասպանությունը որեւէ ձեւով հերքելը, այդ թվում՝ այն չակերտների մեջ առնելը:
Ինչ վերաբերում է հայցադիմում ներկայացված բարոյական վնասի հատուցման պահանջին, ապա հայցվորի ներկայացուցիչ Ա. Գրիգորյանը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանը նախ իրավացիորեն նշել է, որ դա նախատեսված է միջազգային իրավունքի նորմերով, մասնավորապես, Կոնվենցիայով, այդուհանդերձ եկել է այն համոզման, որ այս հարցը ՀՀ օրենսդրությունում չունի իր կարգավորումը եւ գործի վարույթն այս մասով ես ենթակա է կարճման:
«Նման հետեւությունը, առաջին հերթին, պայմանավորված է Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի չկիրառմամբ, որի համաձայն, միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Ավելին, եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»,- նշեց փաստաբանը:
Գործով պատասխանող ճանաչված «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը հայցվորի վերաքննիչ բողոքին առարկություններ չէր ներկայացրել եւ նախագահող դատավորի հարցմանն ի պատասխան հիմնադրամի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը պատասխանեց, որ պետք է հիմք ընդունել ընդհանուր իրավասության դատարանում ներկայացրած միջնորդությունը:
Քաղաքացիական վերաքննիչ դատարանն իր վճիռը կհրապարակի մարտի 5-ին:
Yerkir.am, 19.02.2010, Կարինե Մանգասարյան
«Արարատը» հասել է վերաքննիչ դատարան
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում երեկ լսվեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 4-ի վճռով մերժել էր «Կովկաս ինստիտուտ» հիմնադրամի դեմ ներկայացված «Արարատի» հայցը. գործի վարույթը կարճվել էր` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով: Պատասխանող կողմն առարկեց հայցվոր կողմի` դատական նիստը նկարահանելու միջնորդության դեմ: Եվ քանի որ դա կարող է տեղի ունենալ միայն կողմերի համաձայնությամբ, դատավորը որոշեց մերժել միջնորդությունը:
«Կովկաս ինստիտուտ»-ը 2008 թվականին Երեւանում հրատարակել է «Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը» վերտառությամբ ռուսալեզու [և անգլալեզու]գիրքը, որում, ի թիվս այլ հոդվածների, զետեղված է նաեւ թուրք Այբարս Գյորգյուլուի «Թուրքիա-Հայաստան հարաբերություններ. հավերժական փակուղի» հոդվածը:
Հեղինակը, անդրադառնալով Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում 1893-1923 թթ. իրականացված Հայոց ցեղասպանությանը, այդ պատմական փաստը վիճարկման եւ կասկածի է ենթարկել ինչպես բացահայտ հայտարարություններով, այնպես էլ իրավական նշանակություն ունեցող ցեղասպանություն տերմինը 34 անգամ չակերտների մեջ գործածելով: Հայցվոր կողմը պահանջում է խորհրդանշական 1 դրամ:
«Արարատ» կենտրոնը համարում է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը գործի վարույթը կարճելու որեւէ հիմք ի սկզբանե չի ունեցել, իսկ դատարանի` այս առթիվ բերած պատճառաբանություններն առնվազն կրում են արհեստական բնույթ:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը հանդիսանում են ՀՀ քաղաքականության եւ ազգային անվտանգության ռազմավարության բաղկացուցիչ մասը, հետեւաբար, որեւէ կերպ դրա հերքումը, ժխտումը, մեղմացումը, դրա կատարված լինելու վերաբերյալ ցանկացած կասկածի դրսեւորումը, այդ թվում` ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը ոտնձգություն են ազգային անվտանգության, հանրային շահի, սահմանադրական կարգի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում շահագրգիռ անձանց, ներառյալ` ՀՀ քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի դեմ:
Ցեղասպանության հերքումը ճանաչվում է ցեղասպանության անբաժանելի մաս, որը եւս քրեականացված է մի շարք երկրներում»,- նշված է «Արարատ» ռազմավարական կենտրոնի վերաքննիչ բողոքում: Պատասխանող կողմը որեւէ նոր կարծիք չհայտնեց: Վերաքննիչ դատարանն իր վճիռը կկայացնի մարտի 5-ին:
Դատական նիստի ավարտից հետո «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը, պատասխանելով «Երկիրի» հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունի վերաքննիչ դատարանից, ասաց, թե` որեւէ կանխատեսում հիմա անել չի ուզում, եւ կսպասեն մարտի 5-ի վճռին: «Հայաստանում ստեղծվել է մի զարմանալի իրավիճակ. իրավական ճանապարհով որոշված` հայության եւ երկրի շահերը գտնվում են բարձիթողի վիճակում:
Իսկ պաշտպանական մեխանիզմները, որոնք սահմանված են Սահմանադրությամբ, օրենքներով, նաեւ միջազգային պարտավորություններով, ուղղակի, ինչպես տեսանք առաջին ատյանի դատարանի վճռի մեջ, պարզապես չեն գործում»,- ասաց Ա. Այվազյանը: Մեր դիտարկմանը ի պատասխան, թե առաջին ատյանի դատարանի որոշումը կարո՞ղ է պայմանավորված լինել ներկայիս հայ-թուրքական գործընթացներով, Ա. Այվազյանը եւս մեկ անգամ այդ գործընթացը որակեց «կապիտուլյացիոն» եւ նկատեց, թե դա ուղղակիորեն ազդում է նաեւ մեր իրավական եւ օրենսդրական դաշտի վրա:
«Իշխող Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներ Սամվել Նիկոյանն ու Դավիթ Հարությունյանը, պարզ ասել են, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենսդրության ուժեղացումն այս փուլում նպատակահարմար չէ եւ կարող է վնասել հայ-թուրքական գործընթացին»,- ասաց Ա. Այվազյանը: Նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ «Արարատ» կենտրոնը դիմելու է բոլոր իրավական ատյաններին, անգամ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Վերաքննիչ դատարանը «Արարատ» կենտրոնն ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի գործով որոշումը կհրապարակի մարտի 5-ին
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 5-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (դատավոր Ա.Մկրտչյանի նախագահությամբ) կհրապարակի «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնն ընդդեմ «Կովկասի ինստիուտ» հիմնադրամի գործով որոշումը: Գործը դատարանում քննվում է «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերաքննիչ բողոքի հիման վրա: Դիմող կողմը պահանջում է բեկանել գործի վարույթը կարճելու մասին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ վերադարձնել նոր քննության:
Հիշեցնենք, որ «Արարատ» կենտրոնը ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցադիմումում պահանջում էր տպագրել պաշտոնական հերքում եւ արգելել «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի հրատարակած նյութերի ժողովածուի հետագա տարածումը, քանի որ դրանում տեղ գտած թուրք գիտնական Ա.Գյոռգյուլուի հոդվածում Հայոց ցեղասպանությունը որակվում է որպես կասկածելի, անհիմն եւ 34 անգամ «ցեղասպանություն» բառը գործածվում է չակերտների մեջ: Ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել գործի վարույթը կարճելու մասին, քանի որ «չակերտի մեջ առնելու հանգամանքը չի կարող լինել դատաքննության առարկա»:
Սոնա Մաշուրյան