-
Վերաքննիչը «Արարատ»-ի բողոքը մերժեց, առանց վճռի տեքստը կողմերին տրամադրելու, Գոհար Փիլթոյան, Armar.am, 05.03.2010
-
Վերաքննիչ դատարանը մերժեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի բողոքը, Սառա Պետրոսյան, Hetq.am, 05.03.2010
Armar.am, 05.03.2010
Վերաքննիչը «Արարատ»-ի բողոքը մերժեց, առանց վճռի տեքստը կողմերին տրամադրելու
Երեկ մենք ազգովի հետևում էինք ԱՄՆ Կոգրեսում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ կարևորելով Հայերի ցեղասպանության փաստի ընդունումն այնպիսի մի գերտերության կողմից, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Մենք ուզում ենք, որ աշխարհը հաստատի և ընդունի տեղի ունեցած ոճրագոծործության փաստը, բայց մենք ինքներս այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում, թույլ ենք տալիս, որ Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ առնողներն ազատորեն զբաղվեն թուրքամետ գործունեությամբ։ Ասվածը չափազանցություն չէ։ Խոսքը նորից վերաբերում է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կողմից «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամին ներկայացված մեղադրանքին։
Հիշեցնենք, որ 2009թ. դեկտեմբերի 4-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության կամ առաջին ատյանի դատարանում կարճվեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցն ընդդեմ Կովկասի ինստիտուտի հիմնադրամի՝ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը մեղադրում էր «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամին Հայոց Ցեղասպանությունը ժխտող գրականություն թարգմանելու, հրատարակելու, տարածելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանություն բառերը չակերտավոր օգտագործելու մեջ։ Նման գործունեության մեջ մեղադրվում էր, նախ և առաջ, «Կովկասի» ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, որը մեր երկրում շարունակում է իր թուրքամետ գործունեությունը։
Փետրվարի 19-ին, այս անգամ արդեն ՀՀ վերաքննիչ դատարում լսվում էր հաջորդ դատական հայցը, որտեղ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը՝ դիմելով վերաքննիչ դատարան խնդրել էր բեկանել 1-ին ատյանի դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
Այսօր 2010թ. դեկտեմբերի 5-ին, այս անգամ արդեն «ամենաարդար ու անաչառ» ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի բողոքը։ Դատական նիստն ավարտվեց հաշված րոպեների ընթացքում.
«ՀՀ վերաքննիչ դատարանը որոշեց վերաքննիչ բողոքը մերժել, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական տարածքների ընդհանունր իրավասության դատարանի վճիռը թողնել անփոփոխ» ,- այս բառերով Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը փակված համարեց հերթական դատական ֆարսը՝ շարունակելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանում սկսված ներկայացման 2-րդ արարը։
Մեկնաբանելով դատավճիռը՝ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն ասաց. «Երեկ ԱՄՆ ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների կոմիտեն հաստատեց Հայոց ցեղասպանության փաստը։ Եթե մենք կարևորության տեսակետից համեմատենք երեկվա ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և այսօրվա անկախ Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ դատարանի որոշումները, կարծում եմ, երևանյան վճիռը շատ ավելի կարևոր է։ Որովհետև, եթե նույնիսկ ԱՄՆ-ը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, բայց Հայաստանի Հանրապետությունում թույլատրվի ազատորեն քարոզել Հայոց ցեղասպանության ժխտումը, մենք ոչինչ դրանով չենք շահի։ Տեղի ունեցածը, բոլոր տեսանկյուններով, ցույց է տալիս, որ և՛ ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանը, և՛ Վերաքննիչ դատարանը թույլատրելի են համարում Հայաստանում Հայոց ցեղասպանությունը ժխտող գրականության հրապարակումն ու տարածումը, այլ կերպ ասած՝ թուլյատրելի են համարում Հայոց ցեղասպանության ժխտումը»,- ասաց ՙԱրարատ՚ ռազմավարագիտական կենտրոնի տնօրենը։
Հաջորդ խոսքն, իհարկե, ՀՀ վճռաբեկ դատարանինն է, ուր պատրաստվում է դիմել հայցվորը։
Եթե պարզվի, որ դատական այս ատյանում էլ խրախուսվում է թուրքամետ գործունեությունը, կդիմեն Եվրոպական դատարան. գուցե այնտեղ մեր Ցավի նկատմամբ ավելի ըմբռնողական մոտեցում կլինի։
Մեկ անգամ ևս ներկայացնենք «պատմական» նման վճիռներ կայացնող դատավորների անունները. Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյան և ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյան։
Նշենք նաև, որ «տեխնիկական» անհայտ պատճառներով դատական վճռի տեքստը, հիմնավորումներով հանդերձ, կողմերին չտրամադրվեց։ Հայտարարվեց, որ դրան հնարավոր կլինի ծանոթանալ միայն մարտի 9-ին։
Գոհար Փիլթոյան
Armar.am, 05.03.2010