Ո՞ր երկրի քաղաքացի է Ալեքսանդր Իսկանդարյանը: Ճիշտը որ ասեմ` չգիտեմ: Նրա վերջին ասուլիսից այն տպավորությունն ենք ստանում, որ մի թուրք վերլուծաբան եկել ու մեզ այստեղ լուսավորում է, լուրեր հաղորդում Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակի, այդ երկրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նկատմամբ եղած վերաբերմունքի, բուն գործընթացը տեղից շարժելու ժամկետների ու հնարավորությունների մասին:
Այո, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, որ նաեւ քաղաքագետ է ու ինչ-որ շնորհանդեսից է եկել, որ տեղի է ունեցել Թուրքիայում, հենց թուրք քաղաքագետի տրամաբանությամբ է խոսում մեզ հետ: Դա, թերեւս, կարելի լիներ բացատրել այն հանգամանքով, որ մարդը նոր է վերադարձել Թուրքիայից, բայց երբ նա հստակ ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա ճակատագիրը Թուրքիայի ձեռքում է, եւ վերջինիս նորին գերազանցություն տերերը կաշխուժացնեն գործընթացը` երբ կամենան, ցավ ենք ապրում, որովհետեւ գոնե մենք` հայերս, գիտենք, որ ՀՀ նախագահն է անձամբ կասեցրել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը եւ հայտարարել, որ հայկական կողմը դրանց կանդրադառնա, երբ Թուրքիայում հարաբերությունները կարգավորելու առաջնություններ ի հայտ գան:
Հետեւաբար, Իսկանդարյանը իզուր է փորձում նոր միջնորդություններ անել եւ ՀՀ նախագահին ասել` մի քիչ էլ համբերեք, 2011-ին Թուրքիայում ընտրություններ են, կավարտվեն ընտրություններն, ու թուրքերը նորից կանդրադառնան արձանագրություններին: Իսկանդարյանը պետք է լավ հասկանա, որ ՀՀ նախագահի հրամանագրից հետո մեկ էլ ՀՀ նախագահը կարող է որոշել` անդրադառնա՞լ խնդրին, թե՞ ոչ:
Պարոն Իսկանդարյանը շատ ավելի լավ կաներ, եթե մտաբերեր, թե ինքը քանի թվական է նշել, որոնց առնչությամբ, իբր, հնարավոր է համարել թուրքերի կողմից արձանագրությունների վավերացումը: Նրա սխալը եղել է հենց այն, որ այն ժամանակ էլ նա հաշվի չի առել հայկական գործոնը, հայ ժողովրդի գործոնը, ՀՀ իշխանության գործոնը:
Մի շատ ավելի հետաքրքիր գործ կարող ենք առաջարկել Իսկանդարյանին: Կովկասի ինստիտուտի տնօրենը թող մի քիչ նեղություն քաշի եւ զբաղվի իր հիմնարկի կատարած հետազոտությունների ստատիստիկայով:
Հետաքրքիր կլինի իմանալ, թե Կովկասյան ինստիտուտի կանխատեսումներից քանի՞սն են ընդհանրապես իրականացվել կյանքում, քանի՞ քաղաքական գործընթացներ են նախանշվել, որոնք ընթացել են հենց այս հաստատության գծած սցենարով: Հասկանում ենք, որ սա բավականին բարդ աշխատանք է, բայց մի՞թե ավելի դյուրին է գուշակելը` Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ պատերազմ կլինի՞, թե՞ չի լինի: Այս հարցին միանշանակ կարող էր պատասխանել միայն Թուրքիայի վարչապետը, մեկ էլ` թող Իսկանդարյանն ասի` թե ով:
Պատերազմի հնարավոր-անհնար լինելն ի՞նչ է, որ Իսկանդարյանը չգուշակի: Իսկանդարյանը կարող է նույնիսկ հստակ ասել, որ վերջին միջադեպը (մարդասիրական օգնություն եւ կամավորներ տեղափոխող թուրքական նավի բռնագրավումը) չի կարող էական ազդեցություն ունենալ թուրք-իսրայելական հարաբերությունների վրա: Բայց դրա համար նա պետք է առնվազն համոզված լինի, որ նավի վրա հենց մարդասիրական բեռ է եղել, իսկ հարյուրավոր մարդիկ էլ` միայն խաղաղ ուղեւորներ ու իրավապաշտպաններ: Ըստ հայ քաղաքագետի ստացվում է, որ Իսրայելը օրը ցերեկով ոտնահարել է բոլոր միջազգային նորմերը: Իսկանդարյանը սրան հավատո՞ւմ է:
Թուրքիայից վերջերս շատ մարդ է գալիս Հայաստան: Գալիս ու ինչ ասես` չեն պատմում մեզ: Այս տեսակետից Իսկանդարյանի դեպքն, անշուշտ, սովորականներից չէ: Մարդը Թուրքիայից եկել է, որ մեզ ասի` մի փոքր համբերեք, խնդրում եմ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գործերը մի քիչ խառն են: Այ, ընտրությունները կանցնեն, Իսրայելի հետ լարված հարաբերությունները կկարգավորվեն, ներքին խնդիրները մի փոքր կհանդարտվեն, ու Թուրքիան պատրաստ կլինի զբաղվելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ:
Պարոն Իսկանդարյան, ուզում եմ ուղիղ դիմել Ձեզ: Ես մանրամասն տեղյակ չեմ, թե այդ ինչ զեկույցի շնորհանդեսի եք մասնակցել Թուրքիայում եւ հատկապես ինչ հանգամանքներում եք հրավիրվել մասնակցելու, բայց կարծում եմ` ժամանակն է, որ ուշքի գաք, քանի որ արդեն Հայաստանում եք: Իսկ Հայաստանը կասեցրել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը:
Ժամանակն է, որ ՀՀ նախագահի այս քայլն ընդունենք գործողությունների մեկնակետ ու այդ կետից մեկնաբանություններ տանք առաջիկա քաղաքական հնարավոր գործընթացներին: Հայաստանն էլ, ինչպես Թուրքիան, ինքնիշխան երկիր է ու ինքնուրույն քայլեր ձեռնարկելու իրավունք ունի: Կարծես:
Ամփոփենք: Մի հետաքրքիր զուգադիպությամբ` Ալ. Իսկանդարյանի մամուլի ասուլիսին հետեւեց Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելույթը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ: Ըստ Էրդողանի` իր կուսակցության գործերն, ի դեպ, այնքան էլ խառը չեն, ինչպես դա Իսկանդարյանն է ներկայացնում: Ընդհակառակը:
Էրդողանը հպարտ-հպարտ զեկուցել է, որ Բուենոս Այրեսում Աթաթուրքի կիսանդրին տեղադրելու հարցում խանգարիչ դեր է ունեցել տեղի հայկական համայնքը, ինչը ապացուցում է, որ ինքն ու իր կուսակցությունը ճիշտ էին, երբ պնդում էին, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում հայկական սփյուռքը բացասական դերակատարություն ունի: Կարելի՞ է արդյոք դեռեւս հույս ունենալ, որ այս երկրի, այս մարդու եւ այս կուսակցության հետ Հայաստանը կկարողանա հարաբերվել:
Իսկանդարյանը կարծես հույս ունի, բայց, ահա, Էրդողանը դեռեւս այն կարծիքի է, որ իր ու իր երկրի դավանած «ճշմարտությունները» կկարողանա պարտադրել Հայաստանին: Իսկ դա որեւէ դեպքում չի կարող նշանակել, որ Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու առաջնություններ են գոյանում:
Էրդողանի վերջին ելույթը, ամենայն հավանականությամբ, ազդարարեց, որ ավարտվեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի լուռ քաղաքականության փուլը եւս: Այդ ելույթով նա մեր իշխանություններին հասկացրեց, որ ժամանակն է հետ վերցնել արձանագրությունների տակ դրված ստորագրությունը, ընդ որում` որքան մեծ աղմուկ-աղաղակով, այնքան լավ:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Yerkir.am