Սեպտեմբերի 26-ին նշվում է եվրոպական լեզուների միջազգային օրը: Միջոցառման նպատակն է խրախուսել լեզուների ուսումնասիրումը եվրոպական երկրներում: Միջոցառմանը մեծ ուշադրություն է հատկացվել ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում, որտեղ դասավանդվում է եվրոպական 6 լեզու:
Եվրոպական լեզուների միջազգային օրը նշում են նաև Մայր Բուհում: Ուսանողները ներկայացնում են հատվածներ և թարգմանություններ պոեզիայից, ներկայացնում ազգային պարեր, երգեր: Լեզուն մշակույթի անբաժանելի մասն է, ասում է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, ավելացնելով, որ լեզուների իմացությունը մեծ դեր ունի միջմշակությանին հաղորդակցությունը և համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու առումով:
«Կարևոր եմ համարում, որ ընդլայնվի դասավանդվող լեզուների շրջանակը: Որքան շատ եվրոպական լեզուներ ուսումնասիրվեն, այդքան ավելի լավ մենք կհասկանանք եվրոպական մշակույթը, որը շատ հարուստ է: Առնչվելով այդ ժառանգությանը, մենք կարող ենք միայն հարստանալ և հպարտանալ մեր մայրենիով, քանի որ հայերենն էլ եվրոպական լեզուների ընտանիքում է և ուշադրություն դարձնենք նաև մայրենիի դասավանդմանը»:
Ի դեպ`խորհրդարանում էլ այսօր շարունակվել է օտարալեզու դպրոցների քննարկումը: Ու թեև ինքը` Սամվել Աբրահամյանը, լինելով ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան, որքան էլ կարևորում է օտար լեզուների իմացությունը, այնուամենայնիվ կարծում է, որ օտար լեզուներ պետք է սովորել միայն ու միայն մայրենիի հիման վրա:
«Վատ չէ, եթե մանկուց երեխան սկսի սովորել օտար լեզու, բայց դա պետք է արվի միայն մայրենիի հիման վրա»:
Օտարալեզու դպրոցների վերաբացմանը դեմ է նաև Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը: Նա կարծում է, որ դա ազգային անվտանգության և ազգապահպանության խնդիր է:
«Կարծում եմ, դպրոցներում պետք է սկսել ոչ թե մեկ, այլ 2, ինչու ոչ 3 օտար լեզվի ուսուցում: Ոչ ոք դեմ չէ օտար լեզվի ուսուցմանը, բայց օտարալեզու դպրոցը չեմ պատկերացնում և համարում եմ թյուրիմացություն: Պետք է վերանայել այդ որոշումը, մենք այդ դառը պատմությունն ունենինք սովետական շրջանում»:
www.armradio.am