«Այբ» կրթական հիմնադրամը հայտնում է, որ հանդես է գալիս աննախադեպ ձեռնարկով. իրականացվել է լավագույն միջազգային դասագրքերի համակարգված հետազոտություն և ընտրություն` դրանք Հայաստան ներմուծելու, հայերեն թարգմանելու ու հրատարակելու նպատակով:
Advanced Placement, International Baccalaureate, A Level համակարգերի եվրոպական և ամերիկյան, ինչպես նաև ռուսական մի քանի հազար դասագրքերից «Այբ» կրթական հիմնադրամը նախ ընտրել և Հայաստան է բերել ավելի քան 300 նմուշ: Ապա ձևավորված առարկայական աշխատանքային խմբերի ջանքերով դրանցից ընտրվել են լավագույնները` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այլ առարկաներից:
Աշխատանքային խմբերում ներգրավված են գիտնականներ, ուսուցիչներ, ասպիրանտներ, որոնք այսօր թարգմանում և խմբագրում են աշխարհի լավագույն հրատարակչությունների` Քեմբրիջի, Փիրսոնի, Օքսֆորդի դասագրքերը: Հենց այս դասագրքերն էլ հիմք կդառնան «Այբ» ավագ դպրոցի ուսումնական գործընթացի համար:
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի խոսքով, «5-րդ դարում Թարգմանչաց շարժումը լայնածավալ կրթական և մշակութային շարժում էր, որ միավորեց հասարակության տարբեր խմբերին՝ համաշխարհային մտքի գանձերը հայերեն թարգմանելու գաղափարի շուրջ՝ այդպիսով Հայաստանը բարձրացնելով համաշխարհային մշակութային հարթակ։
Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջ մենք հանրությանն ենք ներկայացնում մինչ այս պահը մեր կատարած աշխատանքը և հավատացած ենք, որ այս միջոցով առաջին անգամ հայ աշակերտների սեփականությունը կդարձնենք կրթության ոլորտում համաշխարհային ամենահեղինակավոր դասագրքերը հայերենով»։
www.hetq.am