«Օտարալեզու դպրոցներ» – սփյուռքյան արձագանքներ

«Օտարալեզու դպրոցներ» – սփյուռքյան արձագանքներ

Համազգային վճռական «Ո՛չ» ՀՀ-ում օտարալեզու դպրոցներին
Հայի լեզուն հայի գենետիկ հիշողությունն է, իսկ այն մեռցնել փորձողին սատկացնելն էլ քիչ է
Օտարալեզու դպրոցների վերաբացման դավադրության սփյուռքյան արձագանգները

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնած, կառավարության հաստատած ու ԱԺ առաջին քվեարկությամբ իրագործման ճանապարհի վրա դրված «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում մտցված չարափոխումների արձագանքը հայկական սփյուռքը (ՀՀ վարչապետի այնքա՜ն սիրած Հայկական աշխարհի հիմնական հատվածը) առանց որեւէ բացառության ընդունեց բացահայտ վրդովմունքով: Դրա արտահայտությունն են Սփյուռքի պարբերական մամուլում այս նախաձեռնության անդրադարձները: Նյութերի ծավալի հսկայական լինելու պատճառով, կբավարարվենք հիմնականում լիբանանահայ մամուլում լույս տեսած հրապարակումներով: Դրանք կարելի է դասակարգել երեք բաժիններում` տեղեկատվական բնույթի հրապարակումներ, հարցազրույցներ, վերլուծական հոդվածներ: Նշենք, որ նյութերի մի մասի հեղինակները կամ գլխավոր դեմ-քերը հայրենաբնակ կամ արտագաղթած մտավորականներ ու արվեստի գործիչներ են:

Նյութերը կներկայացնենք ժամանակագրական կարգով:
ա. Տեղեկատվական հրապարակումներ.- Սրանք քանակի առումով ամենից մեծ տոկոսն են կազմում, եւ դա բնական է: Ինչպես հատուկ է այս ժանրին, լրատվություններն առհասարակ կատարվել են չեզոք դիրքորոշումով, թեեւ տվյալ պարբերականի խմբագրությունը երբեմն դրսեւորել է իր հույժ բացասական վերաբերմունքը տխրահռչակ նախաձեռնության:
ՌԱԿ պաշտոնաթերթ «Զարթօնք» օրաթերթը «Օտարալեզու դպրոցները կը սպառնան հայու ծագումնային տեսակին» վերնագրված լրատվության մեջ (8 հունիսի, էջ 7) ներկայացնում է հայրենաբնակ ճանաչված հոգեբան Կարինե Նալչաջյանի տեսակետները: Ըստ տիկ. Նալչաջյանի` լեզուն ոչ միայն մտածողություն ու աշխարհընկալում է, այլեւ «շատ կարեւոր դեր կը խաղայ նոյնիսկ մեր գիտակցութեան ոլորտէն դուրս»` հավանա-բար իբրեւ գենետիկ հիշողություն: ՍԴՀԿ պաշտոնաթերթ «Արարատ» օրաթերթն էլ (հունիսի 24, էջ 2) ներկայացրել է «Մենք դեմ ենք օտա-րալեզու դպրոցների բացմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արայիկ Հարությունյանի եւ երգիչ ու երգահան Վահան Արծրունու մա-մուլի ասուլիսի հիմնական մտքերը: Վ. Արծրունին հայտնել է, թե «իր շրջապատին մէջ ռուսական կրթութիւն ստացած մարդիկ շատ են, սակայն անոնցմէ ոչ մէկը կողմ է ոչ-հայկական դպրոցներու բացման»: Իսկ ՀՅԴ պաշտոնաթերթ «Ազդակ» օրաթերթը իր մշտական «Հայրենի կեանք» է-ջում անդրադարձել է դերասան Վարդան Պետրոսյանի հուլիսի 5-ին արտահայտած տեսակետներին (օգոստոսի 4, էջ 5): Նշելով, թե Պետրոսյանը դեմ է չարափոխումներին, թերթը հայտնում է, որ դերասանը այդ թեմային անդրադառնալու է ս. թ. աշնանը ՀՀ-ում իր «Վերք Հայաստանի» մենաներկայացման մեջ: Հիշեցնելով Խաչատուր Աբովյանի թեւավոր դարձած խոսքը` «Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը մեր լիս աշխար-հը մտավ», Պետրոսյանն անմիջապես հիշեցրել է դրա շարունակությունը, որը մինչեւ վերջերս թաքցվում էր. «Ռսին շատ չվստահիք ու էդ-պես թշվառ ու անտեր մնաք»: «Արարատը» Գլենդեյլից Ռ. Կորյունի ստորագրած «Գրական երեկոյ» լրատվությամբ (օգոստոսի 8, էջ 2) գրել է այդ քաղաքում օգոստոսի 5-ին կայացած‘Կալիֆոռնիայի հայ գրողների միության հերթական հանդիպման մասին, որի ընթացքում ելույթ է ունեցել հայրենական իրադարձություններին շատ մոտիկից հետեւող Խորեն Արամունին: Նա կարդացել է «իր երգիծական ակնարկը Հայաստա-նում օտարալեզու դպրոցների եւ լատինատառ գովազդների տեղադրութեան կապակցութեամբ» եւ ավելացրել. «Այդ դպրոցները ապազգային սեր-մեր են ցանելու հայրենիքում եւ վնասաբեր գործունէութիւն են ծաւալելու»: Դաշնակցական հայտնի հրապարակագիր Հակոբ Պալյանը‘«Ազդա-կում» «Մակար» ծածկանունով ստորագրած իր հերթական գրության մեջ («Ռազմապազա կամ հայերէնի պազար», օգոստոսի 30, էջ 4) իր պատումի հե-րոսներից մեկի բերնով գրում է. «Հայերէնը մոռցնելու համար օտար վարժարաններ պիտի բացուին Հանրապետութեան մէջ` համաշխար-հայնացման հետ հասնող անարիւն նոր տեսակի գաղութարարութեան ճամբան հարթելու համար, մեր ղեկավար կոչուածներուն մեղսակցու-թեամբ»: Քիչ անդին, նույն անձի բերնով, Պալյանը «չարիք» է հայտարարում այս նախաձեռնությունը, հավելելով, թե դրան «կը ձայնակ-ցին բիզնեսի տենդով վարակուածներ եւ իմաստուն համարուելու խիթ ունեցող քաղաքական գործիչներ եւ լրագրողներ»: Նույն թերթը իր սեպտեմբերի 22-ի համարում (էջ 3) ներկայացրել է երկու օր առաջ իր կազմակերպած մամլո հերթական լսարանի թղթակցությունը` «Մամլոյ 49-րդ լսարան – Հայաստանի մէջ օտարալեզու դպրոցներու օրակարգին մասին զեկուցում ու շահեկան բանավէճ» վերնագրին տակ (էջ 3 եւ 4): Զեկուցաբերն է եղել դաշնակցական մտավորական Միհրան Քյուրդօղլյանը, որը մինչեւ վերջերս դպրոցի տնօրենի պաշտոն էր վարում Աթենքում: Այս անձը «ըմբռնումով» է մոտեցել այս չարագործությանը: Նա հայտնել է, որ «Հայաստանի մէջ օտար լեզուով որոշ թիւով դպրոցներ ունենալը օգտակար է ու միեւնոյն ատեն` վնասակար» (դաշնակցական հերթական լարախաղացություն – Գ. Յ.): Նա պահանջել է սակայն, որ այդ դպրոցների թիվն ու աշխարհագրական տեղանքը հստակորեն ճշտվեն օրենքով` «որպէսզի այդ դպրոցները իրենց դրական նպատակին ծառայեն»: Նա հավասարության նշան է դրել ՀՀ-ում նախատեսված ու սփյուռքում գործող փաստորեն օտարալեզու հայկական դպրոցների միջեւ, ինչն ար-ժանացել է ներկաների բուռն բողոքին: Վերջիններս նշել են, որ արտերկրում հայկական դպրոցներն ստիպվա՛ծ են հետեւել տվյալ երկրի կրթական ծրագրին, ինչը նշանակում է, փաստորեն, օտարալեզու հայկական դպրոց:
Մեզ հասած հավաստի տեղեկություններով` բանավեճի ընթացքում զեկուցաբերին զորակցել է դպրոցի եւս մեկ նախկին տնօրեն` ՀՀ-ում այնքան պատվի արժանացած Ժիրայր Դանիելյանը: Սակայն, մյուս բոլոր ներկաները, այդ թվում` «Համազգայինի» Հայաստանի վարչության նա-խագահ, ՀՀ ԱԺ դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանն ու վերոհիշյալ Հակոբ Պալյանը խստագույնս դատապարտել են այս պարտվողական մոտեցու-մը ու իրենց վճռական մերժումն արտահայտել նման ազգադավ նախաձեռնություններին, իսկ «Ազդակի» արվեստի էջի պատասխանատու Մովսես Հեր-կելյանը մտավախություն է հայտնել, որ նման նախաձեռնության գործնականացումը կարող է ՀՀ-ում քաղաքացիական պատերազմ հրահրել, ինչպես դա եղավ Լիբանանում` 1975-1991թթ.: Լ. Գալստյանը ի միջի այլոց, հայտնել է, թե «լեզուն կարելի չէ մրցունակութեան գոր-ծիքի վերածել»: Նա համոզում է հայտնել, թե ՀՀ-ն պետք է զերծ լինի օտար թափանցումներից, մինչդեռ օտարալեզու դպրոցները նման թափանցումի «լաւագոյն միջոցներն են»: Հակառակ այս եւ ուրիշ առարկություններին, Մ. Քյուրդօղլյանը (նշանակում է` «քրդի որդի», «քրդի սերունդ» – Գ. Յ.) հայտնել է, թե ՀՀ-ում օտարալեզու դպրոցների վերաբացման հարցը «կը կարօտի խոր, մասնագիտական ու ազգային շա-հերէ մեկնած քննարկումներու», մինչդեռ բոլորին է հայտնի, որ նման բազմաթիվ քննարկումներ մինչեւ այս մամլո լսարանը եղել են, որոնց համարյա բոլորը եզրակացրել են նման նախաձեռնության հույժ մեծ սպառնալիքը ՀՀ պետական ու հայության ազգային անվտան-գության տեսանկյուններից:
բ. Հարցազրույց-զրույցներ.- Բավարարվենք ընդամենը երեք հրապարակումով:
«Ազդակն» իր հունիսի 25-ի համարում (էջ 6 եւ 10) տպել է հատուկ այս թերթի համար Մարինե Մարտիրոսյանի վարած հարցազրույցը ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանի հետ: Պր. Նռանյանը, դրսեւորել է ոչ միայն վերջին տարիներին ՀՅԴ-ին այդքան բնորոշ դարձած անվճռականությունը, այլեւ արտահայտել է վիճելի կամ անընդունելի մտքեր: Հետաքրքրական է, որ սույն պարոնը «աղմուկ» բառով է բնորո-շել օտարալեզու դպրոցների վերաբացման դավադրության դեմ հայրենահայության բուռն հակազդեցությունը ու նրանց եւ դավադիրներին մեղադրել «ծայրահեղությունների» համար: Քիչ ետք, Նռանյանը ՀՀ հասարակությանը մեղադրել է որակյալ կրթություն ստանալու ձգտման բացակայության համար: Պատգամավորը դա «հիմնավորել է» ՀՀ-ում կրթություն-բարեկեցություն ուղիղ համեմատական կապի բացակա-յությամբ: Հիշյալ պարոնը «մոռանում է», որ իր կուսակցական վերադասներից` ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը, երկար տարիներ ղեկավարելով ՀՀ ԿԳՆ-ն, իր անուրանալի ներդրումն է ունեցել ՀՀ այս երկու ոլորտների կործանման եւ հատկապես առաջինում այլանդակ բար-քերի արմատավորման գործում: Նռանյանը, սակայն, մեկ-մեկ ճիշտ տեսակետներ էլ է արտահայտել: Այսպես, նա համոզված է, որ օտարալեզու դպրոցների վերահայտնվելը խթանելու է արտագաղթը, նաեւ նպաստելու է «այլ երկրների տնտեսութիւնների զարգացմանը»: «Եթէ մենք այ-սօր փորձում ենք մեր հիմնախնդիրները չլուծելով` օտարալեզու դպրոցներ ներմուծել, տուեալ պարագայում չի կարող խօսուել պետա-կան շինարարութեան մասին»,- հարցազրույցը եզրափակել է ՀՅԴ երիտասարդ պատգամավորը:
Երեք օր անց` հուլիսի 28-ի իր համարում, «Ազդակը» տպագրել է Սալբի Գասպարյանի հարցազրույցը Ծաղկաձորում հունիսի 28 – հու-լիսի 2-ին տեղի ունեցած Գրողների համահայկական 5-րդ համաժողովին մասնակցած, իր հեզ ու հանդարտաբարո բնավորությամբ հայտնի, Ստամ-բուլի «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեջյանի հետ` կատարված հենց համագումարի օրերին: Օրդ. Գասպարյանի` «Օրերս տաք բանավէճի նիւթ դարձած է Հայաստանի մէջ օտարալեզու դպրոցներ բանալու հարցը, ի՞նչ է ձեր կարծիքը այս մասին» հարցումին, Հատտեջյա-նը հույժ վրդովված պատասխանել է. «Այսպիսի նիւթի մը ուղղութեամբ կարծիքս հարցնելն իսկ ինծի համար նուաստացուցիչ կը նկատեմ», ու համոզում հայտնել, թե «այս մէկը բանավէճի նիւթ անգամ չի կրնար ըլլալ»: Քիչ ետք նա ավելացրել է, թե «մենք կամ Հայաստանի իշխա-նութիւնները երբեք իրաւունք չունինք մեր ժողովուրդին օտարամոլութիւնը սնուցելու»: Պոլսահայ վաստակաշատ մտավորականը հայտ-նել է իր մեծ «յուսախաբութիւնը» ի տես այն դավադրության, երբ «Հայաստանի մէջ ալ ծնունդ առնել կը սկսի այն սխալ հակումը (նկատի ու-նի հայազգի երեխաներին օտարալեզու դպրոցներ ուղարկելը – Գ. Յ.), որ իմ կարծիքով, սփիւռքահայութեան մուխը մարած է»:
Մեկ ուրիշ դաշնակցական պատգամավորի` Լիլիթ Գալստյանի հետ Տաթեւ Մեսրոպյանի կատարած հարցազրույցն է հրապարակել «Ազդակը» սեպտեմբերի 17-ի համարում` «Անդրադարձ – Արտաքին դաշտում դու գրեթէ պարտադրուած ես ձախողման, եթէ քո ներքին քաղաքական կեանքում այս ընթացքն ես որդեգրել» վերնագրի ներքո: Վերջին հարցումը վերաբերում է օտարալեզու դպրոցների վերաբացման ՀՀ իշխանությունների համառ դիր-քորոշմանը: Լ. Գալստյանը նախ հայտնում է, որ ուզում է իմանալ, թե «այդ քաղաքական եւ ընկերային պատուէրը որտեղի՞ց է գալիս»: Մեկ տասնամյակ իշխանական կոալիցիայի անդամ եղած կուսակցության պատգամավորը հայտնում է, որ ՀՀ-ում օրենքները հաճախ ընդունվում են «ինչ-որ մեկի» համար: Նա ավելացնում է. «Ես Աշոտեանին ասել եմ, որ հասարակութիւնն իրեն օտարալեզու դպրոցների պատուէր չի տո-ւել»: Ըստ Գալստյանի` մրցունակ դպրոցի նախապայման է կրթության որակի ու կառավարման խնդիրների բարձրամակարդակ լուծումը:
գ. Վերլուծական հոդվածներ.- Լրագրական այս ժանրի հրապարակումները բավականին ուշացան սփյուռքահայ մամուլում: Մեր կարծիքով, այդ ուշա-ցումը պայմանավորված է սփյուռքահայ հասարակական մտքի «մանկական հիվանդությամբ»` ՀՀ-ում նման դավաճանական նախաձեռնությունների ի-րականություն լինելու վերաբերյալ կասկածանքով (նույնը նկատել էինք հայ-թուրքական կոչվող մեկ ուրիշ դավաճանական նախաձեռնության ջրի երես դուրս գալուց հետո): Վերլուծական առաջին հոդվածի հեղինակը, նաեւ հետագա մի շարք հրապարակումների հեղինակները հայրենաբ-նակ կամ ՀՀ-ից արտագաղթած մտավորականներ են: Նրանցից շատ ավելի խիստ են արտահայտվում բուն սփյուռքահայ հոդվածագիրները: Դա եւս հասկա-նալի է, քանի որ նման ստոր նախաձեռնություններով Սփյուռքի հայապահպանմանը նպաստելն իբրեւ թե իր առաջնահերթություններից հայտարարած ՀՀ կառավարությունն ու իշխանական ուժերը թիկունքից դաշունահարում են դասական Սփյուռքի այնքան դժվարությամբ մղած հա-յապահպանության կենաց եւ մահու պայքարը…
Մեր հանդիպած առաջին վերլուծական նյութի («Արարատ», 21 մայիսի) հեղինակը նախկինում Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պա-պյանն է: «Հայերէնը մատաղցու չէ» վերնագրված հայերեն ու անգլերեն կարճ գրությամբ, պր. Պապյանը մայիսի 13-ին համացանցով տարածել է իր տեսակետը օտարալեզու դպրոցների վերաբացման դավադրության հանդեպ: Հայտնելով, թե ամաչում է, որ «նման տարրական բաների» մասին է արտա-հայտվելու, գրում է. «Պէտք չէ կրթական համակարգի թերութիւնները եւ նրա ղեկավարի ապիկարութիւնը կոծկել‘Հայկական աշխարհում (սոյն ար-տայայտութեան հեղինակային իրաւունքը վարչապետինն է) հայերէնին տնուորի կարգավիճակ տալով»: «Հայաստանն առաջին հերթին հայերէնն է: Առանց հայերէնի չկայ Հայաստան: Պէտք չէ ուրանալ սեփական Հայրենիքը, պարզապէս պէտք է բոլոր դպրոցներում բարելաւել օտար լե-զուների դասաւանդումը»,- եզրափակում է Պապյանը: Նույն հրապարակման միայն հայերեն մասը «Ազդակը» հրապարակել է 3.5 ամիս անց` ԼՂՀ անկախության հռչակման 19-ամյակին նվիրված հատուկ համարում:
Նիկոզիայում (Կիպրոս) լույս տեսնող «Ազատ ձայն» ամսաթերթն իր մայիսի համարում մի ամբողջ էջ է հատկացրել Երեւանից քաղաքա-գիտության դոկտոր Արմեն Այվազյանի «Լեզուաքաղաքական յեղաշրջման նախաձեռնութիւնը սպառնում է ՀՀ ազգային անվտանգութեանը» շատ հստակ վերնագրով հրապարակմանը: Հանգամանալից վերլուծության ենթարկելով այս օրինագծի վտանգավոր երեսակները` պր. Այվազյանը համոզում է հայտնում, որ դա եւս մի ապացույց է, որ «Հայաստանի Հանրապետութիւնը դեռեւս շատ ու շատ հեռու է կայացած պետութիւն, առաւել եւս հայկական պետութիւն լինելուց, ըստ այդմ էլ, հայութեան կենսական շահերը շարունակում են մնալ անպաշտպան եւ վտանգուած վիճակում»: Պր. Այվազյանը տարակույս չունի, որ սույն նախաձեռնությունը «անփառունակ վախճան կ՛ունենայ»: Իր հրապարակման ավարտին հեղինակը ազգա-յին իշխանության ձեւավորման պահանջ է առաջադրում, «այլապէս այսուհետ հայ ժողովուրդը զբաղուած է լինելու իր իսկ պետական մար-մինների` իր իսկ շահերի դէմ հերթական գրոհներն անընդհատ յետ մղելով, այդպիսով վտանգելով հայութեան սահմանափակ դիմադրական ռե-սուրսները»:
«Զարթօնք»-ը հունիսի 4-ի համարում տպագրել է «Հայ լեզուի պաշտպանութեան միութեան» (Փարիզ) նախագահ դոկտ. Հիլտա Գալֆայեան-Փա-նոսեանի «Օտարալեզու դպրոցներ եւ օտար կրթութիւն Հայաստանի երախաներուն» հրապարակումը, ուր կարդում ենք նաեւ հետեւեալ տողերը. «Սփիւռքի մեր փորձառութեամբ գիտենք, թէ «ազատ կամքով ընտրութիւն կատարելու եւ իր զաւկին լաւ ապագայ ապահովելու» նպատակով, հայկակա-նի փոխարէն օտար վարժարան յաճախելու պատճառաւ է, որ Սփիւռքի մեր նոր սերունդը կը ձուլուի»: «Հայրենիքի նոր սերո՞ւնդն ալ նոյն ճամբուն պիտի հետեւի` օտար մտածելակերպով, սակայն հայախօս անձեր դառնալով»,- հարցնում է տիկ. Գալֆայեանը (հարց է, թե նման զոմ-բիների քանի՞ տոկոսն է հայախոս լինելու – Գ. Յ.) ու ավելացնում. «Օտար դպրոցներու հաստատումը վաղ թէ ուշ կրնայ առաջնորդել օտար պե-տութիւններու միջամտութեան» (ավելի ճիշտ պիտի լիներ գրել` «է՛լ ավելի մեծ միջամտության»: Հոդվածագիրը եզրակացնում է. «Այս ծրա-գիրը կործանարար կրնայ ըլլալ Հայաստանի ապագային համար: Անգամ մը որ օտարանալու ճամբան բացուի (վաղո՜ւց է բացվել – Գ. Յ.), օտարամո-լութեան հակամէտ մեր ժողովուրդը լիուլի պիտի օգտուի ստեղծուած կարելիութենէն: Այն ատեն ափսոսալը օգուտ չունենար»:
Ա. Պապյանի մեկ ուրիշ հոդվածը` «Սասունցի Դաւիթ անպարտ է կամ դարձեալ Հայաստանի մէջ օտարալեզու դպրոցներու մասին» վերնագրով, հյու-րընկալել է «Զարթօնքը» հունիսի 13-ի համարում: Հեղինակը «միանգամայն անհիմն պնդում» է որակում նախաձեռնության հայազգի կողմնակիցների սոփեստությունը, թե դա «կը նպաստէ Հայաստանի մրցունակութեան աճին ժամանակակից աշխարհին մէջ եւ կը նպաստէ մեր երկ-րի տնտեսական զարգացման»: Վկայաբերելով մի քանի պետություններում լեզվական իրավիճակը` հեղինակը միանգամայն իրավացիորեն լե-զուն շաղկապում է հայրենասիրության, ու հարցնում, թե 1989թ. ԽՍՀՄ զինված ուժերում ծառայող ավելի քան 6 հազար հայազգի սպա-ներից «քանինե՞ր եկան իրենց մասնագիտութիւնը ի սպաս դնելու սեփական հայրենիքին»: Նա համոզված է, որ եթե նրանք լեզվամշակութա-յին տեսակետներից «աւելի կապուած ըլլային սեփական հայրենիքին, աւելի մեծ թիւով կու գային»: Հայտնելով, թե ինք երբեք դեմ չէ ՀՀ-ում օտար լեզուների բարձրամակարդակ ուսուցմանը, բայց ոչ երբեք մայրենիի հաշվին, հեղինակը հրապարակումն ավարտում է տխուր փաստի հիշեցումով. «Մեր դիւցազներգութեան հերոսը` Սասունցի Դաւիթ, անպարտ էր: Անպարտ էր քանի տակաւին պարտութիւն չկրեց սեփական զարմէն: Միթէ՞ մենք այնքան անհեռատես պիտի ըլլանք, որ պարտութիւն կրենք մենք մեզմէ»:
Մի քանի օր հետո` հունիսի 18-ին «Ազդակը» տպեց իր երբեմնի խմբագիրներից, վերջին տասնամյակներին ԱՄՆ հաստատված Սարգիս Մահսե-րեջյանի «Կասեցնենք նաեւ մայրենիի՛ն գծով սայթաքումը» խիստ քննադատական հոդվածը (ենթադրում ենք, որ արտատպվել է Լոս Անջելեսի «Ասպա-րէզ» թերթից): Մահսերեջյանը օտարալեզու դպրոցների վերաբացման դավադրության առնչությամբ դաշնակցական մամուլում աննախադեպ ծանր որակումներ է շնորհում ՀՀ իշխանավորներին, «որոնք յայտնապէս տգէտ են նա՛եւ մշակութային անսակարկելի արժէքներ, ազգի լինե-լիութիւնը հիմնաւորող արժէքներ ըմբռնելու, պահպանելու առումով»: Նա առաջարկում է. «Երեւանի հրապարակները, Ազգային ժողովի շէնքն ու Մատենադարանի շրջափակը պէտք է անգամ մը եւս վերածել ծովածաւալ ցոյցերու եւ բողոքի քաղաքակիրթ արտայայտութիւններու ժամադ-րավայրի»: Իհարկե, լավ կլիներ այդ առաջարկը նա հասցեագրեր անմիջականորեն ՀՅԴ Բյուրոյին, որ մայիս-հունիսյան բողոքի ելույթ-ների ժամանակ ամեն լարախաղացության դիմեց` դաշնակցական երիտասարդներին դրանցից հեռու պահելու համար: Դեռ չենք խոսում ստեղծված կացության համար ՀՅԴ քաղաքական պատասխանատվության մասին` իբրեւ ավելի քան 10 տարի ՀՀ իշխանական կոալիցիայի լիիրավ անդամ կուսակ-ցության… «Լեզուի եւ օտար դպրոցներու խորագիրին տակ ներկայացող այս վտանգը մէկ այլ երեսն է մեր Դատին»,- գրում է Մահսերեջյանը` առանց հավելյալ լուսաբանություն տալու ընթերցողին: Նա այս չարագործության հեղինակներից ու կողմնակիցներից պահանջում է «գործնապէս ապացուցել, թէ վարձկաններ չեն» իրենք, ու համարյա ինքնադատաստանի կոչ ուղղում` գրելով. «Սայթաքողներուն դատը պէտք չէ ձգել պատմութեան, այլ զայն պէտք է տեսնել ա՛յսօր, անյապաղ»: Նա իր հրապարակումն ավարտում է կասկած չունենալով, որ «ա՛յս փորձութ-յունն ալ պիտի ունենայ անփառունակ այն վախճանը, որուն մատնուեցան ցարին կամակատարները‘ աւելի քան դար մը առաջ»:
ՀՅԴ մամուլի միակ «տղամարդի»` դերասանուհի Մարի-Ռոզ Աբուսեֆյանի «Մեր ազգային պարտքը» վերնագրված խոհերը «Ազդակը» տպել է հու-նիսի 21-ի համարում: ՀՀ-Թուրքիա իշխանական վերնախավերի սիրախաղին վերաբերող այս հրապարակման մեջ տիկ. Աբուսեֆյանն անդրադարձել է նաեւ օտարալեզու դպրոցների դավին` հենց սկզբից գոհունակություն հայտնելով, որ «գոնէ այս անգամ ժողովուրդը աւելի սթափ է մտա-ծում եւ դէմ է կառավարութեան առաջարկներին»: Հայաստանի ամերիկյան համալսարանը համարելով երիտասարդ մասնագետների արտագաղթն աշխու-ժացնող կառույց, հեղինակը նշել է, թե «հիմա էլ ուզում են օտարալեզու դպրոցներով ժողովրդի հոծ զանգուածին պատրաստել երկրից դուրս գալուն»: Միանգամայն ճիշտ ախտորոշում` Տիկ. Աբուսեֆյանը «բնական» է համարում Սփյուռքի բուռն ընդդիմությունն այս դավին:
Նույն օրաթերթը հունիսի 29-ի համարում արտատպել է իր գործընկեր «Ասպարէզ»ի «Սահմաններու պաշտպանութիւնը Ազգային ժողովի դահլիճէն պէտք է սկսի» հետաքրքրություն գրգռող վերնագրով խմբագրականը: Գրության հեղինակը «Լեզվի մասին» օրենքում փոփոխութ-յան հարցը հայտարարում է «պարզապէս վիրաւորանք մը` ուղղուած մայրենիին, եւ իբրեւ այդպիսին, հարուած մը` ազգային մտածողու-թեան» եւ ՀՀ իշխանություններին մեղադրում ազգային նպատակներ չհետապնդելու ու «զանոնք ամէն վայրկեան վաճառքի հանելու պատե-հապաշտութեան» համար: Խմբագրականի ավարտին, ՀՀ ԿԳՆ եւ ՀՀ կառավարության նախաձեռնությունը հայտարարվում է «յանցաւոր անտարբերու-թիւն» մայրենի լեզվի նկատմամբ:
Երեւանյան բուհի շրջանավարտ, հայոց լեզվի եւ գրականության հալեպաբնակ ուսուցչուհի Նվարդ Մադոյան-Դարակչյանը «Զարթօնքի» հուլի-սի 4-ի համարում հանդես է եկել «Անդրադարձ – Որպէսզի օտարալեզու դպրոցները սերունդները չզրկեն իրենց ազգային դիմագիծէն» վեր-նագրված, մեր կարծիքով` բավականին թույլ հրապարակումով: Կարեւորելով արժանահիշատակ Ռաֆայել Իշխանյանի դերը հայոց լեզվով հանրակր-թության պարտադրման գործում` հոդվածագիրը «մտահոգիչ երեւոյթ» է համարում օտարալեզու դպրոցների վերաբացման նախագիծը: Նա հայտ-նում է, որ իր «ունեցած տեղեկութեանց համաձայն», ՀՀ-ում օտարամոլությունը նորից է գլուխ ցցել (դա պարզ է նույնիսկ անզեն աչ-քով, առանց որեւէ ճիգ գործադրելու եւ` կյանքի բոլոր ոլորտներում): Երկարաբան հոդվածի ավարտին, տիկ. Դարակչյանը կարեւոր դիտարկում է ա-նում. «Օտարալեզու դպրոցներու գոյութիւնը անպայմանօրէն կրնայ սահամնափակել ու հոգեբանօրէն պակսեցնել Մայր Հայրենիքի ներ-գործութեան ուժը» սփյուռքահայ գաղթօջախներում: Նույն հոդվածը թերթը վրահրատարակել է սեպտեմբերի 2-ի համարում «Հայաստանի դպրոցական վերամուտին առիթով»:
«Ազդակի»‘«Ձիւնական» ծածկանունով աշխատակից Գեւորգ Աբելյանը իրեն հատուկ ծաղրական ոճով գրած «Հայկական հանճա՜ր…» հրապարակումով (հուլի-սի 6) սպանիչ քննադատության է ենթարկում չարափոխությունների փորձը, որը նա որակում է «անկրկնելի ծրագիր», «սքանչելի՜ գաղափար», «լեզուաքանդ նախաձեռնութիւն» եւն.: Նկատի ունենալով այն, որ վերաբացվելիք դպրոցների մեծագույն մասը ռուսական է լինելու, նա գրում է. «Իսկապէս որ շնորհաւորել պէտք է ռուս մեծ ազգը, որովհետեւ ան ա՛լ աւելիով պիտի մեծնայ հայ ծագումով եւ Made in Armenia մակնիշով նոր եւ շատ հաւատարիմ քաղաքացիներով», դրանով իսկ «որոշ չափով պիտի կարենայ դարմանել իր մարդագրական տագնապը, մեր համեստ թի-ւին քսակէն…»: Ըստ Ձիւնականի, հայ ազգը` մեծով-փոքրով, «զարգացեալով ու տգէտով» պետք է շնորհակա՜լ լինի ՀՀ իշխանավորներին, որոնք բարեհաճել են օտարալեզու դպրոցներում պահպանել հայագիտական առարկաների հայերենով դասավանդումը` «Անմիջապէս ասոնց արձանները պէտք է կանգնել տալ Երեւանի կարեւոր պողոտաներուն վրայ»,- ծաղրում է Աբելյանը: Նա առաջարկում է «առաջին հերթին» շնորհավորել Ար-մեն Աշոտյանին` «այս խի՜ստ «ազգօգուտ» նախաձեռնութեան համար: Իր հսկողութեան տակ ահաւասիկ մեր ազգի նորահաս սերունդները պի-տի բռնեն զարգացումի անբացատրելի ճամբան»: Նոյն տրամաբանությամբ ընթանալու դեպքում, հասնելու ենք մի օրվա, երբ «յանուն հա-յորդիներու զարգացմա՜ն ու յառաջդիմութեան, հարկ զգացուի հայ դպրոցներու փակման: 19-րդ դարու լոպանովեան քաղաքականութիւնը` Հա-յաստան առանց հայու, իրագործումի ճամբան պիտի բռնէ մեր անկախ հայրենիքին մէջ: Խարաշօ՜»,- դառնությամբ եզրակացնում է Ձիւնակա-նը:
«Արարատն» իր մշակութային շաբաթական հերթական էջը (հուլիսի 7) նվիրել է հայ գրողների համահայկական 5-րդ համաժողովին:
Այս առթիվ տպվել են Ալեքսանդր Թոփչյանի ելույթը համագումարին եւ դրան առնչված էջի պատասխանատու, հանրաճանաչ մտավորական Պեպո Սիմոն-յանի անդրադարձը: Ալ. Թոփչյանը չի թաքցնում, որ չարաբաստիկ նախաձեռնության հետեւում կանգնած են ռուսները: «Շնորհակալութի՜ւն իսկապէս եղբայրական օգնութեան համար»,- հեգնում է տաղանդավոր գրողը, ըստ որի` «այսօր հայերէնն աշխարհում այնքան վտանգուած չէ, որ-քան Հայաստանում»: Պ. Սիմոնյանն այս կապակցությամբ հարցումների տեսքով պահանջում է ՀՀ գրողներից‘հստակ դիրքորոշում դրսեւո-րել` «որքա՜ն ալ ապազգային օրինագիծը հաստատուած ըլլայ…» (բարեբախտաբար` դեռ չի հաստատվել ու, կասկած չունենք, չի էլ հաստատվելու: Չե՛նք թողնելու – Գ. Յ.):
Հրապարակելով հայրենաբնակ լեզվաբան դոկտ. Արտեմ Սարգսյանի մեկ գրավոր ելույթն իր հուլիսի 8-ի համարում` «Զարթօնքը» դրան կցել է խմբագրական «գլխարկ», որտեղ «վա՜յ գործիչներ» է որակում ՀՀ կրթական բարեփոխումների դերակատարներին:
«Ազդակի» հուլիսի 9-ի համարում լույս է տեսել ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի «Երկու ճշմարտությունների Հա-յաստանս» հրապարակումը, ուր ավելի շուտ տուրք է տրվել զգացմունքներին, քան սառը դատողություններին: Ակնարկելով ս. թ. հունիսի 24-ին ԱԺ-ում առաջին ընթեցմամբ «ընդունված» օրենսդրական չարափոխումները, նա գրում է. « «Կըր-թու-թիւնը հայերէն» եւ «Առաջ Հայաստան» (հիշենք` սա ՀՀ այսօրվա նախագահի նախընտրական նշանախոսքն էր – Գ. Յ.) ճշմարտությունների խաչմերուկում, Հայոց ամենասուրբ սրբե-րի` Սահակի ու Մաշտոցի օրը խորհրդարանական անհաղորդ ու անցաւ մեծամասնութիւնն ընտրում է օտարալեզու դպրոցը»: Լ. Գալստյանը շա-րունակում է. «Անկախութեան 20-րդ տարում ազգային արժանապատուութիւնը նսեմացնող այս ի՞նչ հանգրուանի հասանք. տրոփում է ուղեղս ու ականջներիս մէջ սղոցւում կրթութեան նախարարին (բարեկամիս, այո՛ բարեկամիս) ուղղուած «դա-ւա-ճան» վանկարկումը»: Հետաքրքրական է, որ նման «բարեկամների» հետ ավելի քան 10 տարի իշխանությունը բաժնեկցած ու իշխանական կերակրամանից հա՛ խժռած կուսակցության ներկայա-ցուցիչը, փոխանակ մեղայականով հանդես գալու` իրենց իսկ ցանածն այսօր հնձելու դառնության համար, իր հրապարակման ավարտին համարձակ-վում է դեռ այնպիսի տողեր էլ գրել, որոնք օրաթերթում հաստ գրատեսակով են տպվել. «Ե՞րբ ենք մեր պարտությունները մեր մէջ փնտռե-լու, ե՞րբ է մեր ճշմարտութիւնը մէկը լինելու, ե՞րբ ենք ապրելու մեզ համար ու մեր ժամանակում, ե՞րբ ենք մեր տէրն էլ, ծառան էլ մենք լինելու, ե՞րբ է քաղաքիս ու երկրիս դէմքը խաղաղ լինելու ու ԵՐԿԻՐԸ ԿՈՉՈՒԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ»:
Այս հարցումներին մենք ունենք շատ հստակ պատասխան. այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կրթությունն ու գիտությունը կազմաքանդելուն մասնակցած լեւոնմկրտչյաններ, ՀՀ բնակչությունը համարակալած աղվանվարդանյաններ ու նմաններ կշարունակեն բազմած մնալ ՀՅԴ ամենա-բարձր ղեկավար մարմնում` ՀՀ-ն հայկական պետություն չի լինելու, իսկ ՀՅԴ-ն էլ` պատմությունից մեզ ծանոթ ֆիդայական Դաշնակցութ-յունը… Ավելի լավ է սկսել սեփական ավգյան ախոռները մաքրելուց…
Նույն «Ազդակը» հուլիսի 21-ի համարում հրապարակել է երկու նյութ` առնչված ՀՀ-ում հայոց լեզվի անարգված իրականության: Դրանցից երկրորդը ուղղակիորեն վերաբերում է օտարալեզու դպրոցները վերաբացելու դավին: Լիբանանահայ ճանաչված հրապարակագիր, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ Պարույր Աղբաշյանը «Մենք ենք, մեր ցաւերը» խորագրով հրապարակել է «Հերթը հասաւ լեզուին ու դպրոցին (կամ` Հայաստանի իշխանութիւններու հերթական «կաֆ»ը)» վերնագրված եւ հունիսի 13-ով թվագրված հոդվածը. թե ինչո՞ւ է թերթը շուրջ 40 օր հետո տպագրել նյութը` չգիտենք):
Հրապարակման սկզբում հեղինակը համոզված է, որ «հիմա ալ աճուրդի կը հանուին հայոց լեզուն ու հայ դպրոցը» (այստեղ եւ հետո բո-լոր հաստագրումներն ու մեծատառերը Աղբաշյանինն են – Գ. Յ.): Քիչ ետք նա գրում է, որ «հայ ժողովուրդի իւրաքանչիւր սրբութիւն ու նուիրականութիւն, յաջորդական քայլերով կը բռնաբարուին ու կը պղծուին, որովհետեւ տիրող իշխանաւորները, քողարկուած թէ ոչ, իրենց թաթը կը դնեն անոնց վրայ»: Այնուհետեւ հրապարակագիրը խիստ հարձակում է գործում ՀՀ-ում «բացարձակ իշխանութիւն» ունեցող Հայաստա-նի հանրապետական կուսակցության ու նրա նախագահ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վրա` նրանց ինքնագլուխ, մտավորականության ու հասարակութ-յան կարծիքն արհամարհող վարքագիծը հայտարարելով « «զուլումի» միապետութեան վարքագիծ»: Աղբաշյանը պահանջում է մտավորական շրջանակ-ներից (ազգային ակադեմիա ու նրա ինստիտուտներ, գրողների եւ լրագրողների միություններ եւն.)` հստակորեն դիրքորոշվել ու մին-չեւ վերջ պայքարել նման դավադրական ծրագրերի դեմ: Այնուհետեւ, հրապարակագիրը մի հույժ կարեւոր նկատողություն է անում. «Զարմանա-լին այն է, որ Արմէն Աշոտեան, այս ծրագիրին «սենարիստ»-զոհն է, որովհետեւ չի գիտակցիր (կամ կրնա՞յ ըլլալ, որ չ՛ուզեր գիտակցիլ), թէ ինք շա՜տ «պուճուր» է, [որպէսզի] հայ ժողովուրդի գոյութեան միջոցին` ԼԵԶՈՒԻՆ ու նպատակին` ԴՊՐՈՑԻՆ հետ վերաբերի այդ տրամաբա-նութեամբ` դառնալով հլու-հնազանդ գործիքը իր մեծաւորներու մեծածրագիրներուն, որոնք երբեք չեն կրնար ըլլալ յօգուտ հայ լեզո-ւին ու հայ դպրոցին»:
Խնդրին անդրադարձել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին շատ մոտիկ կանգնած, Բեյրութում լույս տեսնող «Արծիւ» երկշաբաթա-թերթը թիվ 9-10 (393-394), հուլիսի միացյալ համարի խմբագրական գրությամբ: Ներկայացնելով հարցի էությունը եւ հայտնելով, թե «այս որոշումին դէմ հայրենի մտաւորականութիւնը գրեթէ միասնական ոգիով կեցուածք ճշդած է», հեղինակը գրում է. «Սակայն ժողովուր-դին եւ կամ մտաւորականութեան ձայնը լսող չկայ»: Թերթը հիմնովին հերքում է այդ դավադիրների «փաստարկներից» այն, որ իբր սփյուռ-քահայերն իրենց երեխաներին ՀՀ այդ դպրոցները կուղարկեն` կրթություն ստանալու, եւ նման խոսքերը համարում «անհեթեթ» ու «ճշմարտությանը չհամապատասխանող»: Նրանք պետք չունեն այդպես անելու, քանի որ կարող են ուղարկել հենց իրենց իսկ գտնված երկրում օտարալեզու դպրոցներ` եթե այդպիսիք կան: Խմբագրականն ավարտվում է հետեւյալ վճռական տողերով
– Ո՛չ մենք եւ ո՛չ Սփիւռքի առողջ դատող տարրը կրնան նմանօրինակ ազգակործան ձեռնարկներ քաջալերել:…
Վե՛րջ ազգավնաս նախաձեռնութիւններուն:
Անէ՛ծք ազգին վնասող նախաձեռնողներուն:

Բավարարվենք վերոհիշյալ օրինակներով` նյութը ավելի եւս ծավալուն չանելու համար:
Ամփոփելով վերոշարադրյալն ու այս տեսության մեջ տեղ չգտած մյուս հրապարակումների նյութերը` եզրակացնում ենք, որ ոչ միայն ՀՀ, այլեւ Սփյուռքի (Լիբանան, Սիրիա, Կիպրոս, Ֆրանսիա, ԱՄՆ եւն.) հասարակական կարծիքը, ԱՌԱՆՑ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ, հստակորեն դիրքորոշված է ՀՀ-ում օտարալեզու դպրոցներ վերաբացելու դավադրության դեմ: Հրապարակումներում տարբերությունը այդ մերժումների չափավորական կամ արմատական լինելու մեջ է միայն:
Հետեւաբար, այս դավադրության դեմ կա համազգային միասնական կեցվածք (բացառելով, նժդեհյան բնութագրումով` ազգի տականքը), որը ՀՀ իշխա-նավորներն իրավունք չունեն անտեսելու` ՈՎ ԷԼ ԻՐԵՆՑ ՃՆՇԻ ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ:
Ավելի լավ է անկեղծանալ սեփական ժողովրդի հետ, քան իշխանությունը ամեն գնով պահպանելու համար օտարների գործակալություն անել սեփա-կան երկրում:
Վերջիններիս մեր ժողովուրդը իր պատմության ողջ ընթացքում որակել է ամենաճշգրիտ բառով` ԴԱ՛-ՎԱ՛-ՃԱ՛Ն:
Իսկ դավաճանների անփառունակ վախճանի օրինակները տվել է հենց մեր ազգային պատմությունը……

Հ. Գ. –
1. ՀՀ ԿԳՆ կազմակերպած Համահայկական կրթական Դ խորհրդաժողովի (Երեւան, 2-4 հուլիսի 2010 թ.) լիբանանահայ մասնակիցներից մեկը մեզ հայտնեց, թե երբ խորհրդաժողովում սփյուռքահայերից մի քանի հոգի վրդովմունք են արտահայտել օտարալեզու դպրոցների վերաբացման առնչությամբ, Արմեն Աշոտյանը «հերոսաբար» հավաստիացրել է, թե «այդ դպրոցները բացվելու են` ի՛նչ էլ լինի»:
Այսինքն` շարունակվում է «Մեր դեմ խաղ չկա» ստոր վերաբերմունքը համայն հայության հետ` ժողովրդավարության սին քողի ներքո:…
2. Իսկ թե այս նախագծի ու անձամբ Արմեն Աշոտյանի նկատմամբ ինչպիսի՞ կարծիք ունի ՀՀ Սփյուռքի նախարար տիկ. Հրանուշ Հակոբյանը` թողնենք հետագային: Հրապարակվելու դեպքում մեծ ցնցումներ են առաջանալու հենց ՀՀԿ վերնախավում……

Գեւորգ Յազըճյան
ազատ լրագրող, պատմաբան,
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհրդի անդամ

«Լուսանցք» թիվ 33-34 (164-165), 2010թ.

This post is also available in: ,