Hetq.am, 05.03.2010
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մարտի 5-ին կայացրած վճռով անփոփոխ թողեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի` «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հ/կ-ի ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի կայացրած վճիռը: Դատարանը հրապարակեց վճռի եզրափակիչ մասը, հետեւաբար «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի վերաքննիչ բողոքը մերժելու հիմնավորումները մեզ դեռեւս հայտնի չեն:
Հիշեցնենք, որ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը դատարան էր դիմել ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի` 2008 թ.-ին նրա հրատարակած «Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը» գրքում Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պատասխանողին պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու եւ բարոյական վնասը հատուցելու պահանջի մասին հայցով: Ընդհանուր իրավասության դատարանը քաղ. գործի վարույթը կարճել էր` պատճառաբանելով, որ հիշյալ վեճը ենթակա չէ դատարանում քննության:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը, դատարանի վճիռը համեմատության մեջ դնելով մեկ օր առաջ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայացրած որոշման հետ, որով ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը, հայտնեց, որ Հայ դատի ջատագովների համար շատ ավելի կարեւոր պետք է լիներ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի այսօրվա վճիռը, քան այդ որոշումը: Նա նշեց, որ 2000 թ.-ից սկսած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 4-րդ անգամ է այդպիսի որոշում ընդունում, եւ եթե նույնիսկ Միացյալ Նահանգների Կոնգրեսը հետեւի նրան եւ ԱՄՆ նախագահը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, միեւնույն է, մենք ոչինչ չենք շահի, եթե ՀՀ-ում թույլատրվի ազատորեն քարոզել Հայոց ցեղասպանության ժխտումը:
«Քանի դեռ ՀՀ-դատարաններն իրենց վճիռներով թույլատրելի են համարում Հայաստանում Հայոց ցեղասպանության ժխտումը, եւ քանի դեռ Հայաստանում թուրքական լոբբինգով զբաղվող կազմակերպություններ կան, Հայաստանը չի կարողանա օտար երկրների ընդունած փաստաթղթերն օգտագործել ի շահ հայ ժողովրդի ու Հայաստանի. օտար երկրների ընդունած որոշումները կօգտագործի 3-րդ կողմը»,- համոզմունք հայտնեց պատմաբանը:
Սառա Պետրոսյան