Արմեն Աշոտյան. «Մեր հասարակությունը պետք է լինի եռալեզու»

Արմեն Աշոտյան. «Մեր հասարակությունը պետք է լինի եռալեզու»

Թեքեյան մշակութային կենտրոնում հավաքված 100-ից ավել ուսանողներն ուզում էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը: Հանդիպումը նախաձեռնել էր Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը քաղաքացիական նախաձեռնությունը: Հանդիպման ժամանակ քննարկվող թեմաները բազմազան էին` սկսած դպրոցական կրթության հիմնահարցերից մինչև ասպիրանտական կրթություն:

Աշոտյանը ուսանողների հետ զրույցում նշեց, որ բուհական համակարգի խնդիրներին ավելացել է ևս մեկը` դիմորդների թվի նվազումը: Այս տարի դպրոցներն ունեն շուրջ 38 հազար շրջանավարտ, և ԿԳՆ-ն բուհերին է հատկացրել 20 500 տեղ, մինչդեռ կա շուրջ 18000 դիմորդ: «Ակնհայտ է, որ այս տարի մրցակցություն չի լինի և բուհ կընդունվեն բոլոր դրական գնահատական ստացողները»,- ասում է Աշոտյանը: Ըստ նախարարի` սա նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, բայց նվազում է նաև բուհական կրթություն ստանալու տենդենցը:

Ըստ Աշոտյանի` կրթական համակարգն հանրապետության ամենածանրակշիռ ոլորտներից է` ունի 700 հազար շահառու` ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ, դասախոսներ, գիտնականներ և այլն: «Հայաստանում չկա գեթ մեկ ընտանիք, որ մեր ոլորտում շահառու չունենա: Եվ ամենասոցիալիզացված ոլորտը լինելով` կրթական համակարգը պարտավոր է սպասարկել հասարակության ակնկալիքները»,- ասում է Աշոտյանը:

Նրա խոսքով` կրթական համակարգը դինամիկ զարգացող ոլորտներից է և «Փոփոխությունները կրթական համակարգում երբեք կանգ չեն առնի, անկախ այն բանից, թե ով է նախարարը»:

Անդրադառնալով օտարալեզու դպրոցներ ստեղծելու հարցին` Աշոտյանն ասում է, որ նպատակն է ոչ թե ամեն լեզվից մի քիչ-մի քիչ իմացող մարդիկ ունենալը, այլ որ ապագա սերունդը լավ տիրապետի հայերենին, միևնույն ժամանակ չլինի միալեզու: «Չեմ հավատում, որ հայ մարդու նկարագիրը հակասում է 21-րդ դարի հաջողակ ազգերի հաջողության բանաձևին»,- ասում է Աշոտյանը : Ըստ նրա` հայ հասարակությունը պետք է լինի եռալեզու` իմանա հայերեն և նաև գերազանց տիրապետի գոնե ռուսերենին ու անգլերենին: Նրա խոսքով` դպրոցի կրթական ծրագրի 37 տոկոսը կազմում են հայագիտական առարկաները, որոնք դասավանդվելու են նաև օտարալեզու դպրոցներում, սակայն «մեկուսանալ աշխարհից մենք չենք կարող»: Աշոտյանը հակադարձեց նաև կարծիքին, թե օտարալեզու դպրոցների ստեղծումը բերում է երկրի գաղութացման.«Գաղութային է այն հասարակությունը, որը գիտելիք չի կարողանում ստեղծել, կուտակել և կիրառել, ոչ թե մի քանի լեզուների տիրապետողը»:

Աշոտյանի խոսքով` օրենքով օտարալեզու դպրոցների թիվը սահմանափակվելու է` Հայատանում կարող է ստեղծվել առավելագույնը 15 օտարալեզու դպրոց` ընդ որում` մեկ լեզվով կարող է գործել ոչ ավել, քան 5 դպրոց: Օտարալեզու կրթությունը թույլատրվելու է սկսած 5-րդ դասարանից` մինչ այդ կրթությունը պետք է կազմակերպվի բացառապես հայերենով: Օտարալեզու դպրոցները գործելու են կառավարության հսկողության ներքո, դրանց վրա կտարածվի նաև «Հանրակրթության մասին» օրենքը: Նա ասում է, որ օտարալեզու դպրոցները չեն ստանալու պետական ֆինանսավորում, իսկ համապատասխան կադրերի մասին պետք է հոգան հիմնադիրները, բացի այդ` հիմնադիրները կորոշեն նաև, թե արդյոք դպրոցը վճարովի է լինելու, կամ ունենալու է որոշ անվճար տեղեր:

Չնայած նախարարը օտարալեզու դպրոցների մասին խոսելիս կարևորում էր լեզուների իմացությունը և որպես օրինակ մատնանշում իրանցի ուսանողներին, ովքեր տիրապետում են անգլերենին այնքան, որ կարողանում են հանգիստ օգտվել անգլալեզու գրականությունից, սակայն «Անկախի» հարցին ի պատասխան` նա նշեց, որ օտարալեզու դպրոցների հիմնման նպատակը կրթական համակարգում նաև նման տիպի ծառայությունների ապահովումն է:

Կարևորելով լեզվի իմացությունը` նախարարը հայաստանյան դպրոցներում այդ հարցի լուծման մի եղանակ մատնանշեց` երբ պետությունը բավարար ֆինանսական միջոցներ ունենա, հավելյալ ուսուցիչներ կվարձի և կկիսի օտար լեզվի դասաժամերը: Իսկ մինչ այդ` առաջիկայում ԿԳՆ-ն նախատեսում է դպրոցներում ներմուծել 3-րդ օտար լեզու, թե որը կլինի երրորդը, կընտրեն դպրոցները:

Աշոտյանը մեկնաբանեց նաև մագիստորսական և ասպիրանտական տեղերի կրճատման դրդապատճառները: Ըստ նրա` բակալավրիատում գերազանցիկների 85 տոկոսն աղջիկներ են, սակայն իգական սեռի ներկայացուցիչները մագիստրատուրա ավելի քիչ են դիմում, իսկ ասպիրանտների ընդամենը 15 տոկոսն են աղջիկներ: Ըստ Աշոտյանի` հիմա այլևս մագիստրատուրա և ասպիրանտուրա կդիմեն միայն նրանք, ովքեր ուզում են գիտությամբ զբաղվել:

Իսկ տարկետման իրավունքով տեղերի կրճատումն Աշոտյանը բացատրեց այսպես, թե արդեն 20 տարի Հայաստանում չի կայանում մրցակցությունը մասնավոր և պետական բուհերի սեկտորում, քանի որ երկուսն էլ ունեն արտոնություններ` մասնավոր բուհերը ընդունելություն են կազմակերպում ինչպես իրենք են ուզում, իսկ պետական բուհերն էլ կրթությունից բացի վաճառում են նաև տարկետման իրավունք: «Երկուսն էլ խտրական դաշտում են գործել: Հիմա ուսանողն այլևս բուհը և մասնագիտությունն ի միջիայլոց չի ընտրի` տարկետում ստանալու համար»,- ասում է Աշոտյանը: Ըստ նրա` եթե ուսանողները տարկետման խնդիր չունենան, այդ պարագայում կրթությունը կշարունակեն միայն լուրջ մասնագետական ձգտումներ ունեցողները: Անդրադառնալով ասպիրանտական տեղերի հարցին` Աշոտյանն ասում է, որ Հայաստանում պաշտպանվող թեկնածուական ատենախոսությունների 25 տոկոսը տնտեսագիտության ոլորտին են վերաբերում, սակայն
«ցույց տվեք գոնե մեկ տնտեսագիտական մոդել, որ ատենախոսություն պաշտպանածների հսկայական բանակն է շրջանառության մեջ դրել»: Աշոտյանի խոսքով` ինչքան կրճատվել են ասպիրանտական առկա ուսուցմամբ տեղերը, նույնքան էլ ավելացել են հեռակա ուսուցմամբ տեղերը:

Այս հարցի պատասխանից դժգոհ շուրջ 15-20 ուսանողներ լքեցին դահլիճը` տեղի ունեցող հարց-պատասխանը բնութագրելով որպես դեմագոգիա: Մնացած ուսանողները ևս դժգոհ էին Աշոտյանի` հարցերին տրված պատասխաններից, նշելով, որ հստակ պատասխան որևէ հարցի չի տրվում, սակայն մնացել են շարունակությանը հետևելու համար:

Անդրադարձ եղավ նաև Ջավախքում հայ-վրացական համալսրանան հիմնելու հարցին: Ըստ նախարարի` այժմ նպատակահարմար չէ նման համալսարանի հիմնումը: Աշոտյանը նշեց, որ Ջավախքի պահպանման գրավականը վրացերենի իմացությունն է և կարևորեց, որ ջավախքահայ ուսանողներն ավելի շատ գնան ուսանելու վրացական բուհերում, քան թե գան Հայաստան: «Հայկական բարձրագույն կրթությունը Ջավախքի հայաթափումը չի կանխի»,- ասում է Աշտյանը` հավելելով, որ անգամ Ջավախքում գործող հայկական համալսարանի տված կրթությունը կծառայի որպես դարպաս դեպի Հայաստան:
Ankakh.com

This post is also available in: ,