Մերձավոր Արևելքում աճող թուրքական ազդեցությունը հանգեցնում է հայերի իրավունքների սահմանափակման

Մերձավոր Արևելքում աճող թուրքական ազդեցությունը հանգեցնում է հայերի իրավունքների սահմանափակման

Մերձավոր Արևելքում Թուրքիայի աճող ազդեցությունը, նույնիսկ մինչև Գազայի շուրջ Իսրայելի հետ ծովային առճակատումը, որոշ արաբական երկրների ստիպել էր սահմանափակել տեղի հայ համայնքների քաղաքական իրավունքները:

Մտավախություն կա, որ Գազայի հակամարտությունը, որը վարչապետ Էրդողանին հերոս դարձրեց ամբողջ իսլամական աշխարհում, կհանգեցնի հայկական գործունեությունների հավելյալ սահմանափակումների’ դրանք համարելով ,հակաթուրքականե:

Վերջին ամիսներին Հորդանանը, Լիբանանը և Սիրիան հատուկ քայլեր են ձեռնարկել իրենց հայ քաղաքացիների գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ’ կամ Թուրքիայի արձագանքից մտահոգված կամ թուրքական իշխանությունների անմիջական ճնշման ներքո:

Որպես վառ օրինակ կարող է ծառայել Հորդանանի կառավարության կողմից ՀԲԸՄ-ի Մերձավոր Արևելքի երիտասարդ մասնագետների համաժողովը չեղյալ հայտարարելը, որը պետք է տեղի ունենար Ամմանում, հունիսի 3-6-ը: Թալին Սուջյանը The Armenian Weekly շաբաթաթերթին հայտնել է, որ Հորդանանի իշխանություններն իրենց մտահոգությունն են արտահայտել աշխարհի տարբեր մասերից 150 հայ երիտասարդների հավաքի առիթով: Սուջյանը, որը հրավիրված էր ելույթ ունենալու «Հրանտ Դինքի ժառանգությունը» և «Հայ համայնքը Թուրքիայում» թեմաներով, հայտարարել է, որ համաժողովի անցկացման նախորդ գիշերը կազմակերպիչներին տեղեկացրել էին, որ «վերևների» հրամանով այն չեղյալ է հայտարարվել: Որոշ դիտորդներ ՀԲԸՄ-ի համաժողովի չեղյալ հայտարարելը վերագրում են Ազատ առևտրի գոտի հաստատելու մասին համաձայանագրին, որը պետք է ստորագրվեր Հորդանանի, Լիբանանի, Սիրիայի և Թուրքիայի միջև հունիսի 10-ին: Մի մեկնաբան մատնանշել էր այն զավեշտալի իրավիճակը, երբ Թուրքիայում հայկական կոնֆերանսները թույլատրվում են, իսկ Հորդանանում’ոչ:

Այս տարվա սկզբին, երբ լիբանանյան հեռուստատեսային անձնակազմը փորձել էր մտնել Սիրիա’ Դեր Զորի անապատում կադրեր նկարահանելու համար, սահմանապահները հրաժարվել են նրանց ներս թողնել, չնայած նկարահանումների համար նրանք Սիրիայի իշխանություններից նախօրոք անհրաժեշտ թույլտվություն էին ստացել: Այս միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան CBS հեռուստաընկերության’ Հայոց ցեղասպանության մասին պատմող «60 րոպե» հաղորդման հեռարձակումից շատ չանցած: Հաղորդման մեջ պատկերված են եղել Դեր Զորի անապատի ավազներից դուրս ցցված’ Հայոց ցեղասպանության զոհերի ոսկորները: Թուրքական իշխանությունները բողոք էին ներկայացրել Սիրիայի կառավարությանը’ իրենց երկրում CBS-ին «հակաթուրքական» ֆիլմ նկարահանելու թույլտվության համար:

Երրորդ միջադեպը, անսպասելիորեն տեղի է ունեցել Լիբանանում’ Սփյուռքի ամենազդեցիկ հայկական համայնքի օրրանում: Զարմանալի է, որ կառավարության պաշտոնյաներն արգելել էին հեռարձակել Այլին Խաչատրյանի «Զարթի’ր որդյակ» երաժշտական տեսահոլովակը՝ Ցեղասպանության ժամանակաշրջանի մի երգ, որը հալածանքներին դիմակայելու կոչ է անում: Թեև երգում Թուրքիայի մասին ոչ մի հիշատակում չկա, սակայն Լիբանանի իշխանությունները մտահոգվել էին, որ այն կարող է բացասաբար ազդել լիբանանա-թուրքական հարաբերությունների վրա:

Սրանք հայ քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունքի բացահայտ միջամտման մտահոգիչ օրինակներ են: Վերոնշյալ երեք երկրներում էլ հայերը վաղուց ամենաջերմ հարաբերություններ են ունեցել համապատասխան իշխանությունների հետ, և նրանց կողմից դիտվում են որպես հավատարիմ քաղաքացիներ: Տեղի հայկական համայնքների ղեկավարները’ որպես այդ երկրների քաղաքացիներ պետք է վճռականորեն բողոքեն իրենց տարրական իրավունքների այսպիսի կամայական խախտման դեմ: Նրանք պետք է աշխատանքներ տանեն’ իրենց համաքաղաքացիներին իրազեկելով տասնամյակներ շարունակ Թուրքիայի կողմից՝ որպես Իսրայելի մերձավոր դաշնակցի արաբական շահերին հասցրած ահռելի վնասի մասին:

Հայերը պետք է մատնանշեն, որ չնայած Էրդողանի հակաիսրայելական բոցաշունչ հռետորական ճառերին, նա Իսրայելի հետ կնքած 16 պայմանագրերից և ոչ մեկը, այդ թվում’ հետախուզական փոխանակության մասին չեղյալ չի հայտարարել՝ ըստ Today’s Zaman թերթի տվյալների: Անկարայում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային կազմակերպության ղեկավար Սեդաթ Լաչիները Hurriyet թերթին հայտնել է, որ երկու երկրների ռազմական ղեկավարները նաև մի շարք գաղտնի պայմանագրեր են ստորագրել: Ըստ Middle East ամսագրի, Իսրայելի և Թուրքիայի հետախուզական ծառայությունները ,1950-ական թվականներից սկսած համագործակցում են տարածաշրջանում արմատական իսլամիստական խմբերի և Իրանի գաղտնի գործողությունների դեմ պայքարումե: Ավելին, ինչպես հաղորդվում է, Թուրքիան թույլատրել է Իսրայելին ,վերահսկել Սիրիայի զինված ուժերի զորավարժությունները’ Թուրքիայի տարածքիցե: Բացի այդ, Թուրքիան 1.8 մլրդ դոլարի ռազմական պայմանագրեր է կնքել Իսրայելի հետ, իսկ երկու երկրների միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը 2009 թվականին հասել է 2.5 մլրդ դոլարի: Իսրայելյան ավելի քան 900 խոշոր ընկերություններ գործում են Թուրքիայում, և 1000-ից ավելի փոքր արտահանողներ առևտրային կապեր են հաստատել նրա հետ:

Էրդողանը ճարպկորեն օգտվեց այն քաղաքական վակուումից, որն առաջացել էր պաղեստինյան ժողովրդի իրավիճակի հանդեպ արաբ ղեկավարների անգործությունից, դրանով իսկ բարձրացնելով ինչպես իր, այնպես էլ իր կուսակցության վարկանիշը սեպտեմբերի 12 սահմանադրական հանրաքվեի նախաշեմին և հաջորդ տարվա խորհրդարանական վճռորոշ ընտրություններում’ թույլ տալով, որ օտարը կրի արաբական աշխարհի առաջնորդի տիտղոսը:

Մինչ վարչապետ Էրդողանի հաջորդ ամիս Լիբանան նախատեսված այցը, որտեղ որոշ լիբանանցիներ նրան կարող են ընդունել որպես «անարժան» հերոսի, տեղի հայերը պետք է բացահայտեն պաղեստինցիներին զորակցելու նրա երեսպաշտական ներկայացումն ու համոզեն իրենց համաքաղաքացիներին, որ նա գործում է ելնելով իր սեփական, և ոչ թե՝ Լիբանանի շահերից:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ.՝ Ռ.Ավագյանի

7or.am

This post is also available in: ,