«Անկախ» շաբաթաթերթն ու համանուն էլեկտրոնային կայքը, որն առաջինն էր բացահայտել ու լուսաբանել Հայաստանի մասին ռուսական հրատարակչությամբ աշխարհագրական մի հանրագիտարանում տեղ գտած կեղծ տեղեկությունները, պատրաստվում է դատական գործընթաց սկսել ռուսական «Махаон» և բրիտանական «The kingfisher geography encyclopedia» հրատարակչությունների դեմ:
«Большая иллюстрированная энциклопедия географии» ռուսական հրատարակչությամբ աշխարհագրական հանրագիտարանը, որտեղ Հայաստանը ներկայացված է, մեղմ ասած, թյուր տեղեկություններով (Հայաստանում հիմնական լեզուն, բացի հայերենից, նաև ադրբեջաներենն է, Հայաստանի հիմնական կրոններն են ողղափառությունը և իսլամը` մասնավորապես շիա ուղղությունը, Արցախն Ադրբեջանի պատմական տարածքն է` մեծամասամբ հայերով բնակեցված և լուսանկար, որն ընդհանրապես առչություն չունի հայկականության հետ), արդեն տասն օր է, ինչ գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում:
Պետական համապատասխան գերատեսչություններն այդ մասին տեղյակ են, սակայն որևէ կոնկրետ արձագանք չեն արել: Նրանք նշում են, որ իրենց գործառույթների մեջ չի մտնում վերահսկել և պատժել նմանատիպ հրապարակումները:
ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանի խոսքով, իրենք ոչինչ չեն կրող անել, սակայն խորհուրդ են տալիս հարցին հասարակական լայն հչեղություն տալ և պատասխանատվութան ենթարկել հանրագիտարանը տպող ու տարածող հրատարակչություններին.
«Այդ հարցով չպետք է զբաղվի պետությունը,-ասում է նա,-նման հարցերով բոլոր դեմոկրատական երկրներում զբաղվում են հասարակական կառույցները»:
Սաղաթելյանը կարծում է, որ այդ հրատարակչություններին դատի տալն ընդամենը րոպեների խնդիր է` պետք է ներկայացվի հերքման և գրքի վաճառքն արգելելու պահանջ:
Նա նաև հայտնեց, որ կրթության նախարարությունն էլ է այդ մասին տեղյակ և, իրենց հետ այդ հարցը քննարկել են:
ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանի խոսքով, իրենք տեղյակ են, սակայն կարծում են, որ խնդրով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը.
«Ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ, մենք ևս վրդովված ենք այդ անգրագետ, թյուր և կեղծ հրապարակումից, սակայն այդ հարցով զբաղվելու իրավասություն չունենք»,-նշեց նա:
ԱԱԾ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծվին Բաղրամյանն էլ իր հերթին հայտնեց, որ տեղյակ են հարցին, սակայն իրավասու չեն դրանով զբաղվելու:
Նշենք, որ մեր հրապարակումից օրեր անց «Անկախ»-ի խմբագրություն այցելեց մի երիտասարդ և ցույց տվեց տարիներ առաջ Պրահայից գնած Cambridge-ի բառարանը, որտեղ Հայաստանի դիմաց գրված էր` լեզուն` ադրբեջաներեն, դրամը` մանաթ:
Այսքանից հետո մեզ մնում է միայն հուսալ, որ հասարակությունը, գոնե, անտարբեր չի լինի նմանատիպ կեղծ ու հակահայկական հրապարակումների նկատմամբ և հանդիպելու դեպքում` անպայման կբարձրաձայնի:
«Հայաստանը դեմոկրատական երկիր է, մեզ մոտ գրաքննություն չկա». սա իհարկե դրական իրողություն է, բայց ոչ` լուրջ պատճառաբանություն` իշխանությունների կողմից ազգն ու պետականությունը հեղինակազրկող քարոզչությանը չընդդիմանալու համար:
www.ankakh.com
.
Այս շարքից․
«Նոյյան տապանը» հանրագիտարանը կվաճառի «վրիպակների և սխալների ներդիրով»