Երևան, 19 հոկեմբերի, 2010թ.
Ս.թ. սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցան երկրորդ ընթերցման ներկայացված «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ։ Դրանց ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հայտարարեց հետևյալը. «…օրենսդրական փաթեթը հանգամանորեն քննարկվել է ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի եւ կոալիցիոն գործընկերների
հետ: … առաջարկվում է վերանայել երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծերը` հիմք ընդունելով հետեւյալ մոտեցումները: Հարցը կարգավորել միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու միջոցով` օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանելով «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը»:
Նույն միտքը բազմիցս կրկնեցին քննարկման մյուս կազմակերպիչները՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ազգային Ժողովի պաշտոնական կայքում քննարկումների մասին պատմող ամփոփագրում հղում կատարելով նախարար Աշոտյանի խոսքին՝ նշվում է, որ «Քննարկումների արդյունքում փաթեթից հանվել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունը: Փոփոխություններ կառաջարկվեն միայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում:»
http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=4125&year=2010&month=09&day=27
Նույնատիպ հայտարարություններ են արել նաև իշխանության այլ ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը(http://aravot.am/am/articles/politics/83767/view), Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը (http://www.oratert.com/arm/armenian/հասարակական/otar.html) և այլն:
Գրեթե բոլոր լրատվամիջոցները, անդրադառնալով այս հարցին, ներկայացրել են հիշյալ մոտեցումը որպես իշխանությունների վերջնական որոշում, ինչին որևէ պաշտոնական առարկություն չի հնչել: Լսումներից անմիջապես հետո «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ, մեջբերելով համապատասխան օրենքների կետերը, հիմնավորվում էր հիշյալ թեզի տկարությունն ու օրենսդրական ակնհայտ հակասությունները: Հայտարարությունում նաև կոչ էր արվում մատնանշել այն իրավական հիմքերը և հիմնավորումները, որոնք թույլ են տալիս խուսափել օրենսդրական հակասություններից:
http://www.lragir.am/armsrc/society39152.html
Հակառակ սեփական հայտարարություններին, ըստ երևույթին, այդպես էլ չգտնելով միայն «Հանրակրթության մասին» օրենքով օտարալեզու դպրոցներ բացելու հնարավորությունը, ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի թիվ 45 նիստում քննարկման է դրվելու նաև «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու Կառավարության ներկայացրած օրինագիծը: Դրանում ասված է. «Միջազգային հանրակրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»: Վերջինս նախատեսում է օտարալեզու 11 դպրոցների
բացման հնարավորությունը, ինչը, մեր համոզմամբ, միայն առաջին փուլն է լինելու:
http://parliament.am/committees.php?do=show&ID=111149&showdoc=1668&cat_id=180&month=all&year=2010&lang=arm
Սա ոչ այլ ինչ է, քան հասարակությանը մոլորեցնելու, վերջինիս հանդեպ բացահայտ արհամարհանքի, ստի, կեղծիքի աննախադեպ դրսևորում, որի՝ տարրական մարդկային արժանապատվությունից զուրկ հեղինակներն ակնհայտորեն լավ չեն հաշվարկել իրենց քայլերը: Եվս մեկ անգամ մեր համախոհներին կոչ ենք անում մշտազգոնության՝ աչքի տակ ունենալով այս անփառունակ օրինակը:
«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնություն