ՌԴ ռեզիդենտ
«Իզդատելսկայա Գրուպա Ատտիկուս» ՍՊԸ-ին
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ռեզիդենտ`
Kingfisher Publications Plc-ին
Կրնօրինակները`
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարությանը
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գործող
Հայկական մշակութային կենտրոնին
Վերջերս Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի` Երևանի գրախանութներից մեկից գնված հանրագիտարանից (Большая иллюстрированная энциклопедия географии, այսուհետ` Հանրագիտարան) պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացում են տալիս ընթերցողին:
Հանրագիտարանը հրատարակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ռեզիդենտ` Kingfisher Publications Plc-ի կողմից և ռուսերեն վերահրատարակվել է ՌԴ ռեզիդենտ «Իզդատելսկայա Գրուպա Ատտիկուս» ՍՊԸ-ի կողմից:
Հանրագիտարանի 236-րդ էջում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ներկայացված են հետևյալ սխալ տեղեկությունները`
– Հիմնական լեզուները` հայերեն, ադրբեջաներեն.
– Հիմնական կրոնները` ուղղափառ (Հայկական առաքելական եկեղեցի). իսլամ (շիիթ).
– 1988-1989 թթ. Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի է ունեցել ռազմական ընդհարում:
Հրատարակող կազմակերպության կողմից հրատարակված վերոհիշյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և ենթակա են հերքման` հետևյալ պատճառաբանությամբ.
1. Հայաստանի Հանրապետության հիմնական լեզուն հայերենն է.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
Հայաստանում ադրբեջաներեն ընդհանրապես չի գործածվում:
Այս փաստն անուղղակիորեն ընդունել է նաև հրատարակող կազմակերպությունը նշելով, որ Հայաստանի բնակչության 96 տոկոսը կազմում են հայերը: Մնացած 4 տոկոսը կազմում են եզդիները, հույները, ուկրաինացիները, հրեաները, ռուսները, քրդերը և այլն:
2. Հայաստանի Հանրապետության հիմնական կրոնը քրիստոնեությունն է.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8.1 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց առաքելական եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Բոլոր պատմական աղբյուրներից հայտնի է, որ քրիստոնեությունը, որպես պետական կրոն, առաջինը ճանաչվել է Հայաստանում` դեռևս 301 թվականին (Տես օրինակ` Православная Энциклопедия, ինտերնետի աղբյուրներից`http://www.pravoslavie.in.ua/, http://www.pravmir.ru/xristianstvo-v-armenii/, http://ru.wikipedia.org/ ):
Բոլոր հեղինակավոր հանրագիտարաններն էլ տեղյակ են, որ Հայաստանի Հանրապետության հիմնական կրոնը քրիստոնեությունն է, իսկ եկեղեցին Հայ առաքելական եկեղեցին (Տես օրինակ` первая школьная энциклопедия страны мира, Москва “РОСМЕН” 2008):
Ուշագրավ է այն հանգամանքը, որ հրատարակող կազմակերպությունը ընդունելով, որ Հայաստանի բնակչության 96 տոկոսը կազմում են հայերը, նշել է, որ իսլամը նույնպես հանդիսանում է Հայաստանի հիմնական կրոնը:
Ավելին, հրատարակող կազմակերպությունը Հայ առաքելական եկեղեցին ներառել է ուղղափառ եկեղեցու կազմում, այն դեպքում, երբ ինչպես ուղղափառ, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցիները քրիստոնեական կրոնի առանձին ուղղություններ են:
3. Ռազմական ընդհարումը տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի (հայերի) միջև, ոչ թե Հայաստանի ուԱդրբեջանի:
Ռազմական ընդհարումը տեղի է ունեցել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Ադրբեջանի միջև, որը ծագել է Ադրբեջանի կողմից հայերի բնաջնջման գործողություններից հետո (բնաջնջման գործողությունները սկսվեցին, երբ Արցախի ժողովուրդն օգտվեց ինքնորոշման իր իրավունքից): Հայաստանի Հանրապետությունը օգնություն է ցույց տվել միջազգայնորեն ինքնորոշման իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղին (Տես օրինակ` http://ru.wikipedia.org/):
Ավելին, ընդհարումը սկսվել է 1988-ին և վերաճել պատերազմի` 1994թ. ավարտվելով հրադադարով:
4. Հանրագիտարանում ներկայացված լուսանկարը ճիշտ չի բնութագրում Հայաստանը:
Նկարում պատկերված են կարտոֆիլ հավաքող, արևից սևացած երկու տարեց գյուղացիներ: Կասկածի տակ դնելով այդ անձանց հայ լինելու, ինչպես նաև լուսանկարը Հայաստանում կատարված լինելու հանգամանքները, բոլոր դեպքերում գտնում ենք, որ կարտոֆիլը Հայաստանը բնութագրող խորհրդանիշ չի կարող լինել:
Հայաստանի գյուղատնտեսությունը բնութագրող առավել հայտնի խորհրդանիշներ են խաղողը, նուռը և ծիրանը:
Ելնելով վերոգրյալից,
1. ՌԴ ռեզիդենտ` «Իզդատելսկայա Գրուպա Ատտիկուս» ՍՊԸ-ին խնդրում ենք հերքել Հանրագիտարանում տեղ գտած վերոհիշյալ տեղեկությունները` համաձայն «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՌԴ օրենքի 43-րդ և 44-րդ հոդվածների:
2. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ռեզիդենտ` Kingfisher Publications Plc-ին խնդրում ենք հերքել Հանրագիտարանում զետեղված վերոհիշյալ տեղեկությունները:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը խնդրում ենք, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության միջև համագործակցության մասին» 28.12.2004թ. համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն, ՌԴ արդարադատության նախարարությանը դիմել` պետության իրավունքների և օրինական շահերի ապահովման ուղղությամբ համագործակցելու խնդրանքով:
4. ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին խնդրում ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել Հանրագիտարանում նշված տեղեկությունները հերքելու ուղղությամբ:
5. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գործող Հայկական մշակութային կենտրոնին խնդրում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև մշակութային կենտրոնների ստեղծման և գործունեության մասին» 05.11.2004թ. համաձայնագրի հիման վրա միջոցներ ձեռնարկել Հանրագիտարանում նշված տեղեկությունները հերքելու ուղղությամբ:
Հարգանքով`
«Անկախ» շաբաթաթերթի և
www.ankakh.com էլեկտրոնային կայքի խմբագրակազմ
Դիմող «ՎԻՎ Այսօր և վաղը» ՍՊԸ–ն
Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ ստեղծված կազմակերպություն է,
որն իրականացնում է լրատվական գործունեություն
(«Անկախ» շաբաթաթերթ և համանուն էլեկտրոնային կայք):
www.ankakh.com
.
Այս շարքից․
«Նոյյան տապանը» հանրագիտարանը կվաճառի «վրիպակների և սխալների ներդիրով»
«Անկախ»-ը դատական գործընթաց է սկսել ռուսական ու բրիտանական հրատարակչությունների դեմ