ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր
Սույն թվի օգոստոսի 6-ին «Ազգ» թերթը տպագրեց Համլետ Գեւորգյանի «Պատասխան-նամակ»-ըՙ ի պատասխան նույն թերթի հուլիսի 3-ի համարում իմ հրապարակած «Ընդդեմ հակահայկական հայագիտության» հոդվածի: Եվ մինչ կհրապարակվեր «պատասխան-նամակ»-ի իմ պատասխանը, «Ազգ»-ի խմբագրությունը ստացավ եւս մի պատասխանՙ այս անգամ ԵՊՀ-ի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանի ստորագրությամբ, որի անունը ես հիշել էի իմ հոդվածում: Այն տպագրվեց նույն թերթի սեպտեմբերի 25-ի համարումՙ «Ամենուր թշնամիներ մի փնտրեք, պարոն Մուշեղյան» վերնագրով: Եվ ես հիմա ստիպված եմ միանգամից պատասխանել երկու ընդդիմախոսի:
Նախ Հ.Գեւորգյանը ինձ մեղադրում է, իբր ես գրել եմ, թե «Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը հայոց պատմությունը գիտի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի մակարդակով», իսկ ըստ Բ.Հարությունյանի, ես Հ.Գեւորգյանի մասին գրել եմ. «Հ.Գեւորգյանի գիտելիքները դուրս չեն գալիս 6-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի շրջանակներից»: Պարոնայք, իրար մեջ պարզեք, թե ով է ձեզանից իրավացի:
Եվ այսպես, Հ.Գեւորգյանը ինձ ուղղած «պատասխան-նամակ»-ում ինձ անպատվելովՙ ճոխ գովեստներ է հղում իմ միջոցով պատմաբան Բաբկեն Հարությունյանին. «Բաբկեն Հարությունյանը Երեւանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչն է (մոռանում է ասելՙ ԳԱԱ թղթակից անդամ), եւ նրան հայոց պատմությանը անտեղյակ եւ անգետ ներկայացնելը արտառոց մի բան է, մանավանդ, երբ դա անում է բանասեր մեկը…Իսկ ահա բանասեր Ա.Մուշեղյանը, որը ոչ մեկին հայտնի չէ որպես Հին Հայաստանի պատմության մասնագետ, հավակնում է դասեր տալ Բաբկեն Հարությունյանին… պարբերական մամուլի էջերում»: Իր հերթին, Բ.Հարությունյանը, ինձ ուղղած հոդվածում դարձյալ ինձ անպատվելով, իմ միջոցով պատասխան գովեստներ է ուղարկում Հ.Գեւորգյանին. «որքան ես գիտեմ ակադեմիկոս (մոռանում է ասել փիլիսոփա, մշակութաբան) Համլետ Գեւորգյանին, նա անբասիր մաքրության եւ սկզբունքային անձնավորություն է, ինչը կարող է շարժել շրջապատի բարի նախանձը»: Եվ ես հիշեցի Չարենցյան պարոդիան. «Գովում է Հ.-ն Բ.-ին, գովում է Բ.-ն Հ.-ին, եւ երկուսը միասին փնովում են Ա.-ին: Պարզվում է, որ նրանց մեջ նախնական պայմանավորվածություն է եղել մեկը պիտի քարկոծեր ինձ մշակութաբանական հարցերով, իսկ մյուսըՙ պատմական, որոնց սխալների մեղքը երեւի թե հենց Բաբկեն Հարությունյանի վրա է: Հենց այն, որ վերջինս հանձն է առնում «արդարացնելու» Հ.Գեւորգյանի հոդվածում իմ նշած բոլոր պատմական վրիպումները, ցույց է տալիս, որ պատմության հարցերում Հ.Գեւորգյանի ուղեցույցը եւ խորհրդականը ինքըՙ Բ.Հարությունյանն է եղել եւ հարկադրված է իր վրա վերցնել պատմագիտական հարցերի ամբողջ պատասխանատվությունը:
Թեեւ «մշակութաբան» բառը դեռեւս իմաստը չի փոխել եւ պատճենած է «կուլտուրոլոգ» բառից, բայց այս մշակութաբան-փիլիսոփան զուրկ է խոսքի տարրական կուլտուրայից: Իմ քննարկած հարցերը լռության մատնելովՙ նա «պատասխան-նամակ»-ը լցրել է անառարկա դատողություններով, որոնց մեջ միակ ծիծաղաշարժ կետերը իմ կողմը նետած թունավոր, վրեժխնդիր անվանարկումներն ենՙ իբր ով է այս Մուշեղյանըՙ բանասեր մեկը, որ «պարզունակ պատկերացում ունի», «ծուռտիկ մեկնաբանումներ է անում», «ինքն իրեն մեծարող», «բանից անտեղյակ քննադատ», «սահմանափակ մտահորիզոնի տեր» եւ նման որակումներ: Երբ մարդավարի տեղեկություններ ես հաղորդում Հ.Գեւորգյանին պատմագիտության եւ բանասիրության բնագավառում իր չիմացած բաների մասին ու հետն էլ չես անվանում նրան «նեղմիտ», «սահմանափակ մտահորիզոնի տեր», նա քո կոռեկտությունը համարում է անզորության նշան եւ գրոհում է իր սխալները բացահայտողի վրա, բայց ոչ մի անգամ մեջտեղ չի բերում այն կոնկրետ պատմական եւ գիտական կոպիտ սխալները, որոնցով առատ են նրա հրապարակումները, չի փորձում հերքել քո ոչ մի մատնանշած փաստը:
Գրեթե ամեն տեղ իր «պատասխան-նամակ»-ում Հ.Գեւորգյանը իր մասին գրում է երրորդ դեմքով, ընդգծելով իր ինիցիալներըՙ կարծես ուրիշ մեկը գրած լինի նրա փոխարեն: Իմ մատնանշած փաստերն իսպառ շրջանցելովՙ «պատասխան-նամակ» անվան տակ նա ներկայացնում է իմ գրածի հետ բոլորովին կապ չունեցող իր հավակնությունները, որոնք անկենդան բառակույտեր են հիշեցնում: Բայց, երբ նա իր խոսքովՙ «պատմական մոտեցմամբ», այսինքն հայոց պատմության վերաբերյալ իր թյուր գիտելիքներով քննում է մոտ ու հեռու դարերի մշակույթի հարցերը, ապա ընթերցողի համար պարզ կլինի, թե ինչ արժեն նրա «սինխրոնիկ, դիախրոնիկ, ամբողջականությունը» եւ «պատմական վերակազմությունը»: Խոստովանում եմ, դրանք ինձ համար հայկական մեկ արժեզրկված լումայի չափ արժեք չունեն:
Դարձյալ ինքն իր անունից խոսելով երրորդ դեմքովՙ Հ.Գեւորգյանը իր «պատասխան-նամակ»-ում այսպես է ձեւափոխում «Վէմ»-ի հոդվածում իր շարադրածըՙ խմբագրելով իմ դիտողությունների ազդեցությամբ, թեեւ դա ամեն կերպ աշխատում է քողարկել. «Հ.Ա.Գեւորգյանը նշում է,- գրում է նա ինքն իր մասին,- որ XVIII դարի վերջին XIX դարի սկզբին ձեւավորված եվրոպական դասական բանասիրությունը սկզբունքորեն նոր մոտեցում էր լեզվի նկատմամբ եւ հայերենի նկատմամբ նույնպես: Եվ սա է կարեւորը Հ.Ա.Գեւորգյանի հոդվածի համար (սրանից հետո, այս կոնտեքստում, վերադառնալ այն բանին, թե ով ինչ է ասել հայերենի ու հայերի մասին,- ավելորդ է)»: Սակայն, երբ Հ.Գեւորգյանը ավելորդ եւ անկարեւոր է համարում, թե «ով ինչ է ասել հայերենի եւ հայերի մասին», ապա դա նշանակում է, որ նա թաքցնում է իմ շատ կարեւոր դիտողությունը իր այն անհիմն եզրակացության առթիվ, թե XVIII դարի վերջից եվրոպացի գիտնականները հայերենը համարել են հնդեվրոպական լեզվաընտանիքի մի ճյուղ եւ այսպես էլ սկսել են թարգմանել ու քննել վաղ շրջանի հայ մատենագիրներին: Այստեղ է, որ ես մեր փիլիսոփային տեղեկացնում եմ, որ հայերենի եւ հնդեվրոպական լեզվաընտանիքի կապը բացահայտվել է ոչ թե XVIII դարի վերջին, այլ դրանից մեկ դար հետոՙ XIX դարի վերջին: Հռչակավոր գերմանացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս եւ լեզվաբան Լայբնիցը մոտ 1700թ-ին հետազոտելով հայերենի, իմաՙ գրաբարի բառագանձը, այն դասել է իրանական լեզվաճյուղին եւ այնքան հիմնավոր, որ միայն 1875թ-ին Հ.Հյուբշմանըՙ նշանավոր գերմանացի երիտքերական, որոշեց հայերենի տեղը հնդեվրոպական լեզվաընտանիքում որպես առանձին ճյուղ եւ դա այն ժամանակ, երբ Գերմանիայում հայագիտությունը ոչ թե սկսվում էր, այլ 200 տարվա պատմություն ուներ: Ահա թե ինչն է թաքցնում Հ.Գեւորգյանը, երբ ավելորդ է համարում, թե ով ինչ է ասել հայերենի ու հայերի մասին,- եղավ, որ ոչ Լայբնիցի ասածն է կարեւոր (որի ուսումնասիրությունները հայոց պատմության եւ հայերենի ցեղակցության մասին ինքնին մեծ պատիվ են հայերիս համար), ոչ Հյուբշմանի ասածը, եւ դա միայն նրա համար, որ այս բոլորի մասին ես եմ իրեն հաղորդում: Ստացվում է, որ Հ.Գեւորգյանը երկու անգամ է խաբում իրեն վստահող ընթերցողին – առաջին անգամ «Վէմ»-ի հոդվածում անգիտությամբ, թեեւ ներելի չէ գիտնականին, հատկապես ակադեմիկոսինՙ չիմացած բաների մասին ինքնավստահ տեղեկություն տալ անիրազեկ ընթերցողին, իսկ երկրորդ անգամՙ «պատասխան-նամակ»-ում միտումնավոր է խաբումՙ իր ինքնասիրությանը տուր չտալու համար: Ես հասկանում եմ ընթերցողի զայրույթը, նա պահանջում է ինձնից ճիշտ գնահատական տալ այս ամենին: Բայց ես խնդրում եմ մի քիչ էլ սպասելՙ Հ.Գեւորգյանը ուրիշ էլի շատ զրպարտություններ է անելու, ուստի գնահատականը կլինի վերջում:
Հ.Գեւորգյանը աղմկում է, իբրեւ ես իր մտքերը կտրել եմ կոնտեքստից եւ «ծուռտիկ մեկնաբանել»: Ինչ կապ ունի կոնտեքստը, եթե բերված փաստերը գլխիվայր են շրջված: Օրինակ, «ԸվՌՉ» ռուսալեզու ամսագրում (2009, թիվ 5, էջ 50), խոսելով հայ ժողովրդական երաժշտությունը հավաքելու մասին, նա հայտնում է, թե Հայաստանում դրանով զբաղվել են «Կոմիտասը եւ նրա աշակերտները – Գարեգին Սրվանձտյանց եւ ուրիշներ»: Ես մեջբերեցի ռուսերենից բառացի թարգմանությունըՙ պահպանելով եւ կետադրությունը: Ինչ անուն տաս սրան: Այդպես կարելի է պնդել, թե Կոմիտասի աշակերտներից է եղել նաեւ Խաչատուր Աբովյանը:
Հ.Գեւորգյանը իմ հոդվածից պարզ տեսնում է, որ իմ փաստարկները անխոցելի են, ուստի եւ «պատասխան նամակում», որ ամենեւին էլ իմ հարցադրումների պատասխանը չէ, այլ ակնհայտ խուսագրություն, նա լռությամբ է անցնում բարձրացված բոլոր հարցերի կողքով կամ ժողովրդական պարզ արտահայտությամբՙ խոսքը կտուրը գցելով: Հետո միայն ինձ համար պարզվեց, որ այդ բոլորին պատասխանելու պարտականությունը նա դրել է մեկ ուրիշիՙ իր գործակից Բաբկեն Հարությունյանի վրա: Իր «մտածողության տեխնիցիզմ»-ից եւ «արժեքային կողմնորոշումների փոփոխություն»-ից հանկարծ սթափվելովՙ նա անակնկալ հարցնում է. «Հիմա ասենք, որ եվրոպական դասական բանասիրության այս ամբողջ խնդրակարգի, ծրագրի, գործունեության սկիզբը դրել է Ֆրիդրիխ Շլայերմախերը, որի գործերը բանասեր Ա.Մուշեղյանը հաստատ չի կարդացել»: Զարմանում ես այս մարդու մտածողության վրա, երբ հավակնում է որոշել, թե ես ինչ եմ կարդացել, կամ ինչ չեմ կարդացել: Եթե Հ.Գեւորգյանը նոր է տեղեկանում, երեւի ինտերնետից, բողոքական աստվածաբան եւ փիլիսոփա Շլայերմախերի մասին, ապա ես ավելի քան 50 տարի առաջ եմ ուսանողական գիտական ընկերության նստաշրջանում կարդացած զեկուցման մեջ Շլայերմախերի օրինակով քննել «Կանտի էթիկայի ազդեցությունը գերմանական ռոմանտիկների վրա»: Նրա լրիվ անունն է Ֆրիդրիխ Էռնստ Շլայերմախեր, բայց նրա անունը Ֆրիդրիխ չէ, ինչպես նշում է Հ.Գեւորգյանը,- դա նրա ավագ ազգականներից մեկի անունն է, որ տրված է հիշատակի համար, իսկ անձնանունն է Էռնստ: Երեւում է մշակութաբանը ծանոթ չէ գերմանական մշակույթին: Շլայերմախերը զբաղվել է սուրբգրային տեքստերի արդյունավոր քննությամբ, բայց եւ այնպես Շլայերմախերից չի սկսվում գերմանական դասական բանասիրությունը,- ինչպես փորձում է ներկայացնել Հ.Գեւորգյանը: Սովորեցնելուց առաջ պետք է սովորելՙ դասական բանասիրության առարկան միմիայն հույն եւ հռոմեական անտիկ գրականությունն է, ուստի XVIII դարի գերմանական դասական բանասիրությունը սկսվում է Շլայերմախերի ավագ ժամանակակից Ֆրիդրիխ Ավգուստ Վոլֆից, որը իր «Հոմերոսյան նախընծայություններ»-ով մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն գերմանական դասական բանասիրության, այլեւ պոեզիայի եւ գրականության վրա:
Ըստ Հ.Գեւորգյանի, իմ քննադատական դիտողությունները հանգում են ընդամենը երկու-երեք կետի, բայց ընթերցողը զուր է սպասում, թե նա ուր որ էՙ բերելու է իմ հոդվածում նշված նրա բազմաթիվ հակագիտական մեկնաբանումներից գոնե երկու-երեք կետ: Սրա փոխարեն այստեղից սկսած նա դիմում է վայրիվերո զրպարտանքներիՙ անկարող լինելով հերքել իմ նշած որեւէ փաստարկ.
1. Հ.Գեւորգյանը հարայ-հրոցով օգնության է կանչում արտասահմանցի եւ հատկապես ամերիկյան հայագետներինՙ իբր ես «քամահրանքով» եմ վերաբերել նրանց իմ հոդվածում եւ, որ առավել աններելի է, նշում է ամերիկյան հայագետների անուններՙ Ռիչարդ Հովհաննիսյան, Վահագն Տատրյան, Տիգրան Գույումջյան, Աբրահամ Տերյան, իբր ես փորձում եմ «ստվեր գցել այդ հայագետների վրաՙ նրանց ներկայացնելով իբրեւ հակահայկական հայագիտության ներկայացուցիչներ»: Ինձ հասկանալի չէ, թե ինչպես կարող է զգաստությունը չկորցրած մեկը դատողություններ վերագրել ուրիշի տպագիր խոսքին եւ չանհանգստանալ, որ իր հերյուրանքը կարող է անմիջապես հերքվել: Մինչդեռ ինքըՙ Հ.Գեւորգյանն է իր «պատասխան-նամակ»-ում մեղադրում որոշ հայազգի արեւմտյան պատմաբանների. «Արեւմտյան որոշ քաղաքագետ-տեսաբաններ, այդ թվում եւ հայազգի մտավորականներ,- գրում է Հ.Գեւորգյանը,- թյուր մեկնաբանություն տալով… ժամանակակից պատմագիտական եւ պատմափիլիսոփայական տեսություններին, անտեսում են հայոց պատմության եւ հայկական մշակույթի պատմության իրողությունները»: Ովքեր են այդ հայազգի արեւմտյան մտավորականները: Գուցե իր «պատասխան-նամակ»-ի հենց այս տողերն է ինձ վերագրում Հ.Գեւորգյանը: Ես չեմ թաքցնում, որ գիտական լուրջ առարկություն ունեմ եվրոպացի եւ ամերիկյան հայագետների որոշ տեսակետների հանդեպ, հարկ եղած դեպքում դրանք ես հերքում եմ գիտական փաստարկներով, բայց առանց «քամահրանքի», որ հատուկ է միայն իրենՙ Հ.Գեւորգյանին: Գուցե այս զրպարտությամբ նա իր անձնական շահագրգռություններն է հետապնդում. սա եւս պետք է լուրջ խորհելու տեղիք տա դիրք ունեցող որոշ ամերիկահայ մտավորականների:
2. Իրավունք ունի՞ Հ.Գեւորգյանը հիշատակել վաստակաշատ ցեղասպանագետ, բազմալեզու եզակի արխիվային փաստաթղթերի հիման վրա Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնող Վահագն Տատրյանի անունը հենց թեկուզ այն պատճառով, որ անցյալ տարի մոսկովյան ռուսալեզու «ԸվՌՉ» ամսագրին տված հարցազրույցում (2009, թիվ 5, էջ 51) Հ. Գեւորգյանը հայտարարում է. «Այսօր, ըստ իս, չի կարելի զբաղվել դոնկիխոտությամբ (դա վտանգավոր բան է քաղաքականության մեջ), պետք է ռեալ մոտենալ բոլոր հարցերին: Դա չի նշանակում, որ մենք չպետք է նպաստենք հայերի ցեղասպանության ճանաչմանը, բայց ես հավատացած եմ, որ մենք չէ, որ պետք է շահագրգռված լինենք Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրով: Դա նրանց է հարկավոր, նրանք են դրանից շահում»: Ովքե՞ր են քաղաքական դոն-կիխոտները: Ովքե՞ր են նրանք, որ պետք է շահագրգռված լինեն, մի՞թե աշխարհում կգտնվի գեթ մի միամիտ տուժող, որ մտածի, թե հանցագործը պիտի շահագրգռված լինի ինքն իրեն պատժելու եւ դատապարտելու գործով: Եվ այս մտայնությունն է հենց քամահրանք Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու գործում Վահագն Տատրյանի գործադրած ջանքերի հանդեպ:
3. Հ.Գեւորգյանի կարծիքով, Հայաստանի հին ու նոր պատմությունը մինչեւ հիմա թելադրված է եղել պարզունակ եւ առօրեական մտածողությամբ եւ այժմ պետք է այն շարադրել «միակ ժամանակակից գիտական արեւմտյան տեսությամբ» եւ արեւմտյան «ազգ-պետություն» ֆրազաբանությամբ: Եվ երբ ես վճռաբար հակադարձում եմ այսպիսի ծայրահեղական մտայնությանը, նա, տրամաբանության շրջանակներում փաստարկ չգտնելով, ինձ պատասխանում է թուրքահաճո «պատմաբան» Ռոնալդ Գր. Սյունու այն սնանկ հայտարարությամբ, թե «դա ազգայնական մոտեցում է, որ 1915-ին կործանարար եղավ»: Ոչինչ, որ Հ.Գեւորգյանը ինձ մեղադրում է ազգայնականության մեջ. նողկալին այն է, որ քողարկվելով Ռ.Գ.Սյունու թիկունքում, նա մատնում է իր թաքցրած համոզմունքըՙ որ 1915-ին նահատակված մեկուկես միլիոն հայերը զոհ դարձան միայն իրենց ազգայնական մոտեցմանը, ինչ է թե նրանք Արեւելյան Անատոլիան իրենց բնիկ պատմական Հայաստանն էին համարում: Ուրեմն, բավական է դիպչես Հ.Գեւորգյանի շինծու թեզերին, եւ նա իսկույն ցույց է տալիս իր իսկական դեմքը: Եվ այս կարծիքին հարող Հ.Գեւորգյանը պատվավոր տեղ է զբաղեցնում Հայ դատին հետամուտ ՀՅԴ բյուրոյի հրատարակած «Վէմ» հանդեսի խմբագրական խորհրդում: Մինչդեռ Հ.Գեւորգյանը բոլորովին անտեղյակ է Հայոց ցեղասպանության գերմանացի ականատես Արմին Վեգների տրամագծորեն հակառակ տեսակետին: 1964-65 թվից սկսած, Խորհրդային գրաքննության դժվար ժամանակներում զբաղվել եմ ցեղասպանության հարցերով. թարգմանում էի գերմանացի իրավագիտության դոկտոր եւ բանաստեղծ-հրապարակախոս Արմին Վեգների 1915-16 թվերին Միջագետքի մահվան ճամբարներից գրած ցնցող նամակները, նրա կրքոտ պամֆլետները, որոնք դատապարտում էին երիտթուրք կառավարիչների հայաջինջ եղեռնագործությունը. նամակագրական կապ եմ ունեցել 88-ամյա Վեգների, այնուհետեւ նրա տիկնոջ հետ: Ըստ Վեգների, հայ ժողովուրդը 1915/16 թվերին զոհ դարձավ երիտթուրք կառավարիչների ծայրահեղ ազգայնամոլությանը, որոնք այդ հրեշավոր ոճրագործությունը իրականացրին հայերի հազարամյակների հայրենիքը եւ նրանց կուտակած անբավ հարստությունները սեփականելու նպատակով: Այդ ինչպես է պատահում, որ նահատակ հայերի հետ Միջագետքի տապից ու խորշակից տառապած, բծավոր տիֆից ու ժանտախտից հազիվ մազապուրծ եղած Հայոց ցեղասպանության գերմանացի ականատես իրավագիտության դոկտորը թուրքական «ուլտրանացիոնալիստ» կառավարիչներին է մեղադրում հայ ժողովրդի բնաջնջման համար, իսկ դրանից 80-90 տարի հետո իրենց «գիտական» աշխատասենյակներում հարմարավետ բազմած, նահատակների հիշատակը սակարկող վայ-հայազգի պատմաբանները եւ նրանց կրկնողները միլիոնավոր զոհերին են մեղադրում մարդակեր երիտթուրք կառավարիչների ոճրագործության համար:
4. Անցնելով անտրամաբանության բոլոր սահմաններըՙ Հ.Գեւորգյանը պնդում է, թե «Ա.Մուշեղյանըՙ սահմանափակ մտահորիզոնի տեր այս բանասերը, հավակնում է փաստարկման ու մեկնաբանության իրեն հատուկ եղանակներով, արտասահմանի հայագետներին (իսկ ինչու միայն արտասահմանի հայագետներին – Ա.Մ.) եւ գիտական հանրությանը ներկայացնել իր տեսությունը, ըստ որի Հայկական լեռնաշխարհը Հայոց եւ, ոչ ավել, ոչ պակաս, համաշխարհային քաղաքակրթության բնօրրանն է: Այսպիսի հավակնոտ «տեսությունները» դուրս են գտնվում գիտական պատմագրության շրջանակներից, ուղղակի վնաս են հասցնում հայկական հայագիտության հեղինակությանը»: – Այս ամբողջ անհեթեթությունը, որ բառացի մեջ եմ բերում Հ.Գեւորգյանի «պատասխան-նամակ»-ից, միայն վկայում է, որ նրա հեղինակը հեռավոր պատկերացում չունի ինձ վերագրած գիտական տեսության մասին: Ափսոսում եմ, որ այդ տեսության հեղինակը ես չեմ: Բայց եւ այնպես, հետաքրքիր էՙ որտեղից է Հ.Գեւորգյանը վերցրել այդ ենթադրությունը: Բանն այն է, որ «Ազգ»-ի հուլիսի 3-ի հոդվածում ես նշել էի, թե Ուրարտու երկրի եւ նրա անվան մասին իմ ուսումնասիրությունը լույս տեսավ 2004-ին ԳԱԱ Պատմության ինստիտուտի հրատարակած «Հայկական լեռնաշխարհը Հայոց եւ համաշխարհային քաղաքակրթության բնօրրան» հայագիտական զեկուցումների ժողովածուում: Այստեղից էլ փիլիսոփա ակադեմիկոսը թյուրամտորեն եզրակացրել է, թե վերոհիշյալ գիտական զեկուցումների ժողովածուն իմ սեփական աշխատությունն է, իսկ նրա վերնագրից էլ ենթադրել է, թե այդ նոր «վնասակար եւ վտանգավոր տեսությունը» իմ հնարածն է: Այստեղ է, որ պատմաբան Բ.Հարությունյանը պետք է ետ պահեր իր փիլիսոփա գործընկերոջը այսպիսի խառնաշփոթից, եթե, իհարկե, ինքը տեղյակ է այդ տեսությանը: Այսուամենայնիվ, այդպիսի գիտական վարկած իսկապես գոյություն ունի, որի մասին գաղափար չունի Հ.Գեւորգյանը: Այդ գիտական տեսության հեղինակն է անգլիացի պատմաբան եւ հասարակագետ Մարշալ Լոնգը (Լանգ), որը 1970թ. հրատարակեց «Հայաստանը քաղաքակրթության օրրան» գիրքըՙ բազմաթիվ պատմական տեղեկություններով փաստարկված մի ուսումնասիրություն, որոնց հիման վրա հեղինակը Հայաստանն ու հայ ժողովրդին դնում է համաշխարհային քաղաքակրթության կենտրոնում եւ ես ամենեւին չեմ կարծում Հ.Գեւորգյանի նման, թե այդ տեսության հեղինակը նպատակ է ունեցել «ուղղակի վնաս հասցնել հայկական հայագիտության հեղինակությանը» եւ հատկապես հայ ժողովրդին. ընդհակառակը նա բարձրացնում է Հայաստանի եւ հայ ժողովրդի դերը համաշխարհային քաղաքկրթության մեջ: Մարշալ Լոնգը ունեցավ նաեւ այլ հետեւորդներ եվրոպացի պատմաբանների շրջանում: Ուշագրավ է, որ կյանքի վերջում Մարշալ Լոնգը հասցրեց գրել «Հայաստան եւ Ղարաբաղ, պայքար միավորման համար» գիրքը (1991թ), որի մեջ իր համակրանքն ու մտահոգություններն է փոխանցում մեր համազգային շարժմանը: Հիմա ընթերցողը տեսնում է, թե Համլետ Գեւորգյանը իր անգիտությամբ ինչ մեղքեր կարող է բարդել Մարշալ Լոնգի եւ ինձ վրա: Այս է մեր ակադեմիկոս փիլիսոփան, որն իրեն իրավունք է վերապահում խոսել ուրիշի «սահմանափակ մտահորիզոնի» մասին, մինչդեռ նրա դատողություններում միտք անգամ չկա, ուր մնաց, թե հորիզոն: Եվ այսպիսի մեկը նշաձողից ցած է համարում իսկական գիտությունը, բայց նրա կարծիքն ինձ համար ոչ թե նշաձողից, այլ շրիշակից (պլինտուս) էլ ցածր է:
***
Հիմա անցնեմ Բաբկեն Հարությունյանի հոդվածում ինձ ուղղած մեղադրանքներին: Բ.Հարությունյանը, որ երկար տարիներ ճանաչել է ինձ գիտաժողովներից եւ իմ պատմա-բանասիրական հետազոտություններից, որակում է ինձ իբրեւ «պատմության բնագավառը մուտք գործած եւ (տվյալ) մասնագիտական պատրաստություն չունեցող» մեկը, որը իրեն քննադատում է «մատից ծծած կարծիքների հիման վրա»: Երեւի նման արտահայտությունները ամբիոնի վարիչի մանկավարժական լեքսիկոնից են: Հայոց պատմությունը իմ հարազատ բնագավառն է – հայ հին պատմիչներին գիտեմ գրեթե բերանացի եւ այնքան եմ տիրապետում մեր նոր պատմաբաններին, մեծերին եւ նրանց աշակերտներին եւ էպիգոններին, որ մի նոր բան կարդալիսՙ գիտեմ, թե ով ումն է բառացի կրկնում (առանց աղբյուրը հիշատակելու) եւ կամ ինչ նոր խոսք է բերում հայ պատմագիտության մեջ: Ուսումնասիրել եմ եվրոպական եւ հատկապես գերմանական հայագիտությունը: Ես այնտեղ եմ, որտեղ հայոց պատմության եւ հայագիտության չլուծված խնդիրներն են եւ ներկայիս հուզող հարցերը: Եվ ապաՙ ով է որոշել բանասերի եւ պատմաբանի իրավասության շրջանակները: Ամեն մասնագետ գիտնական գործում է իր ունեցած գիտելիքների, տրամաբանության եւ կռահելու ունակության սահմաններում:
1987-ին ոչ թե պատմաբան Բաբկեն Հարությունյանը, այլ բանասեր Ալբերտ Մուշեղյանն էր բացահայտողը, որ Ֆարիդա Մամեդովայի «Կովկասյան Ալբանիայի քաղաքական պատմություն եւ պատմական աշխարհագրություն» ռուսերեն գրքում զետեղված Ալբանիայի վեց քարտեզները արտատպված են 1944-ին Ստամբուլում հրատարակված թուրքական «Իսլամ» հանրագիտարանի «Մեծ-Ադրբեջան» քարտեզից, որը մի պետության մեջ է ներառում Դաղստանը, Խորհրդային Ադրբեջանը եւ Իրանական Ադրբեջանը, Խորհրդային Հայաստանի մեծ մասի եւ Սեւանա լճի կեսի հետ միասին: Այդ քարտեզների իսկական սկզբնաղբյուրների բացահայտման առթիվ ԽՍՀՄ ԳԱ Պատմության ինստիտուտի դիրեկտորի տեղակալ Ա.Ն.Սախարովից իմ ստացած շատ հայանպաստ պաշտոնական պատասխանը տպագրվեց 1987-ի օգոստոսի 14-ին Հայաստանի Գրողների միության «Գրական թերթ»-ում եւ քաղաքական բուռն արձագանք առաջ բերեց Բաքվում, Իրանում եւ Թուրքիայում: Ակադեմիկոս Զիա Բունիաթովը Բաքվում հանդես եկավ Սախարովի եւ իմ դեմ ուղղված զայրալից հոդվածով, իսկ Հայաստանի գիտնականներից ոչ այլ ոք, քան ԳԱ փոխպրեզիդենտ Գագիկ Սարգսյանը եւ պատմ. գիտ. դոկտոր Պարույր Մուրադյանը «Գրական թերթ»-ում 1988թ. հունիսի 10-ին, «Հերթական արշավանք ի հայս» հոդվածում հաստատելով իմ բացահայտած աղբյուրըՙ հակահարված տվեցին Բունիաթովին, իբրեւ պատմական կեղծիքը արդարացնողի:
Պատմագիտության մեջ կատարած իմ մի շարք նշանակալից բացահայտումների համար 1996 թվին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտխորհուրդըՙ որպես առաջատար կազմակերպություն, որոշում կայացրեց «երաշխավորել Ա. Մուշեղյանին պաշտպանելու հավասարապես բանասիրական գիտությունների դոկտորի եւ պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու համար»: Հանձնելով ինձ այս որոշումը, ինստիտուտի տնօրեն, երջանկահիշատակ ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանը հայտնեց, որ Պատմության ինստիտուտը իր ամբողջ գոյության ընթացքում ուրիշ որեւէ մեկի դոկտորական ատենախոսության վերաբերյալ նման կարծիք չի տվել:
Իրավունք ունի՞ Բ.Հարությունյանը ինձ հանդիմանելու պատմության ասպարեզում մասնագիտական պատրաստություն չունենալուս համար, եթե ինքը մինչեւ օրս ի վիճակի չի եղել Խորենացու «Պատմության» մեջ լուծելու այն բազում պատմական ու աշխարհագրական անաքրոնիզմներից որեւէ մեկը, որոնց պատճառով Խորենացուն V դարից փոխադրում են VII-IX դարեր – դա արել եմ ես: Վերջերս մի անգամ եւս անդրադարձա այս հարցերին եւ պարզեցի, որ իմ գրքում հարյուրից ավելի պատմական, աշխարհագրական նոր բացահայտումներ եւ ստուգաբանումներ կան, որոնց պատասխանը մինչեւ հիմա հետազոտողները չէին գտնում: Դրան հակառակ նա Խորենացու «Պատմության» մեջ մատնացույց է անում այնպիսի հիմքեր, որով հակառակորդներին նոր փաստարկներ է մատուցում Խորենացու V դարի հեղինակ չլինելու վերաբերյալ: Օրինակ, համեմատելով Փավստոսի եւ Խորենացու «Պատմությունները», նա պնդում է, որ «Փավստոսի «Պատմութիւն Հայոց»-ը V դարում գրված ստեղծագործություն է, քանի որ նրանում գրեթե բացակայում է ժամանակագրությունը#». հետեւությունը պարզ էՙ քանի որ Խորենացին ունի կատարյալ սինխրոնիկ ժամանակագրություն, ինչպիսին չունեն նույնիսկ VI դարի բյուզանդական ժամանակագիրները, ապա հակահայագետներին ինչ է մնում անելու, եթե ոչ զինվելու եւս մի փաստարկով ընդդեմ V դարի Խորենացու: Եվ չնայած այս ամենինՙ Բ.Հարությունյանը իր մասնակցությամբ կազմված «Հայաստանի ազգային ատլաս»-ը տասնյակ անգամներ ավելի գերազանց է համարում, քան իմ գիրքը Խորենացու մասին: Այս միտքը կարդալիսՙ ես հիշեցի Րաֆֆու այն զոկ առեւտրականին, որը գավառի գյուղերում մետաքս գնելիս իր աջ ոտքը գործածում էր իբրեւ կշռաքար եւ 5 ֆունտի տեղ կշեռքի թաթին ոտքը սեղմում էր 10 ֆունտից ավելի ուժով: Ով-ով, բայց ԵՊՀ-ի Հայոց պատմության ամբիոնի վարիչը իրավունք չունի բարձրաձայն խոսել այդ «Ատլաս»-ի մասինՙ նրանում տեղ գտած օտարացեղ խուժդուժ անվանումների համար, որոնք անհարիր են «ազգային» մակնիշին: Նա դժգոհում է, թե ինչու՞ եմ ես կառչել այդ 6-րդ դասարանի դասագրքից եւ չեմ կարդացել Հայկյանների վերաբերյալ իր հոդվածը «Աստվածաշնչյան Հայաստան» ժողովածուում: Ես ոչ միայն այդ հոդվածում, այլ նրա «Հայ-իրանական հարաբերությունների մասին» գրքույկում եմ կարդացել Էրիմենա-Արամանի անունով տեղական արքայիկի ցնցող քաջագործությունների եւ նրա անունով մեր ժողովուրդը «Արմեն» կոչելու մասին: Բայց այդ գրածներից այնքան վնաս չկա, որովհետեւ դրանք քչերին են հայտնի, եւ ինչպես տեսնում եք, նույնիսկ հեղինակը չի հիշում իր գրածի մասին եւ ես եմ հիշեցնում: Բայց առավել վնասակար է 6-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում քարոզվող մ.թ.ա VI դարը, որովհետեւ այդ դասագիրքն ամեն օր աշակերտների սեղանին է եւ պարտադրվում է Հայաստանի մատաղ սերնդին. ահա այս է հարկավոր դրսից մեծագումար գրանտներ հատկացնողին, մինչդեռ մյուս գիտնականների նոր վարկածներ պարունակող ձեռնարկները տպագրում է միայն Երեւանի «Զանգակ-97» հրատարակչությունըՙ իր հայթայթած սուղ միջոցներով:
Բ.Հարությունյանը ինձ հանդիմանում է, որ ես քննադատում եմ իրեն «մատից ծծած կարծիքների հիմա վրա», բայց ես խոսքի տակ մնացողներից չեմ: Ես ճիշտ այդպես էլ վարվում եմՙ քննադատելով հենց «մատից ծծած կարծիքների հիման վրա» արված այն հետեւությունը, իբր «Խորենացին առանց գիտակցելու իրար է կցել երկու տարբեր իրադարձություններ» եւ VII դարի թագավոր Արամ-Արամանիին դարձրել է IX դարի ասորեստանյան թագավոր Նինոսի ժամանակակիցը: Բայց Խորենացու այս արժեքավոր տեղեկությունը պետք է հուշեր պատմաբանին, որ Նինոսի ավագ ժամանակակից Արամը ոչ այլ ոք է, քան ուրարտական թագավոր Արամենՙ իրական պատմական անձ, եւ սրանով Արամի ավանդապատումը նոր հմայք ու պատմական արժեք է ձեռք բերում: Մ.թ.ա. VII դարում որեւէ ուրարտական կամ ասուրական արձանագրության մեջ չի հիշատակվում Էրիմենա անունով թագավոր: Որոշ գիտնականներ (Մեշչանինով, Ջահուկյան) միանգամայն իրավացիորեն գտնում են, որ «Էրիմենա» եղել է ոչ թե Ռուսա III թագավորի հայրանունը, այլ նրա ազգությունը ցույց տվող մակդիրՙ Ռուսա «Հայ»:
Բ.Հարությունյանը իր պատասխան հոդվածում խիստ առարկում է պատմաբաններ Էդուարդ Դանիելյանին եւ Արտակ Մովսիսյանին, ովքեր արհեստականորեն հնացնում են հայ ժողովրդի պատմությունը եւ նրա տրոհումը հնդեվրոպական ցեղախմբից դնում են մ.թ.ա. V-IV հազարամյակներում: Նա օրինակ է բերում ռուսներին եւ ամերիկացիներին, որոնք մեկ հազարամյակի կամ 3-4 դարի պատմություն ունենալով հանդերձՙ աշխարհում առաջնակարգ դիրք են զբաղեցնում: Մեր հին սովորույթի համաձայն, նույնիսկ գիտնականները սիրում են չափվել ու համեմատվել միայն աշխարհի գերտերությունների հետ: Նախ, պատմաբանը պետք է կարողանա տարբերել ժողովուրդը պետությունից: Օրինակ 3-4 դարի պատմություն ունեցող Ամերիկան իր մեջ ներառել է ժողովուրդների, որոնք հազարամյակների պատմություն ունեն եւ ոչ թե 3-4 դարի, եւ վերջին չորս դարում էլ ի մի հավաքվելով Նոր աշխարհումՙ հիմա էլ կերտում են ԱՄՆ-ի պատմությունը: Եվ բացի այդ, մենք ապրում ենք մի տարածաշրջանում , որտեղ եկվոր հարեւանները հազարամյակներով հնացնում են իրենց չունեցած պատմությունը եւ տարածում եվրոպական լեզուներով: Պատմության թուրք կեղծարար Մուրադ Աջին հաստատում է, որ բոլոր կապուտաչյա եւ շիկահեր ցեղերը ցեղակից են թուրքերին եւ հանդգնում է պդնել, որ մարդկությունը առաջ է եկել թուրքերից: Լավ կլիներ, որ Բ.Հարությունյանը պատասխան տար նման ելույթներին եւ ոչ թե հերքեր մեր պատմաբանների տեսակետները:
Հայ ժողովրդի պատմության նման «հնացումը» բնավ էլ արհեստական չէ, այլ այսօրվա պատմագիտությանը անհայտ պատմական իրողության բացահայտում, որը հիմնավորվում է վաղնջահայերենի վերաբերյալ լեզվաբանների նոր նվաճումներով: Դրանք հաստատվում են նաեւ գիտական ճշգրիտ հաշվարկներով: 2003-ին Օքլանդի համալսարանի (Նոր Զելանդիա) գիտնականներ Ռասսել Գրեյը եւ Քվենտին Ատկինսոնը պատրաստեցին 87 լեզուների եւ դրանց 2449 խոսվածքների համակարգչային մատրից եւ լեզվական այդ վիթխարի նյութի համեմատական վերլուծությամբ հաստատեցին, որ հնդեվրոպական լեզուները գոյություն ունեին արդեն մ.թ.ա. 7800 եւ 9800 թվերի միջեւ եւ «այդ հնդեվրոպական լեզուներից, որոնց մեծամասնությունը կազմում էին ռոմանական, գերմանական եւ կելտական լեզուները, ըստ վերոհիշյալ գիտնականների, հունարենն ու հայերենը տրոհվել են վաղ ժամանակից»- նշանակում է հայ էթնոսը, որ հայերենի կրողն է, մեր թվարկությունից ավելի քան 8000 տարի առաջ իր բնօրրանում արդեն առանձնացել էր հնդեվրոպական ցեղերից:
Համլետ Գեւորգյանը կուրծք է ծեծում, թե «Բ.Հարությունյանը պարբերաբար մասնակցում է հնագույն պատմության, հայ ժողովրդի էթնոգենեզի, հնդեվրոպական լեզուներից հայերենի առանձնանալու գիտաժողովներին»,- հապա ինչպես է, որ Բ.Հարությունյանը տեղյակ չէ հայոց լեզվի վերաբերյալ այս, քիչ է ասելՙ մեծարժեք գիտափորձերին: Հակառակ հայ եւ օտար գիտնականների նվաճումներին, նա 2007-ին, օգտվելով իր դիրքից, իր խմբագրած 6-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի մեջ է մտցնում իր մերժելի տեսակետը: Եթե հայ ժողովուրդը կազմավորման ավարտական փուլ է մտել Վանյան թագավորության անկումից (585թ) հետո, ապա սրան շատ համահունչ է հայոց պատմության կեղծարարների այն պնդումը, իբր հայերը այս լեռնաշխարհում հայտնվել են միայն մ.թ.ա. VI դարում ՙորպես եկվորներ եւ գաղութարարներ:
«Ալբերտ Մուշեղյանի «Մովսես Խորենացու դարը» աշխատության մեջ ինչքան ասեք վիճահարույց խնդիրներ կան, որոնց այս հոդվածում անդրադառնալը իմաստ չունի»,- հայտարարում է Բաբկեն Հարությունյանը: Նա կարող էր 2008-ին հանդես գալ գիտական մամուլում «այդ ինչքան ասես վիճահարույց խնդիրների» քննությամբ: Բ.Հարությունյանի սրտում կուտակված այդ մաղձը (ես վերադարձնում եմ նրա անհաջող հաճոյախոսությունը) սոսկ նրանից է, որ իմ գրքում ես մի քանի դեպքով քննադատել եմ նրա մի շարք պատմաբանասիրական անհիմն ենթադրությունները եւ աշխարհագրական սխալ տեղադրումները, որոնց պատճառով Բ.Հարությունյանն ինքն իրեն զորակոչի է ենթարկել իմ դեմ եւ հախուռն փորձում է վարկաբեկել Մովսես Խորենացուն ընծայված իմ մենագրությունը, որի մասին մինչ այժմ լույս են տեսել մեկուկես տասնյակ դրվատական հոդվածներ ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում: Թեեւ նա ասում է, թե «ինչքան ասես վիճահարույց խնդիրներից» կանգ կառնի միայն մեկի վրա», բայց փորձում է հերքել իմ քննարկած մի ամբողջ շարք հարցեր իր անհիմն հակափաստարկներովՙ զգուշությամբ շրջանցելով իր համար առավել վտանգավոր հարցադրումները: Այնպես որ այս կետում էլ պատմաբանը անկեղծ չէ:
Հակառակ Արմե եւ Ուրմե երկրանունների նույնացման իմ կարծիքինՙ նա պնդում է, որ դրանք առանձին երկրներ ենՙ սոսկ միայն հակադրվելու մղումով, չհիշելով անգամ, որ անցյալ տարի լույս տեսած «Հայաստանի ազգային ատլաս»-ումՙ իր իսկ հեղինակած քարտեզի վրա (Վանի թագավորությունը (մ.թ.ա IX-VII դ.դ), հատոր Բ., էջ 16) նա արեւմտյան Տիգրիսից հյուսիս ցույց է տվել միայն մի Արմե երկիր: «ՈՒ» – «ա» հնչյունափոխությունը սովորական է ուրարտական հատուկ անուններում եւ բառերումՙ Ուրմենի – Արմենի, Ուրարտու – Այրարատ, Ուրտեխե – Արցախ, Կուդմուխի Կադմուխի, Կուրխ – Կարխի եւ այլն: Բ.Հարությունյանը պնդում է, թե «Արմե» երկիրն այնքան փոքր էր, որ այնտեղ ապրող «Արմենի» ժողովրդի անունը չէր կարող տարածվել ամբողջ հայ ժողովրդի վրա: ԵՊՀ-ի Հայոց պատմության ամբիոնի վարիչը այստեղ եւս սխալվում է: Այդպիսի դասական օրինակներ ինչքան ասեք կարող եմ բերելՙ հույները իրենց երկիրը Հելլաս կամ Հելլադա են կոչում միայն մի փոքրիկ բնակավայրի անունով, որ ըստ ավանդության եղել է Աքիլլեսի ծննդավայրը: Գերմանական բազմաթիվ ցեղերին (խերուսկներ, տեւտոններ, սաքսեր, վանդալներ, ալեմաններ, ֆրանկներ եւ այլն) հռոմեացիք կոչեցին «գերմաններ» ընդհանրական անունով: Ֆրանսիացիք այս բազմաթիվ «գերման» ցեղերին կոչեցին միայն դրանցից մեկիՙ իրենց հարեւան ալեմանների անունով եւ ամբողջ երկիրն էլ անվանում են «Ալեմայն»: Սլավոնները իրենց երկրում ապրող գերմանացիներին կոչեցին նիեմեց (համր) եւ այդ անունը տարածվեց ամբողջ գերմանախոս ժողովրդի վրա: Այսպես գերմանական ժողովուրդը ունի մի քանի պաշտոնական էթնոնիմՙ շրջակա ժողովուրդներից տրված եւ մեկՙ միասնական ինքնանունՙ «դոյչ», որ իրենք են իրենց տվել:
Իրանի 40 խոշոր աշխարհներից միայն մեկն էր կոչվում Պարսք, որը Արշակունիների արքայանիստ ոստանն էր, եւ այդ փոքրիկ գավառի անունով ամբողջ վիթխարածավալ Իրանը կոչվեց Պարսկաստան, իսկ ժողովուրդըՙ պարսիկ: Հիմա տեսնում եք, պարոն պատմաբան, որ Արմե երկրամասի փոքր լինելը ոչ մի արժեք չունի ձեր փաստարկները հաստատելու համար եւ ոչ մի նշանակություն էլ չի ունեցել, որպեսզի IX դարի վերջին Մենուայի արձանագրության մեջ հիշատակված «Արմենի» ցեղանունով հարեւան ազգերը մեր ամբողջ հայ ժողովրդին կոչեն «արմեններ» եւ ոչ թե ձեր հորինած «Արամանի – Էրիմենա» անունով:
Ես անդրադարձել եմ նաեւ Խորենացու «Պատմության» եւ «Աշխարհացույցի» հետ կապված Բաբկեն Հարությունյանի ոչ ճիշտ մեկնաբանումներին: Ընդ որում, որոշ դեպքերում աշխատել եմ չհիշատակել Բ.Հարությունյանի աշխարհագրական անհաջող տեղադրումները, կամ դրանք վերագրել եմ «սոսկ անուշադրության»: Թեեւ, խոստովանում եմ, իրավացի չեմ եղել, հաշվի առնելով այն, թե որքան անողոք է ինքըՙ Բ.Հարությունյանը նման դեպքերում ուրիշների, նույնիսկ անվանի պատմաբանների հանդեպ: Օրինակ, նա քննադատում է Ադոնցին նրա համար, որ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» աշխատության մեջ Թոռնավանը տեղադրել է Կոտոր գետից արեւելքՙ փոխանակ Կոտորից արեւմուտք դնելու: Իրականում Ադոնցի գրքում դա ընդամենը տպագրական վրիպակ է, որ նշված է գրքի վերջում բերված ուղղումների մեջ: Բ.Հարությունյանը նշում է, թե «Հուստինիանոսյան Երկրորդ Հայքը… ընդարձակվել էր արեւմուտքում ի հաշիվ Կոմանա եւ Զելա քաղաքների եւ նրանց շրջակա տարածքների» («Աշխարհացոյց»-ը եւ Չորս Հայքերի խնդիրը, էջ 23): Այստեղից երեւում է, որ Բ.Հարությունյանը լավ չի պատկերացնում Կոմանա եւ Զելա քաղաքների դիրքը: Պատմաբանը այստեղ Կոմանա քաղաքը շփոթել է մյուս Կոմանա քաղաքի հետ, որը կոչվում էր նաեւ Ոսկե Կոմանա եւ մտնում էր Թեոդոս Մեծին վերագրված նախկին Երկրորդ Հայքի մեջՙ Արիարաթիա քաղաքի հետ միասին: Իրականում Հուստինիանոսը Երկրորդ Հայքը ընդարձակեց դեպի հյուսիս մինչեւ Պոնտական ծովըՙ նրան տալով ծովափնյա Կոմանա եւ Զելա քաղաքները, ինչը եւ ցույց եմ տվել իմ գրքում (էջ 75): Էլ ինչը կարող է այստեղ վիճահարույց լինել, երբ ինքըՙ Բ.Հարությունյանը բոլորովին շեղվել է Հուստինիանոսի 536 թվականի նովելլայում բերված Երկրորդ Հայքի նկարագրությունից: 1990-ին առաջին անգամ ես Հովհաննես Մալալայի հունարեն ժամանակագրության մեջ հայտնաբերեցի մի հնագույն վկայությունՙ Առաջին եւ Երկրորդ Հայքերի մասին, որոնք կազմել էր Գալերիոս Մաքսիմիանոս զորավարը 298թ-ին: Այդ վկայությունը մոտ 90 տարով ավելի հին է, քան պատմագիտությանը հայտնի Թեոդոս Մեծ կայսրին վերագրված Առաջին եւ Երկրորդ Հայքերը (378-386թ.թ.): Իմ ցույց տված Գալերիոսի Առաջին եւ Երկրորդ Հայքերը, ինչպես եւ «Դաշանց թղթում» առկա «Պռոտին Արմենիա» կոչված Առաջին Հայքը Առգեոս լեռով այն բանալին են, որոնցով միայն հնարավոր է բացատրել Մովսես Խորենացու մոտ առկա Կապադովկիայի Առաջին Հայքըՙ Կեսարիա մայրաքաղաքով: Մինչդեռ Բ.Հարությունյանը 20 տարի է, ինչ անտեղյակ է այս բոլորին եւ Խորենացու Հայքերը քննելիս շարունակում է առաջնորդվել հին կաղապարներով:
Եվս մի աշխարհագրական վրիպում. ըստ Բ.Հարությունյանի Վասպուրականի հյուսիս-արեւելքում գտնվող Մարդաստան (Սեբեոսի մոտՙ Մարդուցայք) գավառը եւ մարդպետական իշխանությունը իբր Պտղոմեոսն անվանել է «Մարդք» – հուն. Mardoi եւ դրանով ոմանց հիմք է տալիս կարծելու, թե Մեծ Հայքի Վասպուրական նահանգի բնիկ հայկական 20 գավառները բնակեցված էին իրանական մարդերի ցեղով: Մինչդեռ իրականում Պտղոմեոսը, ինչպես եւ Ստրաբոնը մարդերի ցեղը տեղադրում է Տոսպից շատ հարավ-արեւելք Կասպից ծովի առափնյա շրջանում: Ուրեմն ինչպես կարող է պատմաբան-աշխարհագետի մտքով անցնել նույնացնելու մարդպետի իշխանությունը Պտղոմեոսի հիշատակած մարդերի գավառի հետ: Եվ այդ է նա «վիճահարույց» համարում իմ գրքում: Ես դեռ 1991-ից (ԳԱԱ «Լրաբեր» ( 5, էջ 3-21) ցույց եմ տվել, որ մարդպետները ոչ մի կապ չունեն ոչ «ներքինի» հասկացողության եւ ոչ էլ «մարդ» ցեղի հետ, այլ ըստ Խորենացու, նրանք Հայկյան թագավորական զարմից էին, որոնց Հայոց Արշակունի թագավորները նշանակում էին ավագ գործակալներՙ ամբողջ Մեծ Հայքի տարածքում սփռված արքունի տիրույթներն ու գանձապահ բերդերը վերահսկելու համար եւ ներքինի էին դարձնում, որպեսզի արքունի սեփականության նկատմամբ ժառանգատիրության իրավունք չունենան: Ուստի եւ «մարդպետ» տերմինը ես ուղղել եմ «մարզպետ»ՙ այդպես էին կոչվում նաեւ պարսից արքունիքի ավագ գործակալները: Նա չի նկատել Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» մեջ իմ բացահայտած վկայությունները Տարոնի եւ Մեծ Ծոփքի մարդպետական տիրույթների մասին: Այսպիսով, մարդպետական իշխանությունը համահայկական գործակալություն էր եւ ոչ թե Վասպուրականում գտնվող մի տեղական իշխանություն, ինչպես գտնում է Բ.Հարությունյանըՙ պարզապես կրկնելով երիտասարդ Ն.Ադոնցի մեկ դար առաջ հայտնած կարծիքը: Եթե այս բոլորը Բ.Հարությունյանի համար վիճահարույց է, ապա ինձ համարՙ հարցի վերջնական լուծում:
Բ.Հարությունյանը տարօրինակ տենդոտ հակում ունի սկյութներ դարձնելու Խորենացու Հայկյան տոհմապետներին ու թագավորներին, որոնց Պատմահայրը իրեն արյունակից բնիկներ է անվանում – Խորենացու տոհմապետ Կայպակը սկյութ Իշպական է, Սկայորդինՙ Իշկուգուլու ցեղի Շագայորդին, Հայկյան առաջին թագավոր Պարույրը սկյութ Պարտատուան էՙ հավանորեն նրա համար, որ երկուսն էլ սկսվում են «Պ» տառով: Սպեր գավառը, որ Հայ Բագրատունիների տոհմային կալվածն էր Ճորոխի (Վոհ գետի) ավազանի հետ միասին, պատմաբանը բնակեցնում է սկյութներով. ի՞նչ է սաՙ սկյութական հայագիտություն, թե՞ հայկական սկյութագիտություն: Աշխարհում կգտնվի՞ արդյոք գեթ մի հույն, որ հայտարարի, թե Աքիլլեսը, Ոդիսեւսը եւ մյուս հոմերոսյան հերոսները սկյութական ծագում ունեն: Մի՞թե հայ պատմաբանը Հայոց պատմությունը սկյութացնելու խնդիր ունի իր առջեւ:
Բ.Հարությունյանը տարօրինակ կերպով սրտնեղում էՙ տեսնելով, որ ես որեւէ նոր խոսք եմ բերում պատմական գիտության մեջ: Օրինակՙ ես իմ գրքում նշել եմ, որ Մենուան եւ Արգիշտի Ա-ն Արձն (Ալզինի) երկրամասից ապստամբած տղամարդկանց փոխադրել են Բիայնիլիՙ Վանա ծովի արեւելյան մասը մ.թ.ա. IX-VIII դարերում, որոնցից առաջացան Արծրունյաց տոհմերը: Նրանք այդպես կոչվեցին իրենց բնիկ Արձն երկրամասի անունով: Եվ Բ.Հարությունյանը ավելի լավ բան չի գտնում ասելու, քան այն, որ «պարզվում է, որ Ալբերտ Մուշեղյանը ոչ մի նորություն էլ չի ասում, եւ այդ միտքը թեականորեն առաջ է քաշել Թովմա Արծրունին…»: Նախ Թովմա Արծրունին ենթադրում է միայն Արծրունի անվան կապը Արզն գավառի անվան հետ: Եթե ես ուրարտական հնագույն արձանագրությունների հիման վրա ցույց եմ տալիս, թե ինչպես են արձնեցիք հայտնվել Վանա լճի արեւելյան տարածքում եւ իրենց նախկին բնակավայրի անունով կոչվել Արծրունիներ, մի՞թե այդ բոլորից կարելի է հանգել այդպիսի անբարյացկամ եւ դժգույն եզրակացության: Բ.Հարությունյանը ինձՙ բանասերիս առարկում է նունիսկ «Արձն – Արծն» հնչյունափոխության դեմՙ գրելով. «Եթե «ծ» հնչյունը կարող է վերածվել «ձ»-ի, ապա հակառակը տեղի չի ունենում: Իսկ եթե Ալբերտ Մուշեղյանը ցույց կտա նման օրինակներ, ապա պարզապես շնորհակալ կլինենք»,- ավելացնում է պատմաբանը: Գոնե մի անգամ շնորհակալության արժանանալու համար ասեմՙ որքան ինձ հայտնի է Բաբկեն Հարությունյանի արմատները Վանից են, եւ ես զարմանում եմ, թե նա ինչպես չի մտաբերում Վանի բարբառը, որի մեջ բոլոր «ձ»-երը վերածվում են«ծ»-ի:
Այնուհետեւ իմ գրքում ես ցույց եմ տվել, որ մ.թ.ա. III հազարամյակի կեսերին Էբլայի տնտեսական սեպագիր տեքստերում խոսք է գնում ոչ թե տարբեր քաղաքներից եկած Haia (Haya) նույնանուն անձանց մասին, այլ ազգությամբ հայերի: Բ.Հարությունյանը առարկում է իմ այս եզրակացությանը եւս հետեւյալ պատճառաբանությամբ. «Ինչ է նշանակում Haia (Haya)-ի վերջին a-ն: Եթե լիներ Haio (Hayo), էլի կարելի էր նման ենթադրություն անել, սակայն Haia-ի դեպքում դա բացառվում է»: Եվ հակառակ այս կտրուկ առարկության, ես դարձյալ պնդում եմ, որ Haia ցեղանունը ճիշտ նույն հիմունքովՙ վերջին ա-ի անկումով է դարձել «հայ», ինչպես Բիայնա – Վան, Տուշպա – Տոսպ: Շատ ուշագրավ է, որ պատմության թուրք կեղծարար Էսադ Մուրազը «Հայերը պատմության մեջ եւ Հայկական հարցը» գրքում հայտարարում է. «Հայաստանն այլ բան չէ, քան աշխարհագրության վրա հիմնված հասարակ հիշողություն», քանի որ «հայ անունը հին արձանագրություններում չի գտնված»: Այսպես, ի հեճուկս Էսադ Մուրազի հակապատմական մարմաջիՙ Էբլայի արձանագրությունը գալիս է հաստատելու հայ ժողովրդի «հայ» ինքնանունը մ.թ.ա. III հազարամյակի կեսերին, իսկ Մենուայի արձանագրությունը Թրմերդում (Տարոն) հաստատում է մեր ժողովրդի երկրորդ ցեղանունը «արմեն»ՙ մ.թ.ա. IX դարում:
Սակայն ոչ պակաս կարեւոր է Բաբկեն Հարությունյանի հետեւյալ դիտողությունը. «Հենվելով գերմանացի ասսուրագետ Էռնեստ Վայդների 1926 թ.ՙ արտահայտած մի տեսակետի վրա, Ալբերտ Մուշեղյանը համաձայնվում է նրա հետ, թե «Ուրուատրիի անունով կոչվել է այն լեռնաշխարհը, որը Վանա լճից ձգվում էր մինչեւ Եփրատի ծունկը Խարպուտի (Խարբերդ) մոտերքում»: Հիշեցնեմ, որ Վայդներն այն նշանավոր ասուրագետն է, որ Ուրարտուն եւ Ուրուատրին անվերապահ նույնացնում էր Հայաստանի հետ դեռ 1920-ական թվերին: Եվ սրան Բ.Հարությունյանը պատասխանում է. «Եթե Վայդներին միանան Հերման Աբիխից զատ եւս տասնյակից ավելի հեղինակություններ, ապա այս հիմնազուրկ տեսակետը այդպես էլ գոյության իրավունք ձեռք չի բերի: Սալմանասար Ա.-ի արձանագրություններից կարելի է եզրակացնել, որ Ուրուատրի երկիրը բաղկացած է եղել Խիմմե, Բարգուն, Սալուա, Խալիլա, Ուատկուն, Լուխա եւ Զինգուն ցեղային երկրներից, որոնց 51 բնակավայրերը նա ավերել է եւ Ուրուատրին ենթարկել Ասորեստանին: Հարկ է ասել, որ Ուրուատրի երկիրը Ուրարտուի հետ նույնացնելը ոչ Ալբերտ Մուշեղյանի ծառայությունն է, ոչ էլ արտացոլում է իրական վիճակը»: Նախ, իմ ծառայությունն այն է, որ Բ.Հարությունյանը եւ ուրիշներ հնարավորություն ունենան հայերեն ծանոթանալ գերմանացի ասուրագետի հայտնած շատ հայանպաստ տեսակետին: Ինձ ծանոթ է այն աղբյուրը, որի թարգմանությունից օգտվել է Բաբկեն Հարությունյանը եւ որի մեջ Ուրուատրին 3 օրում գրավելու արձանագրությունը վերագրված է Սալմանասար Ա.-ին (մ.թ.ա. 1280-1260), որի օրոք կուտիները ապստամբել էին Ասորեստանի դեմ: 1926 թ. գերմանացի երեք նշանավոր ասուրագետ-վերծանողներ Է.Էբերլինգը, Ս.Մայսները եւ Է.Վայդները, որոնք հրապարակեցին հին ասորեստանյան թագավորների արձանագրությունների գրադարանը, հայտնաբերեցին, որ 8 շրջան գրավելու արշավանքը ձեռնարկել է ոչ թե Սալմանասար Ա.-ն, այլ Սալմանասար Բ. թագավորը (մ.թ.ա. 1028-1017), որի արշավանքը դեպի Ուրուատրի տեղի է ունեցել կուտիների ապստամբությունից 250 տարի հետո: Այնպես որ, այդ երկու արձանագրությունները չէին կարող իրար հետ միացած լինել: Այդ է հաստատում ոչ միայն անհետացած Սալմանասար Բ.-ի վերականգնումը, այլեւ այն, որ Աշշուրի մսագործ թագավորները գնալով շատ ավելի արյունախում եւ միաժամանակ սնապարծ ու ստախոս էին դարձել իրենց նախորդների համեմատ: Ցանկության դեպքում Բ.Հարությունյանը այս ամենի, ինչպես եւ Սալմանասար Բ.-ի գրաված 8 շրջանների մասին կարող էր կարդալ իմ «Մովսես Խորենացու դարը» գրքում (էջ 351-352), մի բան, որ նա պետք է աներ բանավեճի մեջ մտնելուց առաջ: Ի դեպ, Ուրուատրի Ուրարտու նույնացման օգտին է արտահայտվել Է.Վայդների նման նաեւ Նիկողայոս Ադոնցը, նշելովՙ «Ուրարտուի հիշատակումը սկսվում է Ասորեստանի Աշուրբելկալա (1077-1060) թագավորի ժամանակից «Ուրուատրի» ձեւով: Որոշ վարանումներից հետո հանձին Ուրուատրիի ճանաչեցին «Ուրարտու»-ի ավելի հին ձեւը»: Հիմա ինչ, Ադոնցին էլ եք ուղարկում Վայդների, Աբիխի եւ մնացած «տասնյակից ավելի հեղինակությունների» մոտ:
Խորհրդային ժամանակ պատվեր կատարող որոշ պատմաբանների դեմ անզիջում կռվում էին իմ ուսուցիչներըՙ հայ անվանի լեզվաբաններ Հր.Աճառյանը, Գ.Ջահուկյանը, Էդ.Աղայանը եւ ուրիշներ: Եվ ես պետք է հատուկ ընդգծեմ, որ նշանավոր լեզվաբան ակադեմիկոս Էդվարդ Աղայանը դեռ 1962 թվականին շատ ավելի ճիշտ էր ներկայացնում Ուրարտու պետության գոյության ժամանակաշրջանըՙ այսինքն այն, որ Ուրարտու պետությունը գոյություն ուներ մ.թ.ա. XIII դարից, ինչի դեմ այսօրՙ կես դար հետո բանավիճում է ինձ հետ պատմաբան Բ.Հարությունյանըՙ իբր Ուրարտուն մ.թ.ա. IX դարից այն կողմ գոյություն չի ունեցել: Իր «Հայ լեզվաբանության պատմություն» աշխատության մեջ Էդ.Աղայանը գրում է. «Ուրարտերենը մինչեւ այժմ անվերապահորեն տեղական-կովկասյան լեզու է համարվել, իսկ ուրարտացիներն էլՙ Հայաստանի նախաբնիկներ. վերջին ժամանակներում որոշ գիտնականներ ուրարտական ցեղերը համարում են եկվոր, բերելով նրանց Միջագետքից: Մենք կարծում ենք հակառակը: Ամենից առաջ, մեզ ավանդված Ուրարտուն (Uruatri, Uratri) արձանագրությունների մեջ հանդես է գալիս որպես երկրի կամ էլ պետության անուն. Սալմանասար I-ի (-1266-1243) արձանագրության մեջ, որտեղ առաջին անգամն է հիշվում Ուրարտուի մասին, այդպես կոչվում է Կադմուխի երկրի հետ իր դեմ ապստամբած լեռնոտ երկիրը: Այս լեռնոտ երկրում է, որ բարձրանում է ուրարտական պետությունը, որի անկումով էլ պատմական ասպարեզից չքանում են ուրարտացիներըՙ VI դարի սկզբներին, եւ նրանց անունը այլեւս չի հիշվում: Այդպիսի մի հզոր ցեղային միության կամ ցեղախմբի վերացումն ընդամենը մեկ-երկու հարյուրամյակում, նրանց իսպառ բնաջնջումն ու ձուլումը մեզ անհավանական է թվում: Մենք կարծում ենք, որ մեզ հայտնի ուրարտացիները, որոնք ստեղծեցին XIII- VI դարերի պետությունը, դեռ շատ վաղուց այդ երկրում հաստատված հնդեվրոպական ցեղեր են եղել#»:
Հիմա ընթերցողները տեսնում են, թե ով է մեզանից առանց պատրաստության մտել պատմության ասպարեզ: Քանի որ «Ազգ» թերթի խմբագրության կողմից ինձ հատկացված էջերն ավարտվում են, ապա «Ո՞ր լեռան վրա է իջել Նոյյան տապանը» իմ աշխատության վերաբերյալ Բ.Հարությունյանի առարկություններին ես կանդրադառնամ մեկ այլ առիթով: Միայն այստեղ նշեմ, որ պատմաբանը չի ընդունում նույնիսկ IV դարի հռչակավոր լատին աստվածաբան Հիերոնիմոսից իմ բերած վկայությունը Մասիս-Արարատ լեռան վրա Նոյյան տապանի իջնելու մասինՙ Արարտյան դաշտի հազվագյուտ նկարագրությամբ հանդերձ: Արդյոք այստեղ չի գործում այն նույն տրամաբանությունը, որով նա հերքում է իր հոդվածում Վայդների եւ Աբիխի վկայությունները IX դարից այն կողմ Ուրարտուի գոյության մասին, «հայ» ցեղանվան գոյությունը Էբլայի արձանագրություններում, որ նշում եմ ես: Իսկ եթե այս ամենին գումարենք Մովսես Խորենացու համար այնքան նվիրական Հայկյան տոհմապետներին ու թագավորներին եւ նրանց սերունդներին սկյութներ դարձնելու եւ մյուս բազմաթիվ փաստերը- ապա ի՞նչ է այս բոլորը, եթե ոչ հակահայկական հայագիտություն: Էլ ինչու՞ է շինծու զարմացած տեսք ընդունում Բ.Հարությունյանը: Իսկ ինչո՞վ է ինքը զբաղված հենց «Ազգ» թերթում տպագրած երկու ընդարձակ էջ ծավալով հոդվածում, երբ հախուռն ժխտում է իմ եւ այլ հեղինակների հայանպաստ եզրակացությունները:
www.azg.am
.
Այս շարքից․