ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ  ԵՎ  ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ

2010 թ. հոկտեմբերին  Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդն «Ազգային անվտանգության ռազմավարության» մեջ մտցրեց մի շարք փոփոխություններ, որոնք կգործեն առաջիկա հինգ տարվա ընթացքում։ Թուրքիայի համար արտաքին սպառնալիք ներկայացնող պետությունների ցուցակից հանվեցին Սիրիան, Իրանը, Բուլղարիան, Վրաստանն ու Հայաստանը։ Իսրայելն առաջին անգամ անվանվեց «հնարավոր թշնամի»։ Նույն անփոփոխ կարգավիճակում մնաց Ռուսաստանը, չնայած վերջին շրջանում այդ երկու երկրների միջև գոյություն ունեցող աննախադեպ ջերմ հարաբերություններին, որոնք համեմատելի են միայն 1920-ական թթ. հետ։

Մինչդեռ 2007թ. դեկտեմբերին ընդունված Հայաստանի Հանրապետության ռազմական հայեցակարգը (պաշտոնապես՝ դոկտրինը) Թուրքիան համարում է «հնարավոր վտանգ», ինչը 2008 թ. այդ փաստաթղթի միջազգային փորձաքննության ժամանակ առաջացրեց ՆԱՏՕ-ի մասնագետների կշտամբանքն ու նախատինքը։ Թուրքական կողմի՝ Հայաստանի նկատմամբ վերոհիշյալ քայլի անլրջությունն ու զուտ հռչակագրային բնույթ կրելը կարելի էր ցուցադրել թեկուզ միայն այն բազմաթիվ հայտարարություններով, որոնք թուրք բարձրաստիճան դիվանագետներն ու պաշտոնյաներն արել են Ադրբեջանին Հայաստանի դեմ հնարավոր պատերազմում օժանդակելու Թուրքիայի վճռականության վերաբերյալ։ Այսուհանդերձ, սույն հոդվածում այդ հարցը կքննենք Թուրքիայի իրական Ռազմական հայեցակարգի համատեքստում։

Մինչև ԽՍՀՄ փլուզումը Թուրքիայի ռազմական հայեցակարգն  ուներ հիմնականում պաշտպանական  բնույթ և կառուցված էր սովորական  սպառազինություններով վարվելիք պատերազմում  ուժերի հաշվարկների վրա: Միջուկային զենքի կիրառման հետ կապված հարցերը վերապահված էին ՆԱՏՕ-ին կամ ԱՄՆ-ին: Սառը պատերազմի տարիներին ՆԱՏՕ-ում բանավիճում էին այն մասին, թե խորհրդային և Վարշավայի պայմանագրի բանակների հարձակման դեպքում թուրքական զորքերը որքա՞ն տարածք կկարողանան պահպանել՝ մինչև դաշնակից ուժերն անցնեն հակագրոհի: Թուրք զինվորականները հույս ունեին հակառակորդին դիմագրավել սահմանին և այնուհետև կազմակերպված նահանջել: Ամերիկյան ծրագրավորողները պակաս լավատես էին. 1950-ական թթ. վերջի հաշվարկներով՝ թուրքերն արագ շպրտվելու էին մինչև Միջերկրական ծով՝ Իսկենդերունի շրջանը: Թեև այս հաշվարկները ժամանակի հետ փոփոխվում էին, 1990 թ. թուրքական գլխավոր շտաբը տակավին անվտանգության հիմնական խնդիր էր համարում երկրի տարածքի բազմաճակատ պաշտպանությունը:

1990-ական  թթ. առաջին կեսին այս մտայնությունը  դեռ չէր վերանայվել: 1997 թ. թուրք ռազմական մեկնաբանները, հիմնվելով Ռուսաստանի, Հունաստանի, Իրաքի, Իրանի և Սիրիայի՝ կռվի դաշտ սովորական ուժեր հանելու կարողությունների վրա և նրանց վերագրելով տարածքային հավակնություններ՝ այդ պետությունները համարում էին անվտանգության գլխավոր սպառնալիքներ: ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Շյուքրու Էլեքդաղն իր «Երկուսուկես պատերազմի ռազմավարություն» հայտնի հոդվածում, արտահայտելով ռազմական գերատեսչության տեսակետները, ընդգծում էր, որ Թուրքիան պետք է ծրագրի և պատրաստ լինի խոշորածավալ պատերազմ մղել միաժամանակ երկու տարբեր ճակատներով (օրինակ՝ Սիրիայի և Հունաստանի դեմ) ու մեկ ներքին պատերազմ՝ քրդական ապստամբության դեմ:

Այս հայեցակարգով թուրքական զինված ուժերը պետք է կազմակերպվեին, մարզվեին և սպառազինվեին՝ ունենալով  երկու հիմնական խնդիր. ա) Թուրքիայի ցամաքային և օդային ուժերը պետք է կարողանային կասեցնել զրահատանկային հուժկու ներխուժումներն արևելքից (ԽՍՀՄ/Ռուսաստան) ու հարավից (Սիրիա, Իրաք), ապա անցնեին խոր էշելոնային պաշտպանության. բ) բանակը և ներքին զորքերը (ժանդարմերիան) պետք է պատրաստ լինեին վարելու հակապարտիզանական պատերազմ՝ հենվելով ամրացված շրջանների և արագ արձագանքման շարժուն ուժերի վրա: Նավատորմին վերապահված էր Բոսֆորի նեղուցի հսկողությունը: Այսպիսով, զինված ուժերից պահանջվում էր մարտավարական շարժունություն, մինչդեռ ռազմավարական շարժունությունը և թշնամու խորքը հարվածելու կարողությունը պակաս կարևոր էին համարվում, քանզի ակնկալվում էր, որ պատերազմն ընթանալու է Թուրքիայի տարածքում:

Մինչև վերջերս  Թուրքիայի զինվորականությունը, հավատարիմ  մնալով Քեմալ Աթաթուրքի առաջադրած  այն տեսակետին, ըստ որի՝ Թուրքիայի ճակատագիրը կապված է միմիայն Արևմուտքի հետ, մահմեդական արևելքում ազդեցությունը մեծացնելու փորձերը գնահատում էր իբրև իսլամականների հետադիմական ձգտումներ, որոնք կարող են վտանգել երկրի արևմտամետ ուղին: Սակայն 1999 թ. սկզբին պաշտպանության նախարարությունը հրապարակեց «Սպիտակ տետրակ. պաշտպանություն 1998» պաշտոնական տեղեկագիրքը, որում, շեղվելով արտաքին քաղաքականության յոթանասնամյա ավանդույթից, Թուրքիան դիտվում է արդեն իբրև «եվրասիական երկիր», որը «պարտավոր է պահպանել ու ընդլայնել կապերը և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի հետ»: Տեղեկագիրքը շարադրում է նաև Թուրքիայի ռազմական քաղաքականության պաշտոնական գլխավոր սկզբունքները.

    (1) Զսպում (deterrence). ռազմական այնպիսի ուժի պահպանում, որն ի զորու է սաստել արտաքին և ներքին սպառնալիքներ հարուցողներին.
    (2) Կոլեկտիվ անվտանգություն. գործուն մասնակցություն միջազգային և տարածաշրջանային դաշինքների և կազմակերպությունների աշխատանքներին՝ հատկապես ՆԱՏՕ-ի և Արևմտաեվրոպական միության շրջանակներում.
    (3) Առաջ մղված պաշտպանություն (forward defense). հնարավոր զավթողականության (ագրեսիայի) բովանդակությունն առավել վաղ հայտնաբերելու և այն դրսից կանխելու կարողություն.
    (4) «Խաղաղարարություն». Հակամարտություններին միջամտելու և խաղաղարար գործողություններին մասնակցելու կարողություն:

Այս դրույթներին  պետք է ավելացնել նաև Թուրքիայի  գլխավոր շտաբի նախկին պետ Հուսեին Կիվրիկօղլուի՝ «նախահարձակ ճակատամարտի» (forward engagement) դրույթը, ըստ որի՝ զինված ուժերը պետք է պատրաստ լինեն կանխելու Թուրքիայի շահերի դեմ եղած սպառնալիքները՝ մինչև դրանց Թուրքիայի սահմաններից ներս թափանցելը: Կիվրիկօղլուի միտքը պարզաբանված է «Սպիտակ գրքում».

    «2000-ական թթ. ընդհանուր օպերատիվ հայեցակարգով պահանջվում է վերահսկելի դարձնել  այն շրջանը, որտեղ  գտնվում է ագրեսորը և նրան պարտության մատնել իր խոր թիկունքում ու ռազմադաշտի մատույցներում: Այդ նպատակին հասնելու համար կարևոր են գերակշիռ կրակային ուժով և զորաշարժային (մանյովրային) կարողություններով զորքեր ունենալը, ագրեսորի ամենաթույլ տեղի ճշտումը, նշանակետերի ճանաչումն ու հայտնաբերումը, նախազգուշացման համակարգերի, զորքերի ղեկավարման, էլեկտրոնային պատերազմի և կապի ու տեղեկատվական համակարգերի համադրված և արդյունավետ կիրառումը»:

Այսպիսով՝ անգամ պաշտոնական փաստաթղթերում թուրքական  հրամանատարությունը ծրագրում է ապագա  պատերազմները մղել Թուրքիայի  սահմաններից դուրս: ԱՄՆ-ի բանակի հեղինակավոր «Փարամիթըրզ» հանդեսում վերլուծելով այս նյութերը՝ նույն եզրակացությանն է հանգում թուրքական զինվորականության հարցերով մասնագիտացած ճանաչված մի հեղինակ՝ Մայքլ Հիքոքը. «Անկարան ընդունել է գործողությունների այնպիսի մի հայեցակարգ, որով զինվորականությունը ձգտելու է վերացնել Թուրքիայի դեմ սպառնալիքները նրա ինքնիշխան տարածքից դուրս: Թուրքական զինված ուժերը ոչ միայն ընդունակ են, այլև ցանկանում են գործել իրենց սահմաններից դուրս»:

Այս նպատակին են ուղղված նաև թուրքական զինված ուժերի վերազինման չափազանց հավակնոտ ծրագրերը, որոնք մասամբ իրականացվել են: Դեռևս 1998 թ. օգոստոսին, մինչև գլխավոր շտաբի պետ նշանակվելը, Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Կիվրիկօղլուն, շեշտելով, որ «զորքերի արագ ծավալումը հեռավոր շրջաններում կենսական նշանակություն ունի այն ռիսկերի և պատասխանատվությունների համար, որ մենք, հնարավոր է՝ ստանձնենք», այնուհետև շարադրեց արդիականացման մի ծրագիր, որը Թուրքիային պետք է ընձեռեր համատեղ գործողությունների ռազմավարական շարժունություն և երկրի սահմաններից դուրս հարված հասցնելու կարողություն: Այդ ծրագրի իրականացումը, գեներալ Կիվրիկօղլուի հավաստմամբ, կբերի նրան, որ թուրքական բանակը կունենա «այնպիսի զենքերի համակարգեր, որոնք առավելություն կհաստատեն թշնամու վրա՝ նրա տարածքի խոր թիկունքում, կկիրառեն «խելացի» զենք՝ ներառյալ «երկիր-երկիր» հեռահար հրթիռներ՝ ապահովելով կրակակետերի շարունակական ու լուրջ քողարկումը: Բանակը նաև կունենա նորագույն զրահով պատված արդիական տանկեր և արդյունավետ հակատանկային զենքերի համակարգեր, դրանց կից հակաօդային պաշտպանության միջոցներ, ինչպես նաև դեսանտային զորքեր տեղափոխող ուղղաթիռներ… Տեղեկատվության հավաքման համակարգերը հնարավորություն կտան ստորաբաժանումներին բոլոր մակարդակներում հայտնաբերել, ճշտորոշել և ճանաչել թշնամուն իրենց կարողության շառավիղի մեջ»:

Դատելով ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Աղաբեկյանի մի ելույթում բերած փաստերից և գնահատականներից՝ հայկական բանակի հրամանատարությունը՝ թուրքական ռազմական հայեցակարգի դրույթների մասին ուներ լրացուցիչ սեփական տեղեկատվություն.

    «[Ադրբեջանից բացի] լուրջ սպառնալիք  է շարունակում  ներկայացնել և  Թուրքիան: Վերջին՝ 1998թ. խմբագրությամբ ընդունված  «Ազգային ռազմական հայեցակարգում» Հայաստանը դիտվում է որպես Հունաստանից հետո թվով երկրորդ հավանական հակառակորդը: Թուրք ռազմագետների կողմից Հայաստանի ներկա իշխանությունները դիտվում են իբրև «ծայրահեղ ազգայնական ուժեր»: Ավելին, Թուրքիան արդեն իսկ ուղղակիորեն ներքաշված է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Նա իր վրա է վերցրել Ադրբեջանի զինված ուժերի վերակառուցման, մարտական կարողությունների բարձրացման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման խնդիրները»:

Ի մի բերենք: Թուրքիայի ռազմավարական մտածողությունն այնպիսի վերափոխություն է ապրել, որ անգամ թուրք և ամերիկացի վերլուծաբանները խոսում են «նոր (նեո) օսմանյան օրակարգի» հաստատման մասին: Նրանց հետ համամիտ են ռուսաստանցի մեկնաբանները, նշելով, որ «մենք ականատեսն ենք Բարձր Դռան սրընթաց վերածննդին՝ սրանից բխող աշխարհաքաղաքական բոլոր հետևանքներով հանդերձ»: 1999 թ. դեկտեմբերի 3-ին Վաշինգտոնի ինստիտուտներից մեկում Թուրքիայի պաշտպանության նախարար Հիքմեթ Սամի Թյուրքի կարդացած զեկուցման մեջ եղած դրույթների մի վերլուծություն էլ չի բացառում Թուրքիայի ուղղակի ռազմական ներխուժումն Այսրկովկաս, հատկապես, ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ:

Այսպիսով՝ Կենտրոնական Ասիայից  մինչև Բալկաններ  գերիշխան դեր ստանձնելու իր նոր օսմանյան դիրքորոշումներով Թուրքիան առավել վտանգավոր  է դարձել իր հարևանների և առավել անկանխատեսելի՝ իր դաշնակիցների համար: Իրապաշտությունը  պահանջում է ընդունել, որ, ինչպես նախկինում, այսօր ևս Թուրքիան սպառնում է Հայաստանի բուն գոյությանը: Ուստի՝ ՀՀ Ռազմական հայեցակարգում փոփոխություններ պետք է արվեն ոչ թե թուրքական վտանգի նվազեցման, այլ դրա է՛լ ավելի հստակ ներկայացման և հայկական պաշտպանական-ազատագրական առավել արդյունավետ ռազմավարության մշակման ուղղությամբ։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»,

#15 (178), 22 ապրիլի, 2011 թ.

This post is also available in: ,