Թուրք ազգայնականների վերջնագիրը հայերին. «Եթե մինչև օգոստոսի 15-ը չհեռանաք, կսպանենք»

Թուրք ազգայնականների վերջնագիրը հայերին. «Եթե մինչև օգոստոսի 15-ը չհեռանաք, կսպանենք»

«Թուրք վիրիժառուների բրիգադ» (TİT) կազմակերպությունը Թուրքիայում այլախոհ հայացքներով հայտնի «Էվրենսել» պարբերականի խմբագրություն է ուղարկել բաց նամակ, որը 6 կետից բաղկացած վերջնագիր է։ Այս մասին տեղեկացնում է bianet կայքը։

Սպառնալիքի լեզվով գրված վերջնագրում նշվում է, որ եթե մինչև օգոստոսի 15-ը չփակվի «Էվրենսել» և «Ակօս» թերթերի խմբագրությունները, ինչպես նաև հայերն ու մի շարք թուրք քաղաքական գործիչներ չլքեն Թուրքիան, կազմակերպությունը Ստամբուլում և Դիարբեքիրում արյունալի հարձակումներ կիրականացնի նրանց դեմ։

«Ձեր թերթում լույս ընծայված հրապարակումներով շարունակում եք վիրավորել թուրքերին և թուրքական պետությանը։ Այդ պատճառով ձեզ ներկայացունում ենք այս վերջնագիրը.

1. Մինչև օգոստոսի 15-ը դուք և ձեր հետ համագործակցող անձինք պետք է լքեն թուրքական հողերը, ինչի մասին պետք է հայտարարեք մամուլով։

2. Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) պատգամավորները կամ PKK–ի համակիրներն ու գրոհայինները մինչև օգոստոսի 15-ը նույնպես պետք է լքեն թուրքական հողերը։

3. Հայկական սփյուռքն ու նրա կողմնակիցները պետք է լքեն թուրքական հողերը։

4. «Ակօս» թերթն ու նրա կողմնակից ԶԼՄ–ները պետք է փակվեն, և նրանց աշխատակիցները պետք է լքեն թուրքական հողերը։

5. «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության գրասենյակները պետք է փակվեն, և կուսակցության կողմնակիցները պետք է լքեն թուրքական հողերը։

6. Բասքըն Օրանը (թուրք այլախոհ մտավորական, ով ի թիվս այլոց 2008թ. ձեռնարկեց հայերից ներողություն խնդրելու արշավը), Սեբահաթ Թունջելը (քուրդ պատգամավոր), Օսման Բայդեմիրը (Դիրաբեքիրի քաղաքապետ), Ահմեթ Թուրքը (քուրդ պատգամավոր, Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի առաջնորդ), Էթյեն Մահչուփյանը (Today’s Zaman–ի հայազգի հոդվածագիր) և մյուսները մինչև օգոստոսի 15-ը պետք է լքեն թուրքական հողերը։

Եթե մինչև օգոստոսի 15-ը ներկայացված պահանջները չիրականացվեն, Դիարբեքիրում, որտեղ քուրդ բնակչությունը մեծամասնություն է կազմում, գործողություններ ենք սկսելու և թշնամու տարրերին մեծ վնասներ ենք հասցնելու։ Նույն օրը Ստամբուլում գործողություններ ենք սկսելու հայկական տարրերի դեմ… Որպես «Թուրք վրիժառուների բրիգադ»՝ վերջին անգամ ենք զգուշացնում։ Շարունակելու ենք մեր պայքարն այնքան ժամանակ, մինչև ոչնչացնենք հայրենիքի դավաճաններին և թուրքի թշնամիներին»։

Ծայրահեղ ազգայնական «Թուրք վրիժառուների բրիգադ» կազմակերպությունը (TİT) 1970–ական թվականներին Կիպրոսում և մինչև 1980թ. Թուրքիայում մի շարք մահափորձեր է իրականացրել ձախակողմյան հայացքնե ունեցողների նկատմամբ։ Մինչև օրս որևէ տեղեկություն չի հրապարակվել այդ կազմակերպության անդամների և հատկապես ղեկավար կազմի մասին։

1980թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը։ Սակայն 90-ական թվականներին դարձյալ ասպարեզ է դուրս գալիս։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ կազմակերպությանը, որը սերտ կապեր ունի պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականների, հանցավոր աշխարհի ներկայացուցիչների և JITEM–ի (թուրքական ժանդարմերիայի հետախուզության գաղտնի ստորաբաժանում) հետ, ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով Թուրքիայում օգտագործում է «խորքային պետությունը»:

www.Tert.am

This post is also available in: ,