Սկիզբը՝ «Հայաստանի ԶՐՈՒՑԱԿԻՑ», 2012 թ., #3 (212)
Հայկական հետախուզության գաղտնի գործողությունները
1720-ական թթ.
(II)
Հայկական հետախուզությանը հետաքրքրող տեղեկույթը
Պահպանված արխիվային վավերագրերում կան բազմաթիվ զեկուցագրեր և ամփոփագրեր, որոնք կազմել են հայ հետախույզները կամ նրանց վերադասները՝ հավաքված տեղեկությունների հիման վրա։ Որպեսզի ընթերցողը գոնե ինչ-որ պատկերացում կազմի դրանց բովանդակության, ոճի և հետաքրքրությունների շրջանակի մասին, համառոտաբար թվարկենք այն հարցերը, որոնք Պետրոս Ա-ին 1722 թ. դեկտեմբերի 9-ին ներկայացված զեկուցագրում լուսաբանում է Մինաս Տիգրանյանը (այս տեղեկությունները հավաքել էին երկու հայ «լեգալ հետախույզները», ում 1722 թ. սեպտեմբերին Մինասը հատուկ ուղարկել էր Թիֆլիս՝ Ի. Ա. Տոլստոյի գլխավորած ռուսական պատվիրակության կազմում).
- Իրանի մայրաքաղաք Սպահանում և մյուս քաղաքներում տիրող ռազմական իրադրությունը. «շահի մայրաքաղաքում նստած է Միրվեիզի որդին (նկատի ունի՝ աֆղանական զորքերի հրամանատար Միր-Մահմուդին. – Ա.Ա.), ինքը շահը՝ ձերբակալված է, իսկ թագաժառանգը՝ Ղազվինում է»։
- Հայկական զորքերի թվաքանակն Արևելյան Հայաստանում ու նրանց տեղաբաշխման վայրերը. «առաջ հայկական զորքի թիվը 20 հազար էր, իսկ այժմ արդեն 30 հազար է հավաքվել… Նրանք պատրաստ կանգնած են Արարատում (իմա՝ Երևանի նահանգում. – Ա.Ա.), Գողթան գավառում, Ղափանում…»։
- Կանխավ արված հավաստի նախազգուշացում օսմանյան ներխուժման վտանգի և պարսկական Հայաստանի սահմաններին օսմանյան զորքեր մոտեցնելու մասին. «իսկ այդ Պաղեստինը (նկատի ունի՝ Ս. Էջմիածինն ու Երևանի նահանգը. – Ա.Ա.) թուրքական սահմանից շատ մոտ է, այդ պատճառով մեծ մտավախություն կա… Կարսից և Էրզրումից թուրքերը եկել-մոտեցել են ճիշտ սահմանի եզրին»։
- Ծանր դրությունը, որում հայտնվել էր Ս. Էջմիածինը, և կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցու ժամանակավոր ձերբակալումը պարսկական իշխանությունների կողմից։
- Քարթլիի և Կախեթի տիրակալներ (թագավորներ) Վախթանգ VI-ի և Մահմեդ-ղուլի խանի (Կոնստանտինի) միջև լարված հարաբերությունները և հաշտեցման փորձերը։
- Օսմանյան բանակի գլխավոր հրամանատարի՝ Վախթանգին առաքած գրավոր բողոքն ու նախազգուշացումը՝ պարսից շահի նկատմամբ իր վարքագիծը բացատրելու պահանջով, որն արվել էր հայկական և վրացական զորքերի զորահավաքի, զորաշարժերի և ընդհանուր ռուսամետ տրամադրվածության առիթով։
- Պարսկաստանում անվտանգության ընդհանուր իրադրության վերահսկողությունից դուրս գալը. «իսկ այժմ պարսից տերության տարածքում ճանապարհորդելը չափազանց վտանգավոր է»։
- Այն լուրը, որ 1723 թ. գարնանը հնարավոր է աֆղանական զորքերը միանան կովկասցի լեռնականներին՝ ընդհանուր դավանանքի՝ սունիականության հողի հիման վրա։
Հարցերի այս լայն թեմատիկ ընդգրկումն ինքնըստինքյան խոսում է հետախուզության տեղեկատվական բաղադրիչի նկատմամբ հայկական դիմադրության ղեկավարության, ինչպես նաև հետախուզական ցանցի բավականին մասնագիտական մոտեցման մասին։
Թավրիզում հայկական հետախուզական ցանցի ճակատագիրը
Արցախ և Սյունիք զենքի ու զինամթերքի գաղտնի տեղափոխումը տեղի է ունեցել, ամենայն հավանականությամբ, դեռևս մինչև 1722 թ.։ Իսրայել Օրու՝ նորագույն զենք ձեռքբերելու նկատմամբ դրսևորած հետաքրքրության մասին կխոսենք փոքր-ինչ ավելի ուշ, բայց նրա՝ Շամախիից դեպի Ղարաբաղ զենքի տեղափոխում կազմակերպելու մասին գրում էր խորհդային ճանաչված պատմաբան Վ. Պ. Լիսցովը (ցավոք, առանց իր օգտագործած սկզբնաղբյուրը մատնանշելու)։
Սակայն ունենք խիստ արժեքավոր կոնկրետ տեղեկություն առ այն, որ զենքի և զինամթերքի գաղտնի տեղափոխումն Արցախ ու Սյունիք շարունակվել է նաև 1722 թ. հետո։ Ռուսական հրամանատարության կողմից հետախուզական առաքելությամբ հյուսիսային Իրան ուղարկված Ապել անունով մի ագուլիսցի հայ, վերադառնալով Բաքու, 1724 թ. հունիսի 16-ին զեկուցում էր, մասնավորապես, հետևյալը. «Եղել է նա Թավրիզում (1724 թ.) ապրիլ ամսվա վերջին օրերին, և մինչև նրա Թավրիզ ժամանելը շահի հրամանով ղափանցի 30 հայ են մահապատժի ենթարկել այն բանի համար, որ նրանք արճիճե գնդակներ և վառոդ են գնել ու տեղափոխել Ղափան»։
Փաստորեն, խոսքը վերաբերում է Թավրիզում գործող հայկական հետախուզական ցանցի բացահայտմանը։ Ընդ որում, 1722 թ. երկրորդ կեսից սկսած հիմնականում հե՛նց Թավրիզում էին գտնվում ինչպես անձամբ շահ Թահմասպ Բ-ը, այնպես էլ նրա զորքերի շտաբը։ «Անլեգալ հետախուզների» այդպիսի լայն ցանց (30 ղափանցի հայ) անհնար էր ստեղծել 1724 թ.՝ հայոց ապստամբության բռնկումից երկու տարի անց, այն էլ՝ Սյունիքում (Ղափանում) պարսից և հայկական զորքերի միջև ընթացող կռիվների ամենաթեժ միջոցին։ Հետևաբար, այդ ցանցը ստեղծվել էր շատ ավելի վաղ` դեռ մինչև 1722 թ., և հասցրել էր մի շարք հաջող գործողություններ իրականացնել, այդ թվում՝ սյունյաց հայոց զորքերին զենք և զինամթերք մատակարարելու ուղղությամբ։ 1720-ական թթ. սյունեցիներն իրենց ընտիր հրազենային սպառազինվածությամբ, հնարավոր է, զգալիորեն պարտական էին հե՛նց հայկական դիմադրության թավրիզյան գործակալական կայանին (տե՛ս նաև՝ «Արցախի հայկական բանակի հրազենը 1720-ական թվականներին» հոդվածը, «ՀԶ», #155)։ Զենքի տեղափոխումը Ղափան ենթադրում էր գաղտնի գործողությունների բարդ շղթայի առկայություն, ներառյալ՝ թավրիզյան գործակալական կայանի և սյունյաց «Կենտրոնի» միջև հնարավորին չափ կայուն կապի պահպանում, անհրաժեշտ միջոցների հայթայթում, հուսալի իրացնողների և միջնորդների հայտնաբերում, գնված ապրանքի ժամանակավոր պահեստավորում Թավրիզում, ապա կենսականորեն կարևոր այդ բեռների փոխադրում թշնամական տարածքի միջով Ղափան՝ Դավիթ Բեկի գործող զորքերին։ Այդ շղթան, ըստ ամենայնի, Թավրիզով չէր սահմանափակվում և մինչև 1722 թ. (Սպահանի գրավումը աֆղանների կողմից) հասնում էր հավանաբար հայոց Նոր Ջուղա՝ Սպահանին կից քաղաք, որն Իրանում հայկական կապիտալի և առևտրային խոշորագույն ընկերությունների կենտրոնն էր։ Սպահանի դեմ աֆղանական հարձակման տագնապալի օրերին պարզվեց, որ ջուղայեցիները նորագույն զենքի մի մեծ զինանոց ունեն։ 1722 թ. փետրվարի 20-ին, շահի հրամանով, քաղաքապետն ու մեծահարուստները դյուրությամբ զինում են 300 ընտիր հայ տղամարդու («լեվ տղայմարթ Խայ») հրացաններով, ատրճանակներով, թրերով, վահաններով և դաշույններով, ընդ որում՝ բոլոր հրացաններն ու ատրճանակները լինում են անգլիական և հոլանդական նորագույն արտադրության՝ «թամամ թֆանկըն և թափանջէքն Ինկլիզի և Յօլանդզի գընի»։ Իսկ եթե նկատի ունենանք, որ 18-րդ դարի հայ ազատագրական շարժման ակտիվ մասնակիցների թվում են եղել նաև որոշ ջուղայեցի վաճառականներ, ապա պետք է գրեթե աներկբա համարել հայկական հետախուզության Թավրիզի և Ջուղայի գործակալական կայանների համագործակցությունը՝ Սյունիք և Արցախ զենքի գաղտնի փոխադրման հարցում։
«Խլուրդը» շահի շքախմբում
Միաժամանակ, հիմքեր կան կարծելու, որ Թավրիզի գործակալական կայանի մի մասին հաջողվել է փրկվել։ Այսպես՝ ճիշտ այն ժամանակ, երբ Թավրիզում մահապատժի էին ենթարկում 30 ղափանցիներին, Թահմասպ Բ շահի շքախմբում ամենաբարձրաստիճան զորահրամանատարներից մեկն էր թիֆլիսեցի հայ Փարսադան-բեկը, որը նույն Ապելի հաղորդման համաձայն՝ «շահի ծառայության մեջ գեդալիբեկի կոչում ուներ»։ Իսկ ո՞վ էր Փարսադան-բեկը։ Բոլորովին այլ սկզբնաղբյուրներից տեղեկանում ենք, որ 1718 թ. այդ նույն Փարսադան-բեկը՝ Վախթանգ VI-ի հանձնարարությամբ, Սպահանում, Ռաշտում և Շամախիում հույժ գաղտնի բանակցություններ է վարել Իրանում Պետրոս Ա-ի դեսպան Արտեմի Վոլինսկու հետ՝ պարսկական լծից Արևելյան Հայաստանի և Վրաստանի ազատագրության հարցով։ Փարսադանի որդիներից երկուսը՝ Ռաֆայել-բեկն ու Թաղի-բեկը, 1724 թ. ապրիլին գտնվում էին հոր ենթակայության տակ՝ հրամանատարական պաշտոններով, բայց նույն թվականի վերջին նրանք որոշում են դուրս պրծնել շահական զորքերից և միանում են հայկական ջոկատներին, որոնք գտնվում էին ռուսական ռազմական զորախմբի կազմում՝ մերձկասպյան շրջաններում և այնտեղ էլ հիմնում են «Վրացական էսկադրոնը», որը ճնշող մեծամասնությամբ բաղկացած էր վիրահայերից (պարզապես այդ ժամանակներում նրանց ընդունված էր «վրացի», այն է՝ «վրաստանցի» կոչել)։ Մինչդեռ Փարսադանի երրորդ որդին՝ Աբդուլմասեհը, դարձյալ հրամանատարական պաշտոնով, 1722 թ. ի վեր Դավիթ-բեկի գլխավորությամբ մարտնչում էր Ղափանում՝ սկզբից պարսիկների, այնուհետև օսմանցիների դեմ, այնտեղ էլ՝ Խոտի գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում զոհվելով ու թաղվելով։ Բայց ամենաապշեցուցիչ փաստն այն է, որ Փարսադան-բեկը ղափանցի հայերի առաջնորդի՝ հռչակավոր Դավիթ-բեկի աներն էր։ Այլ կերպ ասած՝ ոչ միայն Փարսադան-բեկը, այլև իր ընտանիքն ամբողջովին և անդառնալիորեն ընտրել էին ազատագրական պայքարի ուղին։
Վերը նշվածից պարզ է դառնում, որ Փարսադան-բեկը, լինելով շահին առանձնապես մոտ կանգնած անձ, իրականում, մերօրյա տերմինով ասած՝ «խլուրդ» (թշնամու պետական կամ ռազմական կառույցներում գործող բարձրաստիճան գործակալ) էր, ում հայկական հետախուզությունը թողել էր Իրանում։ Երկար ժամանակ գտնվելով շահի կողքին Թավրիզում` Արցախի և Սյունիքի մերձակայքում՝ նա անտարակույս շարունակում էր հայ ապստամբների հետ համագործակցությունը և նրանց արժեքավոր տեղեկությունների փոխանցումը։ Թահմասպ Բ-ի ճամբարում նա միաժամանակ կատարում էր հայ ազգային-ազատագրական շարժման ազդեցության գործակալի դերը՝ թաքուն կերպով նպաստելով հայկական շահերի առաջխաղացմանը։ Բացի այդ, նրա՝ շահ Թահմասպի մերձավոր շրջապատում լինելը հնարավորություն էր ընձեռում Սյունիքից և Արցախից դուրս՝ պարսից խանական իշխանության տակ հեծող հայերին օրինապաշտ հպատակ ներկայանալ, պնդելով, որ ոչ բոլոր հայերն են զենք բարձրացրած ապստամբներ, այլ կան նաև Փարսադան-բեկի պես շահի հավատարիմ զինվորներ։ Այդ տարիներին Փարսադան-բեկն այն քչերից էր, ումից հայերը կարող էին օգնություն ակնկալել։ Առնվազն մեկ անգամ՝ 1723 թ. ամռանը Փարսադան-բեկը բացեիբաց պաշտպանեց Երևանի հայ բնակչությանը, որին պարսից իշխանությունները ենթարկում էին իսկական ահաբեկման։ Մի արժանահավատ սկզբնաղբյուր այդ պահին արձանագրել է հետևյալ իրողությունը. «Երևանի հայերին ու վանքերին շատ նեղություն են տվել, նրանք էլ մեկ խնդրագիր են գրել Փարսադան-բեկին՝ թե այսպիսի նեղության մեջ ենք՝ մեզ համար մի ճար տես։ Փարսադան-բեկն այդ մասին շահին զեկուցել է, շահից կարողացել է մի հրովարտակ (ռաղամ) ձեռքբերել և այն Երևան ուղարկել։ Նրանում ասվում էր, որ հայերին այլևս վնաս չտան»։
Արդեն իսկ իր զբաղեցրած դիրքով Փարսադան-բեկը պետք է Թավրիզի հայկական գործակալական կայանի ղեկավարներից մեկը լիներ։ Բայց այն, որ նրա անձն ու պաշտոնը որևէ կերպ չտուժեցին անգամ Թավրիզում հայկական հետախուզական ցանցի խոշորագույն տապալումից հետո, ու նա շարունակում էր վայելել շահի լիակատար վստահությունը և լինել նրա մերձավոր նեղ շրջանակի անդամը, լավագույնս է փաստում Փարսադան-բեկի՝ որպես հետախույզի՝ բարձր պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև այդ չափազանց արժեքավոր կադրի հետ գաղտնապահության խստագույն սկզբունքներով աշխատելու հայկական հետախուզության որդեգրած գործելաոճը։
Իրադրությունն առավել պարզելու համար պետք է պատասխանել մեկ լրացուցիչ հարցի։ Պարզ է, որ շահ Թահմասպը տեղյակ չէր այն գաղտնի բանակցությունների մասին, որ 1718 թ. Փարսադան-բեկը վարել էր ռուս դեսպան Ա. Վոլինսկու հետ։ Բայց արդյո՞ք նա չգիտեր, որ Դավիթ-բեկը Փարսադան-բեկի փեսան է։ Կա երկու հնարավոր տարբերակ։ Առաջին և ավելի հավանական տարբերակն այն է, որ ելնելով արտակարգ իրավիճակի առանձնահատկություններից՝ Դավիթ-բեկի ամուսնությունը Փարսադան-բեկի դստեր (ի դեպ՝ հայտնի չէ, թե երկու քույրերից որի՝ Հուսնիբերի, թե Ալամի-սուլթանի) հետ չի հրապարակվել, այլ գաղտնի է պահվել։ Եթե նկատի ունենանք, որ Դավիթ-բեկի զոքանչն ու քենին (Փարսադան-բեկի կինն ու դուստրերից մեկը) մնացել և ապրում էին օսմանցիների ռազմակալման տակ գտնվող Թիֆլիսում, որտեղ և մահացել ու հուղարկավորվել են, ապա այս տարբերակն ավելի հավանական է թվում, որովհետև մեր ունեցած տեղեկություններով՝ նրանք վախճանվել են բնական մահով։ Սա նշանակում է, որ օսմանյան իշխանություններն այդպես էլ չեն իմացել նրանց՝ Դավիթ-բեկի հետ ունեցած ազգակցական մոտ կապի մասին, այլապես կենթարկեին նրանց ամենավայրագ վերաբերմունքի։ Քննարկենք նաև երկրորդ՝ պակաս հավանական, բայց միանգամայն հնարավոր տարբերակը։ Շահը գիտեր Դավիթ-բեկի և Փարսադան-բեկի ազգակցական հարաբերությունների մասին, բայց շարունակում էր վստահել Փարսադանին՝ հաշվի առնելով Սեֆյանների համար այդ ծանր ճգնաժամային ժամանակաշրջանում անձամբ իրեն և գուցե նաև իր հորը նրա մատուցած մեծ ծառայությունները։ Հետախույզ Ապելը հաղորդում էր, որ շահի անձնական գվարդիայում ընդամենը մի քանի ընտիր ջոկատ կար ու նախևառաջ 300 «վրաստանցիներից» (վրացիներից և վիրահայերից) ու 25 «դերբենդցիներից» բաղկացած ջոկատը, ընդ որում՝ դրանց հրամանատարը (յուզբաշի) հայ էր։ Այդ լավագույն զինվորները և, բնականաբար, նրանց բոլորին գլխավորող, նրանց սերն ու հարգանքը վայելող ծերունազարդ Փարսադան գեդալիբեկն օդի պես անհրաժեշտ էին ծայրաստիճան աննախանձելի վիճակում հայտնված շահ Թահմասպին։ Մյուս կողմից՝ Փարսադանը պետք էր Թահմասպին, որպեսզի վերջնականապես չկորցներ Իրանի ազգաբնակչության զգալի մասը կազմող հայ ազգի վստահությունը և ապագայում գուցե նույնիսկ օգներ՝ կապ հաստատելու հայկական նորաստեղծ մարտունակ զինված ուժերի հետ՝ իր տերության սահմանները ներխուժած օսմանյան բանակների դեմ համատեղ պայքար ծավալելու համար։ Եվ իսկապես՝ մի քանի ամիս անց, ավելի ստույգ՝ 1724 թ. հուլիս-օգոստոսից շահ Թահմասպն սկսում է կամուրջներ գցել Ղափանի հայոց զինվորության հետ, իսկ երեք տարի անց՝ 1727 թ., նույն հակաթուրքական հենքի վրա տեղի է ունենում նրա լիակատար հաշտեցումը Դավիթ-բեկի հետ։ Թահմասպը ճանաչում է Դավիթ-բեկին՝ որպես Ղափանի տիրակալ ու հարակից շրջաններում գտնվող հայկական ու պարսկամետ զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ շնորհելով նրան նույնիսկ սեփական դրամ հատելու իրավունք։ Այս վերջին իրադարձություններում Փարսադան-բեկն արդեն հազիվ թե որևէ դերակատարում է ունեցել, որովհետև նա, ամենայն հավանականությամբ, արդեն կենդանի չէր։ Գիտենք, որ նա վախճանվել էր և հուղարկավորվել Արդեբիլում։ Ու թեև մեր սկզբնաղբյուրը չի նշում նրա մահվան տարեթիվը, սակայն Իրանից 1724 թ. վերջերին Ռաֆայել-բեկի և Թաղի-բեկի փախուստը և նրանց անցումը պարսկականից ռուսական ծառայության մեջ հուշում են, որ Փարսադանն իր մահկանացուն մինչ այդ պետք է կնքած լիներ։ Անհնար է պատկերացնել, որ որդիները հորը լքել էին ու մենակ թողել Իրանում, ինչը հավասարազոր կլիներ նրա դեմ մահապատժի վճիռ արձակելուն։ Այսպիսով, առայժմ հնարավոր չէ վստահաբար ասել, թե վերոհիշյալ երկու տարբերակներից ո՞րն է համապատասխանում պատմական իրականությանը։ Սակայն, ամեն դեպքում, իր ազդեցությունն է գործել նաև այն, որ Փարսադան-բեկը, բնականաբար, հրապարակայնորեն ժխտել է հայության ազատագրական ձգտումները և առերես ներկայացել որպես շահական իշխանության կատաղի ջատագով, ու հաստատ դա արել է վարպետորեն և համոզիչ կերպով։
Վերադառնալով ռուսների կողմից Իրան ուղարկված հետախույզ Ապելի պատմությանը, դժվար չէ նկատել, որ նա անմիջապես հարմարավետորեն տեղավորվել էր Փարսադան-բեկի մոտ և այնուհետև նրա հետ միասին, գրեթե կատարյալ անվտանգության պայմաններում, ուղեկցել էր շահին Թավրիզից Արդեբիլ («за шахом следовал при Парсадим бекове»)՝ընդսմին հավաքելով ամենաթարմ և հավաստի տեղեկություններ։ Պարզ է, որ Ապելը գիտեր Փարսադան-բեկի իսկական առաքելության մասին, ինչպես նաև Փարսադանը գիտեր Ապելի ով լինելը։ Բայց այն օղակը, որն Ապելին դուրս էր բերել Փարսադան-բեկի վրա և կապել նրանց՝ հայկական, այլ ոչ թե ռուսական հետախուզությունն էր, որն Իրանում այդ ժամանակ առհասարակ որևէ գործակալական ցանց չուներ։ Ապելի՝ ռուսական հրամանատարությանը տված զեկույցի վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ ռուսները նրան գուցեև չէին տեղեկացրել 1718 թ. Փարսադան-բեկի հետ վարած գաղտնի բանակցությունների մասին, թեև այդ փաստը նրան կարող էր հայտնի լինել հայ-վրացական աղբյուրներից։ Բայց առավել հետաքրքիր է այն, որ նա գեթ մեկ բառ չի ասել Փարսադան-բեկի՝ հայ ապստամբական ուժերի հետ ունեցած առնչությունների, նրա որդիների և փառաբանված փեսայի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես և ինչու է նա ընդհանրապես հայտնվել Փարսադան-բեկի շրջապատում։ Այս ամենից կարելի է մակաբերել, որ 1724 թ. հայկական հետախուզության ինքնուրույնությունը պահպանվում էր՝ Արցախում և Սյունիքում հայկական զինված ուժերի անկախ գոյությանը զուգահեռ։ Ապելը և նրա հայ պետերը չեն ուզեցել ռուսներին ներկայացնել Փարսադան-բեկի գաղտնի գործունեությունը՝ շահի շտաբում նրան մշտապես սպառնացող բացահայտմանը որևէ կերպ ակամա չօժանդակելու համար։
(Շարունակելի)
Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր
«Հայաստանի զրուցակից»,
#4 (213), 3 փետրվարի, 2012 թ.