Արձագանքներ առաջին ատյանի դատարանի վճռի վերաբերյալ

Արձագանքներ առաջին ատյանի դատարանի վճռի վերաբերյալ
Հայոց ցեղասպանության ժխտումը խրախուսող դատական վճիռը Հայաստանի փուլային գաղութացման համատեքստում
08․12․2009թ․
Հարություն Մեսրոբյանը և Ալեքսանդր Իսկանդարյանը բանավիճում են «Հայելի» ակումբում։
05․12․2009թ․
Դատական վճռի վերաբերյալ քննարկման հատվածը։
Ասուլիսը ամբողջությամբ դիտեք այստեղ:

Arshavakhumb@ vradarnum e….

Stepan | MySpace Video
Ստեփան Քիրեմիջյանը մեկնաբանում է։
  1. Ալեքսանդր Իսկանդարյանը Վիննի Թուխը չէ, ոչ էլ՝ Ձմեռ պապը, նա ուրիշ մեկն է…, Արմար.ամ, 05.12.2009
  2. Ծիծաղելիի և ողբերգականի արքաները, Հայաստանի զրուցակից, 11 դեկտեմբերի, 2009, #45 (116)

Ալեքսանդր Իսկանդարյանը Վիննի Թուխը չէ, ոչ էլ՝ Ձմեռ պապը, նա ուրիշ մեկն է…

Արմար.ամ, 05.12.2009

«Հայելի» ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ղարաբաղյան խնդրի շուրջ նոր զարգացումների մասին իրենց տեսակետն էին արտահայտում «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ու կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։

Ինչպես միշտ Իսկանդարյանն իր ելույթը սկսեց ներկաներից ներողություն հայցելով` իր ռուսերեն խոսքի համար։ Ստիպված էինք հիշեցնել պրն. Իսկանդարյանին, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է և պահանջել խոսել պետականորեն ընդունված լեզվով, մանավանդ, որ նա, պարզվում է, այնքան էլ վատ չի տիրապետում հայերենին: Մինչդեռ Իսկանդարյանն իր ռուսախոսությունը պատճառաբանելով` «երբ հայերեն եմ խոսում, ասում եմ այն, ինչ որ կարող եմ ասել, իսկ երբ ռուսերեն եմ խոսում, ասում եմ այն, ինչ որ ուզում եմ ասել», երկակի մտքով, սահուն անցավ ռուսերենին:

Ասուլիսի ընթացքում երկու բանախոսներն էլ բազմաթիվ տեսակետներ հնչեցրին՝ կապված ղարաբաղյան խնդրի, թույլի և ուժեղի, շահերի բախումների, գերտերությունների ակնկալիքների, ցեղասպանության, հայ- թուրքական արձանագրությունների, դրանց հետ կապված՝ Սփյուռքի ու Հայաստանի տեսակետների մասին:

Առանց ավելորդ հույզերի այս ասուլիսն էլ ընթացավ սովորական ասուլիսներին հատուկ բնականոն հունով մինչ այն պահը, երբ մենք փորձեցինք իմանալ Ալ. Իսկանդարյանի կարծիքը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կողմից դատական կարգով իրեն ներկայացված մեղադրանքի և այն մասին, թե ինչու ինքը ներկա չէր դատին։

Ալ. Իսկանդարյանի տեսակետը, և արված համեմատությունն` իրեն ներկայացված մեղադրանքի առնչությամբ (այն էր՝ ցեղասպանությունը հերքող գրականություն թարգմանել և տարածել), խիստ տարօրինակ էր։ Նա այսպես ձևակերպեց իր կարծիքը. «Եթե վաղն ինչ որ մեկը դիմի դատարան և ասի, որ ես Վիննի Թուխն եմ, ի՞նչ է, ես պետք է գնամ և ապացուցեմ, որ ես Վիննի Թուխը չե՞մ»։ Նման պատասխանը մեկնաբանության անհրաժեշտություն չունի, բայց գնահատական տալ հարկավոր է. այն մեկ բառով կորակենք` ՑԻՆԻԶՄ:

Իսկանդարյանը շարունակում է. «Ես հարկ չեմ համարում որևէ մեկին ապացուցել, որ երկու անգամ երկուսը հավասար է չորսի։ Ես իրավանբան չեմ և չեմ կարող մեկնաբանել դատը։ Այնտեղ հանդես էր գալիս իմ փաստաբանաը, և դատարանը բավարարեց նրա մեջնորդությունը»։

Որից հետո «Կովկաս» ինստիտուտի տնօրենը փորձեց չքմեղանալ, թե ինքը որպես գրքի խմբագիր` գրքի բոլոր հեղինակների արտահայտած մտքերի հետ չի կարող համամիտ լինել։ «Այդ գրքում 12 հոդված կա։ Այնտեղ նաև Ղարաբաղի, Ադրբեջանի, Վրաստանի գիտնականների հոդվածները կան։ Ես չեմ կարող նրանց բոլորի հետ համաձայն լինել։ Նման աշխատություն լույս ընծայելու նպատակն այն է, որպեսզի տարբեր երկրներում գոյություն ունեցող տարբեր կարծիքները ներկայացվեն այնպես, ինպես որ դրանք այդ երկրներում գոյություն ունեն»,-ասում է Իսկանդարյանն ու հավելում, թե`նման վեճերը դատարանում չեն լուծվում, քանի որ դա գիտական վեճի թեմա է։

Բանավեճի ընթացքում, սակայն, պարզվեց, որ սա` Ալ. Իսկանդարյանի հակահայկական մոտեցումներ պարունակող միակ «աշխատությունը» չէ։ Բուռն քննարկման ընթացքում փորձագետ Հարություն Մեսրոբյանը որոշեց բացել «քարտերը». և այսպես, պարզվում է, որ դեռևս 1999թ. Մոսկվայում լույս է տեսել հոդվածների մի ժողովածու՝ «Ազգային պատմությունները խորհրդային և հետխորհրդային պետություններում» վերնագրով, որտեղ տեղ է գտնել նաև Ալեքսանդր Իսկանդարյանի ու պատմաբան Բաբկեն Հարությունյանի հեղինակած «Հայաստան. Ազգային պատմության «ղարաբաղացումը»» հոդվածը։ Դեռ այն ժամանակ, արդեն ոչ թե գրքի խմբագիր, այլ որպես հեղինակ հանդես եկած Ալ. Իսկանդարյանն իր հոդվածում գրել է. «Արևմտյան Հայաստանի տարածքները մինչև ցեղասպանությունը բնակեցված էին հայերով։ Ոչ թե՝ դա հայերի պատմական հայրենիքն է, այլ…» ։ Հարություն Մեսրոբյանը նշեց նաև, որ նույն այդ հոդվածում Ղարաբաղում հայերի բնիկությունը չակերտների մեջ է օգտագործվել։

«Այսինքն՝ մի դեպքում, Իսկանդարյանի մատուցմամբ, ստացվում է, որ հայերը Ղարաբաղում` չակերտված բնիկ ժողովուրդ են, մյուս դեպքում՝ նույն Իսկանդարյանը մեկ այլ հեղինակի բերանով` ցեղասպանությունն է դնում չակերտների մեջ»,- ասում է Հ. Մեսրոբյանը։

Փորձագետի խոսքերից պարզորոշ է դառնում, որ Ալ. Իսկանդարյանի նպատակը ոչ միայն բազմակարծություն ներկայացնելն է, ինչպես ինքն է փորձում հայ հանրությանը հրամցնել, այլ՝ բազմակարծության անվան տակ` հայ ժողովրդի պատմության կեղծումը։

Ի դեպ, նշվեց նաև այն փաստը, որ Ա. Իսկանդարյանի հեղինակած այդ հոդվածում Հայաստանի 1-ին Հանրապետության մասին գրվել է. «Այսպես կոչված՝ Առաջին Հանրապետություն»։

Ինչպես վերևում նշեցինք` ««Հայաստան. Ազգային պատմության

«ղարաբաղացումը»» վերնագրով հրատարակված հոդվածի հեղինակներն են եղել Ալեքսանդր Իսկանդարյանն ու Բաբկեն Հարությունյանը: Անկեղծ ասած, հարգարժան պատմաբանի անվան շաղկապումը Իսկանդարյանի անվան հետ, մեզ այնքան էլ հասկանալի չթվաց, բայց ամեն ինչ իր տեղն ընկավ Հ. Մեսրոբյանի կողմից իրողությունը ջրի երես հանելուց հետո. վերջինիս տեղեկացմամբ` «Գոլոս Արմենի» թերթի 2004թ. հուլիս 29-ի համարում Բաբկեն Հարությունյանը վրդովված գրել է, որ իր կողմից Ալ. Իսկանդարյանին փոխանցված նյութերը բոլորովին այլ բովանդակություն են ունեցել, մինչդեռ դրանք Իսկանդարյանի կողմից ամբողջությամբ նենգափոխվելուց հետո են տեղ գտել այդ հոդվածում: Ընդ որում` դա արվել է առանց հեղինակի համաձայնությունը ստանալու։ «Այդ մասին ես տեղեկացել եմ հոդվածի հրատարակումից հետո միայն»,- ասել է պատմաբան Հարությունյանը։

Ոչ պակաս տարօրինակ էին «խմբագիր-քաղաքագետ» Իսկանդարյանի պատճառաբանությունները` հնչած փաստերի առնչությամբ: Ըստ նրա, տարբեր ազգություններին վերաբերող գրքեր է խմբագրել, և հնարավոր չէր հետևել բոլոր թարգմանություններին, և իմանալ, թե որքանով են դրանք ճշգրիտ թարգմանված (հարց է առաջանում, իսկ ո՞ւր մնաց խմբագրի պատասխանատվությունը)։ Պարզվում է, որ գրքերում, հոդվածներում տեղ գտած մտքի փոփոխության, ընդհուպ մինչև նենգափոխման հարցում,մեղքը ոչ թե խմբագրինն է, այլ դա պայմանավորված է լեզվական յուրահատկություններով։ Ու քանի որ ամեն լեզու ունի իր առանձնահատկությունը, հոդվածները թարգմանելիս, Իսկանադարյանից «ակամա», դրանք, ինքնստինքյան, «խեղաթյուրվում» են. «Լեզվական յուրահատկություններով պայմանավորված հնարավոր է, որ հոդվածները ոչ այն իմաստով ընկալվեն, ինչը որ իրականում կա»։

Ոչ պակաս «յուրահատուկ» էր հայի բնիկությանն ու «պատմության ղարաբաղականացում» ասվածին տրված իսկանդարյանական մեկնաբանությունը. «Դա ասելով էլ նկատի է առնվել այն, որ 80-ական թվականների վերջից հնարավոր եղավ ղարաբաղյան խնդրի թեմայով ավելի շատ պատմական հոդվածներ գրել։ Իսկ բնիկություն բառը պետք է վերցնել չակերտների մեջ, քանի որ այդ բառը մի քանի իմաստ ունի։ Չակերտները պարզագույն քերականական ձև են, այդ բառի իմաստի հետ կապված գիտական հարթության վեճերից քեզ ձերբազատելու համար…Այս ամենը գիտական բանավեճի թեմա է, այլ ոչ թե գաղափարական տարակարծություն։ Սա վեճի մեկ այլ լեզու է, այսինքն կան քննարկման ու վեճի տարբեր թեմաներ»։ Ահա այսպիսի երկար-բարակ ու ոչինչ չասող արդարացումներ… Փոխարենը, Իսկանդարյանի կողմից չհնչեց և ոչ մի հակափաստարկ` կապված Բաբկեն Հարությունյանի նյութերը խեղաթյուրելու փաստի հետ։

Հ.Գ. Ի դեպ, Իսկանդարյանը ասուլիսի սկզբից մինչև վերջ ներկաներին ճգնում էր ապացուցել, որ ինքը ոչ Վիննի Թուխն է, ոչ էլ Ձմեռ պապը: Այն, որ նա ոչ մեկն է, ոչ էլ մյուսը, անզեն աչքով էլ կարելի է դրանում համոզվել, ի վերջո, այս երկու հերոսները մարդկանց միայն երջանկություն են բերում, իսկ թե ո՞վ է իրականում Ալեքսանդր Իսկանադարյանը, սա արդեն քննարկման մեկ այլ թեմա է…

Գոհար Փիլթոյան


Հայաստանի զրուցակից, 11 դեկտեմբերի, 2009, #45 (116)
Ծիծաղելիի և ողբերգականի արքաները

Դատավորը հովանավորում է ցեղասպանությունը ժխտողին
Մենք տեղյակ ենք, որ որոշ երկրներում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդելի արարք է համարվում: Այդ առումով կիրառվում է նաև դատական պրակտիկա, արդեն կան քրեական պատասխանատվության ենթարկված մարդիկ: Մասնավորապես` Շվեյցարիայում, Ֆրանսիայում: Բայց դուք գիտե՞ք, որ նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին, մեր երկրում այդպես չէ, մեր երկրում անգամ դեռ չսկսված գործը դատարանում կարճում են ու… գնա տուն:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր` Կարինե Պետրոսյան) այսպե՛ս սկսվեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցի քննությունը՝ ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի. նա Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» գիրքը, որտեղ ի թիվս այլ նյութերի՝ զետեղել է նաև թուրք Այբարս Գյորգյուլուի՝ Հայոց ցեղասպանությունը հերքող հոդվածը: Թուրք հեղինակը 34 անգամ ցեղասպանություն բառն օգտագործել է չակերտների մեջ, միաժամանակ արել է ցեղասպանությունը ժխտող բացահայտ հայտարարություններ, մասնավորապես` «ցեղասպանության չհիմնավորված պնդումներ» և այլն:
Նախ ասենք, որ ինքը` Ալեքսանդր Իսկանդարյանը, չէր ներկայացել դատարան. հարկ չէր համարել, դատարանում երևում էր իր ներկայացուցչի տեսքով:
Դատը սկսվեց ու… ավարտվեց պատասխանող կողմի` Ալեքսանդր Իսկանդարյանի «մարդու»` Վահագն Գրիգորյանի՝ իրար հետևից արած երկու միջնորդություններով ու դատավորի կողմից դրանց բավարարմամբ:
Առաջին միջնորդությամբ Վահագն Գրիգորյանը պնդեց, որ դատական գործընթացը չպետք է տեսագրվի: Դե, եթե նա այդպես է ուզում, դատավորն էլ հլու-հնազանդ պետք է կատարի պահանջը:
Հաջո՛րդ միջնորդությունը. ոչ ավելի, ոչ պակաս՝ դատական գործը պետք է կարճվի: Դատավորն ընդմիջում հայտարարեց, նիստը նշանակեց հաջորդ օրը: Հաջորդ օրը եկավ ու այս միջնորդությունն էլ բավարարեց. դե՛, արդեն ցրվեք ձեր տները, էլ հարց չկա, գնացեք ու մոռացեք, որ Ալեքսանդր Իսկանդարյան անուն-ազգանունով մարդը ցեղասպանությունը ժխտող նյութեր է հրատարակում Հայաստանի մեջ` Երևանում և օտար լեզուներով տարածում: Այսքա՛նը: Վե՛րջ:
Անհասկանալի, անըմբռնելի…
Լավ, ես ուզում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հասկանալ դատավոր Կարինե Պետրոսյանի տրամաբանությունը. ինչո՞ւ չի կարելի տեսագրել դատական գործընթացը, ինչո՞ւ հեռուստաօպերատորներին դուրս հրավիրեց: Մարդկանց հոգեբանության վրա կարող էր հիվանդագին ազդեցությո՞ւն թողնել քննարկվող նյութը կամ գուցե ազգային անվտանգությունը շոշափող հարցեր ու հարցադրումնե՞ր էին հնչելու: Անկեղծորեն ասած` չեմ կարողանում քիչ թե շատ տրամաբանական բացատրություն գտնել, կամ ինչ որ հիմնավորում ինձ համար հասկանալի դարձնել:
Միայն մի բացատրություն է մնում. պետք չէ, որ մեր հասարակությունը տեղյակ լինի՝ դարասկզբին Օսմանյան Թուրքիան հայերին ցեղասպանության է ենթարկել: Ուրիշը կա՞: Գուցե ասեք՝ որպեսզի Ալեքսանդր Իսկանդարյանի կերպարը հասարակության աչքում անխաթա՞ր մնար (եթե մեղավոր չէ, իհարկե): Է, թող էլի մնար. դատարանը հենց նրա համար է, որպեսզի թացը չորից ջոկի ու հանրությանը ցույց տա, թե ով ով է, և ինչն ինչ է:
Հիմա` հիմնականի մասին. կարճում ես գործի վարույթը: Սովորական լեզվով ասած` հայտարարում ես՝ այստեղ հանցակազմ չկա, Ալեքսանդր Իսկանդարյանն ինչքան ուզում է՝ կարող է գրքեր տպել, նրանցում Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնող հոդվածներ ներդնել: Ո՛չ իր, այլ ուրիշ հեղինակների միջոցով ու նրանց բերանով ասել, որ ցեղասպանություն չի եղել: Կարող է ասել ու մի կողմ քաշվել. ինքը ի՞նչ է արել որ: Ինքը հո մեղավոր չէ՞. գրքի նախաբանում ասել է, չէ՞, որ պատասխանատվություն չի կրում հոդվածների բովանդակության համար:
Իսկանդարյանը թող մնա իր սոփեստության մեջ, Աստված իր հետ: Բայց դու որ դատարան ես, հայոց դատարան ես` չե՞ս տեսնում, որ այստեղ գործ ունենք պարզ փարիսեցիության հետ: Եթե նա իրոք այդպես էր մտածում, ապա պատասխանատվություն չկրելու մասին հերթապահ խոսքերի փոխարեն կարող էր պարզապես գրքի նախաբանում կամ հոդվածին կից ծանոթագրության մեջ իր անունից հերքել թուրքի պնդումները:
Լա՛վ, մարդը կարո՞ղ է արդյոք նման դեպքերում այդպես հեշտ ու հանգիստ ազատվել նաև օրենքի պատասխանատվությունից: Հիշենք, որ գուցե գիտակցաբար, գուցե ոչ գիտակցաբար նա թուրքի տեսակետ-կարծիքները տարածել է: Դուրս է գալիս, որ մարդը կարող է նպաստել մեկ այլ մարդու ապօրինությանը, ապա հայտարարել, որ ինքը պատասխանատվություն չի կրում նրա արածի համար, ու ջրից չոր դուրս գալ:
Հարգելի դատավոր, ո՞ւր մնաց մեր Սահմանադրությունը, որը բխում է Հռչակագրի դրույթներից, ո՞ւր մնաց մեր քաղաքացիական օրենսգիրքը, որը պատիժ է նախատեսում արժանապատվությունը վիրավորող գործողությունների համար (այս դեպքում ամբողջ ազգի արժանապատվության մասին է խոսքը): Կամ ո՞ւր մնացին միջազգային տարատեսակ համաձայնագրերն ու պայմանագրերը, որոնց միացել է մեր երկիրը, և որոնք ցեղասպանության մերժումը համարում են ցեղասպանության շարունակություն: Ե՛ս չէ, որ այդ մասին ձեզ պետք է ասեմ. դուք ինձնից լա՛վ գիտեք դրանց գոյության մասին: Իսկ գուցե դատավորն անտեղյա՞կ է մեր Սահմանադրությունից և օրենքներից:
Շան գլուխը
Մի բան էլ. եթե ինչպես դատարանը հայտարարեց վարույթը կարճելու վերաբերյալ, որ հարցը չպետք է դատարանում քննարկվի, չկա դատարան դիմելու և դատական պաշտպանության իրավունքը իրացնելու հիմք, ապա նախապես ինչո՞ւ էին գործը դատական վարույթ ընդունում: Եթե ընդունել են, ապա նախապես հիմք տեսել են, չէ՞: Իսկ եթե տեսել են՝ ինչո՞ւ գործը կարճեցին:
Ա՛յ, հենց այստե՛ղ է թաղված շան գլուխը: Կարճեցին, որովհետև այդպես «որոշեցին» վերևներում: Որոշեցին և հրահանգեցին հլու-հնազանդ անկախ դատարանին: Կամ էլ, ո՞վ գիտե, կարճման հիմքերը հետո՞ «առաջացան»` ինչ-ինչ անհրաժեշտություններից ելնելով. դե, թուրքերի հետ մտնում ենք գործնական հարաբերությունների մեջ, և այլևս բարոյական դաշտի, այս դեպքում արդեն` նաև իրավական դաշտի ամեն խոսակցություն պետք է ածանցյալ դառնա: Անգամ ցեղասպանության մասին հարկ է զգուշությամբ արտահայտվել, հանկարծ ու նեղացնենք մեր հնարավոր գործընկերոջը:
Մի բան էլ հասկանալի է. եթե Ալեքսանդր Իսկանդարյան քաղաքագետը իրենց` իշխանությունների մարդը չլիներ, կլինե՞ր հայոց հեռուստաեթերի ամենավառ աստղը. ամեն լավ ու վատ, ամեն լուրջ ու անլուրջ հեռուստաալիքներով նրան կլսեի՞նք… Ամեն ինչ առավել քան հասկանալի ու պարզ է:
…Սա էլ լիցքաթափվելու համար՝ երգիծանքի ժանրից. դատն արդեն սկսվում է, ամենքն իրենց տեղում են, սպասում են դատավորի մուտքին: Իսկանդարյանի ներկայացուցչի` Վահագն Գրիգորյանի հեռախոսը զնգում է: Սկսում է խոսել, տեսնում է` երկարում է, ընդհատում է զրույցը ու դառնում զրուցակցին` հիմա զբաղված եմ, կես ժամից ես քեզ կզանգեմ: Դահլիճում գտնվողներն ակամա նայեցին իրար երեսի. լա՛վ, այս տղան որտեղի՞ց գիտեր, որ գործը կարճվելու է, ու դատ չի լինելու: Պարզվում է` գիտեր…
Ի՞նչ տեղի ունեցավ…
Դատավոր Կարինե Պետրոսյանը գիտակցե՞ց, թե ինքն ինչ արեց: Գիտակցե՞ց, որ քննությունը մերժելով` պարզապես նախադեպ ստեղծեց երկրում: Որ այսուհետև տեղից վեր կացողը կարող է անարգել ասել-խոսել, դատողություններ անել ցեղասպանության մասին, կարող է անգամ նրա իսկությունը կասկածի տակ առնել: Գիտակցե՞ց, որ դուռ բացեց նորանոր ժխտումների առաջ: Գիտակցե՞ց, որ սա այն դեպքն է ու այն դաշտն է, ուր լիբերալիզմը բնավ արդարացված չէ, ավելին` վտանգավոր է: Որ հարցը վերաբերում է մեր երկրի կենսական շահերի պաշտպանությանը, որ սեղանին դրված է մեր ժողովրդի արժանապատվության խնդիրը…
Մեր օրերի աբսուրդը
…Իսկ հայցադիմումի հեղինակը` «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը, աներեր է՝ դիմելու է և Վերաքննիչ, և Վճռաբեկ դատարաններ: Եթե նրանք էլ գործը չլսեն՝ հայցով կմտնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ա՛յ, այդ ժամանակ շատ հետաքրքիր իրավիճակ կստեղծվի, փաստորեն` դատ Հայաստանի Հանրապետության դեմ` Հայոց ցեղասպանությունն ուրանալու մեղադրանքով: Իրավիճակ, որը կլինի շա՜տ ծիծաղելի, եթե չլինի… ողբերգական:
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

This post is also available in: ,