Շվեդիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ

Շվեդիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ


Շվեդիայի խորհրդարանը (Ռիկստագ) ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ։ 2008 թվականի աշնանից շրջանառության մեջ դրված նախագծի լոբբինգը կատարում էին շվեդիայի 3 ընդդիմադիր՝ Սոցիալ-դեմոկրատական, Կանաչների եւ Ձախերի կուսակցությունները։ Բանաձեւն ընդունվել է 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Ընդունված փաստաթղթում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը ներկայացվում են, որպես ցեղասպանություն։ Բանաձեւում նշված է, որ Թուրքիայում իրականացվել են ինչպես հայերի, այնպես էլ ասորիների եւ պոնտացի հույների զանգվածային ջարդեր։

«Մենք վստահ ենք, որ Շվեդիան Եվրամիության եւ ՄԱԿ-ի շրջանակներում պարտավոր է գործունեություն ծավալել 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ։ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն ճանաչելը ոչ միայն փոխհատուցում կդառնա այն ազգային փոքրամասնությունների համար, որոնք ցայսօր շարունակում են ապրել Թուրքիայում, այլեւ կնպաստի այդ երկրի հետագա զարգացմանը։ Թուրքիան չի կարող ժողովրդավարական երկիր համարվել այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ մերժում են անցյալի իրական պատկերը»,- նշված է բանաձեւում։

Նշենք, որ բանաձեւի ընդունմանը նախորդել են բուռն քննարկումներ։ Իշխող լիբերալ, քրիստոնյա-դեմոկրատական եւ կենտրոնամետ կուսակցությունները դեմ են արտահայտվել բանաձեւի ընդունմանը։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը եւս ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ։


131 թեր եւ 130 դէմ քուէներու համեմատութեամբ Շուէտի խորհրդարանը ճանչցաւ Հայկական Ցեղասպանութիւնը

«ՀՈՐԻԶՈՆ».- Մարտ 11-ին, Շուէտի խորհրդարանին ներկայացուած Հայկական Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը քննարկման սեղանի վրայ դրուելէ ետք, վաւերացուեցաւ 131 թեր եւ 130 դէմ քուէներով: Ցեղասպանութեան բանաձեւի փաստաթուղթը ճշգրիտ պատճէնն է այն հին գրութեան, որ նոյն խորհրդարանին ներկայացուած էր 2008-ի գարնան, երբ ճնշող մեծամասնութեան ազդեցութեան տակ խորհրդարանը մերժած էր 1915ի ջարդերը իբրեւ Ցեղասպանութիւն հռչակելը:

Բոլոր կուսակցութիւնները՝ բացի Չափաւոր կոալիցիոն կուսակցութենէն («The Moderate Coalition Party»), որուն անդամն է Շուէտի արտաքին գործոց նախարար Քառլ Պիլթտը, նախապէս պատրաստակամութիւն յայտնած էին Ցեղասպանութիւնը ճանչնալու:

Շուէտի մօտ Թուրքիոյ դեսպան Զէրկիւն Քորութիւրք խորհրադրանի նիստի նախօրեակին յայտարարած էր, որ բանաձեւի ընդունման հաւանականութիւնը այնքան ալ մեծ չէ:

www.horizonweekly.ca

This post is also available in: ,