Թուրքերի 48 տոկոսը կողմ է հայաստանցի անօրինական ներգաղթյալների արտաքսման` վարչապետ Ռեջեփ Էրդողանի գաղափարին:
Անկարայում գործող MetroPoll հետազոտական կենտրոնը հարցում է անցկացրել թուրք բնակչության շրջանում, եւ հարցվածների միայն 34 տոկոսն է հայտարարել, որ կտրականապես դեմ է Էրդողանի լոնդոնյան հայտարարություններին:
Հայաստանցիների արտաքսման ամենաջերմ կողմնակիցները երիտասարդներն են. հետազոտությանը մասնակցած 18-24 տարեկան երիտասարդների 55 տոկոսն ասել է, որ հայաստանցի միգրանտներին պետք է վտարել Թուրքիայից:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հայաստանցիների նկատմամբ առավել հանդուրժող են տրամադրված տարեց թուրքերը. 55-ից բարձր տարիքի հարցվածների միայն 42 տոկոսն է կիսում Էրդողանի տեսակետը, 36 տոկոսը կտրականապես դեմ է վարչապետի հայտարարություններին:
MetroPoll-ի մասնագետները նաեւ պարզել են, թե հայաստանցի ներգաղթյալներին ինչպես են վերաբերվում Թուրքիայում գործող այս կամ այն կուսակցության համակիրները:
Վերջին` տեղական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին քվեարկած թուրքերի 56 տոկոսը դեմ չէր լինի, եթե կառավարությունը որոշեր վտարել երկրում առանց օրինական կարգավիճակի գտնվող հայաստանցիներին: «Ազգայնական շարժում» կուսակցության կողմնակիցների շրջանում այդ ցուցանիշն ավելի բարձր է` 63 տոկոս:
Հայաստանցի միգրանտներին Թուրքիայից արտաքսելու գաղափարին ամենակտրուկ կերպով հակազդում են ծայրահեղ իսլամիստները. հայերին աջակցողների ամենաբարձր ցուցանիշը` 56 տոկոս, արձանագրվել է իսլամիստական հայացքներ դավանող Բարօրության կուսակցության ընտրողների շրջանում:
«Ձեր կարծիքով, որքա՞ն է Թուրքիայում առանց օրինական փաստաթղթերի բնակվող հայաստանցիների թիվը» հարցին շարքային թուրքերի 26 տոկոսը հակված է հավատալ Ռեջեփ Էրդողանին` նշելով 100 հազար թիվը: Հարցվածների 18 տոկոսի կարծիքով` Թուրքիայում բնակվող հայաստանցիների թիվը իրականում չի գերազանցում 25 հազարը: Հարցման մասնակիցների 40 տոկոսն էլ ընդհանրապես դժվարացել է պատասխանել այս հարցին:
MetroPoll հետազոտական կենտրոնը հեռախոսային այս հարցումը իրականացրել է մարտի 18-ին: Հարցմանը մասնակցել են Թուրքիայի 31 քաղաքների 1000-ից ավելի բնակիչներ: