«Նյու Սթեյթսման», 6 նոյեմբերի 2008թ.
Աղբյուրը` “Newstatesman” 1
Նորման Սթոուն (Norman Stone)
«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունները
Գտնվելով Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի միջև` Կովկասն աշխարհի ամենաբազմազան տարածաշրջաններից է, և ինչպես Հարավային Օսիայում ու Աբխազիայում տեղի ունեցած վերջին կռիվները ցույց տվեցին, այն դեռ եռում է էթնիկ լարվածություններով: Նորման Սթոունը քննում է այդ տարածաշրջանի պատմությունը, որը լույս է սփռում ներկա բարդ իրավիճակի վրա:
Ազատության ուրվականը. Կովկասի պատմություն
Չարլզ Քինգ
Վրացի մի պրոֆեսոր մի քանի տարի առաջ իմ (թուրքական) համալսարան կատարած այցի ժամանակ ասաց. «Լեռներում ապրող մարդիկ հիմար են»: Կովկասում հավանաբար բավական հաճախ եք լսում նման արտահայտություններ, սակայն հազիվ թե ակնկալում եք այսպիսի որակումներ լսել պրոֆեսորից: Ինչևէ, դրանում երևի մի բան կա. դա հաստատում են նաև 1745-ի Յակոբինյան լեռնցիներն` իրենց խենթ լոյալիզմով, կամ, այդ նույն առումով` Նավարացի Կառլիստները` քաջ ու ռոմանտիկ, անշուշտ` իրենց սեփական պատվո վարքականոններով, սակայն` ոչ շատ խելացի:
Ֆրանսիացի սոցիոլոգ Անդրե Զիգֆրիդն այս թեման զարգացրել է մեկ դար առաջ, քանզի նկատել էր, որ քվեարկելու ձևերը կախված են տեղանքի աշխարհագրական բարձրությունից. հովիտներում մարդիկ նորմալ կյանք էին վարում, սակայն պատկերը փոխվում էր, որքան վեր էիր բարձրանում: Սնունդը շատ աղքատիկ էր, տնտեսությունը ոչխարագողությունն էր կամ մաքսանենգությունը, ցասումը եռում էր հովիտների բնակիչների հանդեպ, և իշխող կրոնն ուներ վայրի բնույթ: Կովկասը համապատասխանում է Զիգֆրիդի սահմանած օրինաչափությանը, այն տարբերությամբ, որ որքան բարձրանում ես, այնքան ավելի անհասկանալի լեզուների ես հանդիպում: Չարլզ Քինգի խոսքով` «Հյուսիս-արևելքը նախյան (նախոդաղստանյան) լեզուների 2 հանգրվանն է… ինչպես նաև` միմյանցից տարբեր լեզուների մի խառը տրցակի, որ ներառում է ավարերենը, դարգիերենն ու լեզգիերենը»:
Նա մոռացել էր թաթերին, որոնք լեռնային հրեաներ են, և գթասրտորեն մոռացել էր նաև մի շարք այլ բաներ, որովհետև ամբողջ տարածաշրջանը մի գեղադիտակ է, իսկ հնագույն պատմությունը` շատ խճճված. Իբերիայի և Աղվանքի (Albania) հեղհեղուկ գոյությունը, օսերը` որոնց մասին աշխարհը վերջերս շատ լսեց, անկասկած սերել են ալաններից` այն բարբարոս ցեղերից, որոնք սրընթաց կտրեցին-անցան Հռոմեական կայսրությունը, վերջինիս ուշ շրջանում` կանգ առնելով հյուսիսային Աֆրիկայում:
Չարլզ Քինգի մեծ արժանիքն այն է, որ նա շատ հմտորեն է պարզեցումներ ու բացթողումներ անում. նա լավ է գրում և կարողանում է կարդալ կարևոր լեզուներով (որոշ պատճառներով, բազմաթիվ կարևոր աղբյուներ գերմաներենով են. գերմանացիները հատուկ հետաքրքրություն էին ցուցաբերում Կովկասի նկատմամբ, իսկ 1918 թվականին նույնիսկ ծրագրում էին սուզանավեր (U-boats) տեղակայել Կասպից ծովի ավազանում): Բոլոր կարևոր թեմաներն այստեղ են` որոշ հետաքրքիր լրացումներով:
Քինգը կենտրոնացել է Կովկասի ժամանակակից պատմության վրա, մոտավորապես 1700 թվականից սկսած, երբ Ռուսաստանը սկսեց Պարսկաստանից և Օսմանյան կայսրությունից վերցնել գերիշխանությունը: 1801 թվականին նա բռնակցեց Վրաստանի մեծ մասը: Դա համեմատաբար դյուրին էր իրականացնել, քանի որ այն շատ մասնատված երկիր էր (իսկ լեզուն՝ ինքնին ենթախմբերի բաժանված, այնքան դժվար է, որ նույնիսկ Ռոբերտ Քոնքուեստը, գրելով Ստալինի կենսագրությունը, անհնար համարեց այն սովորելը): Այն նաև քրիստոնյա երկիր էր, ազնվականությունն, ընդհանուր առմամբ, ուրախ էր համաձայնության գալ ցարի հետ, և այնտեղ հեշտությամբ կարելի էր հասնել ծովով, մինչդեռ Կովկասի այլ հատվածներ շատ ավելի դժվարանցանելի էին` հաշվի առնելով լեռնային և անտառապատ տեղանքը: Հյուսիսային Կովկասի տարատեսակ մահմեդական բնիկները հայտնի էին որպես «չերքեզներ» (ներկայիս չեչեններն առնչվում են նրանց) և նրանք արտակարգ դիմադրություն էին ցուցաբերում ռուսական ներխուժմանը:
19-րդ դարի ընթացքում ի հայտ եկան կոզակները, կառուցվեց ամրաշինությունների գիծ, սակայն լեգենդար Շեյխ Շամիլի գլխավորությամբ հասունացավ կատաղի ցեղային-կրոնական ապստամբություն: Խորհրդավոր-կրոնական ներշնչանքը զուգակցելով չափազանց խելացի պարտիզանական մարտավարության հետ` Շամիլը կասեցրեց ռուսների առաջխաղացումը մի ամբողջ սերնդի համար: (Քինգի մատենագիտությունը շատ հիմնավոր է և օգտակար, սակայն նա կարող էր հիշատակել մի դասական գիրք այս մասին` Լեսլի Բլանչի «Դրախտի թրերը», նույն հեղինակը հետո գրեց նաև էրոտիկ Արևելքի մասին «Սիրո առավել վայրի ափերը»):
Ռուսները չերքեզների հարցը «լուծեցին» զանգվածային արտաքսումով: Շուրջ 1.250.000 մարդու վտարեցին. Քինգը շատ լավ է նկարագրել նրանց ճակատագիրը, քանզի արտաքսվածների մեկ երրորդը մահացավ հիվանդություններից կամ սովից ու բնաջնջումից, իսկ մյուսները ցրվեցին Առաջավոր Ասիայում և Մերձավոր Արևելքում: Հաստատվելով արևելյան Անատոլիայում` նրանք հանդիպեցին հայերին, և դաժան հակամարտություն ծավալվեց: Մեկ սերունդ հետո, գրեթե նույն ճակատագիրը բաժին հասավ արևելյան Թուրքիայի հայերին: Քինգը բավական ճիշտ զուգահեռներ է անցկացրել:
Շամիլին ի վերջո բռնեցին, սակայն ռուսները նրան լավ վերաբերվեցին, իսկ նրա ընտանիքի մի մասը ձուլվեց ցարական արիստոկրատիայում: Սա թերևս հարցերի այն հարթությունն է` Ռուսաստան-իսլամ հարաբերությունները, որ Քինգը կարող էր հետազոտել: Նա մի աշխատություն է գրել այն մասին, թե ինչպես է Կովկասը պատկերված ռուսական գրականության մեջ (hատկապես` Լերմոնտովի և Տոլստոյի մոտ), սակայն և՛ Պուշկինը, և՛ Դոստոևսկին հիացած են եղել իսլամով, իսկ Ռուսաստանը` ցարական թե կոմունիստ (և նույնիսկ` մեր օրերում), բավականին վարպետորեն է զբաղվել մահմեդականներով: Թաթարները թերևս շահեկան գործոն դարձան. Նուրիևն ու Բարիշնիկովը, որոնց անունները թուրքերենով նշանակում են «լույս» և «խաղաղություն», դրա վառ օրինակն են:
19-րդ դարի ընթացքում Կովկասը բացվեց, և մահմեդականներից շատերը դարձան ցարի հավատարիմ հպատակներ: Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսը (և ինչու՞ ենք մենք գործածում թշվառ «Թբիլիսի»-ներ կամ «Վիլնյուս»-ներ տեղանունները պատմական քարտեզի վրա այդքան լավ նշված վայրերի համար), որ փոխարքայի նստավայրն էր, ձգվում էր Կարսից` արևելյան Անատոլիայում, դեպի Կասպից ծովի ավազան, այնտեղով անցնում էին երկաթգծերը կամ ռազմական ճանապարհները: Կասպիական ավազանից նավթ էին արդյունահանում, իսկ ներկայիս Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն դառնում էր ծաղկող քաղաք, որի ճարտարապետության մեծ մասը ուշ-վիկտորիանական շրջանի ոճի էր: Հսկա առանձնատներից մեկը տպավորիչ կերպով վերականգնվեց որպես պատմական թանգարան:
Մինչև այսօր էլ տպավորիչ է այժմ արևելյան Թուրքիայում գտնվող Կարս քաղաքի ուրույն ճարտարապետությունը, ու թեև քաղաքը Սառը պատերազմի տարիներին շատ վատ ժամանակներ է ապրել, այսօր այն ավելի լավ վիճակում է, քանզի այնտեղով է անցնում Բաքվից եկող նավթամուղը, և վերականգնվել են հին երկաթգծի հանգույցները: Նույնիսկ հիմա` չնայած սոսկալի կլիմային, Կարսի բնակիչները նկատելիորեն ավելի խելացի են ու ավելի կրթված, քան Տրապիզոնի կամ Էրզրումի բնակիչները, որոնք մնացել էին Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Համաձայն Օրհան Փամուկի «Ձյունը» գրքի (որն այդ քաղաքի մասին է)` Կարսը շատ լավ թատրոն ուներ, սակայն եթե մահմեդական կնոջ հագուստի կարիք ունեիր, պետք է հասնեիր Էրզրում, որը գավառական-բարեպաշտ քաղաք էր (հիմա էլ այդպես է. աղոթքի կանչերը հաճախակի են ու խլացնող): Իր ոճով, Կարսը մանրակերտ պատկերն է մինչ 1914 թվականն ընկած ժամանակաշրջանի, որը կարող էր լինել Ռուսաստանի պատմության հզոր շրջանը. 1914 թվականն ընդհատեց բարգավաճման ընթացքը, թերևս նույնիսկ` բուրժուական հեղափոխությունը: 1917 թվականի հեղափոխությունը վերջ դրեց այս ամենին:
Մի պաթետիկ դրվագ կա, երբ Անդրկովկասի երեք երկրները` Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը հռչակեցին հեղհեղուկ անկախություն, թեև այդ ժողովուրդները միախառնված էին (որոշ չափով այդպես է նաև հիմա): Բաքվում և Թիֆլիսում մեծաքանակ հայ բնակչություն կար, իսկ Երևանն` այսօրվա Հայաստանի տարածքում, մոտավորապես կիսով չափ մահմեդականներով էր բնակեցված` ադրբեջանցի կամ քուրդ: Այնուհետև տեղի ունեցան «Էթնիկ զտումներ». հատկապես հայերը, դրսևորելով ծավալապաշտական մղումներ, և նույնիսկ, որպես անկախության շրջանի առաջին գործողություն, 1918 թվականին, Սուրբ Ծննդյան օրը ներխուժեցին Վրաստան: Մինչ այսօր հայկական սփյուռքի մեծ մասը, թվում է, այդպես էլ չի ներել արևմուտքին` իրենց դատին չաջակցելու համար` ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչելու այդ տարօրինակ ու համառ պահանջներին: Հնարավոր է, դա ցեղասպանություն էր, սակայն ինչպես Քինգն է ցույց տալիս, հայերը միակ զոհը չէին, ոչ մի դեպքում, ու թերևս ի պատիվ չերքեզների (և այլոց) հետնորդների է, որ վերջիններս ցեղասպանության նույնպիսի ճանաչում չեն պահանջում Կոնգրեսից, կամ Ազգային Ասամբլեայից, կամ Քարդիֆի քաղաքային խորհրդից կամ էլ Էդինբուրգի Ծերակույտից:
Այնուհետև տեղի ունեցավ Կովկասի խորհրդայնացումը. հիմա արդեն կոմունիստների հերթն էր պարզելու, թե որքան բարդ են լինելու ազգային հարցերը, որ արդյունքում կործանեցին նրանց: Նախ և առաջ` կոմունիզմը շատ հրապուրիչ էր ազգային հարցերի լուծման առումով. ո՞վ լիներ, որ նայեր Կովկասին (ինչպես որ Հարավսլավիային) ու հուսահատ միջոցներ չփնտրեր` կանգնեցնելու այդ զազրելի ազգայնականության աճը:
Բազմաթիվ ազդեցիկ կոմունիստներ, սկսած հենց Ստալինից, ծագումով Կովկասից էին, և Ստալինը վերջում դիմեց (չեչենների և շատ ու շատ այլ ժողովուրդների) արտաքսման` որպես հարցի միակ լուծում: Դա հակադարձ ատելություններ առաջացրեց, որ հետ-խորհրդային կյանքը դարձրին այդքան դժվարին: Հայերը կրկնեցին 1918 թվականի իրենց երևակայական արկածախնդրությունը և ներխուժեցին հարևան Ադրբեջան` երևակայական արկածախնդրության հետևից: Նրանք հաղթականորեն ծածանեցին իրենց դրոշները Ղարաբաղի վրա, որը ստիպում է շատ սփյուռքահայերի կրծքեր հպարտությունից ուռչել: Այս քայլը և արդյունքում` նրանց մեկուսացումը, արդեն իսկ աղքատ, առանց ծովի փոքրիկ այս տարածքին տնտեսական խնդիրներից բացի ուրիշ ոչինչ չեն տվել, իսկ բնակչության թիվն, արտագաղթի արդյունքում, նախկին 3 միլիոնից նվազեց 2 միլիոնի սահմանագծից էլ ցած. անկախությունն, այլ կերպ ասած, ավելի մեծ վնաս պատճառեց, քան երբևէ թուրքերն են պատճառել:
18-րդ դարում վրացիները մի տիրակալ են ունեցել, որն ինքն իրեն բնութագրում էր որպես «Ամենաբարձրյալ Արքա` Մեր Տիրոջ Կամոք, աբխազների, քարթվելների, կախեթների և հայերի Տիրակալ Արքայից Արքա և Ողջ Արևմուտքի ու Արևելքի Տիրակալ». Այլ կերպ ասած` մեկ այլ ծավալապաշտական դրսևորում` իր ժամանակների հնչեղությամբ: Չարլզ Քինգը շատ ուսուցողական և հետաքրքիր գիրք է գրել այս ամենի մասին:
—————
[*] Այստեղ կիրառված ստույգ եզրը մեծամոլությունն է (megalomania), սակայն ռասիստական ու ցինիկ կեցվածքով այս հեղինակը` Ն. Ստոունը, խոսում է տարածքային նկրտումների մասին` ի նկատի ունենալով հատկապես հայերին: Հետևաբար այս դեպքում առավել ճշգրիտ է ոչ թե մեծամոլությամբ, այլ ծավալապաշտությամբ տառապող թարգմանելը («Արարատ» ՌԿ խմբ.)։
- «Նյու Սթեյթսմեն»-ը (New Statesman) բրիտանական «ձախակողմյան» քաղաքական ամսագիր է, հրատարակվում է Լոնդոնում: Ներկայիս խմբագիրը` Ջեյսոն Քոլեյն է: Ամսագիրը ստեղծվել է 1913թ.-ին: Հիմնադիրներն են Սիդնեյ եւ Բեատրիս Ուեբերները` Բերնարդ Շոուի եւ Ֆաբիանների Ընկերության (Fabian Society) հետ միասին: ↩
- Այս լեզուները պատկանում են փոքրիկ մի լեզվաընտանիքի, որով խոսում են հիմնականում Ռուսաստանում` չեչեններն ու ինգուշները, իսկ Վրաստանում՝ ծովաթուշերը (Bats) («Արարատ» ՌԿ խմբ.)։ ↩
«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը
Ո՞վ է պատասխանատու Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար
Պատմության հայտնի կեղծարար՝ վերջին տարիներին Թուրքիայում ապրող և դասավանդող Նորման Սթոունի գրախոսությունը նվիրված է Չարլզ Քինգի «Ազատության ուրվականը. Կովկասի պատմություն» գրքին (2008թ.):Դատելով Սթոունի շռայլած գովեստներից ու համառոտաբար ներկայացված փաստերի աղավաղումից` այս գիրքը կարելի է դասել արևմտյան արևելագիտության հերթական թուրքամետ և հայատյաց հրապարակումների շարքը։
Սթոունը (ամենայն հավանականությամբ, նաև Չարլզ Քինգը) այս գրախոսությունում թույլ է տալիս մի շարք լկտի կեղծիքներ և աղավաղումներ։ Այսպես.
- Սթոունը փորձում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը կամ առնվազն արդարացնել այն, հավասարության նշան դնելով Թուրքիայի իրականացրած բնաջնջման և Ռուսաստանի՝ կովկասյան ապստամբությունների դեմ կիրառած բռնամիջոցների միջև։ Պարզվում է` «Քինգը բավական ճիշտ զուգահեռներ է անցկացրել»։
- Ավելին, ըստ այս կեղծարարի, Կովկասում տեղի ունեցած «Էթնիկ զտումներում» ակտիվ են եղել «հատկապես հայերը»։
- Սթոունը լկտիաբար ծաղրում է հայերի՝ ազգային իրավունքների համար մղվող արդար պայքարը։
- Նշում է, թե իբր «Երևանն` այսօրվա Հայաստանի տարածքում, մոտավորապես կիսով չափ մահմեդականներով էր բնակեցված` ադրբեջանցի կամ քուրդ», իսկ Բաքվի և Թիֆլիսի համար ասում է, թե հայերն այնտեղ մեծաքանակ էին` բնականաբար չհիշատակելով այժմյան Ադրբեջանի, Վրաստանի և Օսմանյան կայսրության տարածքներում նախկինում բնակվող հայերի ահռելի քանակը։
- Իհարկե, օգտագործում է միայն արևելյան Թուրքիա և արևելյան Անատոլիա եզրերը, բայց ոչ երբեք ժամանակին հե՛նց արևմտյան աշխարհում և գիտական գրականության մեջ լայնորեն տարածված Արևմտյան Հայաստան կամ Թուրքահայաստան տերմինները։
- Մոռանալով 1915-1921 թթ. ողջ պատմությունը, փաստերը գլխիվայր շրջում է, գրելով, թե իբր «հայերը, դրսևորելով ծավալապաշտական մղումներ, և նույնիսկ, որպես անկախության շրջանի առաջին գործողություն, 1918 թվականին, Սուրբ Ծննդյան օրը ներխուժեցին Վրաստան»։
- Ղարաբաղյան հակամարտության առաջացման ամբողջ մեղքը բարդված է հայերի վրա («Հայերը կրկնեցին 1918 թվականի իրենց երևակայկան արկածախնդրությունը և ներխուժեցին հարևան Ադրբեջան` երևակայական արկածախնդրության հետևից»):
- Սթոունի (և, ըստ երևույթին, Քինգի) մոտեցումներում առկա են նաև հոգեբանական պատերազմի տեխնոլոգիաներ. Արցախյան պատերազմում հայոց հաղթանակը ներկայացված է որպես պարտություն («տնտեսական խնդիրներից բացի ուրիշ ոչինչ չի տվել»), իսկ Հայաստանի բնակչության թիվը գրեթե մեկ միլիոնով նվազեցվում է։
Նկատենք նաև, որ Չ. Քինգի այս գրքի մասին հիացական գնահատականներ են հնչեցրել նաև ուրիշ հեղինակներ, արևմտյան բազմաթիվ հեղինակավոր հանդեսներում և պարբերականներում, այդ թվում՝ Times Literary Supplement-ում, Middle East Strategy at Harvard-ում, Foreign Affairs, Library Journal-ում (ծաղկաքաղը տե՛ս Oxford University Press-ի հետևյալ էջում, նաև Ջորջթաունի համալսարանի կայքում)։
Այս գրախոսությունն, անշուշտ, կունենա հազարավոր արտասահմանցի, ներառյալ` սփյուռքահայ ընթերցողներ, ուստի դժվար չէ պատկերացնել հայոց պատմության այդպիսի ներկայացման բացասական ազդեցությունը։
Սակայն ո՛չ Սթոունի գրախոսությանը, ո՛չ էլ առավել ևս Քինգի գրքին հայկական կողմը չի պատասխանել։ Ստիպված ենք դարձյալ արձանագրել, որ լուռ են ՀՀ արտգործնախարարությունն ու նրա դեսպանությունները, որոնք կոչված են պաշտպանելու Հայաստանի քաղաքական շահերը և դրանց վնասող տեղեկատվական հարձակումները։ Լուռ են նաև Սփյուռքի՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում գործող լոբբիստական կառույցները, որոնց աշխատանքի բաղկացուցիչ մաս են հայտարարված քարոզչական խնդիրները։ Ինչպես միշտ, լուռ են արևմտյան «հայագետները», որոնք իրականում ներկայացնում և առաջ են մղում նույն արևմտյան շահերը, թեև փոքր-ինչ ավելի մեղմ եղանակներով, քան Նորման Սթոունը։ Ցավոք, Սփյուռքի ամենահարուստ ու քաղաքականապես փոքրիշատե կազմակերպված համայնքը` ամերիկահայությունը, մասամբ լիովին անտեղյակ է Հայոց պատմությանն ու մշակույթին, մասամբ էլ` օտար ուժերի մշակած կեղծ տեսությունների և, ըստ այդմ էլ, հայավնաս գաղափարախոսության ազդեցության տակ է:
Տեղեկատվական պաշտպանության այսպիսի խնդիրներից հեռու են նաև Հայաստանում գործող հայագիտական հիմնարկները։ Պատճառների մասին շատ է խոսվել, բայց սայլը տեղից չի շարժվում։
Հայրենի պաշտոնյաներին կոչ ենք անում սթափվել։ Տեղեկատվական անվտանգության հայեցակարգ մշակելուց բացի, շատ ավելի կարևոր է ամեն օր զբաղվել Հայաստանի տեղեկատվական պաշտպանությամբ՝ օգտագործելով բոլոր առկա միջոցները։ Դրա համար Հայաստանն ունի լուրջ հնարավորություններ, մասնավորապես պետական լծակներ և գիտական ռեսուրսներ։
Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ-ում կեղծ-հայագիտական դպրոցի գործունեության մասին լրացուցիչ գրականություն.
«Հայաստանի տեղեկատվական պաշտպանությունը ճեղքված է», Գոլոս Արմենիի, 17.10.2007:
Կարդացեք ռուսերեն:«Հայագիտությունը որպես ինքնապաշտպանական համակարգ ու դիմադրության անհամաչափ միջոց», «21-րդ դար», թիվ 3 (9), 2005:
Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ։
Հեղինակ. Արմեն Այվազյան
Հրատարակչություն. Երևան։ «Արտագերս» հրատ., 1998“Государство за спиной”, Голос Армении, 17.05.2007 г.
Հայագիտության արդի վիճակը ու նրա զարգացմանը խոչընդոտող պատճառները, «Ազգային Հայացք» – Հ1, 14.05.2008թ.
«Պատմագիտություն» , «Հայեր» Հ1, 2003թ.
ԱՌԿ-ի առաջարկությամբ մեկնաբանում է պատմ.գիտ. դոկտոր-պրոֆեսոր Է. Լ. Դանիելյանը
———————-
[1] Բացի New Statesman թերթից, այս գրախոսությունը հայտնվել է արևմտյան այլ պարբերականներում և ինտերնետային էջերում, օրինակ՝ “The high passions of the Caucasus”
06 January 2009, The Australian Financial Review, http://www.politigg.co.uk/stories/71643/Mountain_megalomaniacs.html։
Ո՞վ է Նորման Սթոունը
Նորման Սթոունը պատմության կեղծարար բրիտանացի հեղինակ է. գրում է ժամանակակից Եվրոպայի, մասնավորապես Կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի հարցերով:
Ավարտել է Քեմբրիջի համալսարանը: Նրա ակադեմիական գործունեությունը սկսվել է 1965 թ.-ին: Դասավանդել է Քեմբրիջի համալսարանում` ռուսական եւ գերմանական պատմություն, Օքսֆորդի համալսարանում` ժամանակակից պատմություն:
1997թ.-ին դարձել է Անկարայի Բիլկենթի համալսարանի` Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան եւ Ռուսական կենտրոնի ղեկավար:
2005թ.-ին տեղափոխվել է Ստամբուլի Քոչի համալսարան` որպես պատմության պրոֆեսոր:
Այժմ Սթոունն աշխատում է Բիլքենթի համալսարանում` որպես Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան:
Սթոունը մի շարք գրքերի հեղինակ է («Արեւելյան ֆրոնտ», «Փոխակերպված Եվրոպա» եւ այլն): Հրապարակել է բազմաթիվ գրախոսականներ բրիտանական եւ եվրոպական մամուլի էջերում:
Այլ տվյալներ.
1987-1992թթ. եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Մ. Թետչերի արտաքին քաղաքական, մասնավորապես` Եվրոպայի հարցերով խորհրդականը:
Ակտիվ է եղել Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հելսինկյան Բրիտանական խմբում:
Նորման Սթոունը մերժում է Հայոց Ցեղասպանության փաստը եւ պարբերաբար արտահայտում է իր հայատյաց դիրքորոշումները. 2004թ.-ին, օրինակ, «Թայմս Լիթրերի Սափլեմենթ» պարբերականին ուղղված նամակում նա հորդորում է խմբագրակազմին` հերքել «հայ ազգայնականների պնդումներն առ այն, որ տեղի է ունեցել ցեղասպանություն իր դասական բնորոշմամբ» (տե՛ս Wikipdia )։
Նորման Սթոունի կեղծիքների թանձրույթ կարելի է համարել նրա «Հայոց Ցեղասպանություն չկա» խորագրով հոդվածը (British Historian Norman Stone: There is No Armenian Genocide, The Journal of Turkish Weekly, 20 October 2006):