«Ադրբեջանում պատմությունը կեղծվում է խայտառակ կերպով, դպրոցականներն իրենց երկրի «կեղծված պատմությանն են ծանոթանում»: Ուսումնասիրելով ԱՊՀ երկրներում պատմության «վիճակը»ՙ նման եզրակացության են եկել ռուս գիտնական-պատմաբանները, մինչդեռ Հայաստանում ու Բելառուսում վերոհիշյալ գիտնականները պատմության որեւէ կեղծիք չեն հայտնաբերել: Բայց որ Ադրբեջանում կեղծվում է ոչ միայն պատմությունը, այլեւ ներկան, քչերն են խոստովանում. պարզվում է, որ ղարաբաղյան բանակցություններում ամենեւին էլ չի քննարկվում Ղարաբաղի անկախության հարցը: Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիեւը` ելույթ ունենալով Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունում: Ալիեւ որդին դժգոհություն է հայտնել, որ «չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերին, Հայաստանը չի հանում իր զինուժը մեր օկուպացված հողերից: Սա նշանակում է, որ միջազգային իրավունքը չի գործում: Իսկ այդ նորմերը արհամարհող ագրեսորը միջազգայնորեն չի պատժվում: Ադրբեջանական հողերի օկուպացիային պետք է վերջ տրվի, այն մարդիկ, որոնք ապրում են այսօր Ղարաբաղում, պետք է այնտեղ ապրեն ադրբեջանցի փախստականների հետ` Ադրբեջանի իրավասության տակ, ստանալով լայն ինքնավարություն, ինչպես ընդունված է ժամանակակից աշխարհում: Իսկ այսօր բանակցություններում մենք չենք քննարկում Ղարաբաղի անկախության հարցը, դա անհնար է», հայտարարել է Ալիեւը:
Նախ, բացի նրանից, որ ՄԱԿ-ն ընդունած ունի երկրների տարածքային ամբողջականությունը հարգող բանաձեւեր, ունի նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ընդունող բանաձեւեր, որոնք, ի դեպ, ստորագրել է նաեւ Ադրբեջանը: Այնպես որ, նախագահի մակարդակով հայտարարել, թե «հայկական զինուժի առկայությունը Ղարաբաղում խախտում է միջազգային իրավունքը», մեղմ ասած, նշանակում է կամ հարցի, կամ նույն միջազգային իրավունքի չիմացություն. ինչո՞ւ, օրինակ, Ալիեւ կրտսերը համարձակություն չունի հայտարարելու, որ ռուսները խախտում են միջազգային իրավունքը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Ինչ վերաբերում է «ժամանակակից աշխարհում ընդունված լայն ինքնավարությանը», այն երկրները, որոնք ունեն լայն ինքնավարություններ, իրենց երկրում ինքնավարության քաղաքացիներին չեն ներկայացնում հանցագործ-մարդասպան-ոխերիմ թշնամիներ, չեն հայտարարում, որ պատրաստ են պատերազմելու նրանց դեմ: Եթե մի պահ հավատանք ադրբեջանական պատմության դասագրքին եւ ընդունենք, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, ապա Ալիեւն, ի՞նչ է, սեփական քաղաքացիների դե՞մ է պատերազմ սկսելու հայտարարություններ անում, սա չի՞ պատասխանում արդյոք այն հարցին, թե հայ-ադրբեջանական հակամարտությունում ագրեսորն ով է:
Իլհամ Ալիեւի հետագա հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանի «արքան» այնքան էլ տեղյակ չէ ոչ միայն միջազգային իրավունքին, ժամանակակից ինքավարություններին, այլեւ սեփական երկրի պատմությանը. «1918-ին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը որոշում կայացրեց հանձնել հայերին Էրիվանը որպես մայրաքաղաք: Էրիվանը ադրբեջանական Էրիվանի խանության կենտրոնն էր: Սա նշանակում է, որ հայերն արդեն կառուցել են իրենց պետությունը ադրբեջանական հողերում, եւ մենք չենք կարող թույլ տալ, որ հայերը երկրորդ պետությունը կառուցեն Ադրբեջանի տարածքում: Որքան շուտ հայերը սա հասկանան, այնքան շուտ Կովկասում կհաստատվի խաղաղություն, քանի որ առանց ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավոր չէ տարածաշրջանում իրականացնել այլ ծրագրեր կամ քաղաքական նախաձեռնություններ: Սա անհնար է», հայտարարել է Ալիեւը: Անկեղծ ասաց, շատ ավելի ճիշտ կլիներ, որ այս հայտարարությանը պատասխաներ Իրանը` այն էլ պետական մակարդակով: 1918-ին Արեւելյան Հայաստանում չկար որեւէ ադրբեջանական խանություն, այս վերջինը հայկական բնիկ տարածքներում չի եղել երբեք: Եղել են իրանական (պարսկական) խանություններ, որոնցից էլ ցարական Ռուսաստանի զորքերի օգնությամբ ազատագրվել է Արեւելյան Հայաստանը: Այնպես որ, նույն իրանական ազգությունների խառնուրդից, իրանական խանությունների հիման վրա կառուցված Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ ներկայիս Ադրբեջանի կողմից հնչող նման հայտարարություններին պետք է արժանի գնահատական տրվի, Ալիեւի ասածՙ «միջազգայնորեն»:
Հիմա մեկ այլ զավեշտի մասին. «Ազգերի ինքնորոշումն, անշուշտ, կարեւոր նորմ է միջազգային իրավունքի տեսակետից, սակայն չէ՞ որ հայերն արդեն ինքնորոշվել են, իսկ մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք երկրորդ անգամ ինքնորոշվեն մեր հողերում: Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվումՙ Մինսկի խմբի համանախագահների երկրներում, ապրում են բազմաթիվ հայեր, ի՞նչ կասեն այդ երկրները, եթե հայերն իրենց երկրներում հանկարծ որոշեն ինքնորոշվել: Որքա՞ն կարող են առաջանալ հայկական պետությունները: Կրկնում եմՙ հայերն արդեն ինքնորոշվել են, ընդ որում մեր` ադրբեջանական տարածքներում, սա բոլորը գիտեն», բոլորի անունից հանդես է եկել Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիեւը թերեւս չգիտի, որ իր սիրած ժամանակակից աշխարհում կան Հյուսիսային եւ Հարավային Կորեաներ, հսկայական արաբական աշխարհ, կային երկու Գերմանիաներ եւ, ամենակարեւորը, կա թյուրքական պետությունների շղթան, որոնցից մեկի ղեկավարն էլ հենց խոսում է մեկ ազգի երկու պետություն ունենալու անհնարինության մասին` մասնակցելով, սակայն, «մեկ ազգ` երկու-յոթ-ութ» պետություններ «մեկազգային» բազմաթիվ ֆորումներին:
Սեփական երկրի պատմության «լավ իմացությունը», միջազգային դրությանը, իրավիճակին, իրավական նորմերին քաղաքական քարտեզին «քաջատեղյակությունը» հիմք է տալիս կարծելու, որ Իլհամ Ալիեւը նոր է ավարտել ադրբեջանական դպրոցը, որտեղ «Էրիվանն ադրբեջանական քաղաք է»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Azg.am