Կդիմեն նաեւ ՍԴ

Կդիմեն նաեւ ՍԴ

Արման Գալոյան

Կդիմեն նաեւ ՍԴ

Խորհրդարանական ընդդիմությունը չի բացառում, որ առաջիկայում դիմեն ՍԴ` Լեզվի մասին եւ Հանրակրթության մասին ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար:

Նախօրեին նախագծերի քննարկման ժամանակ տեսակետ հնչեց, որ այդ նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Անկախ պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, իրավաբան Վիկտոր Դալլաքյանը հիշատակել էր, որ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն «ՀՀ պետական լեզուն հայերենն է»: Իսկ «պետական լեզու» հասկացությունը, հղում անելով տարբեր հանրագիտարանների ու բառարանների, Դալլաքյանը մեկնաբանեց, որ դա կրթական եւ ուսումնական հաստատություններում դասավանդվող լեզուն է: Երեկ մեզ հետ զրույցում Վիկտոր Դալլաքյանը երկու լուծում առաջարկեց` այդ օրենքներում ինչ-որ փոփոխություններ կատարելու համար կամ պետք է փոխել ՀՀ Սահմանադրությունը, կամ` պետք է նախագծերը վիճարկվեն ՍԴ-ում: «Այս նախաձեռնության հեղինակները թող դիմեն ՍԴ` նախագծերի սահմանադրականությունը որոշելու համար», – ասաց Դալլաքյանը` խորհուրդ տալով այս նախագծերին դեմ արտահայտվող խորհրդարանական ընդդիմությանը եւս նման նախաձեռնություն ցուցաբերել: Դալլաքյանը վստահեցրեց, որ ինքը պատրաստ է ստորագրել ՍԴ դիմելու նախաձեռնության տակ:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը չբացառեց ՍԴ դիմելու հավանականությունը: «Ես համոզված եմ, որ օտարալեզու դպրոց հիմնելը հակասում է եթե ոչ Սահմանադրության տառին, ապա ոգուն: Ես ասում եմ` ինչու եք ուզում լուծումը փնտրել այնտեղ, որտեղ կա այդ հակասության անգամ կասկածն ու հասարակության պառակտումը: Եկեք գտնենք ճիշտ իրավական ճանապարհը», – ասաց նա: Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ ՍԴ դիմելու համար, այնուամենայնիվ, իրենց չի հաջողվի համապատասխան թվով ստորագրություններ հավաքել: «Մենք հաշվել ենք այդ ամենը, եւ եթե իշխանական թեւից միացողներ չլինեն, այդքան ստորագրություն չենք կարողանա հավաքել: Պետք է որեւէ քաղաքացի դիմի դատարան, սպառի 3 բոլոր ատյանները եւ նոր դիմի ՍԴ, որտեղ նրան «Ժառանգությունը» եւս սատար կկանգնի», – ասաց տիկին Ալավերդյանը: Տիկին Ալավերդյանը կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե ՍԴ դիմելու իրավասություն տրվեր խմբակցություններին:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ ՍԴ դիմելու հնարավորությունը պետք է օգտագործել, երբ հարցը հասունանա: Իսկ առայժմ այդ խնդիրը չի հասունացել: Ըստ նրա` հիմա ԱԺ խմբակցություններում, այդ թվում` իշխանական թեւում «բյուրեղանում են» մոտեցումները: «Ի վերջո հարցը ԱԺ է բերվել շատ հում, եւ դա է պատճառը, որ կրթության նախարարը օրենքի սկզբնական տրամաբանությանը հակասող բազմաթիվ փոփոխություններ բերեց: Եթե օրինագիծը վերցնում ենք որպես օրինագիծ, ապա բյուրեղանում են ինչ-որ տեսակետներ», – ասաց նա: Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ խորհրդարանական ընդդիմությանը երեկ հաջողվեց թույլ չտալ, որ նախագիծը մինչեւ վերջ քննարկվի ԱԺ-ում եւ հետաձգվեց: «Իսկ հետաձգումը նշանակում է հավելյալ ժամանակ` մտածմունքների, մտորումների եւ քննարկումների համար: Ես կարծում եմ, որ առաջին ընթերցումն անկախ նրանից, ինչով կավարտվի, պառլամենտական լսումներ կանցկացվեն, ու դրանք էլ ավելի կհստակեցնեն պատկերացումները: Եվ միգուցե ահա այդ ժամանակ հնարավոր լինի ՍԴ դիմելու ճանապարհը օգտագործել: Իսկ հիմա ես կարծում եմ, որ ավելի օգտակար է քարոզչական աշխատանքը», – մեկնաբանեց նա:

Իսկ ընդդիմությանը կհաջողվի՞, արդյոք, համապատասխան թվով ստորագրություններ հավաքել` ՍԴ դիմելու համար: «Մենք փորձ ունենք ՍԴ-ի հետ աշխատելու եւ վերջերս ինքներս նախաձեռնել էինք, բայց դա անում ենք այն ժամանակ, երբ հաղթանակի հնարավորություն ենք տեսնում: Եթե ստորագրահավաքի խնդիր առաջացավ, չի բացառվում, որ մենք չհաջողենք: Սակայն, այնուամենայնիվ, մենք պայքարը շարունակելու ենք», – ասաց Վահան Հովհաննիսյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս անդրադարձավ այս խնդրին: «Նախագծի` Սահմանադրությանը հակասել-չհակասելը միայն կարող է ՍԴ-ն որոշել: Ամեն մեկս գիտունիկ ենք դարձել ու կարծիք ենք հայտնում: Չի կարելի այդպես», – ասաց պարոն Սահակյանը: Այնուամենայնիվ, պարոն Սահակյանը նշեց, թե այս նախագծերի վերաբերյալ իրենք «կարծր» դիրքորոշում ունեն: Կարծր դե՞մ, թե՞ կարծր կողմ հարցին` ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ըստ էության, չպատասխանեց: «Բոլորը համոզված են, որ կա խնդիր, եւ լավ է, որ չեն շտապում խնդիրը բանաձեւելու հարցում: Առաջիկայում առաջին ընթերցմամբ քվեարկելուց հետո, ամռան ընթացքում կարելի է նաեւ լրամշակել օրենքի նախագիծը», – նշեց նա:

Zhamanak.com

This post is also available in: ,