2010թ. մարտի 19-ին Ջավախքահայության իրավունքների համակարգող խորհուրդը բաց նամակ էր հրապարակել հասցեագրված Հայաստանում ԱՄՆ դեսպան տկն Մ. Յովանովիչին: Նամակում ներկայացված էին այն անճշտությունները, որոնք պարունակում է ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների 2010թ. զեկույցը ջավախքահայության հիմնախնդիրների և ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի գործի վերաբերյալ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փոխանցել էր բաց նամակը Վրաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացչություն: Մայիսի 17-ին Համակարգող խորհրդի ներկայացուցիչները հրավիրվեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, որտեղ նրանց հանձնվեց Վրաստանում ԱՄՆ դեսպանի պատասխանը, որով պրն Ջոն Բասսը իր հերթին հրավիրում էր Խորհրդի ներկայացուցիչներին Թբիլիսի՝ ջավախքահայության խնդիրները քննարկելու համար:
Ըստ հետագայում ձեռք բերված պայմանավորվածության՝ 2010թ. հունիսի 21-ին Համակարգող խորհրդի ներկայացուցիչներ Սևակ Արծրունին և Ռոբերտ Թաթոյանը ԱՄՆ դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար տկն Ջուլի Ֆիշերի հետ հանդիպման նկատակով մեկնեցին Թբիլիսի: Սակայն հայ-վրացական սահմանի անցակետում վրացական սահմանապահները, չներկայացնելով որևէ պատճառաբանություն, թույլ չտվեցին Սևակ Արծրունուն մտնել Վրաստանի տարածք: ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպմանը մասնակցեց միայն Ռոբերտ Թաթոյանը, որը ներկայացրեց միջադեպի մանրամասները, ինչպես նաև հանձնեց ԱՄՆ կառավարությանը հասցեագրված Համակարգող խորհրդի նամակը՝ ջավախքահայության խնդիրների լուծման և Վահագն Չախալյանի ազատ արձակմանն ուղղված վրացական իշխանությունների հետ երկխոսության մեջ միջնորդ հանդիսանալու կոչով:
Անհրաժեշտ է նշել, որ հունիսի 21-ի հանդիպմանը հրավիրվել էր և Համակարգող խորհրդի անդամ ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին, սակայն վրացական իշխանությունները նախապես տեղեկացրել էին, որ թույլ չեն տալու նրա մուտքը Վրաստան:
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը գնահատում է տեղի ունեցածը որպես ԱՄՆ դեսպանատան հետ հանդիպման տապալմանը ուղղված վրացական իշխանությունների նպատակաուղղված փորձ: Հայտարարում ենք, որ համապատասխան քայլեր են ձեռնարկվելու տվյալ միջադեպը առանց հետևանքի չթողնելու համար:
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ