Հարցազրույց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանի հետ
-Հունիսի 23-ին ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվելու է ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» վիճահարույց օրինագիծը։ Ի՞նչ եք կարծում, ձեր շարժման մինչ այժմ նախաձեռնած բողոքի գործողություններն իրենց ցանկալի արդյունքը կտա՞ն։
-Անպայմա՛ն։ Համատեղ պայքարով մենք կարող ենք կասեցնել վտանգավոր օրինագիծը։ Մենք կոչ ենք անում միանալ մեզ և մասնակցել բողոքի ցույցին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքում’ հունիսի 23-ին, չորեքշաբթի, ժամը 11-ին, Կառավարության նիստերի դահլիճի մուտքի դիմաց’ Մելիք-Ադամյան 2: Սակայն մեր պայքարը չի սահմանափակվում որևէ մեկ քննարկումով կամ արտահերթ նիստով։ Մեր վերջնական նպատակը նրա՛ն հասնելն է, որ այս օրինագծի դրույթը չանցնի։ Թե ե՞րբ դա տեղի կունենա, այս պահին դժվար է ասել, բայց այս օրինագիծը չի ընդունվելու։
-Այդուհանդերձ, ՀՀԿ-ական պատգամավորները հայտարարել են, թե իրենք կողմ են քվեարկելու օտարալեզու դպրոցների բացման մասին օրինագծին, քանի որ այն ՀՀ կառավարությունն է ներկայացրել, և այն անցնելու է, քանի որ ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն է։ Չի՞ նշանակում, որ ձեր բողոքի գործողություններն ապարդյուն են անցել։
-Ոչ միայն մեր, այլ նաև հասարակության լայն շրջանակների բողոքները հանգեցրել են նրան, որ կառավարության՝ սկզբում որևէ սահմանափակումներ չունեցող առաջարկը հիմա սահմանափակվել է, և խոսքը 2 թե 15 դպրոցի մասին է (այս պահին դժվար է հասկանալ՝ ինչի՞ մասին է խոսքը)։ Մենք տեսնում ենք ակնհայտ նահանջ։ Այսինքն, այն, որ հասարակության բողոքները տեղ հասնում են, ակնհայտ է։ Իսկ թե ո՞ր փուլում կառավարությունը հետ կքաշի իր ծրագիրը և փոխարենը կառաջարկի մեկ ուրիշը, որը որ հաշվի կառնի խնդրի բուն էությունը, այլ ոչ թե փորձ կանի ինչ-որ արագ ձևերով սահմանափակ քանակությամբ մարդկանց հնարավորություն տալ ուսումնասիրելու լեզուները, բայց դա բացարձակապես ոչ մայրենիի հաշվին, այս պահին դժվար է ասել։ Մեր բոլորի պայքարը վերջանականորեն բերելու է նրան, որ այս օրինագիծը մերժվելու է։
-Եթե լրամշակված տարբերակում օտարալեզու դպրոցների քանակը կրճատված լինի և հասցվի 2-ի, ու նմանատիպ այլ փոփոխություններ էլ լինեն, դա ձեզ համար փոխզիջումային կլինի՞:
-Բացարձակապես ո՛չ, որովհետև հարցն այն է, որ թեկուզ կես դպրոց կամ մեկ դասարան բացելու համար պետք է փոխել «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, իսկ դա մեզ համար մեր անկախության սկզուբանքային տարրերից մեկն է, որն ուղղակի անձեռնմխելի է։ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը պահանջում և առաջարկում է.
ա. կառավարությունը պետք է հետ կանչի այդ վտանգավոր օրինագիծը, կամ Ազգային ժողովը պիտի մերժի այն,
բ. պետք է ստեղծել օրենսդրական երաշխիքներ, որպեսզի ապագայում առհասարակ բացառվեն նմանօրինակ նախաձեռնությունները,
գ. օրինագիծը կասեցնելուց հետո կազմակերպել հասարակական քննարկումներ լեզվի և հանրակրթության խնդիրների շուրջ, այդ թվում.
- բոլոր դպրոցներում օտար լեզուների խորացված ուսուցման խնդիրը՝ հայոց լեզվի հիմքի վրա,
- միջազգային փորձի կիրառման, այդ թվում արդյունավետ կրթական համակարգերի և դասավանդման եղանակների տեղայնացման խնդիրը (օրինակ՝ միջազգային բակալավրատի ձևաչափի հայացումը),
- օտար լեզուների դասավանդման միջպետական և մասնավոր կենտրոնների ստեղծման ու դրանց գործնեության խրախուսման հնարավորությունները (օրինակ՝ հարկային արտոնությունների կիրառմամբ)։
-Ձեր շարժման անդամների և հենց Ձեզ համար ի վերջո հստակեցվե՞ց, թե ո՞վ էր այս նախագծի հեղինակը, և ի՞նչ նպատակ է այն հետապնդում։
-Տարբեր պահերին տարբեր մարդիկ, պաշտոնյաներ. մե՛կ կրթության նախարար պարոն Աշոտյանն էր ասում, թե սա բացարձակապես ի՛ր նախաձեռնությունն է, ավելի ուշ պարոն վարչապետն ասաց, որ ի՛նքն է այս առաջարկությամբ հանդես եկել։ Այսինքն, այս հարցում մենք որևէ հստակ պատասխան չունենք, թե ով է եղել այս օրինագծի նախաձեռնողը։
-Եթե, այդուհանդերձ, օտարալեզու դպրոցների բացման մասին օրինագիծն ընդունվի, ձեր հետագա քայլերը որո՞նք են լինելու։
– Ցանկացած օրինագիծ չի կարող ընդունվել միանգամից, այն ունի ընդունման 3 փուլ՝ առաջին, երկրորդ ընթերցումներ, և հետո նախագահը պետք է ստորագրի այս օրինագիծը՝ մինչև այն օրենք դառնա։ Այդ բոլոր փուլերում մենք աշխատելու ենք, որպեսզի այս օրինագիծը մերժվի, բայց անգամ եթե օրինագիծն ընդունվի, ինչպես ասել է մեր շարժման անդամ Արմեն Հովհաննիսյանը, այս դպրոցները չեն բացվելու, բացվելու դեպքում չեն գործելու, գործելու դեպքում կփակվեն։ Այսինքն, վերջիվերջո, սա մեկ օրվա պայքար չէ, սա շատ կարևոր մի գործընթաց է, որի ավարտը պետք է լինի լիակատար հաղթանակը և հայերենի ամրապնդումը։ Կասեմ ավելին. մենք պետք է հասնենք նրան, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում նման փոփոխությունները օրենքի տեսանկյունից անհնարին լինեն. մենք պետք է ամրագրենք կարգավիճակը հայերենի՝ որպես լեզվի, որով իրականացվում է հանրակրթությունը։ Մենք դա պետք է ամրագրենք և ստեղծենք մի օրենք, որը կարգելի նման փոփոխություններն ընդմիշտ կամ որևէ մի պատկառելի ժամանակով, դիցուք՝ 100 տարով, որի ընթացքում կկայանա որակյալ ազգային դպրոցը։ Թեև, իհարկե, որակյալ հայալեզու դպրոցը շատ ավելի շուտ կկայանա, կարծում եմ՝ մոտակա 10-15 տարվա ընթացքում, և որից հետո արդեն խոսակցություններն այն մասին, որ գիտեք՝ մենք բացենք անգլերեն կամ ռուսերեն դպրոցներ, որպեսզի կարողանանք այդ լեզուներին տիրապետել, կամ պետք է ունենանք օտարալեզու դպրոց, որպեսզի կարողանանք արդյունավետ նոր դասավանդման մեթոդներ ներմուծել, այդ խոսակցություններն իսպառ կվերանան։ Այդ ժամանակ ոչ մեկի մտքով անգամ դա չի անցնի, որովհետև մենք կունենանք որակյալ հայալեզու դպրոց, և այդ պատճառաբանությունները որևէ մեկը լուրջ չի ընկալի։ Այս պահին կառավարությունը, փաստորեն, ասում է՝ մենք չունենք լավ դպրոց, իսկ օտարալեզու դպրոցները լավ բան են, ինչո՞ւ ես մերժում։ Փոխանակ ասի՝ գիտե՞ս, ես այս պահին չեմ կարողանում որակյալ կրթություն ապահովել, բայց ես ամեն օր աշխատում եմ, որպեսզի այդ կրթությունը լավը լինի։ Եվ ոչ թե փորձի ասել՝ գիտե՞ք, ես կբերեմ ինչ-որ մեկին, որ իմ գործն այդ մեկը գա, անի։ Մենք բազմաթիվ բացեր ունենք այս պահին. ո՛չ միայն կրթության բնագավառում։ Այդ դեպքում թող կառավարությունն ասի՝ մենք ընդհանրապես չենք կարող որևէ բան անել, եկ ուրիշին հրավիրենք, որը որ շատ ավելի հմուտ է կառավարելու արվեստում։ Թող նրա՛նք կառավարեն, իրենք էլ թող հրաժարական տան, եթե մոտեցումը դա է։
-Ի՞նչ կասեք այն բոլոր պատգամավորներին, ովքեր, ամեն դեպքում, պատրաստվում են կողմ քվեարկել «Լեզվի մասին» օրինագծին։
-Կոչ եմ անում, որ նրանք հրաժարվեն այդ քայլից՝ հասկանալով, թե ինչ հարված են իրենք հասցնելու այդ քվեարկությամբ։ Միգուցե իրենք չե՞ն հասկանում դա, բայց մենք բազմիցս նյութեր ենք բաժանել, որտեղ լուսաբանվել է, թե ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Ես խորհուրդ կտամ, որ եթե անգամ չեն կարող դեմ քվեարկել, ապա ընդհանրապես չմասնակցեն այդ քվեարկությանը։
Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը
7or.am