Վրացական իշխանությունները խստացնում են ջավախքահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը

Վրացական  իշխանությունները խստացնում  են ջավախքահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը

(Ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի հայտարարությունը)

15 հուլիսի 2010թ,

Ռուսթավի քաղաքի N6 քրեակատարողական հիմնարկ

2010թ. հուլիսի 5-ին Վրաստանի Գերագույն դատարանը որոշում ընդունեց, որով հրաժարվեց իմ հոր՝ Ռուբեն Չախալյանի, կրտսեր եղբոր՝ Արմեն Չախալյանի և իմ գործն ընդունել վարույթ՝ թողնելով մեր նկատմամբ կայացված դատավճիռներն անփոփոխ:

Այս որոշումը սպասելի էր. գերագույն  դատարանը, ինչպես մինչ այդ՝ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանները, հլու հնազանդ ենթարկվեց վրացական իշխանությունների կամքին՝ ոտնահարելով արդար դատավարության տարրական սկզբունքները:

Դատարանի  այս որոշումը համահունչ է ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվա-կրթական, կրոնական և մշակութային իրավունքների ոտնահարման վրացական իշխանությունների քաղաքականությանը վերջին շրջանում նոր թափ հաղորդելու միտումներին.

  • Քաղաքական և տնտեսական ճնշման են ենթարկվում, ոստիկանության հսկողության տակ են գտնվում Ջավախքում գործող հայկական հասարակական-քաղաքական կազմակերպությունների ակտիվ անդամները, ազգային գործիչները, հայ ակտիվիստներին ստիպում են հեռանալ երկրից.
  • Նոր դրսևորումներ է ստանում Վրաստանի հայաբնակ շրջանների (Սամցխե-Ջավախք-Ծալկա) էթնո-ժողովրդագրական պատկերի փոփոխման վրացական իշխանությունների ավանդական քաղաքականությունը. վերսկսվել է աջարների Ջավախք վերաբնակեցման գործընթացը,
  • Վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայկական դպրոցների վրացականացման գործընթացի արագացման ուղղությամբ, աշխատանքից են ազատվում իշխանություններին անցանկալի հայ ուսուցիչները,
  • Նոր անուններով է համալրվում ջավախքահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչների Վրաստան մուտքն արգելող «սև ցուցակը»:

Առկա իրավիճակից միջազգային հանրության հետզհետե աճող մտահոգությանը իշխանությունները պատասխանում են ապատեղեկատվություն տարածելով և կտրականապես ժխտելով հայ բնակչության նկատմամբ խտրականության փաստերը:

Այս պայմաններում ջավախքահայության շրջանում հետզհետե ուժեղանում են դժգոհության, օտարվածության, հիասթափության և անտարբերության տրամադրությունները: Դրա վերջին և ամենավառ վկայությունը մայիսի 30-ի Վրաստանի ՏԻՄ ընտրությունների ջավախքահայության կողմից փաստացի բոյկոտն էր, ինչը վրացական իշխանություններին ստիպեց կեղծել Ջավախքում դրանց արդյունքները՝ «նկարելով» 75-78% մասնակցություն և ստեղծելով իշխող կուսակցության օգտին քվեարկած «մեռյալ հոգիների» ստվար բանակ:

Հաշվի առնելով  վերոնշյալը՝ ես վերահաստատում եմ իմ և իմ ընտանիքի անդամների նկատմամբ արդարության վերականգնման համար միջազգային բոլոր ատյաններում պայքարելու վճռականությունը:

Մնում եմ այն համոզման, որ բանտերի ու հալածանքների միջոցով  ջավախքահայության բողոքը լռեցնելու միտված բոլոր քայլերը չեն հասնելու իրենց նպատակին: Մեր պայքարը հանգեցնելու է նրան, որ վրացական իշխանությունները վաղ թե ուշ ստիպված են լինելու ենթարկվել առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու հրամայականին:

Երկխոսության դաշտ ստեղծելու համար վրացական իշխանությունները առաջին հերթին պարտավոր են վերջ տալ ճնշումների, սպառնալիքների ու բռնությունների լեզվով ջավախքահայության հետ խոսելու իրենց քաղաքականությանը և մասնավորապես`

  • Դադարեցնել ջավախքահայ հասարակական- քաղաքական գործիչների հետապնդումները,
  • Բեկանել իմ հոր, կրտսեր եղբոր  և իմ նկատմամբ ընդունված անարդար դատավճիռները, փոխհատուցել այս անօրինական գործընթացների հետևանքով առաջացած բոլոր վնասները,
  • Թույլ տալ վերադառնալ հալածանքների արդյունքում երկրից հեռացած բոլոր հայ ակտիվիստներին,
  • Կատարել իմ ձերբակալությանը նախորդած դեպքերի արդար եւ անկողմնակալ հետաքննություն,
  • Վերացնել Վրաստան մուտք գործելու վրա արգելք դրված հայ գործիչների «սև ցուցակը»:

Ջավախքահայությանը հուզող քաղաքական, քաղաքացիական, լեզվա-կրթական, կրոնական եւ մշակութային խնդիրներին պետք է տրվեն ազգային փոքրամասնության պաշտպանության գործող միջազգային նորմերի տառից և ոգուց բխող լուծումներ:

Վրաստանի  հայաբնակ շրջանների էթնո-ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխմանն ուղղված բոլոր ծրագրերը պետք է կասեցվեն:

Միջազգային կառույցները պարտավոր են հստակ կեցվածք որդեգրել հայ բնակչության նկատմամբ վրացական իշխանությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականության անհանդուրժելիության վերաբերյալ: Երկակի չափանիշները, անորոշ և լղոզված քայլերը միմիայն ավելի են խորացնելու խնդիրները, մեծացնելու են անկայունությունը և անկանխատեսելի զարգացումների հավանականությունը:

This post is also available in: ,