Ընդդեմ հակահայկական հայագիտության

Ընդդեմ հակահայկական հայագիտության

ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր

Անցյալ տարի հունվարին ԱՄՆ-ի 1819 ուսանող դիմել էին ՀՀ նախագահին` հայտնելով իրենց վրդովմունքը, որ ԱՄՆ հայագիտական ամբիոնները զբաղված են հայ ազգային ինքնության նենգափոխմամբ եւ նպաստում են կեղծ հայագիտական դպրոցին: Որպես օրինակ բերվում է այն փաստը, որ ԱՄՆ-ում հրատարակված «Հայ ժողովուրդը հնուց մինչեւ արդի ժամանակը» երկհատորյա աշխատության մեջ ներկայացվում է, իբր հայ ժողովուրդը կազմավորվել է մ.թ.ա. VI դարում: Ամերիկահայ հայրենասեր ուսանողների վրդովմունքն իրոք արդարացի է, բայց նրանց մտքով չի էլ անցնում, որ հայ ժողովրդի կազմավորման այդ չարաբաստիկ մ.թ.ա. VI դարը մեր տեղական որոշ պատմաբանների մատուցմամբ սովորեցնում են նաեւ Հայաստանի դպրոցների 6-րդ դասարանի աշակերտներին: Էլ ի՞նչ խոսես ամերիկյան հայագիտական ամբիոնների մասին: 2007-ին տպագրված 6-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում կարդում ենք, որ հայ ժողովրդի երկար դարեր տեւած կազմավորումը ավարտվել է Երվանդունիների օրոք – այն է` Ք.ա. VI դարում. «Հայ ժողովրդի կազմավորումը, որ ակտիվացել էր Ք.ա II-րդ հազարամյակի վերջերին, բուռն ընթացել է Վանի թագավորության շրջանում, Երվանդականների թագավորության օրոք թեւակոխեց իր ավարտական փուլը» (էջ 62), եւ հայտնի չէ, թե այդ ավարտական փուլը երբ է ավարտվել: Արամանի թագավորի ցնցող քաջագործությունների պատճառով հարեւան ազգերը մեր ժողովրդին սկսեցին անվանել «Արամանիի ժողովուրդ», որտեղից էլ իբրեւ առաջ են եկել «Արմեն» եւ «Արմենիա» անվանումները:

Բ. Հարությունայնի այս անհիմն վարկածի դեմ ես հանդես եկա դեռեւս 2003 թ.-ի նոյեմբերի 13-15-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում կայացած հայագիտական գիտաժողովում, նշելով, որ «Արմենի» եւ «Արմեինի» ցեղանունը հիշատակվում է դեռեւս Ք.ա. IX դարի վերջին եւ VIII դարի սկզբին Ուրարտուի հզոր թագավորներ Մենուայի եւ նրա որդի Արգիշտի Ա.-ի սեպագիր արձանագրություններում` այդպես էր կոչվում պատմական Արմե երկրում (Աղձնիք-Տարոն) ապրող բնիկ հայ ժողովուրդը: Հենց այդ անունով էլ հարեւան ցեղերը, որոնք անմիջապես շփվում էին Արմե երկրի եւ նրա ժողովրդի հետ, անվանեցին ամբողջ Ուրարտու երկրի ժողովրդին եւ ոչ թե ինքնահնար Արամանի թագավորի անունով: Մի ժամանակ էլ որոշ պատմաբաններ պնդում էին, թե փռյուգիացի Արմենները զենքով ու պատերազմով տիրեցին ամբողջ Հայկական լեռնաշխարհը (տես իմ հոդվածը` «Հայկական լեռնաշխարհը Հայոց եւ համաշխարհային քաղաքակրթության բնօրրան» հայագիտական գիտաժողով, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երեւան 2004, էջ 164-175):

Գալով վերոհիշյալ ամերիկահայ ուսանողների բողոքին` 2009-ի սկզբին Գիտությունների ազգային ակադեմիայում հայագիտության նշված հարցերը քննարկելու համար կազմակերպվեց հանձնաժողով, որի նախագահ նշանակվեց ակադեմիկոս փիլիսոփա Համլետ Գեւորգյանը:

2009-ի ապրիլին այդ գործը հաջողությամբ ձախողելուց հետո նույն Համլետ Գեւորգյանը հանկարծ հայտնվում է «Հայաստան համահայկական հիմնադրամի» հայտարարած ՀՀ նախագահի մրցանակաբաշխության «Հումանիտար գիտություններ» անվանակարգի հանձնաժողովի նախագահի դերում: Եվ այժմ էլ մի հարվածով տապալվում են այդ հանձնաժողովի քննությանը նեկայացված տարբեր հումանիտար բնագավառների պատկանող տասներեք գիտական լուրջ աշխատություն` բոլորն էլ «նշաձողից ցած» հայտարարվելով, այդ թվում ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի ուշագրավ գիրքը Արարատ լեռան եւ Նոյյան տապանի իջման վերաբերյալ:

Պետք է նշեմ, որ ԳԱԱ Գրականության ինստիտուտի կողմից ՀՀ նախագահի մրցանակին էր ներկայացված նաեւ տողերիս հեղինակի «Մովսես Խորենացու դարը» մենագրությունը (412 էջ ծավալով), որը շուրջ 15 գրախոսականներում գնահատվել է որպես դասական բանասիրության եւ պատմագիտության ասպարեզում վերջին տասնամյակներում ձեռք բերած մեծարժեք նվաճում: Բազմաթիվ օտարալեզու հին սկզբնաղբյուրներում հայթայթած փաստեր, ինչպես եւ ուրարտական, արամեական, սասանյան արձանագրությունների նոր վերծանումներ ու մեկնություններ պարունակող, պատմական եւ աշխարհագրական անունների մի քանի տասնյակ նոր ստուգաբանումներ եւ հայտնագործումներ առաջադրող այս գիրքը եւս արժանանում է «նշաձողից ցած» որակման:

Վերջերս Համլետ Գեւորգյանը հանդես եկավ «Հայաստանը եւ Եվրոպան» (ՎԷՄ, 2009, N 1, էջ 26-47) հավակնոտ մի հոդվածով, որի մեջ շոշափվում են հայ ժողովրդի կազմավորման եւ Ուրարտու պետության հետ կապված մի շարք հարցեր, որոնց անդրադարձել եմ եւ ես իմ մենագրության մեջ` բոլորովին նոր տեսանկյունից եւ նոր լուսաբանմամբ: Վերոհիշյալ հոդվածում եղած հնացած պատկերացումները լավագույնս ցույց են տալիս, որ մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Համլետ Գեւորգյանը, որը կարդացել է այս դատավճիռը, իրականում իմ աշխատությունը չի էլ կարդացել, այլապես կզգուշանար այդպիսի ապլոմբով` իբրեւ գործին գիտակ ներկայացնել այսօր արդեն սնանկ տեսակետներ նշված հարցերի վերաբերյալ:

1.

Ակադեմիկոս փիլիսոփան հայտարարում է, թե «Հայ ժողովրդի կազմավորման ավարտը եւ հայկական պետության առաջացումը պատմաբանները վերագրում են մ.թ.ա. VI դարին, Այրարատյան թագավորության ժամանակաշրջանին, երբ ավարտվում է Հայկական լեռնաշխարհի էթնիկական-լեզվական խմբերի միասնականացումը» (էջ 32): Ներկայիս շատ թե քիչ ճանաչված պատմաբանների մեծագույն մասը չի պաշտպանում Ք.ա VI դարում հայ ժողովրդի կազմավորման նման կարծիքը, իսկ ինքը` Հ.Գեւորգյանը հարում է դրան` ուղեցույց ունենալով «հեղինակավոր» գիտական աղբյուր` Հայաստանի դպրոցների 6-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը: Եվ իր այս «բարձրարժեք» աղբյուրը թաքցնելու համար ակադեմիկոսը զլանում է տեքստում կամ էջատակի ծանոթագրության մեջ հիշատակել իր նշած «պատմաբաններից» գոնե մեկի անունն ու աշխատությունը: Ո՞ր իրավունքով է Հ. Գեւորգյանը իբրեւ պատմաբանների ընդհանրական տեսակետ կամ եզրակացություն ներկայացնում հայ ժողովրդի կազմավորման մի այսպիսի հիմնազուրկ վարկած, որի հեղինակը միայն Բ. Հարությունյանն է: Իսկ որ դա այդպես է, հաստատում են Հ. Գեւորգյանի վերոհիշյալ «Հայաստան եւ Եվրոպա» ընդարձակ հոդվածում բերված հաջորդ փաստարկները:

6-րդ դասարանի վերոհիշյալ «Հայոց պատմության» մեջ կարդում ենք, թե «Ք.ա. III հազարամյակում եւ II հազարամյակի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհում ապրում էին տասնյակ եւ հարյուրավոր ցեղեր: Նրանց մեծագույն մասը պատկանում էր հնդեվրոպական լեզվաընտանիքին: Սկզբնապես հնդեվրոպացիների նախահայրենիքն ընդգրկել է Փոքր Ասիայի արեւելյան հատվածը, Հայկական լեռնաշխարհը եւ Իրանական սարահարթի հյուսիս-արեւմտյան շրջանները…: Հնդեվրոպական լեզուներով խոսող ցեղերը ժամանակին իրենց նախահայրենիքից շարժվել են դեպի իրենց ապագա հայրենիքները…: Հայերը, փաստորեն, միակ հնդեվրոպական ժողովուրդն են, որ ձեւավորվեցին որպես ժողովուրդ հնդեվրոպական նախահայրենիքում եւ հասան XXI-րդ դար» (էջ 33): Այսպես, 6-րդ դասարանի դասագրքից քաղելով, Հ. Գեւորգյանը որոշում է Հայ ժողովրդի առանձնացման եւ կազմավորման սկիզբը դնել մ.թ.ա II-րդ հազարամյակի կեսերին, որը դարձյալ լուրջ հակասության մեջ է մյուս պատմաբանների հիմնավորած պատմական շրջափուլերի հետ. «Հնուց անտի Հայկական լեռնաշխարհը, նրան հարող շրջանները, Իրանական բարձրավանդակը եղել են հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ցեղերի հայրենիքը: Հնդեվրոպական լեզուների տրոհման ընթացքում հայերն առանձնացել են արդեն մ.թ.ա. երկրորդ հազարամյակի կեսերին» (էջ33):

Այսպիսով, ըստ Բ. Հարությունյանի եւ Հ. Գեւորգյանի հայ ժողովրդի կազմավորումը տեւել է մի ամբողջ հազարամյակ` Ք.ա. XV-րդ դարից մինչեւ VI-րդ դարը: Բայց արդյո՞ք բոլոր պատմաբաններն են համաձայն նման տեսակետին. իհարկե, ո՜չ: Եվ ահա պարզվում է, որ ակադեմիկոսը` ընդամենը 6-րդ դասարանի դասագրքին կռթնած` նեղություն չի կրել աչքի անցնել վերջին տասնամյակներում լույս տեսած մի ամբողջ շարք ուսումնական եւ գիտական ձեռնարկներ, որոնց մեջ անհամեմատ ավելի մեծ պատասխանատվությամբ եւ հայեցակարգով է ներկայացված հայ ժողովրդի ազգակերտման ընթացքը:

Դեռեւս 1980-ական թթ. սկզբին խոշոր լեզվաբաններ Գեւորգ Ջահուկյանը, Վյաչեսլավ Իվանովը եւ այլք իրենց ուսումնասիրություններում բազմաթիվ վկայություններով բացահայտեցին վաղնջահայերենի գոյությունը Ք.ա. III հազարամյակում: Այս լեզվաբանական տվյալները հիմք ծառայեցին պատմաբանների համար՝ մշակելու հայ ժողովրդի ծագման եւ կազմավորման վերաբերյալ բոլորովին նոր հայեցակարգ` Ք.ա.V-IV հազարամյակներում հնդեվրոպական լեզվաընտանիքից հայերենի տրոհման եւ Հայոց լեռնաշխարհում այդ լեզուն կրող ժողովրդի կազմավորման վերաբերյալ: 1993թ. լույս տեսավ պատմական գիտությունների դոկտոր Էդվարդ Դանիելյանի խմբագրությամբ «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկ` (մի խումբ պատմաբանների հեղինակությամբ) հանրակրթական դպրոցի 5-6-րդ դասարանների համար, որի երկրորդ, վերամշակված հրատարակությունը լույս տեսավ 1996թ.: Է.Դանիելյանը «Հայոց բնօրրան» բաժնում գրել է. «Ըստ նորագույն տվյալների, հնդեվրոպացիների նախահայրենիքը նոր քարի դարում գտնվել է Առաջավոր Ասիայում եւ ընդգրկել է Հայկական լեռնաշխարհն ու շրջակա տարածքները: Մ. թ. ա. V-IV հազարամյակներում տրոհվեց հնդեվրոպական լեզվական ընդհանրությունը, որից անջատվեց հունական- հայկական- արիականը:

Հայկական լեզվաճյուղին պատկանող հայկական ցեղերը մնացին իրենց բնօրրանում` Հայկական լեռնաշխարհում: Հնդեվրոպական մյուս լեզվաճյուղերը ներկայացնող ցեղախմբերը աստիճանաբար տարածվեցին տարբեր ուղղություններով` դեպի Հնդկաստան եւ Եվրոպա» (էջ 17-18): 1999թ. ԳԱԱ ակադեմիկոս Հ.Ա.Ավետիսյանի եւ գիտ. թեկնածու Ա.Ա.Մելքոնյանի աշխատակցությամբ լույս տեսած «Հայաստանի պատմություն» ռուսերեն գրքում Է.Դանիելյանը գրել է մ. թ. ա. V-IV հազարամյակներում հայ ժողովրդի էթնոգենեզի ակունքների` հնագիտական նյութերի, մարդաբանական «արմենոիդ» տիպի, լեզվաբանական տվյալների, ինչպես նաեւ մ.թ.ա. III-II հազարամյակներում հայկական պետականության գոյության մասին (էջ 7-12): 2008թ. թղթակից անդամ Ա. Ա. Մելքոնյանի հետ համատեղ հրատարակած «Հայոց պամություն (Հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը)» գրքում Է.Դանիելյանը գրել է. «Հնդեվրոպացիների նախահայրենիքը Առաջավոր Ասիայում տեղադրելիս` Հայկական լեռնաշխարհը դիտարկվում է կենտրոնում եւ, դրանով իսկ եզրակացվում, որ մ.թ.ա. V-IV հազարամյակներում «հնդեվրոպական ընդհանրության» տրոհումից հետո հայկական լեզվաճյուղին պատկանող էթնոսը մնաց իր բնօրրանում: Մյուսները աստիճանաբար սփռվել են Հնդկաստանի եւ Եվրոպայի ուղղություններով» (էջ 25):

2009 թ. տպագրված ավագ դպրոցի 10-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում պատմագիտության թեքնածու, դոցենտ Արտակ Մովսիսյանը նույնպես եզրակացնում է. «1980-ական թթ. սկզբներից հաստատվեց, որ հնդեվրոպական նախահայրենիքը Ք.ա. V-IV հազարամյակներում եղել է Առաջավոր Ասիայի հյուսիսում, ավելի որոշակի` Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայի արեւելյան շրջաններում, Հյուսիսային Միջագետքում եւ Իրանական սարահարթի հյուսիս-արեւմուտքում: Ինքնըստինքյան վերանում է հայերի եկվորության հարցը, քանի որ հնդեվրոպական նախահայրենիքը եղել է հենց այն տարածքում, որում կազմավորվել եւ իր պատմությունն է կերտում հայ ժողովուրդը: Այսպիսով` Ք.ա. IV հազարամյակի վերջին հայերն առանձնանում են հնդեվրոպական ընդհանրությունից: Այդ ժամանակաշրջանից սկսվում է հայ ժողովրդի ազգային` ցեղային եւ վաղ պետական կազմավորումների ժամանակաշրջանը» (էջ 22-23):

Եվ պակաս կարեւոր չէ, որ նույնպիսի պատասխանատվությամբ են հայ ժողովրդի կազմավորման խնդիրը լուսաբանում բանասիրության դոկտոր Վարագ Ներսիսյանը եւ գրականագետ Լարիսա Մնացականյանը 2009 թ. տպագրված 10-րդ դասարանի «Հայ գրականության» դասագրքի նախաբանում. «Հայ ժողովրդի կազմավորումը, – գրում են նրանք,- տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում անհիշելի ժամանակներից բնակվող հայկական ցեղերի միաձուլումից: Ձեւավորվելով որպես ազգ` հայ ժողովուրդը ստեղծել է իր պետականությունն ու քաղաքակրթությունը: Այս մասին են վկայում վաղնջական դարերից պահպանված փաստերը» (էջ 5):

Իմ «Մովսես Խորենացու դարը» մենագրության մեջ ես ցույց եմ տվել, որ հայ ժողովրդի առաջին էթնոնիմը` «հայ» ինքնանունը, առկա է Ք.ա. III հազարամյակի Էբլայի տնտեսական բովանդակությամբ սեպագիր տեքստերում: Նույն տեքստերում հիշատակվում է նաեւ Արմի կամ Արմե երկիրը, որը պահպանվել է նաեւ Ք.ա. IX-VIII դարերի ուրարտական արձանագրություններում, այստեղից էլ առաջացել է հայ ժողովրդի երկրորդ էթնոնիմը` Արմեն եւ Արմենիա երկրանունը:

Որտե՞ղ մնաց հայ ժողովրդի կազմավորման մ.թ.ա. VI դարը, որ այս ամենին անտեղյակ ակադեմիկոսը վերագրում է առհասարակ բոլոր պատմաբաններին եւ մի՞թե այդպիսի «օրացուցային դար» նշվում է որեւէ այլ ժողովրդի պատմության մեջ:

Մի տարօրինակ փաստ եւս. այն դեպքում, երբ հիշյալ 6-րդ դասարանի «Հայոց պատմության» 40-րդ էջում համահայկական պետության ստեղծումը Արմավիր մայրաքաղաքով վերագրվում է Ք.ա. XI դարին, նույն դասագրքի 63-րդ էջում հայ ժողովրդի կազմավորման ավարտը ենթադրվում է Ք.ա. VI դարում: Հատկապես զարմանալի է, երբ ասվում է, թե VI դարում վերականգնված Այրարատյան տերությունը «Հայկյանների` արդեն կազմավորված հայ ժողովրդի հայրենիքն էր» (էջ 40): Հարց է ծագում, ինչպե՞ս կարող էր հայ ժողովուրդը կազմավորվել համահայկական պետության ստեղծումից 5 դար հետո- ովքե՞ր էին մինչ այդ համահայկական պետության բնակիչները: Խե՛ղճ աշակերտներ` ինչպե՞ս եք գլուխ հանում այս տեսակ գլուխկոտրուկից:

Այսպես, Համլետ Գեւորգյանը հանձն է առնում 6-րդ դասարանի դասագրքի մակարդակով` շուրջ 2000 ամերիկահայ ուսանողների «հարձակումից» պաշտպանել հայ ժողովրդի կազմավորման այս փցուն տեսակետը, որը զուրկ է պատմական հիմքից եւ տեղ է գտել նաեւ ամերիկյան համալսարանների հայագիտական ամբիոններում ուսուցանվող «Հայ ժողովուրդը հնուց մինչեւ արդի ժամանակը» անգլերեն երկհատորյակում: Եվ միաժամանակ ջրից չոր դուրս գալու համար նա ձեւացնում է, թե հիշյալ երկհատորյակի հետ կապված այդպիսի հարցադրում ոչ եղել է, ոչ էլ կա:

2.

Ակադեմիկոս փիլիսոփա Հ. Գեւորգյանը ոչ միայն անհաղորդ է հայ ժողովրդի ծագման եւ կազմավորման վերաբերյալ բազմաթիվ գիտական ձեռնարկներին ու դասագրքերին, այլեւ անտեղյակ է հայոց լեզվի ծագման եւ ցեղակցության տեսություններին – հարց, որին նույնպես անդրադառնում է վերը նշված հոդվածում. «Սկսելով հայերենի` որպես հնդեվրոպական լեզվի մի ինքնուրույն ճյուղի լեզվաբանական- քերականական «սովորական» համեմատական քննությունից,- մատնանշում է Հ. Գեւորգյանը,- եվրոպական հետազոտողներն այնուհետեւ ի հայտ բերեցին հայկական 1500-ամյա պատմագրության նշանակալի երկերը» (էջ 27):

Համլետ Գեւորգյանը բացարձակ սխալվում է` կարծելով, թե սկզբից եւեթ եվրոպացի լեզվաբանները հայերենը համարել են հնդեվրոպական լեզվաընտանիքի մի ինքնուրույն ճյուղ: Դեռեւս XVIII դարի երկրորդ կեսին գերմանացի հայտնի փիլիսոփա Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնիցը հայերենում եղած պարսկերեն բառերի քննությամբ եկավ այն հետեւության, թե հայոց լեզուն պատկանում է իրանական լեզվախմբին եւ նրա քննությունն այնքան հիմնավոր էր, որ այդ կարծիքը գերիշխող դարձավ ամբողջ 2 դար եւ XIX դարի նշանավոր հնդեվրոպաբանները հանձն չառան վերանայելու Լայբնիցի վարկածը ընդհուպ 1875 թ., երբ համեմատական լեզվաբանության խոշոր մասնագետ, երիտքերականների նոր ուղղության ներկայացուցիչ Հայնրիխ Հյուբշմանը (1848-1908) հանդես եկավ «Հայերենի տեղը հնդեվրոպական լեզուների մեջ» արժեքավոր ուսումնասիրությամբ: Քննելով հայերենի, իրաներենի եւ այլ ցեղակից լեզուների միջեւ եղած ընդհանրությունները, հնչյունական համակարգը եւ նրա կրած փոփոխությունները` Հ. Հյուբշմանը հերքեց մինչ այդ տիրապետող տեսակետը, թե հայոց լեզուն պատկանում է իրանական լեզվախբին, եւ բազմաթիվ փաստերի ու ստուգաբանումների հիման վրա հաստատեց, որ հայոց լեզվում առկա պարսկերեն բառերը սոսկ փոխառյալ են, իսկ դրանցից դուրս` մնացյալ անհամեմատ ավելի մեծ բառագանձը բուն հայկական է: Այն բնորոշումը, որ «հայերենը հնդեվրոպական լեզուների մի ինքնուրույն ճյուղն է», պատկանում է հենց Հյուբշմանին եւ նրա հետազոտության արդյունքն է:

3.

Համլետ Գեւորգյանը նշված հոդվածում Ուրարտուի պատմությունը սահմանափակում է IX-VI դարերով, որով ակադեմիկոս փիլիսոփան ցուցադրում է վաղուց հնացած իր գիտելիքների զինանոցը: Եթե Համլետ Գեւորգյանը կարդացած լիներ իմ «Մովսես Խորենացու դարը» մենագրությունը, ապա տեղեկություն կունենար, որ Ուրարտու երկիրը հիշատակված է դեռեւս Ք.ա. 1271-ի Ասորեստանի Սալմանասար Ա. թագավորի արձանագրության մեջ Ուրուատրի ձեւով եւ Ուրարտուն այդ ժամանակ այնքան հզոր էր, որ Ասորեստանի թագավոր Սալմանասար Ա-ն, հետապնդելով իր երկրի սահմանները ներխուժած կուտիներին, ստիպված է եղել կանգ առնել Ուրուատրի երկրի սահմանների առաջ ու չի հանդգնել ներխուժել այդ երկիրը` այնտեղ ապաստանած կուտիներին պատժելու համար: Գերմանացի հայտնի ասուրագետ Էռնստ Վայդները 1926թ-ին գտնում էր, որ «Ասուրական հին արձանագրություններում հիշատակվող Ուրուատրին պետք է նույնացնել հետագայի Ուրարտու- Հայաստանի հետ»: Ինչ վերաբերում է Ուրուատրի երկրի սահմաններին եւ գրաված տարածքին, ապա Վայդները Ք.ա. XI-X դարերի արձանագրությունների հիման վրա եզրակացնում է. «Ուրուատրի անունով կոչվել է այն լեռնաշխարհը, որը Վանա լճից ձգվում էր մինչեւ Եփրատի ծունկը Խարպուտի (Խարբերդ) մոտերքում»: Վայդների տեսակետին ձայնակցում է մի ուրիշ բնագավառի գերմանացի նշանավոր մասնագետ, Բեռլինի Հումբոլդտի համալսարանի պրոֆեսոր, երկրաբան Հերման Աբիխը: Տքնաջան հետազոտելով Լոռու պղնձահանքերը եւ հին խարամի ապարները` աշխարհահռչակ երկրաբանը 1844-ին եկավ այն համոզման, որ հնադարյան Հայաստանում պղնձի ձուլումը այնպիսի բարձր զարգացման է հասել, որ Հոմերոսյան դարաշրջանում Հայաստանը ձույլ պղինձ էր մատակարարում Սեւծովյան հունական գաղութներին: Իսկ այսօր, անկախ Հայաստանի դպրոցներում 6-րդ դասարանի աշակերտներին համատարած սովորեցնում են, թե հայ ժողովուրդը կազմավորվել եւ Արմեն է կոչվել մ.թ.ա. VI դարում միայն, այնինչ նշանավոր եվրոպացիների նշված հեղինակավոր գիտական եզրակացություններն են, որ պիտի տեղ գրավեն հայոց դպրոցների եւ ԲՈՒՀ-երի դասագրքերում:

Այնպես որ Համլետ Գեւորգյանի եւ նրա որոշ համախոհ պատմաբանների հնացած տեսակետը, որով Հայաստանը եւ հայ ժողովուրդը հայտարարվում են Ուրարտուի եւ ուրարտացիների ժառանգորդը, ավելի քան 80 տարով ետ է մղում պատմագիտությունը` գերմանացի նշանավոր ասուրագետի հայտնած տեսակետի համեմատությամբ, որով Հայաստանը նույնացվում է Ք.ա. XIII դարում ասորեստանյան սեպագրերում հիշատակված Ուրուատրի- Ուրարտու պետության հետ: Եվ դա սոսկ այն պատճառով, որ նման վայ- հայագետները ոչ միայն ջանք չեն անում ծանոթանալ օտարալեզու գիտական ձեռքբերումներին Հայաստանի վերաբերյալ, այլ նույնիսկ զլանում են օգտվել ուրիշների հայթայթած եւ հայերեն մատուցած պատրաստի տեղեկություններից:

Վերոհիշյալ հոդվածում Համլետ Գեւորգյանը մեզ մատուցում է հայոց լեզվի ոճական այնպիսի մարգարիտներ, ինչպես` «Լինելով ուժեղ կենտրոնացված պետական կազմավորում, Ուրարտուն պայմաններ ստեղծեց… ընդհանուր լեզվի` հայերենի գործածության հաստատման համար»: Մի՞թե այս ոճով են խոսում հին աշխարհի պետության մասին: Քիչ է մնում մտածես, թե Ուրարտուի լուսավորության նախարարությունը հատուկ հրահանգ է իջեցրել` ուրարտական դպրոցներում հայերենի ուսուցման դրվածքը բարելավելու համար:

4.

Հայագիտությունը միջազգային գիտություն է, եւ այդ բնագավառը ոտք դնելուց առաջ հարկ է ետեւում թողնել չարքաշ որոնումների ու պրպտումների երկար տարիներ՝ գիտության որոշակի պատշաճ պաշար կուտակելու համար, այլապես ամեն քայլափոխի կարող ես սայթաքել: Համլետ Գեւորգյանը դարձյալ ցուցադրում է իր սահմանափակ գիտելիքները եւ, գործին անտեղյակ մարդու ինքնավստահությամբ, հայտարարում. «Եվրոպական նոր դասական հայագիտությունը շուրջ երկդարյա ժամանակում մի մեծ ճանապարհ անցավ՝ մշակույթի հուշարձանների նկատմամբ թերահավատությունից ու դրանց թերագնահատումից մինչեւ գիտական խիստ փորձություն անցած՝ այսօրվա համոզմունքը դրանց արժանահավատության եւ պատմամշակութային մեծ արժեքի նկատմամբ» (էջ 27), եւ բերում է եվրոպական նշանավոր անուններ՝ Կ. Նոյմանից եւ Մ. Բրոսսեից մինչեւ Ա.Մեյե եւ Ռ.Թոմսոն, «որոնց եւ պետք է ավելացնել (իր խոսքերն են- Ա.Մ.) Հ.Տաշյանի, Ն.Ադոնցի, Հ.Մանանդյանի, Ս.Մալխասյանցի, Մ.Աբեղյանի եւ ուրիշների անունները» (էջ 27-28):

Այսպիսով, Հ.Գեւորգյանը գլխիվայր է շրջում հայագիտությունը՝ մոռանալով, որ եվրոպացի հայագետների ցուցակին ավելացվածները հայագիտության բուն սյուներն են, որոնց ուսումնասիրությունների եւ եզրակացությունների վրա մեծապես հենվում են եվրոպացի հայագետները, ուստի եւ անպատշաճ է բուն սյուներին երկրորդաբար ավելացնել որեւէ ցուցակի վերջում: Ընդ որում այստեղ մոռացված են այնպիսի հնչեղ անուններ, ինչպես հայ նոր պատմագիտության հայր Միքայել Չամչյան, Անտոն Գարագաշյան, Նորայր Բյուզանդացի, Գարեգին Զարպհանալյան, Բարսեղ Սարգիսյան, Ներսես Ակինյան, Գալուստ Տեր-Մկրտչյան, Երվանդ Տեր-Մինասյան, Գեւորգ Աբգարյան եւ այլք, իսկ եվրոպացի նշանավոր հայագետներից՝ Ֆրեդերիկ Ֆեյդի, Ժան-Պիեռ Մահե, Դովսեթ եւ այլք: Անշուշտ, եվրոպացի խոշոր բանասերները, պատմաբանները, ճարտարապետության հետազոտողները ծանրակշիռ ավանդ են բերել հայ մատենագրության երկերի, մշակույթի հուշարձանների եւ ճարտարվեստի հին ու հնագույն հայկական կոթողների ուսումնասիրման գործում, ինչպես լեհ Ստրժիգովսկին, իտալացի ականավոր հուշարձանագետները, Կիլիկյան բերդերի ու ամրոցների հմտալից ուսումնասիրող գերմանացի Հելլենքեմպերը, որի համար փառք ու պատիվ նրանց:

Եվ սակայն խնդիրն ամենեւին էլ այնպես չէ, իբր եվրոպացի հայագետները սկսեցին հայ մատենագրության ու մշակույթի հանդեպ թերագնահատությունից եւ ավարտեցին դրանց փառաբանությամբ: Մի քանի հայ հին հեղինակների ու նրանց մեծարժեք երկերի տենդոտ դատափետումը շարունակվում է մինչեւ օրս:

Մովսես Խորենացու եւ նրա եզակի «Պատմութիւն Հայոց»-ի հետեւողական վարկաբեկումը որոշ ընդմիջումներով շարունակվում է արդեն 300 տարի՝ 3 դար, եւ պատմահոր ապրած ժամանակաշրջանն էլ կամայականորեն տեղաշարժվում է նույնպես շուրջ 300 տարվա շրջափուլում: Նույնը կատարվում է եւ V դարի պատմիչ Եղիշեի հետ: Եվ դա այնպիսի եվրոպացի հայագետների ջանքերով, ինչպես Մ. Լակրոզ, Ա. Գուտշմիդ, Օ. Կարիեր, Ռ.Թոմսոն, որոնց մեծապես աջակցել են Գր.Խալաթյանց, Կ.Թումանով եւ այլք: Ահա թե ինչու իմ «Մովսես Խորենացու դարը» մենագրության մեջ քննադատության ամենասուր սայրն ուղղում եմ վայ-հայագետների դեմ, որպիսիք կան այսօր եւ մեր շրջապատում եւ որոնք թյուր տեղեկություններ են մատակարարում եւ ապակողմնորոշում օտար հետազոտողներին:

Եվ սակայն եվրոպական դասական հայագիտությունը չի սկսվում Կառլ Նոյմանից, ինչպես կարծում է Հ.Գեւորգյանը, եւ ոչ էլ երկդարյա ժամանակ է ընդգրկում, այլ Նոյմանից մեկ-մեկուկես դար առաջ էլ հայագիտությամբ գործուն զբաղվել են հարգանք ներշնչող մի շարք բանասերներ, նաեւ երեւելի փիլիսոփաներ, որոնց մեր հարգելի փիլիսոփան պետք է որ ինքը ներկայացներ կամ գոնե «համքարության» կարգով ի մոտո ծանոթ լիներ, բայց ավա՜ղ: Ուստի խորհուրդ կտայի առաջիկայում հանգամանորեն ուսումնասիրել գերմանացի այնպիսի կարկառուն փիլիսոփայի, մաթեմատիկոսի ու լեզվաբանի հայագիտական երկերը, ինչպիսին է, Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնիցը (1646-1716), որը Նոյմանից ավելի քան մեկուկես դար առաջ հիմնավորապես ուսումնասիրել է հնագույն ժողովրդի` հայերի պատմությունը եւ մանավանդ հայոց լեզվի բառապաշարն ու նրան ցեղակից լեզուների խնդիրը, ինչպես նշել եմ վերեւում:

5.

Հ.Գեւորգյանը նույն հոդվածում բոլորովին անակնկալ սկսում է մեղադրել եվրոպական եւ առհասարակ արեւմտյան երկրներին` վերջին 15-20 տարում հայ ժողովրդի եւ նրա մշակույթի հանդեպ որդեգրած հակահայկական նկրտումների համար. «Եվրոպական երկրների, առհասարակ Արեւմուտքի քաղաքական կողմնորոշումների փոփոխությունը, առանձնապես վերջին մեկուկես-երկու տասնամյակներում, բացասական ազդեցություն ունեցավ այդ երկրների ժողովուրդների եւ, առհասարակ, միջազգային հանրության վրա` փոխելով նրանց արժեքային կողմնորոշումները, դուրս մղելով հասարակական գիտակցության եւ հասարակական հոգեբանության քաղաքակրթական-մշակութային բաղադրիչը: Այսուհանդերձ, կրկնում եմ, – շարունակում է ակադեմիկոս փիլիսոփան,- քաղաքական ներգործություններից ազատ մտավորական գիտնականը, իր գործի մղումով, որոնելու, գտնելու եւ նշելու է հայկական մշակույթի տեղն ու գործառույթը մշակույթ-քաղաքակրթությունների պատմական եւ ներկայիս երկխոսությունների մեջ,- եւ դա` որքան էլ ջանքեր գործադրվեն ու ծախսեր արվեն աշխարհի քարտեզներից Հայաստան անունը ջնջելու եւ աշխարհ մտնող նոր սերնդի հասարակական գիտակցության մեջ քաղաքակրթական-մշակութային պատմական հիշողությունը վերացնելու համար» (էջ 28-29): Եթե պարզ ձեւակերպեմ զույգ-զույգ կրկնվող ավելորդաբանություններով խճճված այս պասսաժը, ապա Հ. Գեւորգյանը սրանով մեզ ուզում է հավատացնել, թե վերջին 15-20 տարում Եվրոպայի եւ առհասարակ Արեւմուտքի (այսինքն` նաեւ Ամերիկայի) քաղաքական կոմնորոշումների փոփոխման հետեւանքով, այդ ժողովուրդները եւ միջազգային հանրությունը իրենց դուրս են դրել քաղաքակրթությունից ու մշակույթից եւ հայ ժողովրդի ու նրա մշակույթի հանդեպ նյութում են «Հայաստան անունը աշխարհի երեսից ջնջելու» դավադրություն: Եվ այս տոտալ մեղադրանքը հանիրավի նետվում է այն ժամանակաշրջանի համար, երբ Եվրոմիությունը եւ առանձին եվրոպական երկրներ, ԱՄՆ-ի 42 նահանգ եւ Ամերիկայի շատ երկրներ նրանց հետ 1965թ-ից ի վեր ճանաչեցին ու դատապարտեցին Օսմանյան Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանությունը: Եվ Հ.Գեւորգյանը մեզ հերոսաբար մխիթարում է, թե «Որքան էլ ջանքեր գործադրվեն ու ծախսեր արվեն աշխարհի քարտեզներից Հայաստան անունը ջնջելու եւ աշխարհ մտնող նոր սերնդի հասարակական գիտակցության մեջ քաղաքակրթական-մշակութային պատմական հիշողությունը վերացնելու համար», միեւնույն է` մենք պիտի հուսանք, որ Հայաստանն ու հայ մշակույթը ջնջելուց հետո կգտնվի «քաղաքական ներգործություններից ազատ մի մտավորական գիտնական», որն իր գործի մղումով (այսինքն` իր ատենախոսության սիրուն) որոնելու եւ գտնելու է «հայկական մշակույթի տեղն ու գործառույթը»: Ի՜նչ մեծ մխիթարություն աշխարհի քարտեզներից ջնջված Հայաստանի համար: Եվ կեղծ ազգասերի այս հռետորական հոռետեսությունը տարփողում է մի փիլիսոփա, որը քաջություն չունի 22 էջ ծավալով իր «Հայաստան եւ Եվրոպա» հոդվածում գեթ մեկ ակնարկով հիշել անցյալ տարվա հունվարին ամերիկահայ 1819 ուսանողների բողոքը ամերիկյան համալսարաններում դասավանդվող հայ ժողովրդի կեղծ պատմության դեմ: Ինքը` Համլետ Գեւորգյանը նշանակված էր այդ բողոքը քննարկող ակադեմիական հանձնաժողովի նախագահ եւ հաջողությամբ տապալեց հարցի քննարկումը:

Արեւմտյան քաղաքկրթությանն ուղղված հախուռն մեղադրանքի կեղծիքը անմիջապես բացահայտվում է հաջորդ իսկ պասսաժում, երբ փիլիսոփա հոդվածագիրը միակ «ժամանակակից գիտական» է հռչակում արեւմտյան գիտությունն ու քաղաքագիտությունը, առանց որի ըմբռնումներն ու հասկացութային համակարգը հաշվի առնելու` նա Հայոց պատմության եւ մշակույթի շարադրումը համարում է պարզունակ եւ առօրեական մտածողությամբ թելադրված մի բան: Տպավորությունն այնպիսին է, որ անմիջապես իրար հաջորդող այս իրարամերժ պարբերությունները քաղված են տարբեր հեղինակների աշխատություններից եւ անքննաբար կցմցած միմյանց: Պարզվում է, որ առանց արեւմտյան գիտության անհնար է շարադրել Հայաստանի հին ու նոր պատմությունն ու մշակույթը: Բայց չէ՞ որ երկու տող վերեւ Համլետ Գեւորգյանը մեզ սարսափեցնում էր «քաղաքական մշակութային բաղադրիչը» կորցրած արեւմուտքով, որը ձգտում է աշխարհի քարտեզներից ջնջել Հայաստան երկիրը: Ահավասիկ, Համլետ Գեւորգյանի դատողությունների այս գլուխգործոցը իր իսկ հեղինակի կատարմամբ «Հայաստանի հին ու նոր պատմությունը, հայկական մշակույթն ու նրա պատմությունը «օբյեկտիվորեն շարադրելու» խնդիրը, սակայն, այնպես պարզունակ չէ, ինչպես այդ կարող է ներկայանալ առօրեական մտածողության տեսանկյունից: Այդ խնդիրը կարող է կատարվել (գուցե լուծվե՞լ – Ա.Մ.)` միայն նկատի ունենալով ժամանակակից, գիտական, իմա` արեւմտյան, պատմագիտական, պատմափիլիսոփայական ու մշակութաբանական տեսությունները, հաշվի առնելով դրանց հիմքում ընկած ըմբռնումներն ու հասկացութային համակարգը (ընդգծումն իմն է – Ա.Մ.): Ստորեւ ես կշարադրեմ,- շարունակում է փիլիսոփան,- իմ մեկնաբանությամբ (sic՜), այն հատկանիշները, որոնցով եվրոպական հասարակագիտական- քաղաքագիտական տեսությունը բնութագրում է ազգ-պետություն փոխհարաբերությունը» (էջ 29):

Այս պասսաժն այնքան երկար է, որ նրա հեղինակը մինչեւ վերջը հասնելով` մոռացել է, թե ինչի՞ մասին էր խոսում սկզբում:

Հիրավի, ի՞նչ կապ ունի Հայաստանի հին ու նոր պատմությունը եւ հայկական մշակույթը այսօրվա արեւմտյան տեսաբանների ազգ-պետություն սահմանումների հետ, որոնց համար իբրեւ դասական մոդել ընդունում են ֆրանսիական ազգի ձեւավորումը: Նախ, ինչպե՞ս կարելի է նույնացնել «ժամանակակից գիտականը» միայն «արեւմտյանի» հետ: Հետո էլ` այդ ի՞նչ միասնական, միասեռ «արեւմտյան գիտություն» նկատի ունի Հ. Գեւորգյանը, կամ գոյություն ունի՞ այդպիսի միասնական «արեւմտյան գիտական տեսակետ»: Արեւմտյան յուրաքանչյուր գիտնական կամ մտածող մի անհատականություն է` իր անշահախնդրությամբ եւ շահախնդրություններով, հատկապես, երբ նրանցից ոմանք ղեկավարվում են որոշակի քաղաքական կենտրոններից: Ա. Թոյնբին անաչառությամբ է վերաբերում Հայոց ցեղասպանությանը եւ թուրքական վայրագ ցեղամոլությանը: Դրան հակառակ, թուրքական ագրեսիվ մտայնությամբ տոգորված Է. Ֆայգլը Հայոց ցեղասպանությունը անվանում է առասպել, որ հայերը հորինել են իրենց էքստրեմիզմն ու տեռորը արդարացնելու համար: Է.Հոբսբաումը թշնամական դիրք ունի հայ ժողովրդի եւ նրա պատմության նկատմամբ: Նույնպիսի թշնամական դիրք ունի նաեւ, ոչ-բարով հայազգի, Ռոլանդ Գրիգոր Սյունին հայ ժողովրդի պատմության, բնօրրանի հարցում եւ բացահայտ թուրքամետ դիրքերից է մոտենում հայ ժողովրդի տեղաբնիկության, հայոց բնաշխարհը Արեւելյան Անատոլիա անվանելու եւ հարակից հարցերին, որ ես շարունակ զարմանում եմ, թե ինչու՞ նա իր ազգանունը երկու «ն»-ով չի գրում:

Իսկ որտեղի՞ց վերցրեց Հ. Գեւորգյանը, որ արեւմտյան ժամանակակից գիտությունը եւ գիտնականները անսխալական են եւ միատեսակ զերծ քաղաքական ազդեցություններից: Էլ ինչպե՞ս կարելի է խոսել «Արեւմտյան միասնական արժեքային կամ հասկացութային համակարգի» մասին: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը վերոհիշյալ քաղաքական կողմնորոշումների շրջանակում է:

Եվ ստացվում է, որ մինչ այժմ մեր խոշոր հայագետները պարզունակ եւ առօրեական տեսանկյունից են մոտեցել հայագիտության խնդիրներին, քանի որ հաշվի չեն առել ժամանակակից միակ գիտական, այսինքն` արեւմտյան պատմա…, պատմա…, եւ այլ տեսությունները: Մտածե՞լ է Հ. Գեւորգյանը, որ XVIII-XX դարերի բոլոր նշանավոր հայազգի հայագետներն ու պատմաբանները Եվրոպայում ապրած կամ եվրոպական կենտրոններում կրթված մեծ մտածողներ էին, եւ, սակայն, իրենց ուսումնասիրություններում Հայաստանի հին ու նոր պատմությունը քննելիս ու գնահատելիս` մեկնել են ամենից առաջ այն պատմա-աշխարհագրական իրարդրությունից, որի մեջ գոյատեւել են Հայաստանն ու հայ ժողովուրդը: Եվ շատ էլ ճի՜շտ են արել:

Ասենք, ի՞նչ կապ ունի ֆրասնիական ազգի կազմավորման մոդելի մասին քաղաքագետ Հոբսբաումի դատողությունների հետ ակադ. Հակոբ Մանանդյանի դասական աշխատությունը Տիգրան Մեծի աշխարհակալ պետության մասին, որը Հ. Գեւորգյանի աչքին կարող է պարզունակ եւ առօրեական մտածողության արդյունք երեւալ: Այնուհետեւ. ո՞վ ասաց եւ որտե՞ղ է գրված, որ «ժամանակակից գիտնական» ասելով պետք է հասկանալ միայն «արեւմտյանը» եւ պատմագիտությամբ պետք է զբաղվել միայն «միակ գիտական արեւմտյան տեսաբանների» թելադրանքով եւ հիմքում ունենալով նրանց ուլտրա-ժամանակակից դատողությունները այն մասին, թե ինչպես են կազմավորվել արեւմտյան պետությունները: Ոչ ոք չի կարող գերմանացի խոշոր հայագետ Յ.Մարկվարտին մեղադրել հայկական ազգայնամոլության մեջ, բայց տեսեք, թե ի՞նչ է ասում նա եվրոպական ազգերի ձեւավորման մասին, որին ցավալիորեն անտեղյակ են ինքը` Հ. Գեւորգյանը եւ անգլիացի քաղաքագետ Հոբսբաումը: Համեմատելով միջնադարյան ինկվիզիցիայի եւ լատիներենի ստրկացուցիչ բեռի տակ կքած եվրոպական ազգերի մշակույթը հայ ժողովրդի մշակույթի ոսկեդարյան ծաղկման հետ, նա գրում է. «Իր անողոքությամբ միայն արաբների հետ համեմատելի հռոմեական բռնապետությունը եւ ապա նաեւ եկեղեցին այնպիսի հաջողությամբ էին իրենց ջանքերն ի գործ դնում` այդ (եվրոպական – Ա. Մ.) ժողովուրդներին սեփական լեզվի եւ քերթության սակավարժեքության մեջ համոզելու, հարազատ ավանդույթների եւ ազգային ինքնուրույն կերպարի նկատմամբ արհամարհանք ու զզվանք առաջացնելու եւ այդ ամենի փոխարեն քրիստոնյաներին հալածողների «ընտրյալ» լեզուն նրանց հրամցնելու մեջ, որ այսպիսի պայմաններում ժողովուրդները ոչ միայն չկարողացան զարգացնել իրենց սեփական կյանքն ու գրականությունը, այլեւ հենց իրենք,- ինչքան որ դա կախված էր իրենցից,- սկսեցին ավելի արագ ապազգայնանալ եւ խառնվել միմյանց (գաղղիացիներ, բեսացիներ, ալբանացիներ, բրիտանացիներ):…Եվ եթե եկեղեցու ջանքերին զոհ գնացին նույնիսկ հին դյուցազներգությունները, ապա Նիբելունգների եւ Վալթերի երգերին ավելի բարենպաստ մի բախտ էր սպասում: Այնուհանդերձ՝ մինչեւ այսօր էլ արեւմտաեվրոպական բոլոր լեզուների վրա էլ,- չհաշված իսպաներենը եւ իտալերենը,- ծանրանում է հռոմեական գրի անեծքը եւ ուրույն, սեփական պետքերին համապատասխանող գրի եւ ուղղագրության պակասը»:

6.

Ակադեմիկոս փիլիսոփա Համլետ Գեւորգյանը, ինքն իրենից մեջբերում կատարելով, «Հայաստան եւ Եվրոպա» հոդվածում հատուկ շեշտում է իր շատ կարեւոր «գյուտերից» մեկը, թե «Ազգագրական մշակույթների վրա բարձրացող եւ ընդհանրական շերտը» ինքը պայմանականորեն անվանել է «Մշակույթի քաղաքակրթական ձեւերի շերտ»: Եվ այս ոչինչ չնշանակող ընդհանրախոսությունը (ավելին չասելու համար) առաջ մղելով` Հ.Գեւորգյանը ոտնատակ է տալիս մի ուրիշի պատմագիտական, աշխարհագրական, բանասիրական հայտնագործությունները, հնագույն բազմալեզու տեքստերում եւ վիմագիր արձանագրություններում կատարած բազմաթիվ նոր ստուգաբանումներն ու բացահայտումները, որոնց շնորհիվ VIII-IX դդ-ի կեղծագիր վանական հայտարարվող պատմահայր Մովսես Խորենացին վերադառնում է վերջնականապես իր ապրած ժամանակը` V դար:

Բազմաթիվ փաստերից կբերեմ միայն երկու նմուշ: 364թ.-ին Վաղես կայսրը Կ. Պոլսից շտապ մեկնում է Անտիոք` իր նստավայրը: Պատմելով այս մասին՝ IV դարի պամագիր Ամիանոս Մարկելինոսը իր լատիներեն բնագրում հայտնում է, թե Վաղեսը շտապում էր, որպեսզի Կիլիկիայով անցնելիս «ամռան տոթ եղանակն արդեն մեղմացած լիներ»,- եւ այսպես էլ թարգմանել են գերմանացի, անգլիացի, ֆրանսիացի, ռուս եւ մյուս թարգմանիչները: Նշեմ, որ Ամիանոսի լատին բնագիրը ճշգրտված է բազում եվրոպացի հմուտ լատինագետների ձեռքով, որոնք յուրաքանչյուր նրա տառն ու բառը կարծես անց են կացրել մանր մաղով: Բայց եւ այնպես, ես բացահայտեցի, որ այս հատվածում լուրջ աղավաղում կա եւ սկզբնական բնագրում խոսք է եղել ոչ թե «ամռան տոթ եղանակը մեղմանալու» մասին, այլ որ Վաղեսն Անտիոք էր շտապում «Շապուհի արշավանքի պատճառով», որը սպառնում էր ներխուժել եւ գրավել կայսեր նստավայրը: Ըստ այսմ պետք է վերանայվեն եղած բոլոր այլալեզու թարգմանությունները:

Եւս մի նման օրինակ. մ.թ. III դարում Իրանում զրադաշտական կրոնը վերականգնած Կարտիր մոգպետի 283 թ. սասանյան վիմագիր արձանագրության մի հատվածը չափազանց կարեւոր է Վասպուրական անվան ստուգաբանման համար: Այդ հատվածը թարգմանվել է յոթ անգամ՝ նշանավոր իրանագետների ձեռքով (Սպրենգլինգ, Հեննինգ, Մարիք եւ այլք) եւ բոլորն էլ սխալ, որովհետեւ հատվածում եղած հին արամեերեն երկու տերմինը թարգմանվել են ենթադրաբար` «ռազմական բազա», «սահմանամերձ կայան», «ֆոնդերի տուն», «փաստաթղթերի տուն», «արխիվ» եւ այլն: Ներկա մենագրության մեջ մ.թ.ա. V դարի մի արամեական տեքստի հիման վրա ցույց եմ տվել, որ այդ արամեական երկու բառերը իրականում ոչ թե նշված իմաստներն են արտահայտում, այլ նշանակում են «արքայական տան որդիներ»:

Ահա եւս մի նմուշ. եվրոպական պատմագիտության մեջ հայտնի է, որ պարսիկները Բյութանիան ((ներկայիս Կոստանդնուպոլսի տարածքը) գրավել են առաջին անգամ 608թ-ին՝ արքայից արքա Խոսրով Փարպեզի օրոք: Եվ քանի որ Բյութանիան գրավելու փաստը հայտնի է Մովսես Խորենացուն, ապա նա ապրել է VII դարում Գուտշմիդ) կամ VIII դարի երկրորդ կեսին (Թումանով, Թոմսոն): 1980-ին հրատարակած իմ հոդվածում եւ «Մովսես Խորենացու դարը» մենագրության մեջ IV դարի պատմագիր Ամիանոս Մարկելինոսի «Հռոմեական պատմության» հիման վրա ցույց տվեցի, որ պարսկական զորքը առաջին անգամ Բյութանիան գրավել է 338-340թթ՝ Շապուհ II երկարակյացի արշվանքի ժամանակ եւ այդ փաստն է, որ Մովսես Խորենացին արտացոլել է իր «Հայոց Պատմության» մեջ: Այս փաստը նորություն է ոչ միայն եվրոպական պամտագիտության, այլեւ Իրանի պատմության համար: Ի դեպ, Ռոբերտ Թոմսոնը Խորենացու «Հայոց Պատմության» անգլերեն թարգմանության երրորդ հրատարակության մեջ երկու անգամ հիշատակում է իր փաստարկների դեմ ուղղված իմ հոդվածը եւ դա անում է ավելի մեծ գիտական բարեխղճությամբ, քան մեր տեղական «որոշ հեղինակություններ»:

Մենագրության մեջ այդպիսի արտասովոր բազմալեզու բացահայտումների թիվն անցնում է յոթ տասնյակից, որոնք վերափոխում են շատ հին պատկերացումներ ու հասկացություններ պատմագիտության, պատմական աշխարհագրության եւ դասական բանասիրության ասպարեզներում: Շարքային ընթեցողն անգամ կհասկանա, որ այս ամենին հասնելու համար հեղինակից պետք է պահանջվեին ոչ միայն լեզվական իմացություններ, այլեւ կռահելու ունակություն (ինտուիցիա)` չխոսելով արդեն հնագույն սկզբնաղբյուրներում կատարած անդուլ որոնումների մասին: Մինչդեռ այդ բոլոր բացահայտումները գնահատելու համար հանձնաժողովի նախագահից պահանջնվում էր միայն մի հասարակ բան` բացել գիրքը եւ կարդալ, այլ ոչ թե ՀՀ նախագահին հաղորդել ստահոդ տեղեկություններ:

Միջնադարյան հայ փիլիսոփայության ականավոր մասնագետ, վաստակաշատ հայագետ ակադ. Սեն Արեւշատյանը մատնանշում է իր երաշխավորության մեջ. «Բացառիկ հմտությամբ Ա. Մուշեղյանը հերքում է «անախրոնիզմ» հռչակված խորենացիական արժեքավոր տվյալները, 5-րդ դարի իրողությունները, պատմական, աշխարհագրական եւ ժամանակագրական փաստերը, համոզիչ կերպով հակահարված տալով «գերքննադատներին», մանրամասնորեն վերլուծելով նրանց աշխատությունները եւ նոր լուսաբանությամբ ու փաստերով վերադարձնելով Խորենացուն իր տեղը եւ ժամանակը: Վերջին տարիներին հայագիտության ասպարեզում կատարված ուսումնասիրությունների շարքում Ա. Մուշեղյանի «Մովսես Խորենացու դարը» մենագրությունը առանձնանում է իր գիտական բարձր արժանիքներով եւ հասարակական կարեւորությամբ: Այն միանգամայն արժանի է ՀՀ նախագահի մրցանակով խրախուսվելու եւ գնահատվելու: Այն արժանի գնահատականը կլինի գիտության նվիրյալի եւ անխոնջ մշակի բազմամյա գործունեության»:

Վենետիկի Կա Ֆոսկարի Պետական համալսարանի Հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ, սփյուռքում եւ Հայաստանում ճանաչված հայագետ, պրոֆ. դոկտոր, հայր Պողոս Լեւոն Զեքիյանը իմ «Մովսես Խորենացու դարը» մենագրությունը գնահատում է իբրեւ «Արժեքաւոր երկասիրութիւն մը` հայ բանասիրութեան ամէնէն կնճռոտ, երկարամեայ` յաճախ տենդոտ` վիճարկումներու նիւթ կազմած, բայց նաեւ միանգամայն յոյժ այժմէական նիւթի մը շուրջ, որ են Պատմահայր Խորենացիի ինքնութեան, ժամանակի եւ պատմագրական արժէքի հարցերը: Սոյն աշխատասիրութեան մէջ, Դոկտ. Ա. Մուշեղեան պատմական համոզիչ փաստերով հիմնաւորապէս կը հերքէ ԺԹ դարու վերջին տասնամեակներուն հրապարակ իջած այն վարկածը` ըստ որուն Խորենացին ապրած է ո՛չ թե Ե դարուն, այլ Է – Թ դարերուն միջեւ, եւ թէ անոր մեծարժէք «Հայոց պատմութիւն»ը, իրականին մէջ, անյայտ վանականի մը կեղծագրութիւնն է: Վարկածի հերքման ուղղութեամբ կատարուած են Հայոց պատմութեան վերաբերող բնագրական, պատմական, աշխարհագրական եւ այլ բազմաթիւ ճշգրտումներ ու բացայայտումներ»:

Եվ ես պիտի մեջբերեմ նաեւ գրականության նվիրյալ, բարձր մտավորական ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի հակիրճ, բայց եւ տարողունակ գնահատականը. «Մուշեղյանի աշխատությունը պատմագիտությունը բարձրացնում է պատմության փիլիսոփայության մակարդակի: Իսկ շարադրանքի ոճական գեղեցկությունն ու մատչելիությունը կարծես հաստատում են գիտության պոեզիան»: Իսկ պատմական գիտությունների դոկտոր Էդվարդ Դանիելյանն իմ մենագրությունը որակել է իբրեւ ազգային անվտանգությանը միտված եւ այդ գաղափարախոսությամբ տոգորված մի կատարյալ աշխատություն:

Ի դեպ, ՀՀ նախագահի մրցանակին չարժանացած եւ «նշաձողից ցած» գնահատված իմ աշխատության համար 2009 թ. սեպտեմբերին Քեմբրիջի (Անգլիա) Կենսագրական ինստիտուտը նամակով ինձ ծանուցեց, որ ես ճանաչված եմ 2009 թ. աշխարհի առաջատար մասնագետ:

2009 թ. նոյեմբերի 5-ին «Ազատամտություն» թերթը տպագրել էր ռուսերեն մի հոդված «8 ՎՌսսՌՈՐՊ ՊՐՈՎ Տ ոպրտսՏՊվՏՎց» վերնագրով, որի հեղինակը միանգամայն աավելորդ է համարում 2010 թ. բյուջեով ՀՀ ԳԱ Ակադեմիային հատկացվելիք նույնիսկ այդ չնչին գումարը: Եթե նախագահի մրցանակին ներկայացված 13 գիտական աշխատություն մի ակադեմիկոսի ղեկավարած հանձնաժողովի վճռով անխտիր «նշաձողից ցած» են հայտարարվում եւ ՀՀ նախագահին առանց խղճի խայթի ներայացվում են ստահոդ տվյալներ նրանց գիտական մակարդակի մասին, ապա միշտ էլ կգտնվի մեկը, որը ավելորդ եւ անպտուղ կհամարի գիտնականներին հատկացվող ողորմելի աշխատավարձը, որը նրանք դառն հումորով «աղքատավարձ» են անվանում: Ժողովրդական խոսքն ասում է` «Ինչո՞ւ է կացինն այդպես անխնա հատում անտառը, – որովհետեւ կոթն անտառից է»:

Իմ «Մովսես Խորենացու դարը» մենագրությունը երկար ճանապարհ ունի անցնելու, իսկ այն միտումնավոր թերագնահատողները, որոնց թիվն աննշան է, կմնան անցյալում: Բազմաթիվ են այն ազնիվ հոգիները, որոնք գնահատում են գիտության մշակի վաստակը: Հողի եւ գիտության մշակները նույն խնդիրն ունեն` մշակել, ազնվացնել կորդը եւ հաղթահարել կարծրամտությունը, դա դժվարին առաքելություն է, բայց դա է առաքինությունը:

Azgdaily.am

Այս շարքից․

ԿՐԿԻՆ ԸՆԴԴԵՄ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ

This post is also available in: ,