Հայրենակիցներ, ս. թ. սեպտեմբերի 19-ին թուրքական իշխանությունները նախատեսել են խաչ տեղադրել (24 ժամով, թե մշտապես’ դեռ հայտնի չէ) Վանա լճի Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցու վրա: Կ. Պոլսի հայոց պատրիարքարանից ժամանած եկեղեցականները նշված օրը մատուցելու են պատարագ: Այդ ամենը ներկայացնելով որպես բարի կամքի դրսևորում հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ, թուրքական կողմը քարոզչական լայն կամպանիա է ծավալել, որպեսզի հազարավոր հայերի, տարբեր տվյալներով’ 5-6 հազ. մարդ, ներգրավի հիշյալ միջոցառմանը: Լուրեր են շրջանառվում, թե այդ նպատակով, 3 օրով բացվելու է հայ-թուրքական սահմանը’ հեշտացնելու համար հայ ուխտագնացների ժամանումը Վան: Թուրքական կողմը խոստանում է նաև, որ ժամանող հազարավոր հայերը հյուրանոցային որևէ դժվարության չեն հանդիպելու Վանում: Մի խոսքով, արվում է ամեն ինչ’ ապահովելու համար ուխտավորների հոծ զանգվածի ներկայությունը սեպտեմբերի 19-ի միջոցառմանը:
Թուրքական այս մտահաղացումը միայն առաջին հայացքից կարելի է անվանել բարյացակամության դրսևորում հայ ժողովրդի հանդեպ: Իրականում ամեն ինչ այլ է: Հեռագնա նպատակներ հետապնդող այդ քայլով թուրքերն ուզում են իրագործել մի շարք ետին մտքեր, որոնք իրենց խորքում հայավնաս են:
Դրանով Թուրքիան ձգտում է նախևառաջ բարելավելու, իր որպես «քաղաքակիրթ» և «դեմոկրատ» երկրի կերպարը Արևմուտքի աչքում.
-տորպեդահարելու համար ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընդունման երկարատև և դժվարին գործընթացը:
-ապակոնսերվացնելու իր իսկ, թուրքական կողմի մեղքով 2009թ. հոկտեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման սառեցված, եթե ոչ ձախողված գործընթացը և դրանով իսկ միջամտելու արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացին:
-ուժեղացնելու Եվրոմիություն մտնելու ջանքերը: Ամրապնդելու իր դիրքերը Եվրոխորհրդում, այն դարձյալ հայավնաս նպատակներով օգտագործելու համար (Չավուշօղլուի հետ կապված միջադեպը):
«Սեպտեմբերի 19-ով» թուրքական կողմը նաև աններելի ոտնձգություն է կատարում հայ ժողովրդի և հայ հավատացյալ մարդու ազգային-կրոնական պատկերացումների ու զգացումների նկատմամբ: Հայ առաքելական սուրբ եկեղեցու խաչը սրբագործված է ոչ միայն սուրբ մեռոնով, այլ նաև վասն հավատո և վասն հայրենյաց մարտիրոսված ու նահատակված բազում տասնյակ սերունդների հարյուր հազարավոր հայորդիների թանկ արյունով: Եվ հենց այդ պատճառով Սուրբ Խաչը չի կարող խաղալիք լինել օտարի ձեռքում, որպեսզի նա ուզած ժամանակ այն հանի և ապա տեղադրի Աղթամարի հազարամյա տաճարի գմբեթին…և դարձյալ հանի:
Այն, ինչ Թուրքիան փորձում է ներկայացնել որպես բարեգործություն հայ եկեղեցու և հայ ժողովրդի հանդեպ, միջազգային իրավունքի տեսակետից լոկ պարտականություն է, որն այդ երկիրը ստանձնել է 1923թ. Լոզանի պայմանագրով: Ընդ որում, Թուրքիան այդ պարտականությունը կատարում է խիստ անբավարար և շատ ուշացած:
Ոչ հեռու ապագայում, ընդամենը չորս և կես տարի անց, 2015թ. համայն հայությունը նշելու է Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակը: Դիմագրավելու համար այդ առթիվ սպասվող հակաթուրքական ալիքին, որը կարող է և ցունամիի վերաճել, Թուրքիան այսօրվանից ձեռնարկում է հակամիջոցներ, որոնցից մեկն էլ անշուշտ □Սեպտեմբերի 19-ի□ շոուն է լինելու:
Վերջապես, «Սեպտեմբերի 19-ի» «նվերի» համար, Թուրքիան հայկական կողմից անպայմանորեն պահանջելու է բավական թանկ փոխհատուցում:
Այդ ամենը նկատի ունենալով, կոչ ենք անում իրենց ազգային և կրոնական արժանապատվությունը հարգող ամեն մի հայի, լինի նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի, արևմտահայ, թե սփյուռքահայ, որպեսզի նա չայցելի Աղթամար և չդառնա գործիք օտարի ձեռքում’ սեպտեմբերի 19-ի անմաքուր և հայավնաս խաղում:
Մենք կոչ ենք անում յուաքանչյուր հավատացյալ հայի’ տարբերել ճշմարիտ հավատը կարծեցյալ-գովազդային հավատից, իրական խոնարհումը և երկրպագությունը Խաչին’ կարծեցյալ-գովազդային խոնարհումից ու երկրպագությունից, իրական ազգային շահը’ կարծեցյալից:
Մենք կոչ ենք անում համայն հայությանը, միավորելու ջանքերը’ քողազերծելու և արժանի հակահարված տալու «Սեպտեմբերի 19-ի» թուրքական էժանագին շոուին, որ իր խորքի մեջ իրականում քաղաքական սադրանք է ‘ ուղղված Հայաստանի և հայ ժողովրդի դեմ:
2010թ. սեպտեմբերի 19-ը հայության համար պետք է դառնա հավատի, գիտակցության և արժանապատվության քննության օր և այդ քննությունը մենք պարտավոր ենք հանձնել պատվով:
Երիցս ոչ «Սեպտեմբերի 19-ին»։
Հայաստանի Հայրենակցական միություններ
www.7or.am