«Նոյյան տապանը» հանրագիտարանը կվաճառի «վրիպակների և սխալների ներդիրով»

«Նոյյան տապանը» հանրագիտարանը կվաճառի «վրիպակների և սխալների ներդիրով»

«Անկախը», նախքան բրիտանական «Kingfisher» և ռուսական «Махаон» հրատարակչությունների դեմ դատական գործընթաց սկսելը պատրաստվում էր գրքի վաճառքն ու տարածումը դատական ճանապարհով կանխարգելել նախ Հայաստանում: Սակայն Երևանի երկու խոշոր գրախանութները («Նոյյան տապան», «Գրքերի աշխարհ»), որոնք վաճառքում ունեին այդ հանրագիտարանը, խոստովանեցին, որ հանրագիտարանը վաճառել են՝ առանց տեղյակ լինելու,  որ այն պարունակում է Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկություններ և խոստացան վաճառքից հանել գրքերը:

«Գրքերի աշխարհ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասաց, որ հանրագիտարանի բոլոր օրինակներն արդեն վաճառվել են, սակայն հավաստեց, որ այլ օրինակներ այլևս չեն բերվի: Չնայած Վարդանյանի տեսակետն այդ  կապակցությամբ մի փոքր այլ է. նա կարծում է, որ նման գրքերի վաճառքը Հայաստանում արգելելը նպատակահարմար չէ, այլ անհրաժեշտ է դրանց դեմ պայքարել դրսում. «Պետք է բերենք, որպեսզի իմանանք, թե ինչ են գրում մեր մասին»,- ասում է նա:

«Նոյյան տապանի» տնօրեն Ֆրիկ Մկրտչյանն էլ հայտնեց, որ իրենք վաճառքում մնացած միակ օրինակը պատրաստվում են գնորդներին ներկայացնել մի ներդիրով, որում Հայաստանի  վերաբերյալ սխալ տեղեկությունների կողքին ներկայացված կլինեն ճիշտ տարբերակները. «Մենք վաճառողի անունից ներդիր ենք պատրաստել, որում սխալ տեղեկությունների կողքին ներկայացվում են իրական փաստերը, բացի այդ, մենք ներդիրի միջոցով ընթերցողին նաև խորհուրդ ենք տալիս Հայաստանի վերաբերյալ տեղեկություններ հավաքելիս հիմք չընդունել այս հանրագիտարանը, այլ օգտվել առավել հավաստի աղբյուրներից»-ասում է Մկրտչյանը:

«Նոյյան տապանի» տնօրենը շատ է վրդովվել՝ տեսնելով հանրագիտարանում տեղ գտած սխալները, այնուամենայնիվ կարծում է, որ դա անգրագիտության և անպատասխանատվության հետևանք է. «Կարծում եմ` սա հակահայկական քարոզչության մի մասը չէ, նրանք շատ ավելի վատ բաներ են անում, որի դեմ, ի դեպ, մերոնք վատ են պայքարում,- ասում է նա՝ միաժամանակ նշելով, որ այս ամենի մեջ ամենավտանգավոր պահը ոչ թե կրոնի ու լեզվի վերաբերյալ սխալ տեղեկության տարածումն է, այլ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն ու Արցախի կարգավիճակը ոչ հավաստի տվյալներով ներկայացնելու փաստը»:

Նշենք, որ գրախանութները հանրագիտարանը ձեռք են բերել ոչ թե «Махаон»-ի հետ հատուկ պայմանագրի միջոցով, այլ պարզապես գնել են մոսկովյան գրախանութներից՝ շատ քիչ օրինակներով:

Ինչ վերաբերում է բրիտանական ու ռուսական հրատարակչությունների դեմ դատական հայց ներկայացնելու գործընթացին, ապա տեղեկացնենք, որ գործն ուսումնասիրում է փաստաբան Արա Զոհրաբյանը: Առաջին քայլը, որը շուտով տեղի կունենա, հրատարակչություններին նամակ հղելն է և կեղծ տեղեկությունների վերաբերյալ հերքման պահանջ ներկայացնելը: Այնուհետև, կախված հրատարակչությունների պատասխաններից, կիրականացվեն առավել գործնական քայլեր:

Հիշեցնենք, որ «Անկախ» շաբաթաթերթն ու համանուն էլեկտրոնային կայքը պատրաստվում է դատական գործընթաց սկսել բրիտանական «Kingfisher» և ռուսական «Махаон» հրատարակչությունների դեմ` 2009 թ. հրատարակված «Большая иллюстрированная энциклопедия географии» ռուսական աշխարհագրական հանրագիտարանում (որը թարգմանվել է բրիտանական «Kingfisher» հրատարակչության հրատարակած համանուն հանրագիտարանից) Հայաստանի մասին կեղծ և հեղինակազրկող տեղեկություններ ներկայացնելու համար:

Հանրագիտարանում նշված է, թե Հայաստանում հիմնական լեզուն, բացի հայերենից, նաև ադրբեջաներենն է, Հայաստանի հիմնական կրոններն են ուղղափառությունը և իսլամը` մասնավորապես շիա ուղղությունը, նաև նշվում է, թե իբր 1988-89 թթ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի է ունեցել զինված ընդհարում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պատճառով, և Արցախը ներկայացվում է հետևյալ կերպ. «Ադրբեջանի պատմական տարածք՝ մեծ մասամբ հայերով բնակեցված»:

www.ankakh.am

.

Այս շարքից․

«Բրիտանական ու ռուսական հրատարակչություններին պատասխանատվության կանչելը պետության պարտավորությունն է». Արմեն Այվազյան

Բաց նամակ` հերքման պահանջով

«Անկախ»-ը դատական գործընթաց է սկսել ռուսական ու բրիտանական հրատարակչությունների դեմ

Հայաստանում հիմնական լեզուն հայերեն ու ադրբեջաներե՞ն

This post is also available in: ,