Բոստոնում երկար տարիներ ի վեր լույս տեսած նշանավոր «Հայրենիք» ամսագրում դեռ 1952 թ. նոյեմբերին մի հետաքրքիր ակնարկ է լույս տեսել հայ-վրացական տարակարծությունների մասին: Հաշվի առնելով ներկա’ այնքան էլ վառ գույներով չփայլող հայ-վրացական հարաբերությունները, որոշեցինք այն դարձնել նաև ընթերցող հասարակության սեփականությունը’ որոշ դրվագների անդրադարձման միջոցով:
Եվ այսպես’ 1939 թ. Սովետական Հայաստանում հանդիսավորությամբ նշվեց հայ ժողովրդական դյուցազներգության’ Սասունցի Դավիթ էպոսի հազարամյակը, որի առթիվ տարբեր լեզուներով լույս տեսան էպոսի լիակատար և հատվածական թարգմանությունները:
Այս շրջանակներում պրոֆ. Մ. Աբեղյանի և Կ. Մելիք-Օհանջանյանի խմբագրությամբ լույս տեսավ «Սասնա Ծռերի» հայերեն առաջին հատորը, որը, սակայն, լույս ընծայվեց խիստ կրճատումներով. ժողովրդական պատումներից դուրս են մնացել այն հատվածները, որոնք ուղղված են եղել Վրաստանի դեմ:
Այս անարդար կրճատումների դեմ հատորի գլխավոր խմբագիր Մ. Աբեղյանը հանդես է գալիս խիստ բողոքներով: Նա պահանջում էր, հանուն պատմական ճշմարտության, հատորի երեք պատումները տպագրել նույնությամբ, մինչդեռ տոնակատարությունների հանձնաժողովի նախագահ, ակադ. Հ. Օրբելին, հավանաբար ելնելով քաղաքական նկատառումներից’ պնդում էր, որ պետք է կրճատվեն Վրաստանի դեմ ուղղված հատվածները:
“«Ինչ խոսք, որ Օրբելու տեսակետը հաղթանակեց, և հատորը լույս տեսավ անողորմ կրճատումներով…
– Օրբելին անգղի դեր է կատարում, – ասում էր պրոֆ. Մ. Աբեղյանը:
Հեշտ է Օրբելուն Մեղադրել անգղի սև դերի մեջ, բայց պատկերացնու՞մ եք, թե ի՞նչ կլիներ Աբեղյանի և Օրբելու վիճակը, եթե հատորը նույնությամբ տպվեր, այսինքն’ եթե երեք ծանոթ տարբերապատումները առանց կրճատումների տպվեին…
Անշուշտ, մենք գնահատում ենք մեր մեծանուն գիտնական Մ. Աբեղյանի ազգային բարձր զգացումները: Բայց, մենք գնահատում և հասկանում ենք նույնպես մեծանուն հայ գիտնական ակադեմիկոս Հ. Օրբելու զգուշավոր և շրջահայաց դիրքը Խորհրդային դժնե պայմաններում…» “, այսպես է մեկնաբանում խնդիրը “Հայրենիքի” հոդվածագիրը: Ավելին, երբ Երևանի Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում նշելիս են եղել հայոց էպոսի հազարամյակը, ելույթ է ունեցել վրաց գրող Տորոշելիձեն, «…որ իր երկար ու ձանձրալի ելույթի մեջ մի քանի անգամ հիշեց, թե Սասունցի Դավիթը վրաց թագավոր Դավիթն է, որին երախտապարտ հայ ժողովուրդը սիրով հիշում է իր ազգային դյուցազնավեպի մեջ»:
Վրաց Դավիթ թագավորը, սակայն, վրաց պատմության մեջ հիշվում է որպես սովորական թագավոր: Վրաց ժողովրդական ստեղծագործությունների մեջ հերոսացումի որևէ փորձ գոյություն չունի այս խեղճ թագավորի կյանքի վերաբերյալ, ապա ակամա հարց է ծագում, ո՞ր ծանոթ ճամփով Մցխեթցի Դավիթը եկավ հասավ մինչև բարձրաբերձ Սասուն…
Վրաց գիտական և գրական շրջաններին և երեկ, և այսօր լավ հայտնի է, որ «Սասնա Ծռերի» 63 տարբերապատումների մեջ որևէ հիշատակություն գոյություն չունի վրաց թագավոր Դավթի վերաբերյալ, այլ, ընդհակառակը, մեր դյուցազնավեպի որոշ պատումների մեջ մեր ժողովուրդը ատելությամբ է հիշում Վրաստանի անունը: Վրացիներին քաջ հայտնի է նույնպես, որ Դավիթ անվան նույնությունը բացարձակապես ոչինչ ասում է մեր միակ ազգային դյուցազնավեպի պատմության համար…», եզրափակում է հեղինակը’ հիշեցնելով, որ «եթե մեկ վայրկյան հետևելու լինենք վրացական այս խեղճ տրամաբանությանը, ապա կստացվի, որ աշխարհի բոլոր անվանի Դավիթները ծագումով հրեա են, քանզի վրաց Թագավոր Դավթից շատ-շատ առաջ Հրեաստանը ուներ իր թագավոր Դավիթը»:
Այս անչափ կարևոր տեղեկություններից մեզ համար այլևս պարզ են մի քանի իրողություններ: Նախևառաջ, հարկավոր է ընդունել, որ մեր այսօրվա էպոսը, գրի առնված հայ երախտավորների կողմից և հասցված մինչ 1939 թ., այսինքն’ տպագրության շեմին, Վրաստանի մասով չի պարունակում այն բովանդակությունը, որն ունի իրականում: Հայ էպոսագետների, գրականագետների ու պատմաբանների առաջնահերթ գործը պետք է լինի’ անհապաղ գտնել չտպագրված վերոհիշալ մասերն ու ամբողջականացնել էպոսը: Ամբողջականացված էպոսի միջոցով մենք առավել հեշտ կկողմնորոշվենք մեր հյուսիսային հարևանին ընկալելու, ճանաչելու և հարաբերություններ հաստատելու ճանապարհին: Հաջորդը, եթե ընդունում ենք, որ էպոսը մեր համազգային սովորույթների, մտածողության, ազտագրական պայքարի, հայ ինքնության մարմնացումն է, ապա պետք է ընդունել նաև, որ այդ մարմնացումների մեջ իր տեղն են ունեցել / ունեն Վրաստանի հանդեպ որոշակի բացասական դրսևորումները:
«Սասնա Ծռեր» էպոսը տիեզերական, աստվածային օրենքների հետ սերտորեն առնչություն ունեցող, հայոց ինքնությունը խորհրդանշող, տիեզերքի մեջ հայոց ընթացքը ցույց տվող մի յուրօրինակ երևույթ է: Նրա ամեն մի տողը, ամեն մի պարբերությունը հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել հին ու նոր աշխարհի պատմության ողջ ընթացքը, և ընդհակառակը, համաշխարհային պատմությունն ուսումնասիրելիս, հարկավոր է խորությամբ ընկալել հայկական էպոսի յուրաքանչյուր պարբերության բովանդակությունը:
Ստալինյան ռեպրեսիաների «արգասիք» հանդիսացող հայոց էպոսի այս մասնատումը էապես խաթարել է մեր ազգային ինքնաճանաչողությունը, նվազեցրել մեր հարևաններին ճանաչելու հնարավորությունները: Միգուցե սա՞ է պատճառը, որ մինչ օրս ազգովի գլուխ ենք կոտրում, սակայն, չենք կարողանում կողմնորոշվել Վրաստանի հետ հարաբերություններում և թերուս ենք այդ ոլորում, միգուցե մեր գիտակցության մեջ դեռ ինչ-որ բան պակասու՞մ է, որը պետք է լրացնեին էպոսի’ մինչ օրս կորած համարվող մասերը: Ո՞վ իմանա:
Վահե Սարգսյան
«Միտք» վերլուծական կենտրոն
www.7or.am