ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանը, վերանայելով անցած տարի կայացրած իր որոշումը, չեղյալ է հայտարարել այն։ Այս մասին տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները։
ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանի կողմից 2009թ. կայացված որոշումը վերանայելու խնդրանքով դատարան էին դիմել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), Ամերիկայի Հայ փաստաբանների ասոցիացիան, Զորյան ինստիտուտը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան։ Առանձին խնդրագրերով դատարան էին դիմել նաև հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը և EarthRights International կազմակերպությունը։
Հիշեցնենք, որ 2009թ. ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, որը բեկանում էր Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից իրենց անտեսված իրավունքներին վերատիրանալու համար օտար ընկերությունների դեմ դատական գործեր հարուցելու` Կալիֆոռնիայի նահանգային օրենքը:
ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանն իր կայացրած որոշումը հիմնավորել էր հետևյալ կերպ. «Հիշյալ օրենքը հակասահմանադրական կերպով միջամտում էր երկրի արտաքին քաղաքականությանը»։
2000թ. Կալիֆոռնիայի կոնգրեսը օրենք էր ընդունել, որով ճանաչել էր 1915թ. ցեղասպանության ենթարկվածների ժառանգների` կյանքի ապահովագրության շրջանակներում համապատասխան ապահովագրական ընկերություններից փոխհատուցում պահանջելու իրավունքները:
Նշենք նաև, որ թուրքական մամուլն այդ որոշումը որակել է «սկանդալային»։
www.tert.am