Հայերը դատական գործ են հարուցել ընդդեմ Թուրքիայի` պահանջելով ամերիկյան ռազմակայանի հողատարածքը

Հայերը դատական գործ են հարուցել ընդդեմ Թուրքիայի` պահանջելով ամերիկյան ռազմակայանի հողատարածքը

Տարիների ընթացքում հայերը Ցեղասպանության ճանաչման խնդրից իրենց ուշադրությունն աստիճանաբար սևեռեցին 1915-1923 թվականներին իրենց կրած վիթխարի կորուստների իրավական հետապնդման վրա:

Վերջերս Միացյալ Նահանգների դաշնային դատարաններում մի շարք դատական հայցեր ներկայացվեցին արևմտյան ապահովագրական ընկերությունների և բանկերի դեմ: Իսկ հուլիսին ամերիկահայ փաստաբանները դատական գործ հարուցեցին Թուրքիայի Հանրապետության ու նրա երկու խոշոր բանկերի դեմ` փոխհատուցում պահանջելով բռնագրավված սեփականության և եկամտի կրած կորուստների համար:

Անցյալ շաբաթ փաստաբաններ Վարդգես Եղիայանը, Քեթրին Լի Բոյդը և Դեյվիդ Շվարցը, միջազգային իրավունքի փորձագետ Մայքլ Բազիլերի հետ միասին մի նոր դաշնային հայց ներկայացրին Թուրքիայի Հանրապետության, Կենտրոնական բանկի և «Ziraat» բանկի դեմ` «անօրինական բռնագրավման և անարդար հարստացման» համար: Հայցվորներն են` Լոս Անջելեսի բնակիչներ Ռիտա Մահտեսյանն ու Անայիս Հարությունյանը և Ալեքս Բակալյանը` Վաշինգտոնից:

Երեք ամերիկահայերը, որոնք Ցեղասպանության ժամանակ իրենց ընտանիքներից թալանված սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր ունեն` փոխհատուցում են պահանջում 50 հա (կես միլիոն քառ. մետր) տարածքի համար, որը գտնվում է Ադանայի շրջանում: Ռազմավարական նշանակություն ունեցող «Ինջիրլիկ» ամերիկյան ռազմակայանի մի մասը տեղակայված է նրանց սեփականությունը հանդիսացող հողատարածքների վրա:

Ցեղասպանության ժամանակ, թուրքական կառավարությունը նախապես կնքել էր հայ զոհերին պատկանող ամբողջ գույքը: Հետագայում դրանք ուղղվեցին «Ziraat» բանկ` բռնագրավված սեփականության վաճառքից գոյացած հասույթն ի պահ դնելով հայերի անունից: Այնուհետև նրանց ունեցվածքը փոխանցվեց թուրքական Գանձարանին և հանձնվեց Կենտրոնական բանկի կառավարմանը: Դատական հայցով մեղադրվում են Թուրքիայի Հանրապետությունը, Կենտրոնական բանկը և «Ziraat» բանկը` հայցվորների բռնագրավված գույքից անարդար օգուտ ստանալու համար:

Ներկայումս երեք թուրք մեղադրյալներն էլ առևտրային գործունեություն են ծավալում Միացյալ Նահանգներում, որն իրավասություն է շնորհում ԱՄՆ դատարաններին: Թուրքիայի Հանրապետությունը գործառնություններ է իրականացնում պետական սեփականություն հանդիսացող կամ վերահսկվող մի շարք ձեռնարկություններում, ինչպիսիք են Թուրքական ավիաուղիները (Turkish Airlines) և Զբոսաշրջության տեղեկատվական գրասենյակը: Ինչպես Կենտրոնական բանկը, այնպես էլ «Ziraat» բանկը գրասենյակներ ունեն Միացյալ Նահանգներում:

Հայ հայցվորների սեփականությունը զավթելուց բացի, թուրքական կառավարությունը յուրացրել է նաև վերջին 60 տարիների ընթացքում «Ինջիրլիկ» ռազմակայանի համար Միացյալ Նահանգների վարձավճարները: Ռազմակայանը շահագործում է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության կառույցը` Ռազմական և օդային ուժերի փոխանակման ծառայությունը: Մի շարք խոշոր ամերիկյան ընկերություններ, ինչպիսիք են` Baskin Robbins, Taco Bell, Pizza Hut, Starbucks և AT&T ընկերությունները, գործարքներ են կնքել և ծառայություններ են մատուցում ռազմակայանում գտնվող ամերիկյան զինվորների համար: Այս ընկերությունները ևս տարիներ շարունակ շահույթ են ստացել հայերի սեփականությունը հանդիսացող հողատարածքներից:

Հայցում նշված է, որ հայցվորները «վնաս են կրել իրենց սեփականության օգտագործման իրավունքի և եկամուտների կորստից»: Թուրքիայի և նրա Կենտրոնական բանկի կողմից «սեփականության շարունակվող ապօրինի օգտագործումը անմիջական ազդեցություն ունի Միացյալ Նահանգների վրա, որովհետև ամերիկյան առևտրային կառույցը գումար է վճարում Թուրքիային»` «Ինջիրլիկ» ռազմակայանի վարձակալության համար և «երկարաժամկետ գործեր է վարում մեղադրյալների հետ…»:

Հայցում նաև նշվում է, որ «հայցվորների գործողությունը հիմնված է նաև նրանց սեփականության իրավունքի վրա, որն ապօրինաբար բռնագրավվել է մեղադրվող Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտմամբ` Ցեղասպանության թուրքական արշավի արդյունքում … Միջազգային իրավունքն արգելում է տիրանալ սեփականությանը, երբ այն կատարվում է խտրականության դրսևորման ճանապարհով կամ մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ: Հայցվորների ունեցվածքը խլվել է Օսմանյան թուրքական կայսրության Ցեղասպանության արշավի արդյունքում` Թուրքիայում քրիստոնյա հայերին ամբողջովին կամ մասամբ ոչնչացնելու համար»:

Հայցվորները հայտարարում են, որ Ցեղասպանությունից հետո, թուրքական կառավարությունը հայերի սեփական «հիմնարկները, գործարանները, խանութները, կալվածքները և այլ տնտեսական ձեռնարկություններ փոխանցել է Թուրքիայի մահմեդական սեփականությանը»: Այդուհանդերձ, ամենացնցող մեղադրանքն այն է, որ թուրքական իշխանությունները «հայերի ունեցվածքի վաճառքից գոյացած միջոցներն օգտագործել են նրանց արտաքսման ֆինանսավորման համար»: Հարկ է նշել, որ Ցեղասպանության ժամանակ հայերին կյանքից ու գույքից զրկելուց բացի, թուրքական իշխանությունները վերապրածներին խստորեն արգելել են հետ պահանջել իրենց սեփականությունը` նրանց անձնագրերում կնքելով` «Վերադարձն արգելվում է»:

Ամերիկահայ հայցվորներն իրեն ընտանիքներից բռնագրավված կալվածքը ընթացիկ արժեքով գնահատել են 63.9 մլն դոլար, քանի որ նրանց տարածքը կազմում է «Ինջիրլիկ» ռազմակայանի գույքի 1.7 մլրդ դոլար արժեքի (ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալների) 3.7 տոկոսը: Հայցվորները պահանջում են իրենց սեփականության ընթացիկ շուկայական արժեքը, ինչպես նաև վերջին 60 տարիների ընթացքում կուտակված վարձավճարները, որոնք հավանաբար կկազմեն հարյուրավոր միլիոն դոլարներ: Այս հայցում ընդգրկված չէ Ինջիրլիկի այլ հայկական ունեցվածքների արժեքը, այդ թվում` եկեղեցու ու դպրոցի:

Առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգների դատարաններում Թուրքիայի կառավարության և թուրքական այլ կառույցների դեմ սպասվում են մի շարք դատական հայցեր, այդ թվում` պահանջ Անկարայում Թուրքիայի նախագահական պալատի նկատմամբ, որը գտնվում է Ղասաբյանների ընտանիքին պատկանող հողատարածքի վրա:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմ.’ Ռ.Ավագյանի

This post is also available in: ,