«Բախտի բերմամբ, թե պատահմամբ» մեզ հարևան դարձած քոչվոր թուրքերն ու նրանց «կրտսեր եղբայր» ադրբեջանցիները «պատմության քառուղիներում» իրենց երթն սկսել են որպես ոչխարի գողեր ցեղի մակարդակով, հիմա էլ պատմություն ու մշակույթ են թալանում պետության մակարդակով։ Օրերս ասպարեզ նետված պատմահեն բառը, իհարկե, նրանց այսօրվա էության ճշգրիտ բնորոշումն է։ Իսկ Հեյդար Ալիևի վերջին հայտարարությունն էլ (իբր՝ Երևանն ու Զանգեզուրը պատմական Ադրբեջանի մասն են) հո առաջին հերթին պետք է հոգեբույժների գործը դառնա. նախնական ախտորոշումը՝ հիշողության ընտրովի կորուստ…
Որ մեզ իրեն թշնամին հայտարարած նորահայտ ազգը մեր պատմությունը թռցնում է, զարմանալի ոչինչ չկա։ Սակայն մեր պարագայում հետաքրքիրն այն է, որ ինքներս ենք հաճախ մոռանում սեփական ընթացքը երկրային ժամանակի ու տարածության միջով։ Ըստ երևույթին՝ մեզնից ոմանք էլ ինքնամեժումի ախտանիշներ ունեն։
Այս մասին խոսելու առիթ է տալիս հայաստանյան վերջին իրադարձություններից մեկը՝ Երևանի օրվա տոնակատարությունը։ Ո՞վ լսած չի լինի Երևանի ծննդյան վկայական համարվող սեպագրի առաջին բառերը. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս ամրոցը կառուցեց ի փառս իր երկրի և ի սարսափ թշնամիների»։ Ք. ա. 782թ. արված օտարագիր արձանագրությունն այսօր մեզ հիմք է տալիս ամեն տարի հոկտեմբերի օրերից մեկը մեր նորօրյա մայրաքաղաքի տոնը դարձնել, թեև Երևանի տարածքում մարդու բնակության, քաղաքակրթության շատ ավելի վաղ հետքեր ևս կան (օրինակ՝ Շենգավիթյան մշակույթը)։
Տոնը, իհարկե, շատ լավ է ու գրեթե համազգային շուքով է նշվում։ Սակայն այս տոնի մեջ մի շեշտադրում կա, որ չի կարող բավարարել հայրենիքն արմատներով զգացող հային։ Տեղից վեր կացողը շեշտում է, թե քաղաքը կառուցել է Ուրարտուի արքա Արգիշտին։ Ուրարտուի մասին խոսվում է որպես հայկական միջավայրի հետ առնչություն չունեցող մի երկրի, որտեղ Ք. ա. IX-VIIդդ. պետություն է ունեցել ինչ-որ ազգ, իսկ VIդ.-ից այնտեղ հայտնվել են հայերը ու դարձել Մեծ Հայք անունով երկրի տերերը։ Սա, իհարկե, պարզունակ սխեման է այն տեսության, որ հրամցնում են պատմաբաններից շատերը։
Առաջ այս տեսությունը հենվում էր այն կանխադրույթի վրա, թե հնդեվրոպախոս հայերը տարածաշրջանում եկվոր են, քանի որ հնդեվրոպական նախահայրենիքը Եվրասիայի այլ մասում է գտնվել։ Նախահայրենիքի փնտրտուքը գիտնականներին (հատկապես Իվանով և Գամկրելիձե գործընկերներին) հանգեցրել է այն մտքին, որ այն հարևանել է սեմական ու կովկասյան լեզուներով խոսողների տարածման շրջանին և գտնվել է Փոքր Ասիայում։ Այն, որ հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրման տարածքը ներառել է պատմական Հայաստանը, հաստատվում են բարզմաթիվ փաստերով՝ մարդաբանական, հնագիտական, բնագիտական և այլն։ Վերջերս նույն Իվանովը ռուսական «Կուլտուրա» ալիքով դասախոսություն էր կարդում։ Նա քարտեզի վրա մուգ գույնով նշել էր հնդեվրոպական նախահայրենիքի տեղը այնպիսի տեղում, որ անպայման Մեծ Հայքի տարածքից ներառում է, իսկ բանավոր խոսքում պարզապես նկարագրում էր տեղադրությունը՝ առանց գոնե մեկ անգամ արտասանելու Հայաստանի կամ հայերի անունը։ (Տարիներ առաջ ԵՊՀ-ի հրատարակած հանդեսներից մեկի նույն բովանդակությամբ մի հոդվածում էլ՝ Օռլովա ստորագրությամբ, պարզ խոսվում էր Հայկական բարձրավանդակի՝ որպես հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրության վայրի մասին՝ ճարպկորեն խուսափելով անուններ տալուց)։ Իսկ նշված դասախոսության մեջ Իվանովը հայերենի մասին մեկ անգամ ասաց, թե այն ևս հնդեվրոպական լեզու է, որով խոսել են հետագայում այդ տարածքում հաստատված հայերը։ Մի հարցնող լինի. ե՞րբ և ինչո՞ւ էին հեռացել իրենց բնօրրանից, որ հետո էլ նորից հետ գան։ Ուրարտուն հայերից օտարող տեսությունն արմատավորողներից է եղել իր հայատյացությամբ հայտնի Ստալինը, որի հրահանգով Խորհրդային Միության գիտությունը պետք է ամեն ինչ աներ, պեղումների և այլ ուսումնասիորությունների արդյունքները կեղծեր, միայն թե հայերը բնիկ չհամարվերին, հայոց պատմությունն աղավաղվեր, կարճացվեր, վերագրվեր ուրիշներին։ Այսպիսի կանխադրույթից ելնելով՝ հազարավոր «ուսումնասիրություններ» ու ատենախոսություններ են գրվել։ Իսկ արդի արտասահմանյան գիտությունն էլ, հո շատ տվյալներ են հայտնի, թուրքերի ու ադրբեջանցի կոչվածների պետական մեքենայությունների ու կաշառատվության կիզակետում է։
Հետաքրքիր է, որ հիմա անկախ պետություն լինելով՝ մենք ևս շարունակում ենք մեր հայրենիքի պատմության մի հատվածը ձևակերպել օտար անունով։ Ասես ակնհայտ չէ, որ Մեծ Հայքի տարածքում միշտ էլ իշխող է եղել մարդաբանական նույն տիպը (հայտնի արմենոիդ կամ կովկասոիդ անունով), մշակույթի ընդհատում չի արձանագրվել, մեր բանավոր զրույցներում եկվորության մասին խոսք չկա, իսկ հնագույն ժայռապատկերների բովանդակությունն էլ բանահյուսական տարբեր ժանրերի տեսքով մինչև մեր օրերն է հասել։ (Ինչ վերաբերում է Հայկի մասին առասպելում պատմվող իրադարձությանը, ըստ որի Հայկը Բաբելոնից է գալիս, ապա սա չի նշանակում, թե հայախոս ամբողջ հանրությունը եկվոր է, այլ ընդամենը՝ որ Հայկը երկրից դուրս էր եկել ու ետ եկավ)։ Կարծես Բեհիսթունի եռալեզու արձանագրության մեջ՝ շուրջ 2400 տարի առաջ գրված Դարեհ Առաջինի պատվերով, Ուրարտուին համարժեք տեղում Արմինա չի դրված, ոչ էլ շուրջ 4200 տարի առաջ Նարամսինը նշել է Արմանի տեղանունը։ Մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանը հայերին եկվոր էր համարում՝ հենվելով նաև այն տեղեկության վրա, թե Հայաստանի տարածքում առյուծներ չեն եղել, մինչդեռ հնդեվրոպական հիմք լեզվում «առյուծ» (առեւծ) բառը կա։ Հենց միայն Արենիի վերջին պեղումները հակառակն են հաստատում՝ առյուծներ Հայաստանում եղել են։
Որոշ գիտնականներ նշել են, որ Արգիշտին հայոց Արան է, Խալդը՝ մեր Հայկը, Ուրատուն՝ Արարատը։ Նրանք կարող էին մեզ հասած ձևը ստանալ ոչ հնդեվրոպական այն լեզվում, որոնցով գրվել են ուրարտական կոչվող արձանագրությունները։ Իսկ որ մի երկրի հողում կարող էին այլ լեզվով արձանագրություններ գրվել, այսօրվա երկրացուն չես զարմացնի։ Աշխարհում այսօր գոյություն ունեցող շուրջ 6900 լեզուներց քանիսո՞վ է գրագրություն վարվում, կամ քանի՞ երկիր կա, որ ժամանակավորապես օգտագործում է ուրիշների գրերն ու լեզուն։ Իսկ գուցե փորձենք ճշտել, թե ի՞նչ լեզվով են գրվել Տիգրան Մեծի կամ առաջին Արշակունիների ժամանակվա գրությունները ու մտածենք, թե այդ ժամանակվա մեր պատմությո՞ւնն ում վերագրենք… Կամ էլ պետք է ենթադրել, թե այժմ երկրագնդի կեսը Անգլիա՞ն է։
Ինչ վերաբերում է մեր մայրաքաղաք Երևանի անվանը, որ իր «ծննդականում» Էրեբունի է կարդացվում, ապա այսօր շատ ավելի իրական ու տրամաբանական է թվում տեսությունը, ըստ որի այն առաջացել է նույն Արայի կամ նրա անվան հիմքը դարձած Ար աստծո անունից (հիշենք՝ հնդեվրոպական նախացեղերն իրենց արի են կոչել, իսկ «ի» վերջնահանգ հնչյունը երկու դեպքում էլ ըստ երևույթին ածանց է)։ Ավանդված Էրեբունի տարբերակում առկա բ հնչյունը հայերենում հնչյունափոխվում է վ-ի։ Քաղաքի անունը տարբեր աղբյուրներում մեզ է հասել մի քանի ձևերով՝ Արեւան, Այրավան, Իրաւան, Էրեվան, Էրեւան, Էրվան, Էրուան և այլն։ Առաջին վանկի Էր, Ար, Այր, Իր տարբերակները հնչյունաբանորեն բխում են մեկը մյուսից, իսկ վանը հո հայախոս յուրաքանչյուր մարդ հասկանում է՝ բնակավայր, քաղաք է նշանակում։ Դուրս է գալիս, որ հիմնադրելով ամրոցը՝ Արա արքան այն կոչել է Արի վան (Երևան դառնալու ճանապարհին կարող էր գործել ար-ի-ա-վան սխեման՝ իա=ե սկզբունքով)՝ ամենայն հավանականությամբ նվիրելով Ար աստծուն կամ հենց Արա արքային։
Ասելիքը մեկն է՝ որքան էլ օտարազգի գիտնականներն առաջնորդվեն գիտության առաջընթացը միշտ խաթարող կարծրատիպերով և շարունակեն մեր պատմությունն աղավաղված ներկայացնել, մենք իրավունք չունենք այն աղճատելով՝ մեր ապագան վտանգել։ Ասում են՝ ուժն է ծնում իրավունք։ Իսկ ճշմարտությունը նույնպես ուժ է։ Հիմա մենք մեր ճշմարտության ուժն ինչպե՞ս ենք ծախսում. մեզ հետ ամենադաժան ու անթույլատրելի միջոցներով տեղեկատվական պատերազմ վարող թշնամիների ջրաղացի՞ն ենք ջուր ավելացնում, ի՞նչ է։ Մեր ինքնությո՞ւնն ենք զոհաբերում։ Իսկ որ այս հողի բնիկները և ամենահին ազգերից մեկը լինելով՝ պատմության ասպարեզից վերանալու միտք դեռևս չունենք, վկա Մեծ եղեռնից հետո հառնած հայությունն ու հայոց անկախ երկու պետությունները։
2007թ. սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ն ընդունել է «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագիրը։ Հետաքրքիր է՝ Հայաստանում մարդիկ տեղյա՞կ են, որ կա նման իրավունք, և մենք դրա պահանջատերն են։ Անցած ամառ հռչակագրին նվիրված նստաշրջանին հայկական պատվիրակություն էլ է մասնակցել սփյուռքից։ Հայտնի է, որ Հայաստանից այդ նստաշրջանին ներկա է եղել ԵՊՀ դոցենտ, պատմաբան Արտակ Մովսիսյանը։ Սա արդեն իսկ քայլ է։ Սակայն մեր ճշմարտությանը հասնելու համար, իհարկե, մեզ արդիական միջոցներ են պետք, ոչ թե հետիոտնի ընթացք։ Եվ առաջին հերթին անհրաժեշտ է կազմակերպվել ազգովին՝ պետության ներսում ու արտերկրում։ Այլապես վաղը ուշ կլինի, ու չի լինի այն պետությունը, որի ներսում իշխանությունն ու ընդդիմությունը կռիվ կտան կեղծ ու շիտակ իրենց փաստարկներով…
Հարց է առաջանում՝ նման կազմակերպվածություն ապահովելու համար առաջիկա մարդահամարը չի՞ կարող միջոց դառնալ։
Արմենուհի Փալանդուզյան
բանասեր
www.7or.am