ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ` ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ`  ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունն աշխարհաքաղաքական առումով «բացվեց»` հայտնվելով նաև մերձավորարևելյան քաղաքական վայրիվերումների որոշակի ազդեցությունների ներքո։ Մինչդեռ վերջին երեք ամսվա ընթացքում այնտեղ գրանցված պատմական նշանակության իրադարձություններն արդեն հանգեցրել են հեղափոխությունների, զանգվածային անկարգությունների, քաղաքացիական պատերազմների, ինչպես նաև միջազգային ռազմական միջամտության։ Այսօր բավականին բարձր է աշխարհառազմավարական անկայունության գոտու՝ «արաբական աղեղից» դեպի Հայաստանի սահմաններ ընդլայնումը, մասնավորապես, նոր՝ ներքին կամ արտաքին հակամարտության բռնկման հավանականությունը հարևան Իրանում։

Այս կապակցությամբ հարկ է մեկ անգամ ևս վերադառնալ Հայաստանի աշխարհառազմավարական դրության քննարկմանը, նրան սպառնացող ռազմական վտանգներին և դրանց չեզոքացման միջոցներին։ Մեր խորին համոզմամբ՝ 1991 թ.-ից ի վեր Հայաստանում պետական շինարարության մեջ իշխանությունների խոշոր ձախողումները մեծապես պայմանավորված են երկարաժամկետ սպառնալիքների հաշվառման վրա հիմնված համարժեք պաշտպանական հայեցակարգ ու ռազմական քաղաքականություն չունենալու հանգամանքով:

Հայաստանի պաշտպանական հայեցակարգի հիմքում պետք է լինի (հուսանք՝ այդպես է) ռազմական անվտանգության ապահովումը բոլոր չորս ուղղություններով՝ հյուսիսային (վրացական), հարավային (պարսկական), արևմտյան (թուրքական) և արևելյան ու հարավարևմտյան (ադրբեջանական ու նախիջևանյան): Սակայն այսօրվա և կանխատեսելի ապագայի դրությամբ, Իրանն ու Վրաստանը Հայաստանին չեն սպառնում, մինչդեռ ադրբեջանական-թուրքական վտանգն առավել քան իրական է:

Վրացական և պարսկական ճակատներ

Այսուհանդերձ, ինչպես վրացական, այնպես էլ պարսկական ճակատի ամուր պաշտպանվածության ապահովումն անհրաժեշտ է: Նախ՝ թուրքական կամ ադրբեջանական զորքերը կարող են օգտագործել սահմանային այդ հատվածները (հատկապես վրացականը)՝ Հայաստան ներխուժելու համար: Բացի այդ, որքան էլ դա անցանկալի է, վրացական ճակատում չեն բացառվում Ջավախքի հայության պաշտպանության նպատակով ձեռնարկված ինչ-ինչ գործողություններ: Իսկ պարսկական ճակատում ապագայում կարող են խնդիրներ առաջանալ Իրանական Ազարբայջանում ապրող թրքախոս հոծ բնակչության հետ՝ Իրանի կենտրոնական իշխանության հանդեպ վերջինիս հնարավոր ընդվզումների պարագայում:

Ադրբեջանական ճակատ

ՀՀ առաջին դեմքերն ու բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են ընդգծել Ադրբեջանի սանձազերծելիք հնարավոր պատերազմի սպառնալիքը: ՀՀ պաշտպանության փոխնախարարներից մեկի տասնամյա վաղեմության մի ելույթում այդ իրավացի տեսակետի հիմնական դրույթները շարադրված են շատ պարզ. «Հայաստանի անվտանգությանն ուղղված գլխավոր սպառնալիքն այսօր և տեսանելի հեռանկարում միանշանակ կարելի է համարել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ ուղղված ռազմական ագրեսիայի իրական սպառնալիքը: Այն պահին, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնի, որ ռազմական գերազանցություն ունի Հայաստանի նկատմամբ, պատերազմը կդառնա անխուսափելի: Այն ուղղված կլինի ոչ միայն ԼՂՀ-ի, այլև Հայաստանի դեմ, որովհետև ադրբեջանական ղեկավարությունն այն կարծիքին է, որ առանց Հայաստանի ռազմական պարտության, Ղարաբաղի բռնակցումն անհնար է»:

Սակայն ապագայում հնարավոր ադրբեջանական ներխուժման հետմղման սցենարները մշակելիս պետք է նկատի ունենալ մի վճռող հանգամանք, այն է՝ Հայաստանը պետք է մշտապես ի զորու լինի միայնակ ռազմական ջախջախիչ պարտության մատնել Ադրբեջանին: Բանն այն է, որ հայ-ադըրբեջանական հավանական պատերազմում երկու հանգամանք քիչ հավանական է դարձնում Ռուսաստանի ուղղակի միջամտությունը՝ հօգուտ Հայաստանի: Նախ՝ Ադրբեջանը ևս Անկախ պետությունների համագործակցության անդամ է, հետևաբար այդպիսի միջամտությունը վերջնականապես կվարկաբեկի Ռուսաստանի համար մեծ նշանակություն ունեցող միջպետական այս կառույցը և կքայքայի նրա կենսունակությունը: Ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Ադրբեջանին դիմակայելու անընդունակ Հայաստանը պարզապես անարժեք կլինի Ռուսաստանի համար՝ որպես ռազմավարական դաշնակից: Հայաստանի տկարանալուն զուգահեռ թուլանալու է նաև Ռուսաստանի (ինչպես նաև Իրանի, Չինաստանի, այլ պոտենցիալ դաշնակիցների) շահագրգռությունը՝ սատարելու Հայաստանի անվտանգությանը: Եվ ճիշտ հակառակը. որքան ավելի ռազմականապես զորեղ լինի Հայաստանը, այնքան ավելի Ռուսաստանն ու բարեկամական մյուս պետությունները պատրաստ կլինեն սատարել մեզ: Տեսանելի ապագայում Հայաստանի ռազմավարական արժեքի միջազգային որոշիչը լինելու է նրա՝ Ադրբեջանին ինքնուրույնաբար դիմագրավելու կարողությունը: Ուստի ադրբեջանական ճակատին վերաբերող իր ռազմական ծրագրերում Հայաստանը պետք է ելնի մեն-մենակ՝ «դեմ առ դեմ» պատերազմի սցենարից և խուսափի Ռուսաստանի տրամադրելիք օգնության հետ մեծ հույսեր կապելուց: Ասվածը, բնականաբար, չի նշանակում, որ Հայաստանը չպետք է ամեն ինչ անի՝ Ռուսաստանից այդպիսի օգնություն ստանալու համար:

Թուրքական ճակատ

Հայաստանում ռազմական քաղաքականության թերամշակ լինելու ամենալուրջ հետևանքներից մեկն այն է, որ շարքային քաղաքացու համար, ինչպես նաև կառավարական մակարդակում անպարզ է մնում Թուրքիայի հնարավոր ներխուժման դեպքում հայոց պաշտպանական-ազատագրական պատերազմի հայեցակարգը:

Ճիշտ է, միջազգային արդի դրության մի շարք հանգամանքներ առայժմ խիստ նվազեցնում են թուրքական ներխուժման հավանականությունը: Այդ հանգամանքներից են՝

ա) հայ-ռուսական ռազմական դաշինքի առկայությունն ու մարտունակ հայկական բանակը,

բ) Թուրքիայի ներքին և արտաքին ծանր խնդիրները (քրդական խնդիրն ու դիմադրությունը, Կիպրոսի հյուսիսային մասի շարունակվող բռնազավթումից ու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից առաջացող միջազգային բարդությունները, իսլամամիստական քաղաքական ղեկավարության ու ավանդաբար աշխարհիկ բանակի միջև լարված հարաբերությունները և այլն),

գ) Հայաստան ներխուժելու դեպքում Թուրքիան կանգնելու է միջազգային կազմակերպությունների և մի շարք պետությունների դատապարտման՝ ներառյալ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների ու ճնշումների ենթարկվելու վտանգի առջև. հատկապես խիստ կլինեն Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Եվրոպական Միության, շատ հնարավոր է՝ նաև ԱՄՆ-ի քննադատությունն ու հակազդեցությունը,

դ) իր դերը կխաղա նաև հայկական սփյուռքը:

Այսպիսով՝ առայժմ, աշխարհաքաղաքական ներկա պայմաններում, Թուրքիան հազիվ թե ընդունի Հայաստան ներխուժելու և այդ քայլով մի լրացուցիչ միջազգային գլխացավանքի մեջ ընկնելու որոշում: Վերոհիշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ Հայաստանը քայքայելու և կործանելու իր ծրագրերը Թուրքիան մինչև այսօր փորձել է իրականացնել ո՛չ թե բացահայտ հարձակման դիմելով, այլ Ադրբեջանի ձեռքերով ու տնտեսական շրջափակման միջոցով:

Սակայն վերն ասվածից ամենևին չի հետևում, թե Հայաստանի թուրքական ճակատի անվտանգությունն այլևս չպետք է մեզ անհանգստացնի: Թուրքական ներխուժման առջև վերը նշված արգելքները բացարձակ ու հավերժական համարվել չեն կարող: Միջազգային և տարածաշրջանային հնարավոր նշանակալի տեղաշարժերի դեպքում Թուրքիայի իշխանությունները կարող են նոր հաշվարկներ կատարել և եզրակացնել, որ Հայաստանի վերջնական ջախջախումն ավելի կարևոր է միջազգային անցողիկ դատապարտումից, միաժամանակ՝ Հայաստանի դեմ լայնածավալ կամ «սահմանափակ» ագրեսիան ռազմական տեսակետից արագ ու հեշտիրականանալի ձեռնարկ է լինելու, ինչպիսին էր օրինակ՝ 1990 թ. Քուվեյթի զավթումն Իրաքի կողմից: Թուրքական այդպիսի հաշվարկները նկատի են ունենալու մասնավորապես այն, որ Հայաստանի կործանման դեպքում Թուրքիայի ազդեցությունը Կովկասում, Միջին և Առաջավոր Ասիայում կբազմապատկվի, որի արդյունքում վերջապես կիրականա նրա՝ տարածաշրջանային գերտերություն դառնալու երազանքը:

Հայաստանի պաշտպանական հայեցակարգի հիմունքները

Արդ՝ վերոշարադրյալից հետևում է, որ Հայաստանի պաշտպանական հայեցակարգի հիմքում պետք է լինի երկու նախապայմանի ապահովում.

ա) Հայաստանի՝ Ադրբեջանին ռազմականապես դիմագրավելու ինքնուրույն կարողություն։ Ընդսմին, եթե Հայաստանը կորցնի այդ կարողությունը, նրա ռազմավարական արժեքը Ռուսաստանի համար նույնպես կվերանա, իսկ Ռուսաստանն կկորցնի անդրկովկասյան տարածաշրջանում իր վերջին դաշնակցին և ստիպված կլինի ամբողջությամբ հեռանալ իր ազդեցության այս ավանդական գոտուց։ Այդ հարցում նրան «կօգնեն» և՛ արևմուտքը, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանն ու Վրաստանը՝ ձեռք ձեռքի տված։

բ) թուրքական վտանգը չեզոքացնող ռազմաքաղաքական դաշինք՝ որևէ գերհզոր տերության կամ պետությունների խմբակցության հետ: Տեսանելի ապագայում այդպիսի դեր կարող է կատարել միայն Ռուսաստանը (չի նշանակում, թե անպայման կկատարի): Նման հովանավորությունը նշանակում է նաև Հայաստանի զգալի կախվածություն Ռուսաստանից և անկախ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունների իրական սղում։ Բայց այս խնդիրն այդքան սուր չէր ընկալվի, եթե ՀՀ իշխանություններն ուրվագծած լինեին որոշակի սահմաններ, որոնցից այն կողմ երկրի ազգային արժանապատվության ու կենսականորեն կարևոր շահերի անտեսումն անթույլատրելի կհամարվեր: Սակայն դա մինչև այսօր չի արվել։ Իբրև հետևանք՝ մենք պարբերաբար ականատեսն ենք լինում ռուս-հայկական ռազմավարական գործընկերության ծայրահեղ անհավասարակշռության, հետևաբար՝ հարաբերական անհուսալիության։ Հայաստանի արժանապատվության ու շահերի ոտնահարման բոլորովին թարմ մի օրինակ էր ս. թ. մարտի 16-ին Թուրքիայի վարչապետի կատարած պաշտոնական այցը Մոսկվա և նրան ցույց տրված ջերմագին նախագահական ընդունելությունը, որը դիտմամբ համապատասխանեցված էր 1921 թ. կնքված ռուս-թուրքական խայտառակ պայմանագրի 90-ամյակին (միջազգային իրավական տեսակետից այդ անօրինական փաստաթուղթը հաստատում էր Հայոց ցեղասպանության հետևանքները և Հայաստանից լրացուցիչ տարածքների բռնագրավումը)։

Ցավոք, Հայաստանն առայժմ ի վիճակի չէ միայնակ ապահովելու իր թուրքական ճակատի անվտանգությունը, ուստի այն դեռևս չի կարող հետևել աշխարհառազմավարական առումով նմանատիպ ծանր կացության մեջ գտնվող Իսրայելի օրինակին, որի պաշտպանական հայեցակարգը մերժում է հույսը որևէ տերության խոստացած երաշխիքների վրա դնելը և հիմնված է բացառապես սեփական կարողությունների վրա։ Բայց Հայաստանի ռազմական քաղաքականության նպատակը պետք լինի է հենց այդպիսին` երկրի պաշտպանունակության հարցում ձգտել առավելագույն հնարավոր ինքնաբավության:

Հայաստանի պաշտպանական հայեցակարգի առաջին պահանջ-կետը՝ Ադրբեջանին ինքնուրույնաբար դիմագրավելու կարողության պահպանումը, օբյեկտիվորեն նախատեսում է Արցախում հայկական իշխանության և բանակի մշտական առկայություն ու ռազմական որևէ այլ ուժի բացակայություն:

Ըդն որում՝ «այլ ռազմական ուժի» տակ կարելի է պատկերացնել միայն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերը, որոնք տենչում են տարածաշրջանում ներկայություն հաստատել՝ «խաղաղապահների» ցուցանակի տակ։ Մինչդեռ Ռուսաստանը (հատկապես՝ բավարարաչափ հզոր «աջակցության խմբի»՝ ուժեղ դաշնակիցների բացակայության պատճառով) մոտակա հեռանկարում դժվար թե ի վիճակի լինի միայնակ խոշորածավալ «խաղաղարար» առաքելություններ իրականացնել իր փաստական սահմաններից դուրս, որոնք հարավում ներառում են Աբխազիան և Հարավային Օսիան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լիբիայի շուրջը կայացած քննարկումների արդյունքը, ապա և օտար ռազմական միջամտությունն այդ երկրում ցույց տվեցին, որ մոլորակի վրա ռազմական գերիշխանությունը դեռևս պատկանում է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին։ Բայց ճիշտ այդ հանգամանքը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում դեպքերի անկանխատեսելի զարգացումը կտրուկ մեծացնում են Հայաստանի ռազմավարական նշանակությունը, նախևառաջ՝ Ռուսաստանի համար, որը, ի տարբերություն ԱՄՆ-ի, այս տարածաշրջանում այլ դաշնակիցներ պարզապես չունի։ Այս փաստը Կրեմլում ակնհայտորեն թերագնահատում են, ինչպես նաև անողջամտորեն արհամարհում են այն ահռելի դերը, որ Հայաստանը (ՀՀ+ԼՂՀ) կարող է խաղալ որպես Ռուսաստանի դաշնակից Մեծ Մերձավոր Արևելքում։ Մոսկվայում, թվում է, թե դեռ այդպես էլ չեն հասկացել, որ ժամանակակից պայմաններում Ռուսաստանին շատ ավելի ձեռնտու է օգնել Հայաստանին՝ դառնալու ուժեղ դաշնակից, քան թե թույլ խամաճիկային պետություն։ Նույն այդ սխալն ուղիղ 1000 տարի առաջ կատարեց Բյուզանդական կայսրությունը, որն սկզբից թուլացրեց ու կլանեց Հայաստանը, բայց շատ շուտով ոչ միայն ստիպված եղավ այն հանձնել թյուրքերին, այլև տարածաշրջանում ընդմիշտ կորցրեց իր նախկին ռազմական հզորությունն ու ազդեցությունը։

Բայց իրականությունից կտրված, երկիրն ու ինքն իրեն խորագույն ճգնաժամի մեջ գցած ՀՀ քաղաքական իշխանությունն անկախ ամեն ինչից՝ պարտավոր է նկատել տարածաշրջանի՝ ընդամենը երեք ամսում փոխակերպված աշխարհաքաղաքական պատկերը և անել ամեն հնարավորը՝ միջազգային ասպարեզում Հայաստանի շահերի պաշտպանության և առաջմղման համար։ Հայաստանի փոխարեն դա ոչ ոք չի անի։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»,

#12(175), 1 ապրիլի, 2011 թ.

This post is also available in: ,