Մեկնարկեց «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» գիտաժողովը. «Չպետք է ուրանալ Թոմսոնի գործը» Վ. Բարխուդարյան

Մեկնարկեց «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» գիտաժողովը. «Չպետք է ուրանալ Թոմսոնի գործը» Վ. Բարխուդարյան

Մայիսի 4-ին Երևանում մեկնարկեց «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական եռօրյա գիտաժողովը, որն անցկացվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ:

Այս գիտաժողովի օրակարգը հագեցած է թեմայի վերաբերյալ ծավալուն զեկույցներով՝ թուրք-ադրբեջանական պատմագրության կեղծարարություն, հայագիտական թեմաների արծարծում թուրքական հանրագիտարանային գրականության մեջ, հայագիտության արդի մարտահրավերները համացանցում, 7-8-րդ դարերի հայ մշակութային գործիչների ազգային պատկանելության խեղաթյուրումը ադրբեջանական պատմագրության մեջ, մշակութակողոպուտի ադրբեջանական տեսություն և այլն և այլն:

Ցավով պետք է արձանագրենք, որ այս կարևոր գիտաժողովի  օրակարգում որևէ զեկույց նվիրված չէ Հայաստանի պատմության խեղաթյուրումներին՝ արևմտյան հայագիտության մեջ: Սակայն փաստ է, որ թուրքական և ադրբեջանական քարոզչամեքենան տասնամյակներ շարունակ իր գործունեության թիրախ է ընտրել հենց արևմտյան գիտական համայնքը՝ արևմուտքի «նշանավոր հայագետներին» որպես գործիք ծառայեցնելով իր հեռահար նպատակների իրականացման համար:

Չնայած որ գիտաժողովի ընթացքում լրագրողները հարցեր տալու հնարավորություն չունեին, այնուամենայնիվ մեզ հաջողվեց բարձրացնել այդ հարցը, թե  ինչո՞ւ գիտաժողովի շրջանակներում չեն քննարկվում նաև արևմտյան հայագիտության մեջ եղած կեղծիքներն ու դրանց հետևանքները:

Ենթադրելով, որ խնդիրն ավելի շատ առնչվում է Գիտությունների ազգային ակադեմիայի ոլորտին, հարցն ուղղեցինք ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին: Վերջինս, որ արդեն պատրաստվում էր լքել դահլիճը, լսելով հարցը՝ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանին առաջարկեց «մի երկու բառով մի բան ասել»:

Ակադեմիկոսն այդպես էլ արեց. մի երկու բառով խոսելով թեմայի մասին, բայց կոնկրետ չպատասխանելով հարցին՝ նա հայտնեց որ իրենք վերջին գիտական նստաշրջաններին չեն հրավիրել Թոմսոնին, Սյունիին (Հայոց պատմությունը խեղաթյուրող ամերիկացի «հայագետներ»):

Փաստորեն, Ակադեմիան հայոց պատմությունը կեղծող ամերիկյան «հայագետների» դեմ պայքարում է իր ձևով: Այլ բան է, որ պայքարի այդ ձևը հազիվ թե օգուտ է բերում խեղաթյուրված փաստերի վերականգնման գործին:

Սակայն ամենազավեշտալին այն է, որ վերջում Բարխուդարյանը կոչ արեց չուրանալ Թոմսոնի կողմից  «Հայոց պատմությունը» անգլերենով թարգմանելու կարևոր գործը: Այդ կոչին միացավ նաև պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը. «Ես գտնում եմ, որ գոնե մի հարցում մենք Թոմսոնին պետք է շնորհակալ լինենք, որ նա  թարգմանել և մասսայականացրել է հայկական սկզբնաղբյուրները»: Ինչ վերաբերում է Թոմսոնի կողմից Խորենացուն «կեղծարար» և «խաբեբա» հայտարարելուն, ապա Հարությունյանը հայտարարեց, որ մեր հանրապետության գիտնականները դրան միշտ էլ պատասխանել են:

Հետքրքիր է, ո՞ր պատասխանների մասին է խոսքը և ինչո՞ւ մինչ օրս այդ պատասխաններն արդյունք չեն տվել, քանի որ արևմուտքում Թոմսոնի տեսակետը՝ թե Խորենացին կեղծարար է, նրա երկն էլ՝ ոչ հավաստի աղբյուր, շարունակում է գերիշխել:

Հարությունյանը չի մեղադրում արևմտյան գիտնականներին, որ նրանք առաջ են քաշում հայերի եկվորության թեզը. «19-րդ դարի 2-րդ կեսից մինչև հետպատերազմյան շրջանի առաջին էտապը, որպես կանոն, նաև մեր գիտնականներն էին այդպես ասում,-պարզաբանեց նա,-ուղղակի պետք է կարողանալ հաղթահարել այդ բարդույթը, ցույց տալ, որ այո, հայ գտնականները նույնպես կարող էին սխալվել, որ հայերն իրոք հանդիսանում են տեղաբնիկ ժողովուրդ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով: Այնպես որ արևմտյան այս բոլոր տեսությունները շատ դեպքերում հենվում են ոչ միայն արևմտաեվրոպական գիտնականների, այլ նաև հայ գիտնականների դրույթների վրա»:

Հարցից անմասն չմնաց նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով հաստատեց, որ  արևմուտքում կա կեղծ հայագիտություն, և կան հայ ժողովրդի պատմությունը կեղծող հեղինակներ: Սակայն, նրա կարծիքով, այդ ամենի դեմ կա նաև հակահարված: Ցավոք, Դեմոյանը չմեկնաբանեց, թե ինչ հակահարվածի մասին է խոսքը՝ փոխարենը խորհուրդ տալով զուսպ և զգուշավոր լինել հակադրվող գործելաոճի մեջ և չառաջնորվել «ռասիստական հայացքներով» կամ «փողոցային բանավեճերով»: Թե ինչի՞ց պարոն Դեմոյանը ենթադրեց, որ մենք առաջ ենք քաշում «ռասիստական հայացքներով» կամ «փողոցային բանավեճերով» պայքարելու մեթոդը, հայտնի չէ:

Ընդհակառակը, մենք կողմ ենք, որպեսզի այդ հարցը քննարկվի հայկական գիտական շրջանակներում՝ համապատասխան գիտական մակարդակով, ուստի և առաջարկեցինք ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանին՝ առաջարկների փաթեթի մեջ ներառել նաև մեր առաջարկը. այն է՝  գիտաժողովի շրջանակներում անդրադառնալ  արևմտյան հայագիտության մեջ հայոց պատմության կեղծիքներին և դրա դեմ գործողությունների լուրջ ծրագիր ներկայացնել:

Գիտաժողովը կավարտվի մայիսի 6-ին: Այդ օրը կներկայացվեն առաջարկներ, և կամփոփվեն քննարկված թեմաները, իսկ թե ի՞նչ կլինի այդ ամենի արդյունքում, ցույց կտա ապագան:

Ինչպես մասնակիցներից մեկը հույս հայտնեց, այս գիտաժողովը չի դառնա լոկ «ամոթխած մենախոսությունների» դրսևորում:

Նշենք, որ գիտաժողովին մասնակցում են ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության, հնագիտության և ազգագրության, արվեստի, ցեղասպանության թանգարան-ինստիտուտները, Երևանի պետական համալսարանը, ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայությունը և պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպւթյունը, «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը:

Անի Գասպարյան

www.ankakh.com

This post is also available in: ,