ՀՅԴ-ն հետեւողական է լինելու խորհրդարանում այն օրինագծի վերանայմանը, որը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կհերքեն Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը։
Նրա խոսքով, նշված օրինագծի ընդունումն ունի ոչ միայն քրեական կամ բարոյական, այլ նաեւ քաղաքական նշանակություն։ «Այսօր համապատասխան օրենք ընդունած եվրոպական շատ երկրներ զարմանում են, թե ինչո՞ւ նման օրենք չի ընդունվում Հայաստանում»,- հայտարարել է Կարապետյանը։ Նա նշել է, որ ՀՅԴ-ն համաձայնել է հետաձգել օրինագծի վերանայումը միայն այն բանի համար, որպեսզի համաձայնության գա կառավարության հետ, քանի որ այս հարցի մերժումը խորհրդարանում ծայրահեղ բացասական հետեւանքներ կունենա Ցեղասպաանության միջազգային ճանաչման վրա։
ԱԺ փոխնախագահն, իր հերթին, հայտարարել է, որ օրենքներն ընդունվում են ըստ անհրաժեշտության։ «Միթե՞մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր հերքում են Ցեղասպանությունը։ Եթե ոչ, ապա այդպիսի օրենքի անհրաժեշտություն չկա։ Պատկերացրեք, ի՞նչ կմտածեն արտերկրում, եթե հարցը մտնի խորհրդարանի օրակարգ. այնտեղ կկարծեն, որ Հայաստանում Ցեղասպանությունը հերքելու միտում կա։ Պատկերացրեք, թե ի՞նչ մեկնաբանություններ կանեն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այնպես որ, կարծում եմ՝ կարիք չկա նման փաստաթղթերը ներառել ԱԺ օրակարգ եւ քննարկել դրանք»,- հայտարարել է Նիկոյանը։
Նշենք, որ վերոնշյալ օրինագծի քննարկումը խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի որոշմամբ 90 օրով հետաձգվել է։