Հուլիսի 19-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դեմ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի հայցով դատական նիստը:
Պատասխանող կողմից որևէ ներկայացուցիչ ներկա չէր նիստին, Դեմոյանն էլ գրավոր տեղեկացրել էր, թե գտնվում է գործուղման մեջ, ուստի խնդրում է նիստը հետաձգել:
Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը և դատական նիստը հետաձգել մինչև հուլիսի 28-ը: Այվազյանի փաստաբանը ևս չառարկեց, սակայն նկատեց, որ Դեմոյանի գործուղումը հաստատող որևէ փաստաթուղթ դատարանին ներկայացված չէ:
Նախքան նիստի ավարտը դատավորը կողմերին հիշեցրեց վեճն օրենսդրորեն սահմանված հաշտության համաձայնությամբ լուծելու մասին:
Այվազյանի փաստաբանն ասաց, որ նման առաջարկ առաջին անգամ է հնչում, և ինքն այս հարցի վերաբերյալ իր վստահորդի դիրոքորշման մասին ոչինչ ասել չի կարող:
Ինչ վերաբերում է հայցի բավարարման հիմքերին, ապա նա նշեց, որ դրանք ավելի քան ակնառու են, ուստի հույս հայտնեց, որ դատարանը կբավարարի իրենց պահանջը. «Մենք ներկայացրել ենք մի շարք զրպարտչական և վիրավորական արտահայտություններ, որոնց «տակից դուրս գալը բավավականին դժվար է»,-նշեց նա:
Փաստաբանը նաև հայտնեց, որ երբ դատարանը որոշում է փոխհատուցման չափը, ի թիվս այլ հանգամանքների, հաշվի է առնում նաև զրպարտչական և վիրավորական տեղեկատվության տարածվածության չափը. «Այս դեպքում մասշտաբները բավականին մեծ են` ողջ Սփյուռքն ու Հայաստանը»,-ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ Արմեն Այվազյանը 2011 թվականի ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին` իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող հրապարակային վիրավորանքների և զրպարտության համար:
2011 թվականի մարտի 30-ին Դեմոյանը ԱՄՆ-ում հարցազրույց տալով «Վերադարձ» (Return to Armenia) հեռուստահաղորդման հեղինակ Հարութ Բռոնոզյանին, ուղիղ եթերում Այվազյանին անվանել էր «սնափառության մոլուցքով տառապող մարդ», «ոհմակի ղեկավար», «պետական հանցագործ»` հայտարարելով, թե Այվազյանը «ստեղծել է մի գիշատիչ խումբ, որը նպատակ ունի հայության շրջանում տարբեր բաժանարար գծեր անցկացնել» և այլն:
Այնուհետև Հայաստանում Դեմոյանը «Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները. Ցավակցական նոթեր Գևորգ Յազըճեանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» գրության շուրջ» վերնագրով հոդվածում Այվազյանին անվանել էր «էժանագին պոպուլիզմով ու ինքնահավանության մոլուցքով տառապող լյումպենացված խմբակի» անդամ, որն իրականացնում է «անարդյունավետ և պարապ» գործունեություն, «իրեն ռազմավարագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն հորջորջող անձ», «մերժվածների խմբակի անդամ» և այլն:
Այվազյանը Դեմոյանի կողմից հեռուստահաղորդման ընթացքում և հոդվածում արված վերոհիշյալ արտահայտությունները համարում է իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող հրապարակային վիրավորանքներ և զրպարտություն և դատարանին խնդրում Դեմոյանին պարտավորեցնել` վճարելու 1.000.000 ՀՀ դրամ` որպես իրեն հասցված վիրավորանքների դիմաց փոխհատուցում և 2.000.000 ՀՀ դրամ` որպես զրպարտելու դիմաց փոխհատուցում:
Հ.Գ.
Ավելի ուշ պարզեցինք, որ Դեմոյանը ոչ միայն Հայաստանում է, այլև նույն օրը մասնակցել է Հանրային խորհրդի նիստին, որտեղ քննարկվում էր Միջպետական հանրային խորհուրդ ստեղծելու առաջարկը:
ԱՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ
www.ankakh.com