Վերջերս Երևանում էր գտնվում ծագումով հրեա, Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Ջեյմս Ռասելը: Մոտ 2 ամիս առաջ մենք մանրամասն անդրադարձել ենք Ռասելի գործունեությանը, որն արևմտյան կեղծ հայագիտության վառ ներկայացուցիչներից է: Չնայած նրան Հայաստանում քննադատել են որոշ գիտնականներ, օրինակ` քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը (1998 թ. հրատարակված «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» գրքում), բանասիրական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Արմեն Պետրոսյանը (2000 թ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմա-բանասիրական հանդեսում» լույս տեսած «Ռասելի «հայագիտական» հնարանքները» հոդված-գրախոսության մեջ), ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանը (2009 թ. «Ազատամտություն» թերթում լույս տեսած «Փոշի կդառնան ձեր գործերը չար» հոդվածում), այնուամենայնիվ նա ազդեցիկ համակիրներ ունի հենց Հայաստանում:
Դրա վառ ապացույցներից է այն, որ Ռասելը հրավիրված էր մասնակցելու հուլիսի 1-2-ը Երևանում կայացած «Իրան և Կովկաս» միջազգային պարբերականի 15-ամյակին նվիրված գիտաժողովին: Սակայն դա այնքան էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ այդ պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը բավականին ակտիվ գործնական հարաբերությունների մեջ է Ռասելի հետ: Զարմանալին այն է, որ «Գոլոս Արմենիի» թերթը, որ հայտնի է իր ազգային գաղափարական ուղղվածությամբ և բազմաթիվ հոդվածներ է հրապարակել հենց ամերիկյան կեղծ հայագիտության դեմ` քննադատելով նաև Ռասելին, վերջինիս Երևանում գտնվելու միջոցին «հաջել» է մի ծավալուն հարցազրույց վարել նրա հետ` համարյա հերոսացնելով նրան:
Բանից անտեղյակ ընթերցողը, կարդալով այդ հարցազրույցը, այնպիսի տպավորություն կարող է ստանալ, որ հայագետ Ջեյմս Ռասելն իր ողջ կյանքը ներդրել է հայկական պատմությունն ու մշակույթը աշխարհին ներկայացնելու և հայոց պատմության կեղծարարության դեմ անխոնջ պայքարի գործում:
Լրագրողի հարցին պատասխանելով, թե ինչպես է Ռասելը սկսել հայագիտությամբ զբաղվել, նա կարևոր գործոն է համարել իր հրեա լինելը` նշելով, որ հայ և հրեա ժողովուրդներն ընդհանուր շատ բան ունեն, և իբրև հրեա` ինքը հայերին շատ հոգեհարազատ է համարում: Խոսելով հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ իր բազմաթիվ ուսումնասիրությունների մասին` Ռասելը կարծես ցավով նշում է. «Սովորաբար դիտարկվում է իրանական ազդեցությունը հայերի վրա, իսկ հայերի ազդեցությունը իրանականի վրա չի ուսումնասիրվում»: Անհեթեթությունն այն է, որ Ռասելն իր բազմաթիվ հոդվածներում, մասնավորապես` «Զրադաշտականությունը Հայաստանում» մենագրության մեջ, հենց ինքն է անշեղորեն առաջ քաշում այն գաղափարը, թե հայկական մշակույթը սերված է իրանականից:
Ռասելի այս թեզի վերաբերյալ իր քննադատական հոդվածում Արմեն Պետրոսյանը գրել է. «Այդ բոլոր աշխատություններում կարմիր թելի նման անցնում է մեկ և միայն մեկ միտք` քննարկվող ամբողջ հայկական նյութը, ողջ հայ մշակույթը, որոշ սեմական, խուռա-ուրարտական և անատոլիական ներառումներով, ծագում է իրանականից և դժգույն արտացոլումն է իրանականի…»:
Գուցե խոսելու փոխարեն հենց ինքն էլ զբաղվի՞ իրանական մշակույթի վրա հայկական ազդեցության ուսումնասիրությամբ, քանի որ հակառակ աշխատանքը («իրանական ազդեցությունը հայերի մշակույթի վրա») բավականին «հաջող» է կատարել, այն էլ` գիտական հիմք չունենալով:
Հարցազրույցում Ռասելը խոսում է նաև իր ղեկավարած հայագիտական ամբիոնի գործունեության մասին` նշելով, որ իրենց խնդիրն է պահպանել եղած գիտական դպրոցն ու ժառանգությունը. «Լիահույս եմ, որ արևմտյան հայագիտության նոր սերունդը ոչ միայն կպահպանի ավագ սերնդի հետազոտողների ստեղծածը, այլև կգտնի հայագիտության արդի հարցերի նոր մոտեցումներ»:
Կասկածի չէինք ենթարկի Ռասելի անկեղծությունը, եթե հայտնի չլիներ նրա ղեկավարած ամբիոնում տիրող անառողջ և ոչ հայանպաստ մթնոլորտը. հիշեցնենք, որ 2003 թ. Հարվարդի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի դոցենտ Բերթ Վոքսը, հարցազրույց տալով «Armenian weekly»-ին, ոչ միայն քննադատել էր Ռասելին՝ հայերին ազգայնական, հետադիմական, հակասեմիթական, համասեռատյաց կամ նեոնացիստական որակելու համար, այլև նշել, որ 1993 թ. ի վեր, ինչ Ռասելը դարձել է Հարվարդի հայագիտության ամբիոնի վարիչ, այնտեղ հայագետներ չեն պատրաստվել:
«Գոլոս Արմենիի» լրագրողը շարունակում է անմեղ զրույցը Ռասելի հետ` հարցնելով, թե ինչպե՞ս է գնահատում նա Արևմուտքում հայագիտության վիճակը: «Քանի դեռ ԱՄն-ն և առավել ազդեցիկ եվրոպական երկրները չեն ընդունել հայոց ցեղասպանության փաստը, արևմտյան հայագետներից, այդ թվում նաև ինձնից մեծ ջանքեր կպահանջվեն պատմական ճշմարտությունը վերականգնելու և կեղծիքը հերքելու գործում…»,-հուզված պատասխանում է Ռասելը:
Հիշենք, որ հենց պատմական ճշմարտությունը կեղծելու համար են Ռասելին մեղադրում Արմեն Այվազյանը, Արմեն Պետրոսյանը, Բերթ Վոքսը, Ավիկ Իսահակյանը և այլ գիտնականներ:
Մասնավորապես, Այվազյանը նրան քննադատում է 1997 թ. ԱՄՆ-ում լույս տեսած «Հայ ժողովուրդը հին ժամանակներից մինչև մեր օրերը» անգլերեն երկհատորյակում Հայաստանի հին շրջանի պատմությունը շարադրելիս Հայաստանը Արևելյան Անատոլիա թուրքական տերմինով ներկայացնելու, հայերին անվերապահորեն եկվոր համարելու, հայասական վարկածը դիտավորյալ մոռացության մատնելու, հայերին գաղութարարներ անվանելու և այլ միտումնավոր կեղծիքների համար: Իսկ Արմեն Պետրոսյանը Ռասելի այդ աշխատության վերաբերյալ նշում է. «Սովորաբար գրախոսության մեջ քննարկվում են աշխատության ուժեղ և թույլ կողմերը, արժանիքներն ու թերությունները, սակայն այս ոչ ծավալուն տեքստը լի է այնպիսի կեղծ գիտական մտքերով ու արտառոց սխալներով, որ նման մոտեցումն անհնար և անիմաստ է»: Ի դեպ, Արմեն Պետրոսյանը, որ կարծում է, թե պետք է ոչ թե թշնամաբար տրամադրվել, այլ համագործակցել արևմտյան հայագիտության դեմ, Ռասելի պարագայում դա անհնարին է համարում. «Համագործակցությունը կարող է լինել գիտության ներկայացուցիչների և ոչ այն շահարկող ու քաղաքականացնող մարդկանց հետ, ինչպիսին է Ռասելը», – մեզ հետ զրույցում նշեց նա:
Եվս մեկ օրինակ հայերի հանդեպ Ռասելի ունեցած «ջերմ ու անկեղծ» զգացումների. 2003 թ. «Journal of Armenian Studies» հանդեսում (հտ. 7, թիվ 2, էջ 43) Ռասելը մի այսպիսի միտք է արտահայտել. «Վերջին տասնամյակում ականատես եղանք Հայաստանում ադրբեջանցիների և քրդերի էթնիկական զտման» (“The last decade gas seen ethnic cleansing of Azeris and Kurds in Armenia”): Այսինքն` Ռասելը մեղադրում է Հայաստանի Հանրապետությանը ցեղասպանական գործողություններ՝ «էթնիկական զտում» իրականացնելու մեջ։ Իրոք որ Ռասելը հայ ժողովրդի «մեծ բարեկամ է»։
«Գոլոս Արմենիի» լրագրողը հարցազրույցն ավարտում է հետևյալ հարցով. «Ինչպե՞ս պայքարել կեղծարարության դեմ»: Ի պատասխան` Ռասելը խորհուրդ է տալիս աշխարհասփյուռ հայագետներին` որ երկրում էլ որ աշխատեն, գործեն միասին և ավելի շատ աշխատանքներ հրապարակեն` հիմնված փաստագրական նյութերի վրա. «Հստակ փաստագրական նյութը կեղծարարության լավագույն խոչընդոտն է»,- ամփոփում է Ռասելը, ինքը, սակայն, առաջնորդվելով ճիշտ հակառակ սկզբունքներով:
Բայց արի ու տես, որ հայկական լրատվամիջոցը Ջեյմս Ռասելին ներկայացնում է որպես իրազեկ, անկողմնակալ մի «հայագետի», որի միտքն ու գործը լի է միայն հայանպաստ գաղափարներով:
Հավելենք, որ Ռասելը նաև միասեռական է: Իհարկե, չէինք անդրադառնա այդ փաստին (սեռական կողմնորոշման իրավունքն, ի վերջո, նրան է պատկանում), եթե ստիպված չլինեինք հիշել Ռասելի հասցեին ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանի կողմից հնչած քննադատությունը: Խոսքը վերաբերում է Չարենցի որոշ ինտիմ բանաստեղծությունների հրապարակմանը «Ինքնագիր» հանդեսում և Ռասելի առաջաբանին ու ծանոթագրությանը, որոնց մեջ նա վստահաբար հայտարարում է, թե Չարենցը միասեռական էր. «Զրպարտություն տարածելը, սուտ վկայություն բերելը, ինչպես և ազգությամբ հայ գեյերի ու լեսբուհիների կոլեկցիա հավաքելը մեր մեկնաբանի նեղ մասնագիտությունն է, – 2009 թ. «Ազատամտություն» թերթում գրել է Իսահակյանը: – Էժանագին բամբասանքի այս մեթոդը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, իսկ իրականում «կիրթ բարբարոս» Ջեյմս Ռասելի այն անցագրերից է, որով նա ուզում է մտնել հայ իրականություն»:
Իր առաջաբանում Ռասելը մեղադրել էր նաև մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանին Չարենցի կողմից իրեն վստահված ձեռագրերն այրելու մեջ: Վարպետի թոռն իր հոդվածում դա որակել է իբրև «մատից ծծած հերյուրանք»` ավելացնելով. «Չարենց-Իսահակյան բարեկամությունը երկնային այն ոլորտին է պատկանում, որին ընդհանրապես մոտենալու հնարավորություն չունի պրոֆեսոր Ռասելը, քանզի նա, այլաբանորեն ասած, գտնվում է Դանթեի «Դժոխքի» Յոթերորդ պարունակում…»:
Անի Գասպարյան
www.ankakh.com