Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Զինջիրլիգու թաղամասում երեկ` հոկտեմբերի 9-ին, մի տարօրինակ եւ ցավալի դեպք է տեղի ունեցել, գրում է «Մարմարա» թերթը: Տաքսու վարորդը հայհոյել եւ բռունցքներով հարվածել է ուղեւորներից մեկին, միայն այն բանի համար, որ նա հայ է եղել: Կինը դիմել է ոստիկանությանը:
«Մարմարա» թերթը հայտնում է նաեւ դեպքի մանրամասները: Այսպես, վերոնշյալ թաղամասում կինը տաքսի է նստել, որի վարորդին հաճախորդի առոգանությունը տարօրինակ է թվացել: Վարորդը հարցրել է. «Ձեր առոգանությունից երեւում է, որ դուք թուրք չեք, դուք հա՞յ եք, թե՞ հրեա»: Կինն անեկեղծորեն պատասխանել է, որ ինքը հայ է, որից հետո վարորդը ոչ միայն հայհոյել է նրան, այլ հարվածել դեմքին: Դրանից հետո նա դուրս է շպրտել կնոջը ավտոմեքենայից:
«Բարեբախտաբար այդ պահին մի փաստաբան է անցել այդ տարածքով եւ գրանցել է ավտոմեքենայի համարանիշները, այնուհետեւ օգնության եկել հայուհուն, ով դիմել է ոստիկանություն»,-գրում է թերթը:
Ոստիկանները գտել են ավտոմեքենան, սակայն վարորդին հայտնաբերել չի հաջողվել: Ոմանք ասել են, որ նա հոգեկան հիվանդ է եղել:
www.news.am