«1915 թվականի իրադարձությունների քննությունը պետք է թողնել պատմաբաններին: Հայաստանում եւ Թուրքիայում հարկավոր է ազատ բանավեճ ծավալել այս խնդրի շուրջ», – երկուշաբթի օրը Անկարայում նման հայտարարությամբ է հանդես եկել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշլին Քալմի-Ռեյը:
Թուրքիայի մայրաքաղաք ժամանած Քալմի-Ռեյը մասնակցել է թուրք դեսպանների հերթական հավաքին, որի ընթացքում դիմելով թուրք դիվանագետներին` նա չի շրջանցել նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին ընդունված որոշումը:
Թուրքական թերթերի փոխանցմամբ` Շվեյցարիայի նախագահը նշել է. – «Ի տարբերություն Ֆրանսիայի` մեր երկրում չկա որեւէ հստակ օրենսդրական նորմ, ըստ որի այս կամ այն իրադարձությունը որակվի որպես ցեղասպանություն»:
Շվեյցարիայի Համադաշնության նախագահի այս պնդումը, սակայն, թուրք քաղաքական գործիչներից շատերին առնվազն տարօրինակ է թվացել, քանի որ աշխարհում առաջինը հենց Շվեյցարիան էր, որի դատարանը մեղադրական դատավճիռ կայացրեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:
Դեռ 2005 թվականին Թուրքիայի բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը շվեյցարական Լոզան քաղաքում հայտարարել էր, թե «Հայոց ցեղասպանության մասին պնդումները միջազգային հանրության կողմից տարածվող կեղծիքներ են»:
2007 թվականի գարնանը շվեյցարական դատարանը Փերինչեքին մեղավոր ճանաչեց երկրի Քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի դրույթները խախտելու մեջ` նրան դատապարտելով 12 հազար շվեյցարական ֆրանկի տուգանքի:
Շվեյցարիայի նախագահը, սակայն, պնդում է, որ հոդվածը, որով դատապարտվել էր Փերինչեքը, պատիժ է սահմանում ցեղասպանություններն ու մարդկության դեմ կատարված հանցանքները, այլ ոչ թե կոնկրետ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:
Թուրքական քաղաքական շրջանակներին, սակայն, Քալմի-Ռեյի հայտարարությունները կարծես համոզիչ չեն թվացել:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Օսման Կորություրքը պատգամավորական հարցում է ուղղել կառավարությանը` փորձելով պարզել, թե ինչու է Անկարա այցելելու հրավեր ուղղվել մի պետության ղեկավարի, որտեղ քրեական պատիժ են կիրառում ցեղասպանության փաստը ժխտելու համար:
Թուրքիայի արտգործնախարարությունը փորձեց մեղմել Շվեյցարիայի նախագահի այցի առթիվ ծագած դժգոհությունները:
Արտգործնախարար Ահմեթ Դավութօղուն, երկուշաբթի օրը դիմելով թուրք դեսպաններին, հայտարարել է. – «Միշլին Քալմի-Ռեյը շատ մեծ աջակցություն ցուցաբերեց հայ – թուրքական բանակցությունների ժամանակ: Բացի այդ, նա միշտ դեմ է հանդես եկել իր երկրում ցեղասպանությանը վերաբերող օրինագծերի ընդունմանը»:
Թուրքական դիվանագիտական աղբյուրներն էլ Hurriyet-ին փոխանցել են, որ Անկարայում հստակորեն տարբերակում են Շվեյցարիայի եւ Ֆրանսիայի իշխանությունների գործողությունները:
«Շվեյցարական կառավարությունը չաջակցեց Ֆրանսիայում ընդունված օրինագծին, իսկ Քալմի-Ռեյը քաղաքական այն գործիչն է, որը միշտ դեմ է հանդես եկել խորհրդարանում այնպիսի որոշումների կայացմանը, որոնք կարող են վնաս հասցնել Թուրքիայի հետ հարաբերություններին», – նշել է ինքնությունը հրապարակել չցանկացած թուրք դիվանագետը:
www.azatutyun.am