Առիթ ունեցել ենք նշելու, որ ամեն տարի` Ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության մասին խոսակցությունները, քննարկումները, միջոցառումները նոր թափ են առնում, վերազարթնում ու որոշ ժամանակահատված գրավում հանրության ուշադրությունը:
Հատկապես կարեւորվում է արտերկրից ստացվող տեղեկատվությունը. այսինչ երկրում խաչքար տեղադրվեց, մյուսում հանրահավաք կազմակերպվեց, մի երրորդ երկրի խորհրդարանում լսումներ եղան եւ այլն:
Բացառություն չի նաեւ 2010 թվականը:
Այս տարի հետաքրքիր, կասեի` զայրացնող էին Վրաստանից եկած լուրերը:
Նախ` հիշենք, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտած շուրջ երկու տասնյակ երկրների ցանկում մեր մերձակա հարեւան ու դարավոր եղբայր Վրաստանը չկա: Դե, հասկանալի է` սովետի օրոք նման բան բացառված էր, անկախանալուց հետո էլ` հանուն հայերի փչացնել հարաբերությունները սահմանակից թուրքերի հետ` երեւի թե, չարժեր:
Այս ամենը պարզ էր, ու մեզ համար ընդունելի: Հայկական կողմից էլ երբեք նման «ճնշումներ» չեն եղել, եթե, իհարկե, չհաշվենք հայ համայնքի երբեմն-երբեմն անցկացվող «մինի» հանրահավաքները, ստորագրահավաքները եւ այլն:
Այս տարի էլ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն ու «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայկական համագործակցության կենտրոն» եւ «Վրաստանի հայ ուսանողների միություն» հասարակական կազմակերպությունները դիմեցին Վրաստանի նախագահին, խորհրդարանի խոսնակին, խորհրդարանական խմբակցություններին ու հայազգի պատգամավորներին` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելու խնդրանքով: Որեւէ արդյունք դեռեւս չկա ու, հավանաբար, չի էլ լինի: Սակայն սա չէ էականը: Հոդվածի առիթը բոլորովին այլ պատմություն է:
Դեռեւս ամսվա սկզբին համացանցի մի քանի բլոգներում ու ֆորումներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շենքերից մեկի ճակատին փակցվել է մարմարյա հուշատախտակ հետեւյալ գրությամբ. «Այստեղ հերոսաբար զոհվել է Թուրքիայի իսկական հայրենասեր, պետական գործիչ եւ զորահրամանատար Ահմեդ Ջեմալ փաշան (1872-1922): Նվիրվում է նրա անմահ հիշատակին, որը երբեք չի ջնջվի վրացի եւ թուրք բարեկամ ժողովուրդների սրտերից» (Ով միանգամից չընկալեց` թող վերստին ընթերցի):
Ահա այդպես:
Ընդ որում, նշվում էր, որ հուշաքարը երկլեզու է` վրացերեն ու թուրքերեն: Ես փորձել եմ բառացի թարգմանել համացանցում տեղադրված ռուսերեն տեքստը: Կարծում եմ` բնագրից շեղումներ առանձնապես չեն լինի:
Մինչ առաջ անցնելը ավելացնենք, որ այն տեղադրվել է Սոլոլակ թաղամասում, Չայկովսկի եւ Ինգորոգվա փողոցների անկյունում գտնվող շենքի վրա, որը, ինչպես ավելի ուշ պարզվեց, ժամանակին պատկանել է պետական խորհրդական Անտոն Ղորղանյանին:
Սկզբում չհավատացի, մեր լրատվական կայքերում ոչինչ չգտա, բլոգերներից բացի ուրիշ բողոքողներ` նույնպես: Հետո, երբ նույն աղբյուրները գրեցին, որ մի քանի օր անց փորձել են լուսանկարել, սակայն հուշաքարի փոխարեն ընդամենը չորս անցք են գտել, փորձեցի ինքս ինձ համոզել, որ ապատեղեկատվություն էր, մեր երկու ժողովուրդների բարեկամության միջեւ սեպ խրելու անհաջող փորձ: Բայց, չէ՛: Եվս մի քանի օր անց ամեն բան ընկավ տեղը. եւ՛ լուսանկարները հայտնվեցին, եւ՛ հուշաքարի տեղադրման մասին Թբիլիսիի քաղաքային իշխանությունների` իբր անտեղյակ լինելու մասին տեղեկատվություն, եւ՛ Վրաստանում ՀՀ դեսպանության միջամտությանը վերաբերող մեկնաբանություն: Թե ո՞վքեր, ո՞ւմ գիտությամբ, ինչպե՞ս են տեղադրել, այնուհետեւ ապամոնտաժել հուշաքարը` թերեւս կմնա անհայտ: Փաստ է, որ նման բան եղել է:
Հիշե՞նք ով էր Ջեմալը` վրացի ժողովրդի, այսպես կոչված, բարեկամը:
Նա Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուներից էր, Երիտթուրք կառավարության ծովային նախարարը, ում բացառիկ դաժանության համար նույնիսկ արաբներն էին կոչում «արյունոտ մսագործ»: Նա մեկն էր նրանցից, ով Ռազմական արտակարգ ատյանի 1919թ. հուլիսի 5-ի որոշմամբ ու սուլթան Մեհմեդ 6-րդ Վահեդդինի վավերացմամբ (1919թ. հուլիսի 13)` «Օսմանյան կայսրությունը 1-ին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու եւ հայության տեղահանությունն ու կոտորածը կազմակերպելու մեղադրանքով», ներքին գործոց նախարար Թալեաթի, ռազմական նախարար Էնվերի, Երիտթուրքերի կուսկենտկոմի անդամ, դոկտոր Նազըմի հետ հեռակա դատապարտվել էր մահվան: Վճիռն այդ ժամանակ չիրագործվեց, քանզի Ջեմալը հասցրել էր փախչել ու թաքնվել. նախ` Գերմանիայում, ապա` Սովետական Ռուսաստանում, որոշ ժամանակ գտնվել էր Աֆղանստանում, 1922-ին տեղափոխվել Թիֆլիս:
Հենց այստեղ էլ իրագործվում է վրեժխնդրության գործողությունը:
Նույն տարվա հուլիսի 21-ին (որոշ աղբյուրներ նշում են հուլիսի 25-ը) Չեկայի շենքի մոտ Ստեփան Ծաղիկյանի մանրակրկիտ մշակված ծրագրի համաձայն, նրա հայրենակիցներ` խոտորջուրցիներ Պետրոս Տեր-Պողոսյանն ու Արտաշես Գեւորգյանը օրը ցերեկով գնդակահարում են «մսագործին»: Վրիժառուներին հաջողվում է փախչել: Ականատեսների վկայությամբ Չեկան, որի քթի տակ էր կատարվել սպանությունը, միայն կես ժամ հետո է քաջություն ունեցել փողոց դուրս գալ: Աղմուկ է բարձրանում, դեպքին հաջորդում են զանգվածային ձերբակալություններ: Ջեմալի սպանությանն անդրադառնում է նաեւ «Պրավդան», որի հոդվածն արտատպում է «Խորհրդային Հայաստան» թերթը. «….սկսված հետաքննությունը դեռ երեւան չի հանել իսկական սպանողներին: Բանտարկված են մի քանի մարդիկ, որոնք կասկածվում են սպանությունը կազմակերպելու մեջ: Քննության բոլոր հետեւանքները թույլ են տալիս ենթադրելու, որ Ջեմալ փաշան սպանված է նացիոնալիստական կազմակերպություն Դաշնակցության ձեռքով»: Հոդվածում նշված «մի քանի մարդիկը» իրականում հարյուրավորներ էին, որոնցից մի քանիսին հետագայում աքսորում են, մնացածին` բաց թողնում: Իսկ որ հայերն էին կազմակերպել սպանությունը` ենթադրելն այնքան էլ դժվար չէր, քանի որ հայ վրիժառուների ձեռքով արդեն պատժվել էին Թալեաթը, Խալիլը, Խոյսկին, Ազմին, Շաքիրը ու էլի շատերը:
Դեպքից 98 տարի անց` Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին, հենց նույն վայրում էլ փակցվել էր հուշաքարը:
Բլոգերներից մեկը, որպես պատասխան, առաջարկում էր տեղում, թեկուզ առանց իշխանությունների գիտության ու թույլտվության, մեկ այլ հուշաքար փակցնել. «1922թ. հուլիսի 21-ին այստեղ գնդակահարվել են հայ ժողովրդի դահիճ, Իթթիհատական եռապետության անդամ, բոլշեւիկների բարեկամ եւ գործակից Ջեմալ փաշան եւ իր երկու թիկնապահները»:
Վարդան Օնանյան –
Ապրիլ 20, 2010
armtimes.com