Ընթերցո՛ղ իմ պատվական, հայտնի՞ է քեզ թեկուզ մի դեպք, երբ, ասենք, բազմազգ Ռուսաստանում կամ բազմազգ Ֆրանսիայում, համապատասխանաբար, ռուսերենից ու ֆրանսերենից բացի, գիտական ատենախոսություն գրվի կամ պաշտպանվի ոչ այդ երկրների լեզուներով։ Հայտնի չլինելը երկու պատճառ կարող է ունենալ. հայտնի չէ՝ ա) որովհետեւ տեղյակ չես, բ) որովհետեւ այդպիսի բան չկա եւ չի կարող լինել։ Իրականությունը երկրորդ կետում է ամփոփված։ Տրամաբանությունից սերած հաջորդ հարցս. ազգաբնակչությամբ եզակիորեն միատարր մեր հանրապետությունում ինչո՞վ կբացատրես դրա հնարավորությունն ու իրացումը, երբ անկախացումից հետո լեզվի օրենքի ընդունման գլխավոր դրդապատճառներից մեկը գիտական ատենախոսությունները հայերեն ներկայացնելու հրամայակա՛նն էր (մինչ այդ Մոսկվայի պահանջով դրանք ռուսերեն էին ներկայացվում)։
Սրանով հայերենը կարեւորագույն ոլորտներից մեկում՝ գիտության մեջ, անկաշկանդ գործառելու եւ զարգանալու իր դարավոր իրավունքն էր վերականգնում։ 5-րդ դարից սկիզբ առած, ընդհատումներով Մխիթարյան հայրերի խնամակալությանը հասած, ապա դարձյալ ընդհատված հայացվող տերմինաբանական միասնականության տեւական խնդիրներ լուծելու եզակի հնարավորություն էր տրված մեզ։ Բայց հանկարծ մեր ազգային ԲՈՀ-ը դեռ խանձարուրում ի հայտ բերեց իր «մարդասիրությունը». եթե հայը հայերեն չգիտի կամ եթե գիտի, բայց չի ուզում հայերեն գրել (՞), ի՞նչ անենք, թող ուրիշ լեզվով գրի։
Եվ տարիներ առաջ տեղնուտեղն էլ մի որոշում կայացրեց՝ արտոնելով մեր ծուլամիտներին ռուսերեն պաշտպանելու իրավունք։ Արդարադատության նախարարությունն էլ (փա՜ռք նրա արդարությանը), օրենքի ու Սահմանադրության եւ այդ որոշման միջեւ հակասություն «չնկատելով», առանց դեսուդենի անմիջապես գրանցեց՝ որոշումը պաշտոնականացնելով որպես ենթաօրենսդրական ակտ։ Զարմանալի եռանդով ու աճապարանքով էր այդ նախարարությունը գրանցում հիմնականում կրթագիտական գերատեսչություններից իրեն հասած հայընդդեմ մոլի որոշումները, որոնցից մեկն էլ դեռ լեզվի օրենքը խեղելուց շա՜տ առաջ մեր երեխաների համար օտար կրթության դռները լայնորեն բացելու ակտն էր (Աիդա Թոփուզյանի ականջն էլ էնտեղ կանչի)։ Քիչ առաջ տերմինաբանական միասնականության կարեւորության փաստն ընդգծեցի. եթե սխալ եմ, ուղղե՛ք ինձ, խնդրեմ։
Որքանո՞վ է արդարացված այն, որ միեւնույն երեւույթը աստղագիտության ու լեզվաբանության մեջ կոչվում է ձեւաբանություն, իսկ կենսաբանության մեջ՝ մորֆոլոգիա։ Հե՛նց միայն այս աննշան թվացող իրողությունը պիտի ստիպի մեզ հարգանքով վերաբերվել մեր գիտական լեզվին, որը, ինչպես Մաթեւոսյանը կասեր, մեր բաց աչքերի առաջ մեզնից փախչող գրական լեզվի կարեւորագույն օղակն է՝ գեղարվեստականից հետո։ Վա՜յ մեզ, որ այսօր մեզանում Հայոց դատի գլուխ է կանգնած Հայկ Դեմոյանը։
Մարդու խելքին փչել է, որ դոկտորականը ռուսերեն գրի, ի՜նչ է եղել որ։ Ո՞վ է ում լեզվական խտրականության իրավունք տվել։ Հիմա հանգիստ թողնեմ ընթերցողիս ու մի հարց էլ սրան տամ. ախպերացո՛ւ, եթե այնպես պատահեր, որ թուրքերի իրականացրած հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենը ռուսերենից լավ թրքերեն իմանար, ա՞յդ լեզվով էր շարադրելու դոկտորականը։ Ի՛նչ ես ուզում այդ անունը կտրած թուրքերից. նրանք կարմիր ջարդ արեցին, դու էլ, ցեղասպանության թանգարանի գլխին կանգնած, սպիտակ ջարդ ես անում. լա՜վ էլ գտել ես տեղդ… Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, անկախ ազգային պատկանելությունից եւ ստացած կրթությունից, Հայաստանում ատենախոսությունը պարտավոր է պաշտպանել հայերեն՝ պաշտպանական ընթացակարգի թե՛ գրավոր, թե՛ բանավոր դրսեւորումներով, անգամ եթե ատենախոսությունը ռուսերենի նկարագրությանն է վերաբերում։ Սա ՀՀ Սահմանադրությա՛ն պահանջն է, որի 12-րդ հոդվածով մեր երկրի պետական լեզուն հայերենն է։ Յուրաքանչյուր մասնագիտական խորհուրդ իրավասու է (եւ պարտավո՛ր) շրջանցելու ԲՈՀ-ի որոշումը, որը սոսկ ենթաօրենսդրական ակտ է ու ստորակա է Սահմանադրությանը։ Այլ լեզվով աշխատանքը շարադրելիս ատենախոսը պարտավոր է դրա հայերեն գրավոր թարգմանությունը եւս ներկայացնել պաշտպանության, եւ այդ դեպքում նույնպես գիտական բնագրի արժեք պիտի ունենա հայերե՛ն տարբերակը։ Ապշեցուցիչ է, որ պատմական իրողությունները վեր հանել հավակնող գիտնականը՝ ի դեմս Դեմոյանի, զուրկ է մինչեւ իսկ այս քաղաքացիական տարրական արժանապատվությունից։ Արյան մեջ ազգային խլիրտի բացակայությա՞մբ է պեղում նա մեր պատմության ընդերքը. ինչի՞ համար, նրա՛, որ իրենով վերահաստատի՞ Խորենացու ողբի մշտնջենականությունը։ Ի սե՜ր Աստծո, պետք չէ, թանկ կնստի մեզ վրա նրա այդ զոհողությունը…
Երբ կարդացի Հայկ Դեմոյանի «Գրագողությունը որպես ուղիղ ճանապարհ կամ գիտական բարոյականության «պաշտպանները»» հոդվածը («Ազգ-ներդիր», 25. 02. 012), առաջին զգացողությունը, որ արթնացավ իմ մեջ, բնավ այն չէր, որ պիտի պաշտպանականով հանդես գայի՝ ի նպաստ Գեւորգ Յազըճյանի Կամ Արմեն Այվազյանի։ Այս անձինք այն խեղճերից չեն, որ որեւէ մեկի պաշտպանության կարիքն ունենան։ Ընդհակառակն, Դեմոյանն ինքն է իր հոդվածով ինքնապաշտպանության ճիգեր գործադրում՝ գիտական բարոյականությամբ շղարշապատ հարձակման պատրանքով։ Զգացողությունս հետեւյալն էր. ավելի մեծ մեղք գործում են ոչ այնքան ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ Կառավարությունը, պետական գերատեսչությունները՝ դրսի ֆինանսական «ներդրումներով» հակասահմանադրական ազգավնաս օրենքներ, որոշումներ ընդունելով, որքան օրինագծերի քննարկման ժամանակ բերանները ջուր առած մտավորականները, կամ նրանք, ովքեր արջի ծառայություն են մատուցում պետությանն ու ժողովրդին՝ սատար լինելով հակահայկականությանը։
Թե ինչու ՀՀ լեզվի օրենքը ձեւախեղելիս Դեմոյանի ծպտունը դուրս չէր գալու, պատճառը մեկի՛ն է այսօր։ Բայց հիմա, Դեմոյանին էլ մի պահ հանգիստ թողնելով, կուզենայի ո՛չ միայն իր, նաեւ ի՛նձ համար անսպասելի շրջադարձ կատարել դեպի Ռազմիկ Դավոյանը՝ հեռվից հեռու զգալու նրա վերաբերմունքը հանդեպ մեր լեզվական կացությունը։ Հեգնո՜ւմ էր լեզվական օրենսդրության ապականության դեմ ընդվզող ուժերին. տե՜ր Աստված, հայ բանաստեղծը հեգնում էր հայ երիտասարդների հայրենասիրությունը։ Հիմա, երբ թափ առած գործում է նոր օրենքը, երբ ՀՀ կրթության նախարարությունն իր գերագույն պարտքն է համարում հայ պատանուն ու երիտասարդին շարադրության ու խոհագրության մրցույթի կազմակերպմամբ սպառիչ կերպով հասկացնել ռուսաց լեզվի՝ ռուսական պետականության հիմքը լինելու փաստը (տե՛ս «Կրթություն» թերթի ռուսագիր հայտարարությունը 12. 02 համարում), բանաստեղծն իրեն պատասխանատու համարո՞ւմ է կատարվածի համար, թե՞ անտեղյակ է մեր իրականությանը, սոսկ պետական բարձրագույն պարգեւի կարիքն ուներ, եւ հիմա ինքն իր հետ հաշտ՝ խաղաղ ննջում է հոբելյանական դափնու վրա…
Դառնանք Դեմոյանին։ Նշածս հոդվածը, ինչպես եւ սպասելի էր, չնայած բարոյահրապարակախոսական բնույթին, պիտի ունենար գոնե գիտական առերեւութականություն (ի վերջո գիտնական է հեղինակը), այնինչ այնտեղ իշխում է առերեւույթ գիտականությունը, այն է՝ շարադրանքը կառուցված է տրամաբանական սկզբունքով, մասնավորապես, վերջնահատվածի «դրույթները» ամփոփված են «Գրագողություն» ենթավերնագրին պատկանող 1 – 3 թվանշակիր օրինակներում, իսկ առաջին հատվածը գերազանցապես բովանդակում է հայոց այբուբենի տասներկու տառերով համարակալած «հիմնավորումներ», որոնցից տասնմեկը, ըստ Դեմոյանի թվաբանության, հավասար է քսանի, իսկ տասներկուսը՝ երեսունի… Ես դեմոյանական հիմնավորումներին չեմ անդրադառնա, եւ ինձ այդ հոգսից ազատելու համար շնորհապարտ եմ հեղինակին, որովհետեւ նա գիտական բարոյականության իր չափումներով ինձ ուղղորդում է դեպի մարդկային եւ ազգային բարոյականության հենց ի՛ր տարածությունը, որտեղ ախտահարված են թե՛ ազգայինը, թե՛ մարդկայինը եւ թե՛ բարոյականն ինքնին, էլ ուր մնաց՝ ականջ կախեի նրա գիտականությանը՝ բարոյականության ի՛ր հարաչափով։ Ինձ մի բան է հետաքրքիր. Դեմոյանի հոդվածի տողատակին հեղինակի գրառում-դիտողությունները հերքող երեք ծանոթություն է տվել խմբագրությունը, որոնցից վերջին երկուսի համար պիտի առնվազն կարմրեր հոդվածագիրը. փուչիկը տեղո՛ւմ է պայթեցվել։
Բայց սա ի՞նչ է նշանակում. եթե խմբագրությունը չմիջամտեր, եւ հոդվածին էլ արձագանքող չլիներ, մի՞թե դա իրավունք էր տալու բարձր բարոյականության անունից ընդդեմ ստահոդ լուրերի ճառող հեղինակին իր գիտցած, նույնիսկ մոգոնած ստերը իրականություն համարելու. չէ՞ որ մարդը՝ այն էլ դոկտորի աստիճանի հասած, պիտի որ ինքն իրենից ամաչելու հատկություն էլ ունենա։ Ոչ միայն արդեն նկատածներիս հիմքով, այլեւ վերջին շրջանում սրբությունների նկատմամբ ակնհայտորեն դրսեւորած իր քամահրական վերաբերմունքը նկատի առնելով՝ ստիպված եմ արձանագրել, որ Դեմոյանը չունի այդ հատկությունը եւ չի էլ կարող ունենալ, որովհետեւ նշածս աստիճանին հասավ զոռբայությամբ՝ մորթելով մորթված ժողովրդի պետական կարգավիճակի հասած լեզուն՝ իր այդ արարքով Հայաստանում այդպիսի կարգավիճակ ապահովելով ռուսերենի համար։ Եվ այս «ակցիայի» տերը հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենն է, որ ի պաշտոնե պարտավորված էր լինելու համայն հայության հայ մտավորականի կատարելատիպ ու հայրենասերի խորհրդանիշ…
Մի մեջբերում անեմ հոդվածի այն հատվածից, որի բովանդակային հերքումը խմբագրական ծանոթագրությամբ շարադրված է տողատակին. «Ո՞ւր էիք դուք, պարոն Յազըճյան, եւ ինչո՞ւ էր լռում ձեր «բեղուն» գրիչը, երբ ձեր պաշտպանյալը (նկատի ունի Արմեն Այվազյանին – Դ. Գ.) 2008 թ. սեպտեմբերին, թրքական մամուլին հղում տալով, հրապարակեց եւ ի լուր աշխարհի տարածեց ստահոդ մի լուր առ այն, թե իբր Հայաստան – Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ անջատվել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի գիշերային լուսավորությունը։ Թրքական քարոզչության խայծը կուլ տալով՝ իրեն ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենն արդյունքում վարկաբեկեց թե Հայաստանի Հանրապետությունը, եւ թե Ծիծեռնակաբերդը» (շարահյուսությունը՝ համապատասխան կետադրությամբ, հեղինակինն է – Դ. Գ.)։ Չխոստովանել չեմ կարող, որ այնքան անտանելի չէ բացահայտ հայրենապարսավ հայհոյանքը, որքան այս «հայրենապաշտ» սուտը՝ նողկալի հրայրքով։ Նողկալի է հատկապես ոճը, որ նույնական է գրողի ծոցն անցած երբեմնի «Ժամանակ» ռուսալեզու լրատվականի սադրաբանությանը՝ հետեւյալ ձեւակերպումներով. «Ազգամիջյան բախումները սրող ստահոդ լուրեր են տարածվում, թե իբր Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական տարածքն է», կամ՝ «Ստահոդ լուրեր են պտտվում՝ իբր թե Սումգայիթում ադրբեջանցիները հայերի ջարդ են կազմակերպել»։
Ո՞վ գիտե, գուցե գոհացում են պատճառում ցեղասպանագետ պատմաբանին այս կարգի պատմական զուգահեռները… Կարծում եմ՝ նույնիսկ Դեմոյանի պարագայում միշտ չէ, որ իշխանահաճությունը արդարացվում է. համենայն դեպս, մանր դիվանագիտության ասպարեզում խոշոր վրիպում էր սա նրա կողմից։ Մարդիկ հազիվ մոռացության էին տալիս այդ խայտառակ փաստը, իսկ սա նորից բորբոքեց կրքերը (տեսնես ի՞նչ պատասխան է տալու վերեւներին)…
Ամեն մի գնահատական նախ եւ առաջ ինքնագնահատում է, եւ Դեմոյանի՝ Այվազյանին ու Յազըճյանին տված բնորոշումներին անդրադառնում եմ սոսկ ա՛յս բեկմամբ, որովհետեւ նրանց գործունեությանը Դեմոյանի որդեգրած մոտեցումները շա՜տ են հարազատ անդրօվկիանյան «հայագետներին»։ Ահա եւս մի մեջբերում. «Շատերը դեռեւս ԱՄՆ-ում ինձ խորհուրդ տվեցին չարձագանքել Հայաստանի «ամենառասիստ» ու «անհանդուրժողական» անձին….»։ Բա ո՞նց չասեմ՝ ախպե՛ր-տղա, եթե իրոք Արմեն Այվազյանի մասին քեզ նման բան են ասել Սյունին, Գարսոյանը, Ռասելը («շատերիդ» բազմությունը վայ թե այսքանով էլ ավարտվում է), եւ դու նրանց չես լսել, վա՜յն եկել է, քեզ տարել, որովհետեւ քո առարկայակա՛ն ունեցվածքը հաշվելի կդառնա… Փաստորեն քեզ էլ է հունից հանել Արմենի «հանդգնությունը», երբ վերջինս ընդվզել է «ամերիկյան հայագիտության» տիտանների ոտնձգության դեմ։
Փաստորեն, ռասիստ չհորջորջվելու համար, նա մեզ տեղյակ չէր պահելու, թե ինչպես են ուսուցիչներդ գլխիվայր շուռ տվել մեր պատմությունն ու բանահյուսությունը, ինչ խեղճուկրակ խառնացեղ ծագում են վերագրել մեզ՝ Պատմահոր մասին էլ սեւով սպիտակին գրելով. «Խորենացին խաբեբա է, ստոր եւ լկտի խաբեբա»։ Պարո՛ն Դեմոյան, հազարավոր մղոններով լեռ ու դաշտերի, ծով ու օվկիանների միջնորդությամբ հոգիների այս ի՜նչ ներդաշնակ տատանումներ կան քո եւ նրանց միջեւ… Այնպես որ, պարո՛ն, Գեւորգ Յազըճյանը չէ, որ քաղաքական հովանավորներիդ բացահայտումն է կատարել, դու ինքդ ես դա անում մեջբերյալ հատվածում։ Անում ես անհամեմատ ստոր եղանակով, որովհետեւ նրանք միայն քո՝ իրենցից քո բերանը նետած պիտակավորումներից են օգտվում, իսկ դու նաեւ կտրուկ միջոցների ես դիմում՝ դիվական հաճույքով իրազեկ պահելով, թե կալանքի տակ են Գեւորգի գրքերը։ Խմբագրությունն այստեղ էլ միջամտել է համապատասխան ծանոթությամբ, թե բացառված չէ քո դերակատարությունն այդ հարցում։ Բայց մի ուրիշ բան էլ կա. կատարվածը կալանք անվանել չի կարելի, որովհետեւ որեւէ արձանագրություն չի կազմվել. քեզ ծանոթ ուսադրակիր տղերքը գրքերն առել-տարել են։ Ծանր է, գիտեմ, բայց խոստովանի՛ր (ինձ չէ, ոչ էլ ընթերցողին, այլ ինքդ քեզ), որ դա խուլիգանության նման մի բան է։ Կալանքի մասին հետգրությամբ տված իրազեկումդ փիլիսոփայական մի սպառիչ ընդհանրացում էլ ունի, որն ուղղակի ցնցեց ինձ։ Ահա՛. «Լուրջ գիտնականների գործերը չեն առգրավվում»։ Հազիվ թե այսպիսի անգրագիտություն դուրս տար միջակ կարողությամբ դպրոցն ավարտած որեւէ մեկը, մինչդեռ ասողն այլեւս դոկտորացած պատմաբան է…
Այն, որ դրսի հայատյաց ուժերին խորշանք է պատճառում մեզանում ազգասիրական թեթեւ իսկ առկայծում, եւ վարկաբեկելու համար յուրաքանչյուր ազնիվ ընդվզում՝ պիտակավորում են այլատեցության ու անհանդուրժողականության նվաստացուցիչ ձեւակերպումներով, մի կերպ կարելի է հասկանալ, բայց այն, որ հայ պատմաբանին կարող են խորթ լինել ազգային չէ՛ թէ գաղափարները, այլ տարրական զգացումներն անգամ, խենթանալիք է։ Ես գիտեմ, անարդարության հանդիպելիս Գեւորգը հաճախ ծայրաստիճան սրում է առանց այն էլ սրված իրականության լարվածությունը՝ երբեմն էլ ոչ ճիշտ թիրախ ընտրելով, բայց դա կարելի է պայմանավորել մի կողմից՝ իր՝ զայրույթի պահին երբեմն արտակենտրոն դրսեւորմամբ, մյուս կողմից՝ այն միջավայրով, որտեղից սերել է նա։ Պարո՛ն եղեռնագետ, կարիք կա՞ հիշեցնելու, թե ինչի հետեւանք է սփյուռքը, եւ ինչ ջանքեր են պետք հայությանը դրսում ուծացումից փրկելու համար։ Եվ հիմա դու «գործ ես սարքում» մի մարդու դեմ, ով դրսում հանուն հայապահպանության նյարդեր վատնելուց հետո հայրենիք գալով՝ նույն վտանգներն այստեղ է տեսնում եւ ավելին չի անում, քան ահազանգե՞լը։ Արտգործնախարարի պաշտոնական տվյալն եմ հայտնում՝ հայտարարված հեռուստատեսությամբ. «Այսօր Հայաստանում ունենք քառասուն ռուսական դպրոց»։
Քե՛զ եմ հարցնում, պարո՛ն հայագետ, ո՞րն էր մեր անկախության իմաստը, եթե խորհրդային տարիների մայրամուտին փակված այդ դպրոցները պիտի վերաբացվեին անկախ Հայաստանում։ Եթե ցեղասպանության թանգարանի տնօրենը դրա վտանգի ահագնությունը չի ըմբռնում, ինչպե՞ս այն կհասկանան այդ դպրոցների շարքային շրջանավարտները, եւ եթե այդ տնօրենը չի հասկանում, հո չի՞ նշանակում, թե Յազըճյանն էլ ունի չհասկանալու պարտավորություն։ Եվ նրա ցավը փարատելու փոխարեն այդ նույն մարդը դեռ լուրեր էլ տարածում է, թե Գեւորգն արտասահմանում «քյաբաբնոց ունի»։ Ասեմ՝ գիտենաս, Գեւորգի ունեցած-չունեցածը սրճարան է եղել, որ վաճառել ու տուն է գնել Երեւանում, իսկ ա՛յ, փոխարենը կան մարդիկ, որ հայագիտության տաճարն են «քյաբաբնոցի» տեղ բանեցնում։ Գեւորգին ճանաչելու համար պետք է ճանաչել նաեւ նրա մորը։ 82-ամյա պատկառելի կինը, սայլակին գամված, ընդվզելով ազգավնաս օրինագծերի դեմ, Կառավարության շենքի մոտ տեւական մի շրջան իր ձայնը խառնած երիտասարդների հուժկու ձայնին, վանկարկում էր. «Թե մորդ անգամ մտքից հանես, // Քո մայր լեզուն չմոռանաս», «Հայ լեզուն տունն է հայուն»…
Եվ այսքանից հետո, պարո՛ն Դեմոյան, դեռ տանջարար ավազակի մահի՞ճն ես մատնացույց անում։ Դե ի՛նչ, եթե ոտքերդ հեշտությամբ մինչեւ արեւմտյան կիսագունդ են ձգվում, իսկ ձեռքերդ՝ անձեռնմխելի սրբություններ, ճիշտ ժամանակն է, ինքդ էլ տեղավորվի՛ր մահճում։ Պրոկրուստեսը քե՛զ է սպասում…
Դավիթ Գյուլզադյան