Իր կեղծ հայագիտական գրվածքներով վաղուց բացահայտված ամերիկաբնակ Ռոնալդ Սյունին ժամանել էր Հայաստան`դասախոսելու Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ: Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր՝ հայազգի կեղծարարը Հայաստան էր հրավիրվել Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) ծրագրի կողմից, Ալեքսանդր Իսկանդարյանի ղեկավարած Կովկասյան ինստիտուտն էլ իր հարկի տակ հյուրընկալել էր նրան։ Հանդիպմանը ներկա էի ոչ որպես լրագրող, այլ քաղաքացի, ով արդեն ծանոթ էր տխրահռչակ «գիտնականի» մտքի գոհարներին և հետաքրքիր էր հասկանալ՝մի՞գուցե պարոն Սյունին արդեն հրաժարվել է իր նախկին թեզերից, չէ՞ որ նա քաջ տեղյակ է իր զառանցանքների նկատմամբ Հայաստանում առկա վերաբերմունքի մասին: Եթե ոչ, ապա ինչու՞ է ժամանել: Պարզվեց, որ Սյունին այլ առաքելություն էր ստանձնել. նա եկել էր համոզելու, որ թուրքերը փոխվել են և թե ինչքան հետադիմական մոտեցում է անընդմեջ Հայոց Ցեղասպանության մասին խոսելը: Նկատենք, որ դասախոսությունն անգլերեն էր՝ առանց թարգմանության, ինչը «Լեզվի մասին» օրենքի խախտում է և Հայաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ ոտնահարում:
Ինչևէ…
Ցեղասպանության սյունիական մեկնաբանությունը
Այս պարոնը իր դասախոսությունը սկսեց մի «սրտաճմլիկ» հայտարարությամբ, թե իր ընտանիքն էլ է Ցեղասպանությունից մազապուրծ փախել, սակայն իր ծնողները երբեք երեխաների մեջ ատելություն չեն սերմանել թուրքի նկատմամբ: Ապա սկսեց շատ երկար-բարակ պատմել, թե ինչպես է ինքը՝ հայ, թուրք ու քուրդ գիտնականների հետ քննարկումների արդյունքում եկել այն համոզման, որ տեղի ունեցածն իրապես ցեղասպանություն է, քանի որ համակարգված կերպով և նախօրոք արձակված հրամանի համաձայն` հայերին զանգվածային ջարդերի են ենթարկել իրենց ազգային ու կրոնական պատկանելության համար: Սյունին փորձեց շրջանցել Ցեղասպանության պատճառների թեման, որի մեկնաբանությունն է իրականումբացահայտում «գիտնականի» իրական դեմքը: Սակայն դասախոսության վերջում տրված հարցերի արդյունքում, ի վերջո, ստիպված եղավ անդրադառնալ դրանց: «Պարզվեց», որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությանը հավատարիմ ու հանուն այդ պետության կռվող հայերի կողքին Ռուսաստանի կողմն անցած ու Օսմանյան կայսրության դեմ կռվող հայերի հանգամանքն է ՍՏԻՊԵԼ թուրքերին մշակել Ցեղասպանության ծրագիր: Սարիղամիշում «հայերի մեղքով» Էնվեր Փաշայի զորքերի` ռուսներից կրած պարտությունից հետո թուրքերն այլ ելք չունեին, քան պատժել «դավաճան հայերին» ու ցեղասպանության ծրագիր մշակել: Իսկ պանթուրքիզմի գաղափարախոսության դերը Սյունիի համար վիճելի է, քանի որ պանթուրքիստական պլանների ուգաղափարախոսության ազդեցությունը այդ շրջանի երիտթուրքական կառավարության վրա, վերջինիս պնդմամբ, «շատ դժվար է ապացուցել»: Այլ կերպ ասած` Սյունիի մատուցմամբ թուրքերը ոչ թե, պանթուրքիստական նկրտումներից ելնելով, նախօրոք պլանավորված ծրագիրն են իրագործել` օգտվելով պատերազմական իրավիճակից, այլ կոտորել են հայերին պատերազմի ժամանակ դրսևորած «դավաճանության» համար, ինչը բոլորիս հայտնի թուրքական կեղծ թեզ է։ Ընդ որում, Սյունին չի հավատում, որ թուրքերը հայերի թշնամին են և որ տեղի ունեցածը կարող է կրկնվել:
Ըստ հայազգի «գիտնականի»` պատմական իրադարձությունների ուսումնասիրությունն, ինչպես թուրքերին ու քրդերին, այնպես էլ հայերին կարող է անհարմար դրության մեջ գցել, հետևաբար այն չպետք է անընդհատ մեջտեղ բերել։ «Պատմությունը վտանգավոր բան է», – զգուշացրեց այս վայ-պատմաբանը: Սյունին եկել էր մեզ բացատրելու, որ հայերի կողմից Հայոց ցեղասպանության մասին անընդմեջ խոսելը «առաջադեմ մոտեցում չէ», այլ «հետընթաց» է. «Հայերը թուրքերին ներկայացնում են որպես հրեշներ, որոնք պարբերաբար ներգրավվել են հայերի ջարդերում: Հայերի այս կարծիքը`զոհերին ու մարդասպաններին առանձնացնելը, խոչընդոտում է թուրքերի հետ երկխոսության ու համագործակցության հնարավորություններին» – ընդգծեց նա`հավելելով, թե իբր նման մոտեցումը խանգարում է Թուրքիայի առաջադեմ զանգվածին: Այսպիսով Սյունին հրաժարվում է ճանաչել ցեղասպանությունը հանցագործություն, որտեղ կան զոհեր ու մեղավորներ։
Ավելին՝ Սյունին համառորեն Հայոց ցեղասպանության մասին խոսելիս` Արևմտյան Հայաստանի փոխարեն կիրառում է թուրքերի կողմից հորինված “Արևելյան Անատոլիա” անվանումը. «Հայոց ցեղասպանությունը մեկնաբանելիս, Անատոլիա եզրի օգտագործումը բոլորովին շեղում է ընթերցողին, որովհետև հայերը ինքնավարություն և անկախություն էին պահանջում ո՛չ թե Անատոլիայի, այլ Արևմտյան Հայաստանի վեց՝ պատմականորեն հայկական վիլայեթների՝ Վանի, Բիթլիսի, Խարբերդի, Դիարբեքիրի, Էրզրումի և Սիվասի տարածքներում»,- գրում է քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն՝ ավելի քան 100 էջ նվիրելով Սյունի կեղծարարությունների բացահայտմանն ու մեկնաբանությանը իր «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն» գրքում (Երևան, 1998, էջ 83): Այվազյանը նաև նկատում է. “Ցեղասպանության փաստի նրա ձևական ճանաչումը՝ լոկ սփյուռքահայ զանգվածների աչքին թոզ փչելու մի միջոց է՝ «անաչառ գիտնականի» վարկը պահպանելու և հայոց պատմության խեղաթյուրումը մյուս բոլոր ասպարեզներում անարգել առաջ տանելու համար» (էջ 89):
Թե ինչպես է փոխվում Թուրքիան`ըստ Սյունիի
Ամեիկացի այս «պրոֆեսորի» համար` Ցեղասպանության մասին անընդհատ խոսելը մեզ վրա «վատ ազդեցություն» է ունենում, մեկուսացնում է աշխարհից ու չենք տեսնում այն փոփոխությունները, որ տեղի են ունենում Թուրքիայում: Նրա խոսքերով, վերջին շրջանում Թուրքիայում ժողովրդավարացման լուրջ գործընթացներ են ընթանում, որտեղ հսկայական ու առաջադեմ նշանակություն ունի Ցեղասպանության մասին խոսելը: Սյունին լավատես է Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների հարցում, քանի որ «մեծ քարե պատը քանդվում է», Ցեղասպանության մասին գրքեր են գրվում, թուրք գիտնականները հետազոտություն են անում: Իսկ Ռոնալդ Սյունիի հերոսը Հրանտ Դինքն է, որին սպանեց մի «խեղճ տղա». «Դինքը հասկանում էր, որ թուրքերն ու հայերը ճակատագրով և աշխարհագրորեն կապված են իրար և կարող են ապրել կողք-կողքի»: Ըստ նրա՝ Հրանտ Դինքի սպանությունն այնպիսի շրջադարձային պահ էր, որ այլևս հնարավոր չէ վերադառնալ մինչ այդ Թուրքիայում եղած իրավիճակին:
Ակնհայտորեն, Թուրքիային գովաբանելու նպատակով Հայաստան եկած ամերիկաբնակ «պատմաբանը» կարծում է, որ քեմալական Թուրքիան տասնյակ տարիներ եղել է հակաէթնիկ ռեժիմ, որտեղ բոլորը թուրք էին անկախ ազգային պատկանելությունից, սակայն իրավիճակն այլ է. «մոդա է դարձել դառնալ ոչ թուրք», գտնել արմատներն ու «հայ տատիկներին»: Ավելին՝ այն, որ անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի վարչապետ Էրդողանը ներողություն խնդրեց Դերսիմում 1937-1939թթ. բարձրացած ապստամբության ժամանակ տասնյակ հազարավոր քրդերի ու հայերի կոտորածի համար՝ լավ զարգացում է, որը ցույց է տալիս այն տեղաշարժերը, որ տեղի են ունենում Թուրքիայում. «Դերսիմում օգտագործվել է խնդիրների լուծման նույն մեխանիզմը, ինչ 1915թ-ին: Դերսիմում կոտորվել են նաև Ցեղասպանության պատճառով գաղթած հայեր: Տեսեք, թե ինչքան բարդ ու խճճված է ամեն ինչ, ինչքան կապված են Դերսիմի ու 1915թ-ի դեպքերը, ու Էրդողանը ներողություն է խնդրում Դերսիմի դեպքերի համար» – հայտարարեց Սյունին`իհարկե շրջանցելով Էրդողանի հիստերիկ պատասխանն ընդդիմությանը, երբ վերջինս հակադարձեց, թե շուտով Էրդողանը նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագիծ կմտցնի խորհրդարան: Սյունին, հավանաբար, նաև մոռացել էր վերջերս Թուրքիայի սպառնալիքներն ու շանտաժները Ֆրանսիային՝ խորհրդարանում Ցեղասպանության ժխտման օրինագծի քրեականացման հետ կապված: Մոռացել է նաև Իգդիրում օրեր առաջ նրա արած հայտարարությունը՝ «Ինշալլահ, շուտով Ադրբեջանի հողերը կազատագրվեն»։ Եվ ինչպես իրավացիորեն նկատում է Ա.Այվազյանը, «Սյունին կոտորածը ցեղասպանությունից չի տարբերում: Նա վերաբերվում է Հայկական եղեռնին որպես մի կոտորածի, որը [սովորականից] ավելի մեծ թվով զոհեր խլեց»(էջ 89):
«Վերափոխվող» Թուրքիայի ու թուրքերի նկատմամբ մեր վերաբերմունքը փոխելու անհրաժեշտությունը շեշտելուց բացի նկատենք, որ Սյունին նաև չմոռացավ նշել, որ «Արևելյան Անատոլիայի» հայկական նախկին բնակավայրերը «ժողովրդագրական տեսակետից Քրդստան են», ընդ որում՝ այնտեղ քրդերը արդեն անգրագետ չեն, այլ կրթված ու քաղաքականացված են: Նրանք պայքարում են իրենց իրավունքների համար, ինչքան էլ, որ ընդունում են, որ այստեղ նախկինում հայեր են ապրել, որ իրենք էլ մեղավոր են նրանց ցեղասպանության ենթարկելու հարցում` օգտագործվելով թուրքերի կողմից:
Այլ կերպ ասած՝ Ռոնալդ Սյունու պատրաստած «մեսիջներից» էր նաև այն, որ պետք է մոռանալ նաև Արևմտյան Հայաստանի մասին, քանի որ այն վաղուց Քրդստան է և այնտեղից հազարավոր մարդկանց չենք վտարելու. “Մենք ունենք Հայաստանը”- հիշեցրեց նա:
Հ.Գ. Վերջում այնուամենայնիվ որոշեցի պարզել, որ ինչու՞ պիտի հայտնվենք անհարմար վիճակում պատմությունն ուսումնասիրելու դեպքում: Սյունին ինձ “տեղեկացրեց”, որ ցեղասպանությունից հետո«հայերը կոտորել են թուրքերին» ու խորհուրդ տվեց կարդալ Զորավար Անդրանիկի հիշողությունները: Ես էլ փորձեցի ճշտել, թե, այնուամենայնիվ, հայերը պետք է միշտ սպանվողի դերում լինե՞ն կամ արդյո՞ք մենք պատասխան հարվածի, ինքնապաշտպանության ու վրեժ լուծելու իրավունք չունենք, Սյունին պատասխանեց. “Ոչ , դա խնդիրների լուծման տարբերակ չէ”:
Աստղիկ Խաչատրյան
www.zham.am