ՀՀ անելիքները` հունգարական արդարադատության «էնդշպիլից» հետո

ՀՀ անելիքները` հունգարական արդարադատության «էնդշպիլից» հետո

Արևմուտքը արձակում է Ադրբեջանի ձեռքերը

Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպանի հանձնումն Ադրբեջանին ստեղծում է հայ ժողովրդի համար վաղուց ծանոթ հերթական իրավիճակը, երբ նրա թուրք-ադրբեջանական հարևանների ցեղասպանական քաղաքականությունն ու մղումները, աշխարհաքաղաքական ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, ոչ միայն չեն սաստվում, այսպես կոչված, միջազգային համայնքի, այն է՝ հզոր տերությունների կողմից, այլև բացահայտորեն խրախուսվում են։

Բանն այն է, որ հայ սպայի սպանությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի միջոցառման ժամանակ։ Իսկ ՆԱՏՕ-ն միջազգային խոշորագույն կազմակերպություն է, միջազգային իրավունքի տեսանկյունից՝ առանձին իրավական սուբյեկտ։ Ուստի՝ սպանության համար պատասխանատվության կարևոր մի բաժինը կրում է ոչ միայն Հունգարիան, որի տարածքում այն կատարվել է, այլև ՆԱՏՕ-ն և նրա անդամ բոլոր պետությունները։ Հունգարիան այդ կազմակերպության անդամ է, սակայն ոչ առաջին ջութակն է, ոչ երկրորդը, ոչ էլ՝ երրորդը։ Հունգարիան պարզապես չէր կարող միայնակ և ինքնուրույնաբար որոշել մարդասպանին իր տերերին հանձնելու հարցը՝ առանց ՆԱՏՕ-ի իր ավագ դաշնակիցների հետ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու և նրանց հետ այդ բացահայտորեն հակահայկական քայլը համաձայնեցնելու։ Այս համոզմունքն է՛լ ավելի է ամրապնդվում, երբ նկատում ենք, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուշի-ուշով հետևում են մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության բոլոր զարգացումներին, հատկապես Իրանի դեմ ձեռնարկվելիք ռազմական հնարավոր գործողությունների բերումով։

Տարածաշրջանում ծայր աստիճան լարված իրադրության պայմաններում Արևմուտքը, փաստորեն, արձակում է Ադրբեջանի ձեռքերը՝ ուղղակիորեն սադրելով Բաքվի հայատյացներին՝ պատերազմի միջոցով լուծելու Ղարաբաղյան հարցը և կանաչ լույս վառելով հայերի նկատմամբ ցեղասպանական քաղաքականությունն իրականացնելու ուղղությամբ։ Սաֆարովի հանձնումն Ադրբեջանին հնարավոր կլինի այլ կերպ գնահատել միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և ՆԱՏՕ-ի անդամ պետությունները կոնկրետ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի, ինչպես նաև Հունգարիայի դեմ։

2004 թ. դատավճռի անհամարժեքությունը

Ես այսօր մանրամասն չեմ խոսի կատարված դեպքի՝ մարդասպանի հանձնումն Ադրբեջանին կանխելու Հայաստանի Հանրապետության անկարողության և դրա պատճառների մասին։ Սակայն իրավաքաղաքական առումով մի խիստ կարևոր փաստ վերհիշելն անհրաժեշտ է։

2004 թ. Բուդապեշտում կատարված ոճիրը տուժող կողմը (Հայաստանի Հանրապետությունը) ժամանակին պետք է որակեր որպես ազգային ատելության հողի վրա կատարված պետական ահաբեկչության արարք, որը նախապատրաստել էին ադրբեջանական հատուկ ծառայությունները՝ իրենց թուրք գործընկերների հնարավոր մասնակցությամբ (հիշեցնենք, որ մարդասպանը ուսանել է Ստամբուլի ռազմական քոլեջում 1992-1996 թթ., իսկ 1996-2000 թթ.՝ Թուրքիայի ռազմական ակադեմիայում), այլ ոչ թե գոհունակությամբ ընդուներ Բուդապեշտի դատարանի՝ Հունգարիայի Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն կայացրած լղոզված վճիռը, ըստ որի՝ հանցագործը ինչ-որ (չճշտված) «ստոր մղումներից» կատարել է «սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում»։ Գուրգեն Մարգարյանի սպանությունից մեկ ամիս անց, երբ դեռ շատ ժամանակ կար մինչև բուդապեշտյան դատավարության սկիզբը, ես առաջարկեցի պահանջել այլ մեղադրանքի առաջադրում, ընդգծելով, որ առկա փաստերը «հայկական կողմին լիովին իրավունք են տալիս պնդելու սպանության այնպիսի վարկածի վրա, որը մատնանշում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կանխամտածված ու մանրամասնորեն ծրագրված գործողությունը։ Այսինքն՝ խոսքը պետական հանցագործության մասին է» (տե՛ս Армен Айвазян, “Убийство в Будапеште – спланированная операция азербайджанских спецслужб”, Новое Время, 30 марта 2004 г. Впервые опубликовано Агентсвом Де-факто, 29.03.2004 г.)։ Այն, որ մարդասպանը Բաքվում ոչ միայն անմիջապես ազատ է արձակվել, այլև պարգևատրվել է զինվորական կոչումով, բնակարանով և մեզ անհայտ այլ միջոցներով, այն, որ նրան վճարվել է ութ տարվա չստացած աշխատավարձը, գալիս է արդեն լրացուցիչ անգամ մեկընդմիշտ հաստատելու հենց այս վարկածը՝ Ռ. Սաֆարովը կատարել է հատուկ հանձնարարություն, որը նրան վստահվել էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից։ Այս առումով դատաիրավական իրավիճակը նույնպես որակապես փոխվել է։ Բուդապեշտյան դատարանի վճռի անհամարժեքությունը, ինչպես նաև ադրբեջանական վանդալության անպատիժ մնալն ավելի քան բավարար հիմք են, որպեսզի Հայաստանում անցկացվի առանձին դատավարություններ ու հեռակա դատավճիռ կայացվի ինչպես այդ հանցագործության կազմակերպիչների, այնպես էլ կատարողների նկատմամբ։

ՀՀ իրավաքաղաքական անելիքները

Այս հրապարակմամբ կանդրադառնամ միայն այն քայլերին, որոնք, իմ կարծիքով, պարտավոր է (և, կառուցվածքային առումով, ի վիճակի է) իրականացնելու միայն օրվա պետական իշխանությունը՝ հայությունն էլ ավելի մեծ, զանգվածային կոտորածից փրկելու համար։ Ընդդիմադիր ուժերը, քաղաքացիական հասարակությունը կամ Սփյուռքը շատ բան անել, ցավոք, չեն կարող։

Ներքին և արտաքին ասպարեզում ձեռնարկվելիք միջոցառումների ցանկում առաջարկում եմ ներառել հետևյալ քայլերը՝

  1. Անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի «Ինտերպոլ»-ը Ռամիլ Սաֆարովի միջազգային հետախուզում հայտարարի։ Այս խնդիրն առավել արագ և դյուրին լուծում կստանա, եթե «Ինտերպոլ»-ին այդ խնդրանքով դիմեն Հունգարիան (որպես պետություն, որի տարածքում տեղի է ունեցել սպանությունը), ՆԱՏՕ-ն (որպես միջազգային իրավական սուբյեկտ, որի կազմակերպած միջոցառման ժամանակ է տեղի ունեցել սպանությունը) և նրա առանձին անդամ պետությունները։ Եթե այդ նվազագույն արդար պահանջը ևս չկատարվի, ապա Հայաստանի Հանրապետությունը պետք է կտրուկ իջեցնի ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունների ներկա մակարդակը։ Սակայն անկախ այդ ամենից՝ պարտադիր է նաև Հայաստանում անցկացնել Ռ. Սաֆարովի հեռակա դատավարությունը և կայացնել հեռակա դատավճիռ այս հանցագործության կազմակերպիչների և կատարողների նկատմամբ՝ որակելով կատարվածը որպես մարդկայնության դեմ հանցագործություն։ (Այժմ արդեն կարելի է նույնիսկ ենթադրել, որ 2004 թ. Բուդապեշտում հայի նկատմամբ կատարված ցեղասպանական ակտը՝ էթնիկական հողի վրա նրա դաժանագույն սպանությունը, հունգարական դատարանը որակեց որպես սովորական «սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում»՝ հետագայում ավելի հեշտորեն Ադրբեջանի հետ հայի արյան շուրջ առուծախի մեջ մտնելու համար։) Կայացված դատավճռի և Հայաստանի տարածքում Սաֆարովի հետախուզումը հայտարարելուց հետո՝ կարելի է դիմել նաև միջազգային բոլոր պատկան ատյաններին, առաջին հերթին՝ Իտերպոլին։
  2. Ելնելով Հայաստանի ազգային անվտանգության ընդգծված առանձնահատկություններից, որոնք արտահայտվում են հատկապես հայ ժողովրդի դեմ շարունակվող ցեղասպանական քաղաքականության, դրան միջազգային իրավական գնահատական չտալու և այն վարողների՝ Թուրքիայի և Ադրբեջանի երկարատև անպատժելիությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը պետք է արմատապես վերանայվի ինչպես մարդկայնության դեմ հանցագործությունների, այնպես էլ դրանց դեմ արդյունավետ դատավարություններ կազմակերպելու հարցերում։ ՀՀ Ազգային ժողովի առաջիկայում կայանալիք արտակարգ նիստի օրակարգում պետք է ներառել, կարծում եմ, հետևյալ հարցը՝ փոխել ՀՀ օրենսդրությունը, այն է՝ ցեղասպանության և, մասնավորապես, հայասպանության դեպքերի համար սահմանել մահապատիժ։ Ճիշտ է, միջազգային դատական պրակտիկայում հեռակա դատավարություններն արդարադատության բավականին հազվադեպ ձև են, քանի որ մեղադրյալի բացակայությամբ ընթանալով՝ սահմանափակում են նրա դատավարական պաշտպանության հնարավորությունները։ Բայց այդպիսի դատավարությունները հանրածանոթ երևույթ են, երբ գործը վերաբերում է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին, իսկ հանցագործներն ինչ-ինչ պատճառներով բռնված ու ներկայացված չեն արդարադատությանը։ Այսպես, 1919 թ. Ստամբուլում ստեղծված ռազմական արտակարգ տրիբունալները հեռակա կարգով դատապարտեցին երիտթուրք առաջնորդներից շատերին։ Աշխարհի ամենատարբեր պետություններում բազմաթիվ հեռակա դատավարություններ են անցկացվել նացիստական հանցագործների նկատմամբ։ Միայն 2009-2010 թթ. նացիստական ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է հինգ հոգի, որոնցից երկուսը Գերմանիայում, իսկ երեքը Իտալիայում՝ հեռակա կարգով։
  3. Հարկ է առանց հապաղելու ՀՀ իրավասու քննչական մարմնում ստեղծել հատուկ քննչական խումբ, որն իր վրա կվերցնի նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային Ադրբեջանի շրջաններում ու քաղաքներում, Արցախում ու Նախիջևանում հայության դեմ կատարված հանցագործությունների փաստերի հավաքագրումն ու վերլուծությունը, ինչպես նաև այդ վիթխարի գործի նախապատրաստությունն ընդհանուր դատավարությանը։ Քննչական օժանդակ մի խումբ էլ պետք է ստեղծել ԼՂՀ-ում։ Այնուհետև հենվելով միջազգային իրավունքի՝ մարդկայնության դեմ կատարված հանցագործությունների գործող օրենսդրական մեծ կորպուսի վրա, պետք է անցկացնել բուն դատավարությունը Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Դատավարության նախապատրաստության և անցկացման աշխատանքներին հարկավոր է ներգրավել բարձրագույն որակավորում ունեցող միջազգային մասնագետների։Հայաստանում անցկացված հեռակա դատավարաթյունների նյութերն այնուհետև պետք է մաս-մաս կամ ամբողջությամբ փոխանցվեն միջազգային դատական ատյաններին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանին կամ Ադրբեջանում հայասպանության և էթնիկական զտումների մասին գործով հատուկ ստեղծվելիք միջազգային տրիբունալին (Հաագայում)։ Միջազգային դատարանում Հայաստանն Ադրբեջանից հայցելու է նյութական ու ֆինանսական տուգանքներ, բարոյական, մշակութային և հողային փոխհատուցում, ինչպես նաև բռնագրավված տարածքների վերադարձ։
  4. ՀՀ-ն պետք է ոչ թե ՆԱՏՕ-ի և նրա անդամ գլխավոր պետությունների հայեցողությանը թողնի, թե ինչպիսի գնահատական նրանք կտան Հունգարիայի և Ադրբեջանի գործողություններին, այլ նրանցից շատ հստակ ու կոնկրետ քայլեր պահանջի, մասնավորապես՝ Ադրբեջանի նկատմամբ լուրջ դիվանագիտական, իրավաքաղաքական և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը՝ որպես տուժող կողմի, որոշակիորեն փոխհատուցելու առումով։ Այդ պահանջները կարող են մասամբ բացահայտորեն հնչեցվել, մասամբ էլ՝ ոչ-հրապարակային լինել (դրանք այստեղ չենք քննարկի)։
  5. Եթե ՆԱՏՕ-ն, ինչպես նաև Եվրոպական Միությունը, որի անդամ է Հունգարիան, կոնկրետ պատժամիջոցներ չկիրառեն Ադրբեջանի նկատմամբ, (իսկ, ըստ ամենայնի, հենց այդպես էլ կլինի) ՀՀ-ն պետք է վերանայի այդ միջազգային կազմակերպությունների հետ խորացված հարաբերություններ հաստատելու իր որդեգրած գիծը։ Մի շարք համատեղ ծրագրեր պետք է չեղյալ հայտարարել, իսկ մյուսների մակարդակը իջեցնել։ Մասնավորապես, պետք է օրենսդրորեն անմիջապես վերացվեն այն բոլոր զիջումները, որոնք արվել են մեր ազգային արժեքների հաշվին՝ հանուն հեռու և անորոշ ապագայում ԵՄ-ին անդամագրվելու։
  6. ՀՀ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին և Թուրքիային խաղաղեցնելու անհեռանկար, իրականում՝ պարտվողական քաղաքականությունը։ Ցեղասպանի հետ բանակցելն անիմաստ է ու վտանգավոր։ Նրան պետք է դիմադրել, զսպել ու պատժել՝ հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով։ Մասնավորապես, անհեթեթ է Մինսկի խմբի շրջանակներում վարել բանակցություններն այն կտրվածքով, որով նախատեսվում է տարածքային զիջումներ կատարել հօգուտ ցեղասպանական քաղաքականություն վարող պետության, այսինքն՝ նվազեցնելով մեր ռազմական ու ֆիզիկական անվտանգության մակարդակը։
  7. ՀՀ-ն պետք է միջազգային ասպարեզում փնտրի նոր, առավել վստահելի գործընկերներ և հնարավոր ռազմավարական դաշնակիցներ։ Բացի Ռուսաստանից, դա կարող են լինել ևս մեկ-երկու պետություն, գուցե առաջին հերթին՝ Չինաստանը։
  8. ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները քաղաքական և իրավական հանգամանալից գնահատականներ պետք է տան Ադրբեջանի և Թուրքիայի՝ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ վարած պետական ֆաշիզմի և հակահայկական ռասիզմի քաղաքականությանը, այլ չսպասեն, որ այդ գնահատականը մեկ ուրիշը տա, ինչպես իր օգոստոսի 31-ի ելույթում ակնկալում էր ՀՀ նախագահը։ Որևէ մեկը չի կարող ու չի ցանկանա թուրք-ադրբեջանական քաղաքականությանը տալ ավելի ճշգրիտ իրավաքաղաքական գնահատական, քան Հայաստանն ու հայությունը։
  9. Անհրաժեշտ է կատարել լայնածավալ կադրային փոփոխություններ ՀՀ արտաքին հարաբերությունները և քարոզչության ոլորտը տնօրինող պետական գերատեսչություններում և այլևայլ այն մարմիններում, որոնք տապալեցին մարդասպանի հանձնումը Ադրբեջանին թույլ չտալու գործը։

ՀՀ իշխանությունները պետք է, ի վերջո, արմատապես վերանայեն ինչպես իրենց արտաքին, այնպես էլ ներքին ռազմավարական դիրքորոշվածությունը։ Որևէ այլ պետության ու ժողովրդի նկատմամբ հազիվ թե կիռարվեր այն անամոթ միջազգաին առուծախը, որը կատարվեց հայի արյան հաշվին։ Տեղի ունեցածը իսկական ահազանգ է՝ ուղղված թե՛ ՀՀ իշխանություններին, թե՛ ամբողջ հայ ժողովրդին, որոնք պետք է բացեն աչքերը և հասկանան, որ այն ծայրահեղ արհամարհանքը, որ Հունգարիան ու նրա թիկունքում կանգնած ուժերը ցուցաբերեցին մեր նկատմամբ, գալիս է մեր ծայրահեղ թուլությունից, անկազմակերպվածությունից, պառակտվածությունից, մեր սեփական երկրում ու պետության մեջ ազգային շահերի ու արժեքների արհամարհված լինելուց։

Ա. Այվազյան,
քաղաքական գիտությունների դոկտոր
02.09.2012

This post is also available in: ,