Երևան-Անկարա «ճանապարհային քարտեզը» և Կովկասի նոր վերադասավորումը

Երևան-Անկարա «ճանապարհային քարտեզը» և Կովկասի նոր վերադասավորումը

Ռուսաստանի, Միջին Ասիայի և Կովկասի հարցերով ուսումնասիրությունների կենտրոն, Իրան, ապրիլ-մայիս 2009թ.
Աղբյուրը` Institute for research on Russia, Central Asia and Caucasus – IRAS

ԱՐԱՐԱՏ ՌԿ-ի մեկնաբանությունը

Երևանի և Անկարայի միջև նոր փուլ թևակոխած դիվանագիտական հարաբերություններն իրենց վրա են հրավիրել ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև տարածաշրջանից դուրս որոշ երկրների քաղաքական գործիչների և վերլուծաբանների ուշադրությունը` մղելով նրանց արտահայտելու որոշակի դիրքորոշումներ և տեսակետներ:

Թուրքերի և հայերի միջև լարվածությունն ու սառնությունն ունեն առնվազն հարյուրամյա անցյալ և սկսվում են առաջին աշխարհամարտի տարիներից: Այս քաղաքական հակամարտության հիմնական և արմատական պատճառն այն է, որ հայերը պնդում են, թե 1915 թվականին Օսմանյան բանակն Անատոլիայում ցեղասպանության է ենթարկել իրենց ազգակիցներին, և սկսած այդ թվականներից` երկու կողմերի հարաբերություններում տիրել է անվստահության և վատատեսության սառը մթնոլորտ: Այդ իսկ պատճառով, երկու երկրների հարաբերությունները գտնվում են բավական բարդ ու խճճված վիճակում:

1991 թվականին, Խորհրդային Միության փլուզմանը և Կովկասում Մոսկվայի իշխանության վերանալուն զուգընթաց բռնկված ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետության հողերի քսան տոկոսի բռնագրավումը դեռ շարունակվում է: Դա ևս պատճառ հանդիսացավ, որպեսզի Անկարայի ղեկավարները, իբր իրենց ցեղակիցներին զորակցելու նպատակով ու մի քայլ առաջ անցնելով` խզեն իրենց դիվանագիտական հարաբերությունները Երևանի հետ 1 :

1993 թվականից, այսինքն` Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ օրերին, ի նշան Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի գրավման դեմ բողոքի, [Անկարան] փակեց իր սահմանները Հայաստանի հետ և դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները, և այս վիճակը շարունակվում է մինչև օրս:

Վերջին երկու-երեք տարիների ընթացքում տարածաշրջանի որոշ զանգվածային լրատվամիջոցների մակարդակով շշուկներ էին տարածվում Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների վերսկսման մասին մինչև այն պահը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, իր ընտրվելուց քիչ անց, բացահայտ կերպով բարձրաձայնեց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատաման հարցում իր երկրի պատրաստակամության մասին:

Երկու երկրների ֆուտբոլային խաղը դիտելու պատրվակով` 2008 թվականի սեպտեմբերի 6-ին Աբդուլլահ Գյուլի` Երևան կատարած այցը երկու երկրների հարաբերությունների ուղու վրա անկյունադարձային նշանակություն ունեցավ և համարվեց հիմնական քայլ առաջ, և դա այն դեպքում, երբ Թուրքիայի հանրապետության հիմնադրման օրվանից (1923թ.) այդ հանրապետության ոչ մի նախագահ ոտք չի դրել Հայաստանի հողի վրա, այլ խոսքով` Թուրքիայի հանրապետության աթոռին նստած ոչ մի նախագահ այդ շինծու կամ պարտադրված կարմիր գիծը չի անցել:

Որպես այս ծրագրի ուղղությամբ երկու երկրների քաղաքական այրերի գործադրած ջանքերի հետևանք` Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների պատասխանատուները, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի միջնորդությամբ, 2009 թվականի ապրիլի 22-ին հայտարարեցին, որ Երևանն ու Անկարան իրենց հարաբերությունների կարգավորման նպատակով համաձայնության են եկել մի «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ 2 :

Նկատի ունենալով հարցի կարևորությունը և տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վրա դրա ազդեցությունը` սույն գրությամբ համառոտ կերպով քննարկում ենք հարցի տարբեր ծալքերը և վերլուծում դրա հետևանքները կովկասյան տարածաշրջանի վրա:

Հարցի էությունը

Կասկածից վեր է, որ երկու երկրների բարձրաստիճան պատասխանատուներից յուրաքանչյուրն իր որդեգրած այս ուղում հետապնդում է իր ազգային շահերը և ցանկանում է վերսկսել հարաբերությունները, սակայն դիվանագիտական հարաբերությունների վերսկսման հարցը վեր է երկու կողմերի կամքից և անկասկած, տարածաշրջանում իրենց շահերն ունեցող ուժերն են, որ կուլիսներում նախագծել են այս սցենարը:

Նկատի ունենալով, որ Կովկասում հիմնական մրցակիցները, մի կողմից` Ռուսաստանն ու մյուս կողմից` ԱՄՆ-ն, Եվրոպան և նրանց դաշնակիցներն են, պետք է ստեղծված նոր իրավաճակը քննարկել այս քաղաքական ուժերի տեսանկյունից: Սակայն նկատի ունենալով այն իրողությունը, որ երկու մրցակից կողմերի (Ռուսաստան և Արևմուտք) շահերը Կովկասում բախվում են և մեկտեղելի չեն, այդ իսկ պատճառով Անկարա-Երևան հարաբերությունների վերահաստատման սցենարը չի կարող միասնական գործարքի արդյունք լինել:

Բոլոր ազդակներն ու փաստերը ցույց են տալիս, որ այս սցենարն արևմտյան¬ամերիկյան է. այն իհարկե որոշ չափով հաշվի է առնում Թուրքիայի և Հայաստանի շահերը, որպեսզի երկու կողմերն էլ ծրագրին հետամուտ լինելու անհրաժեշտ շարժառիթ ունենան` անկախ գոյություն ունեցող բազմաթիվ խոչընդոտներից, որոնց կանդրադառնանք հետո:

Այս մոտեցման կողքին կան նաև փոքրաթիվ վերլուծաբաններ, որոնք այս սցենարը ռուսական են համարում, սակայն նրանք չեն ներկայացնում իրենց մոտեցման համար կուռ հիմնավորումներ, որոնք` ըստ իս, ընդհանրապես գոյություն չունեն:

Վերջին ժամանակներն Արևմուքտի հնչեցրած բոլոր հայտարարություններն ու արտահայտած դիրքորոշումները վկայում են հարաբերությունների հաստատման և կարգավորման մասին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նույն երկրի արտգործնախարարության խոսնակն իրենց հարցազրույցներում ողջունել են հարաբերությունների հաստատաման կապակցությամբ Հայաստանի և Թուրքիայի պատասխանատուների որոշումը և այն համարել շահեկան երկու երկրների և տարածաշրջանի համար:

Եվրամիությունն էլ, ոչ միայն վերջերս, այլ տարիներ ի վեր Թուրքիային խրախուսում է լուծել հարևանների և Հայաստանի հետ ունեցած իր հակամարտությունները և նույնիսկ Թուրքիայի` Եվրամիության անդամակցությունը պայմանավորում է դրանով:

Մի խոսքով, իրականում, Հայաստանի հետ հաշտվելու տեսակետից` Թուրքիան արևմուտքի ճնշմանն է ենթարկվել և պարտավոր է այդ ուղությամբ քայլեր ձեռնարկել՝ արևմուտքի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար:

Մյուս կողմից` Հարավային Կովկասում կարևոր դերակատար է Ռուսաստանը, և այս երկիրը ոչ մի գնով պատրաստ չէ իր շահերը զիջել աշխարհառազմավարական տեսակետից կարևոր այս տարածաշրջանում և հրապարակն ազատել արևմուտքի համար:

Հարավային Օսիայի պատերազմը և Ցխինվալիի վրա հարձակման պատճառով` Մոսկվայի Սահակաշվիլիին հասցրած ուժեղ և անսպասելի հակահարվածը (այնպես, որ նույնիսկ ԱՄՆ-ն և Եվրոպան էլ չկարողացան պաշտպանել Թբիլիսիին) հաստատում է այս տեսակետը:

Կասկածից վեր է, որ ճանապարհային քարտեզի գործարկումն ու Անկարայի և Երևանի համագործակցությունը կամրապնդի Թուրքիայի ներկայությունը Կովկասում: Եվ բնական է, որ դա պիտի հակասի Ռուսաստանի շահերին:

Չպետք է մոռանալ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի մնայուն և կարևոր անդամն է, և համարվում է արևմուտքի դաշնակիցներից մեկը: Եթե այդ երկիրն ընդգծված դերակատարություն ունենա Կովկասում, բացի այն, որ Ռուսաստանի համար կհայտնվի մրցակցի դերում, նաև կներկայացնի արևմուքտի շահերը տարածաշրջանում և կխաղա արևմուտքի դրածոյի դերը:

Ճիշտ է, որ Թուրքիայում իշխող կուսակցությունը (Արդարություն և բարօրություն)` Ռեջեփ Թայիբ Էրդողանի ղեկավարությամբ, իսլամիստական է և տարբերվում է մինչ այժմ Թուրքայում եղած աշխարհիկ կառավարություններից, սակայն այդուամենայնիվ համարվում է արևմուտքի և մասնավորապես` Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի գործընկերը:

Այստեղ, սակայն, գոյություն ունի մի այլ նրբություն, որ դժվարացնում է այս սցենարի (Ճանապարհային քարտեզ) կատարյալ իրագործումը կարճ ժամանակահատվածում: Այդ ուղու վրա կան բարդ խոչընդոտներ և անորոշություններ, որոնք դժվարացնում են այդ սցենարի իրագործումը:

Պետք է նշել, որ Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացումը ներկա պայմաններում զուգակցվում է Բաքվի անհամաձայնությամբ: Մյուս կողմից, Ադրբեջանի դժգոհությունը, որը ռազմավարական կարևորություն ունեցող կովկասյան տարածաշրջանում համարվում է արևմուտքին հարող երկիր և օգնում է ապահովել Եվրոպայի և ԱՄՆ-ի շահերը, դժվարացնում է սցենարի իրագործումը:

Մի խոսքով, դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ այս նոր ձևաչափում նախատեսված կլինի նաև Ղարաբաղյան հակամարտության և Ադրբեջանի բռնագրավված տարածքների հարցի լուծումը ու դրա կարգավորման գործընթացը: Մի բան, որն իհարկե վերլուծական դիտանկյունից դժվար է պատկերացնել և չի կարելի հուսալ, որ կարճ ժամանակահատվածում այն իրագործելի կլինի:

«Ճանապարհային քարտեզ»-ի բովանդակությունը Թուրքիա-Հայաստան հարաբերությունները բնականոնացնելն է

Ընթացիկ տարվա ապրիլի 23-ին Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները և, որպես միջնորդ` Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը, հայտարարությամբ տեղեկացրին Անկարա-Երևան ճանապարհային քարտեզի հիման վրա հարաբերությունները բնականոն դարձնելու շուրջ համաձայնության մասին:

Ադրբեջանի «Թրենդ» լրատվական գործակալությունը, հիմք ընդունելով թուրքական մամուլը, ճանապարհային քարտեզում տեղ գտած ընդհանուր կետերը հայտարարեց` ըստ հետևյալի¬
1. Հայաստանն ու Թուրքիան ընդունում են 1921 թվականին Խորհրդային Միության և Թուրքիայի միջև կնքված պայմանագիրը :
2. Երկու երկրները միասնաբար կազմում են պատմաբանների հանձնաժողով, որպեսզի քննարկեն հայերի կոտորածների հարցը: Այդ հանձնաժողովին կարող է անդամակցել նաև երրորդ երկիր:
3. Թուրքիայի և Հայաստանի սահմանը բացվում է և ստորագրվում են առևտրային փոխանակումներին վերաբերող փաստաթղթեր:
4. Թուրքիան և Հայաստանը Վրաստանում իրենց դեսպանությունների միջոցով միմյանց մայրաքաղաքներում դիվանագիտական ուղղակի հարաբերություններ են հաստատում:
5. Երկու երկրների խորհրդարանները քննարկում և որոշում են այն բոլոր նախագծերն ու ծրագրերը, որոնց հետամուտ է գործադիր իշխանությունը` ճանապարհային քարտեզի շրջանակներում:

Կարևոր է նշել, որ երեք երկրների` Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի պաշտոնական հայտարարության մեջ չեն արտացոլվել համաձայնագրի մանրամասները, և նշված հինգ կետերը Երևանի և Անկարայի պաշտոնական անձինք մինչ այժմ ո՛չ հաստատել են, և ո՛չ էլ` հերքել:

Ճանապարհային քարտեզի հինգ կետերի մասին առաջին աղբյուրը եղել է Թուրքիայի «Սաբահ» օրաթերթը, որի հիման վրա տարածաշրջանի մի շարք լրատվամիջոցներ կրկնեցին նույն լուրը: Այսպիսով, հնարավոր չէ առանց տատանումների, հստակ տեսակետ հայտնել «ճանապարհային քարտեզ» համաձայնագրի կետերի ճիշտ կամ սխալ լինելու վերաբերյալ:

«Ճանապարհային քարտեզ»-ի իրագործման խոչընդոտներն ու դժվարությունները

Թեև Երևանի և Անկարայի ղեկավարներն անցյալ երկու տարվա ընթացքում երկու երկրների հարաբերությունները բնականոնացնելու և դիվանագիտական հարաբերություններ վերահաստատելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկել, ճանապարհային քարտեզում տեղ գտած կետերն կենսագործելու ճանապարհին առկա արգելքների ու դժվարությունների պատճառով, այդ ծրագրի իրագործման հեռանկարը դեռևս անորոշ է:

Այս ծրագրի առջև ծառացած արգելքները հետևյալն են.

1. Հարցի լուծման վերաբերյալ երկու երկրների հասարակական կարծիքի անպատրաստ լինելու հանգամանքը:

Վերջին 18 տարիների ընթացքում, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների ու զանգվածային լրատվամիջոցների իրականացրած` «մեկ ազգ և երկու երկիր»կարգախոսով լայն ու ծավալուն քարոզչության արդյունքում՝ Հայաստանն ընկալվում է որպես այդ երկու երկրների թշնամի: Այդ երկու երկրների ժողովուրդների հասարակական կարծիքը հակառակ ուղղությամբ թեքելը և Հայաստանի հետ հաշտությունը դյուրին չի լինելու և հնարավոր չէ իրագործել կարճատև ժամկետում: Հենց այդ էր պատճառը, որ լրատվամիջոցներով հարցի արծարծվելուն պես երկու երկրների ժողովուրդներն էլ բացասաբար արձագանքեցին և իրենց բողոքի ձայնը բարձրացրին:

Թուրքիայում հակառակ և բացասական դիրքորոշման դրոշակակիրները ազգայնականներն ու Էրդողանի կառավարության ընդդիմադիրներն էին: Իսկ Ադրբեջանում ո՛չ միայն ժողովուրդն ու ընդիմադիր կուսակցությունները, այլև իշխանություններն ու իշխող կուսակցությունը չողջունեցին այս հարցը: Նույնիսկ Հայաստանում ղարաբաղցիներն ու ծայրահեղական կուսակցությունները, ու մասնավորապես` Դաշնակցությունն, իրենց հակառակ դիրքորոշումը հայտնեցին Անկարա-Երևան հարաբերությունների բնականոնացման վերաբերյալ, եթե դա պայմանավորված չէ թուրքերի կողմից ցեղասպանության ընդունման համապատասխան հատուցման հետ:

2. Ադրբեջան-Ռուսաստան մերձեցման վտանգը (Բաքվի դժգոհությունը)

Անկախ Ղարաբաղյան հակամարտության լուծումից` Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հաստատումն, առաջ բերելով Բաքվի դժգոհությունը, Ռուսաստանի հետ Բաքվի մերձեցման պատճառ կդառնա: Այդպիսով, Կովկասյան տարածաշրջանում արևմուտքի առաջխաղացումը, որի բաղադրիչներից մեկը Ադրբեջանի կոոպտացիան է, կարգելափակվի: Այդ հանգամանքների դրսևորումներն այժմ էլ տեսանելի են: Սկսած այն ժամանակից, երբ Թուրքիան, Հայաստանը և Շվեյցարիան հայտարարեցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու համաձայնության մասին, Բաքուն, անաղմուկ և հանգիստ կերպով, արևմուտքին ու Թուրքիային պատգամ հղելու նպատակով` քայլ արեց դեպի Մոսկվա և այդ ընթացքում Ադրբեջանի նախագահի` Ռուսաստան կատարած այցելության ժամանակ, Իլհամ Ալիև-Մեդվեդև բանակցությունների ընթացքում, խոսվեց մեծ աղմուկ հանած Նաբուկո ծրագիրը շրջանցելու և գազի շուրջ ստեղծվելիք համաձայնության մասին:

Անկասկած, արևմուտքը պատրաստ չէ հրաժարվել Ադրբեջանի Հանրապետությունից` հանուն Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման: Մի խոսքով, այս նոր վերադասավորումների նախագիծը և Երևան-Անկարա ճանապարհային քարտեզն այնպես պիտի իրականացվեն, որ ունենան Բաքվի համաձայնությունը և կանխեն նրա դարձը դեպի Ռուսաստան:

ճանապարհային քարտեզի կենսագործման համար Թուրքիայի վարչապետի առաջին պայմանը

Թուրքիայի վարչապետ Էրդողանը մի քանի անգամ, այն էլ` խստորեն, հայտարարեց, որ մինչև չլուծվի Ղարաբաղյան հակամարտությունը և Հայաստանը չվերադարձնի ադրբեջանցիների տարածքները, իր երկիրը Հայաստանի հետ սահմանը չի բացի:

Մայիսի 13-ին Բաքու կատարած իր այցելության ընթացքում, Իլհամ Ալիևին հանդիպելուց հետո, մի հարցազրույցի ժամանակ նա կրկնեց, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակելու պատճառը եղել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների բռնագրավումը և այդ սահմանի բացումը տեղի կունենա այդ պատճառների վերացումից հետո:

Պարզ է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև համաձայնեցված ճանապարհային քարտեզի գործարկումը պայմանավորելով Ղարաբաղյան հակամարտության լուծմամբ և Ադրբեջանի տարածքների ազատագրումով` այս համաձայնագրի իրագործումը մատնվում է անորոշության, քանի որ այդ պայմանների իրականացումը` սահուն կերպով և կարճ ժամանակահատվածում, հեռու է հնարավոր լինելուց:

Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը բարդ է` նկատի ունենալով 1992 թվականից ի վեր Մինսկի խմբի շրջանակներում երկու հակամարտող կողմերի և տարածաշրջանի ու միջազգային ուժերի գործադրած ջանքերը, որից կարելի է եզրակացնել, որ Էրդողանի պայմանի բավարարումը չափազանց բարդ է: Իհարկե, այս դիրքորոշմանը զուգահեռ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, գործածելով ավելի մեղմ բառապաշար, աշխատում է ճանապարհային քարտեզի իրագործման հեռանկարն ավելի հուսալի գծագրել` մատնանշելով տարածաշրջանի երկրների միասնական շահերն այս հարցում: Մի առիթով նա տեսակետ է հայտնել, ըստ որի` «Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վերահաստատումը ամբողջ տարածաշրջանի համար դրական է և դա մի քայլ է, որով պատասխան կտրվի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում և Ադրբեջանի երկմտություններին»:

Սեյեդ Ռեզա Միր Մոհամմադի
Միջին Ասիայի և Կովկասի հարցերով մասնագետ
Միջին Ասիայի և Կովկասի հարցերով ուսումնասիրությունների կենտրոն
————

  1. Թուրքիայի և ՀՀ-ի միջև իվանագիտական հարաբերություններ երբեք չեն եղել, ուստի չեն էլ խզվել (ԱՌԿ-ի խմբ.)։
  2. Թվում է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը սրամտություն և քաղաքական խորամանկություն է կիրառել իր դիրքորոշման մեջ և, գնդակ գցելով ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ ներքաշվածների և այդ առումով հավակնություններ ունեցողների դաշտը (Մինսկի խումբ, ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան)` ցանկացել է և՛ Ադրբեջանին չհեռացնել Թուրքիայից, և՛ բացասական պատասխան չտալ Հայաստանի հետ հարաբերությունները բնականոնացնելու արևմուտքի ճնշումներին ու պատվերներին:
    Հայերի և թուրքերի` միմյանց նկատմամբ ունեցած պատմական բացասական նախապաշարումներն այնքան խորը արմատներ ունեն, որ համաձայնեցված ճանապայրհային քարտեզի իրագործման դեպքում երկու երկրների միջև պաշտոնական և դիվանագիտական հարաբերությունների առկայության պարագայում անգամ, նույնիսկ երկարաժամկետ կտրվածքով, այդ հարաբերությունները չեն կարող վերածվել երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների: Իսկ Բաքվի և Անկարայի միջև առկա է հակառակ երևույթը. եթե մի օր Հայաստանին ու Թուրքիային հաջողվի բնականոն դարձնել իրենց հարաբերությունները, Անկարայի և Բաքվի հարաբերությունները, հակառակ ոմանց կարծիքի, չեն մթագնի դրանից, և ի վերջո Ադրբեջանի ղեկավարները մի կերպ կհաշտվեն այդ իրողության հետ:

«ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Ստորև թարգմանաբար ներկայացված հոդվածի հեղինակն Իրանում Ռուսաստանի, Միջին Ասիայի և Կովկասի հարցերով ուսումնասիրությունների կենտրոնի (Institute for research on Russia, Central Asia and Caucasus – IRAS) փորձագետ Սեյեդ Ռեզա Միր Մոհամադին է: Կենտրոնը ներկայանում է որպես Ռուսաստանին, Միջին Ասիային և Կովկասին առնչվող մշակութային, քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող առաջին և միակ ոչ-պետական հետազոտական հասարակական կազմակերպությունն Իրանում:

Սույն հոդվածը հետաքրքիր է այն առումով, որ դրսևորում է մեր հարևան և բարեկամ երկիր Իրանի քաղաքական և փորձագիտական որոշ շրջանակների մոտեցումը հայ-թուրքական հակամարտությանը: Չնայած Հայաստանի և Իրանի ռազմավարական շահերի ընդհանրությանը` Իրանի այս առաջատար վերլուծական կենտրոնի փորձագետի դիրքորոշումները, փաստորեն, թուրքամետ են, քանզի իր վերլուծության մեջ նա շրջանառում է թուրք-ադրբեջանական կեղծ քարոզչության մի շարք թեզեր:

Ցավոք, մեր ուշադրությանն արժանացած նմանատիպ հրապարակումներն իսլամական երկրների աղբյուրներում ցույց են տալիս, որ թուրք-ադրբեջանական ապատեղեկատվությունն ու քարոզչությունն սպրդել են նույնիսկ մեր ռազմավարական դաշնակից երկրի` Իրանի վերլուծական մտքի և լրատվամիջոցների շրջանակներ: Մասնավորապես, այս հոդվածում.
– Ադրբեջանական ռազմական ագրեսիայից Արցախի ազատագրումը քանիցս ներկայացվում է որպես Հայաստանի կողմից իբր Ադրբեջանի տարածքի 20%-ի բռնագրավում:
– Հայոց ցեղասպանության փոխարեն գործածվում է «հայերի կոտորածներ» մեղմացուցիչ տերմինը, ցեղասպանության փաստը ներկայացվում է իբրև «հայերի պնդումներ», Արևմտյան Հայաստանն էլ՝ Անատոլիա:
– Թուրքիայի կողմից Հայաստանը տնտեսական շրջափակման ենթարկելու ապօրինությունը և Հայաստանն ապաշրջափակելու Անկարայի պարտավորությունը բնութագրվում են «հայ-թուրքական սահմանի փակում» և «վերաբացում» չպարտավորեցնող մեղմասացություններով:
– Արվում է հայ ժողովրդի անթույլատրելի տարանջատում հայաստանցիների ու ղարաբաղցիների: Իսկ ազգային դիրքորոշումներն (ինչպես նաև հոդվածում հիշատակված հայկական քաղաքական կուսակցությունն), առանց հիմնավորումների, պիտակավորվում են «ծայրահեղական». «Նույնիսկ Հայաստանում ղարաբաղցիներն ու ծայրահեղական կուսակցությունները, մասնավորապես` Դաշնակցությունը, իրենց հակառակ դիրքորոշումը հայտնեցին Անկարա-Երևան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ…»:
Նման պիտակավորումներն ու անվանարկումները բացակայում են Ադրբեջանում հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» շուրջ առաջացած ընդդիմության մասին խոսելիս:
– Հայաստանին ներկայացվող թուրքական նախապայմանը երկրորդվում է հոդվածում արդեն որպես հոդվածագրի սեփական տեսակետ. այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «հնարավոր է միայն այն դեպքում, երբ այս նոր ձևաչափում [«ճանապարհային քարտեզ» կոչվածում – «Արարատ» ՌԿ խմբ.] նախատեսված լինի նաև Ղարաբաղյան հակամարտության և Ադրբեջանի բռնագրավված տարածքների հարցի լուծումը»:

Ադրբեջանի տարածքի իբր 20%-ի բռնագրավման մասին պնդումներն տեղ են գտել նաև արաբական մամուլում. որպես դրա ցայտուն օրինակ` ընթերցեք «Արարատ» կենտրոնի Արտասահմանյան մամուլի տեսության բաժնում թարգմանաբար զետեղված` արաբական աշխարհում թերևս ամենահեղինակավոր «Ալ-Ահրամ» օրաթերթում ս.թ. ապրիլի 13-ին լույս տեսած «Ղարաբաղն ինչպես է սպառնում թուրք-հայկական մերձեցմանը» հոդվածը և «Արարատ» կենտրոնի մեկնաբանությունը:

Այս հրապարակումները վկայում են այն մասին, որ Հայկական հարցում թուրք-ադրբեջանական համակարգված քարոզչամեքենան արդեն մեծ հաջողություններ է գրանցել Մերձավոր Արևելքում: Այս առումով, հայկական դիվանագիտության անելիքներն այդ տարածաշրջանում շատ են և հրատապ:

Չափազանցություն չէ ասելը, որ այսօր աշխարհում ընթանում է հանրային կարծիքի համատարած որս` թիրախային հանրության կամ նրա ազդեցիկ հատվածների շրջանում սեփական ծրագրերը, կարծիքները, տեղեկատվությունը, դիրքորոշումներն ու գործողություններն ընդունելի դարձնելու, օրինականացնելու նպատակներով: Եվ դա արվում է հատկապես հանրային դիվանագիտության միջոցով, հանրային կարծիք ձևավորողների` լրագրողների, փորձագետների, պետական, քաղաքական գործիչների, ակտիվ երիտասարդների, ուսանողների, հ/կ ներկայացուցիչների և այլ հեղինակավոր անձանց հետ տարվող ծրագրված, շարունակական աշխատանքով: Հետևաբար, դժվար է թերագնահատել քարոզչության և հանրային դիվանագիտության դերը, որ իրականացվում է որևէ խնդրում միջազգային հանրության համակրանքն ու աջակցությունը շահելու նպատակով:

Այս առումով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է թերանալ հատկապես հանրային դիվանագիտության ասպարեզում` միջազգային հասարակական կարծիք ձևավորողներին, այդ կարծիքի առաջատարներին, մասնավորապես` գիտական-վերլուծական և լրագրողական շրջանակներին, հայկական տեսակետներն ու դիրքորոշումները, Հայկական հարցի և հայ-թուրքադրբեջանական հակամարտության էությունը, պատմությունն ու իրական փաստերը ներկայացնելու, բացատրելու, և հետևաբար` այդ շրջանակների հնարավոր համակրանքն ու աջակցությունը շահելու նպատակով անհրաժեշտ աշխատանքների հարցում:

This post is also available in: ,