Վրացական մամուլը և հայ-աբխազական հարաբերությունները

Վրացական մամուլը և հայ-աբխազական հարաբերությունները

Մեր ժամանակներում, մանիպուլյացիոն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, հաճախ զանգվածային լրատվամիջոցները հանդես են գալիս ոչ այնքան հասարակական կարծիքն օբյեկտիվ արտահայտողի, որքան այդ կարծիքը ձևավորողի դերում։ Սա է պատճառը, որ վրացական ազգայնական մամուլի մի շարք օրգանների հետևողականորեն տարվող աշխատանքը Աբխազիայում հակահայկականության սերմանման ուղղությամբ չի կարող անտարբեր թողնել ՀՀ կառավարող շրջանակներին և փորձագետներին։

Աբխազահայության անվտանգության և ՀՀ պետական շահերի տեսանկյունից, անշուշտ, խիստ վտանգավոր են հայ-աբխազական հակասությունների հրահրումը, դրանց ամեն տեսակ դրսևորումներն ու անցանկալի զարգացումները։

Ներկայումս վրաց ազգայնական ընտրանու որոշակի հատվածի շրջանակներում նկատելի է հայության նկատմամբ անթաքույց անբարյացակամ վերաբերմունք, որն իր դրսևորումն է գտնում հակահայկական ոգով գրված հրապարակումներում։ Դրանց թիվն օր օրի ավելանում է։ Հակահայկականությունը դրսևորվում է մի շարք խնդիրների կամ թեմաների համատեքստում, որոնց զգալի մասն արդեն ավանդական դարձած մեղադրանքներ են հայության նկատմամբ և չեն հարուցում հայ հետազոտողների զարմանքը։ Այդ թեմաներն են. հայության «նկրտումները» Թիֆլիսի նկատմամբ, հայկական գերակայություն հաստատելու «ձգտումները», ջավախահայութան «անջատողականությունը», հայերի ծրագրերը Վրաստանի տարածքի մի մասում «Մեծ Հայաստանի» ստեղծման նպատակով, ինչպես նաև վերջերս բավական հաճախակիացած նյութերը, որոնցում հեղինակները վրաց հասարակությանը տեղեկացնում են վրացական պատմության և մշակույթի նկատմամբ հայերի ունեցած «հավակնությունների» մասին։

Բայց այս ավանդական թեմաներին վերջերս գումարվել է ևս մեկը, որն իրավամբ հետզհետե «պատվավոր տեղ» է զբաղեցնում վրացական հակահայկական հրապարակախոսության մեջ։ Խոսքը վերաբերում է հայ-աբխազական հարաբերություններում սեպ խրելու վրաց ազգայնականների ակնհայտ ձգտումներին։

Հարավային Կովկասի ուշագրավ առանձնահատկություններից մեկն այն է, որ սոցիալ-տնտեսական փոփոխություններն այստեղ ավանդաբար ձեռք են բերում ազգամիջյան երանգավորում։ Այդ գործընթացները թե՛ անցյալում, թե՛ ներկա փուլում խթանում են միջէթնիկ և միջհամայնական հարաբերությունների վերաձևավորման շղթան, ինչն, անկասկած, նորանոր խնդիրներ է առաջադրում նաև միջպետական հարաբերությունների կարգավորման հարթությունում։ Վերջերս հաճախակի են դարձել հրապարակումներն այն մասին, որ հայերը գրավել են ամբողջ Աբխազիան, ճնշում են աբխազներին, իրենց ձեռքում կուտակել են ահռելի դրամական միջոցներ, տիրապետում են զգալի կապիտալի, ինչը համապատասխանում է հայկական«ՙՙզավթողական» ծրագրերին և ագրեսիվ բնավորությանը։

Հայտնի է, որ վրացական ազգայնականության ավանդական մոդելը հարուստ է հակա-հայկական բաղադրիչներով։ Եվ այս առումով, թերևս, էական բացահայտումներ չկան։ Այնուամենայնիվ, այդ մոդելը թարմացվում է նոր՝ առավել վտանգավոր երանգավորումներով, որոնք թելադրված են ներկայումս ստեղծված իրավիճակով։

Փորձելով աբխազական խնդրի լուծման համար օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ վրացական ազգայնական շրջանակները ձգտում են հակահայ հրապարակումներով հայ-աբխազական հարաբերություններում սերմանել անվստահություն, թշնամանք, հնարավորության դեպքում՝ նաև միջհամայնական հակամարտություն։

Վրացի հեղինակ Թեյա Մարխվաիձեն, օրինակ, Թբիլիսիում հրատարակվող «Ախալի թաոբա» թերթի իր հոդվածում նշում է, որ հայերը վաղուց ի վեր ձգտել են գրավել Սև ծովի ափերը, և այսօր նրանք, ինչպես երբևէ, մոտ են իրենց երազանքին։ Հեղինակը զգուշացնում է, որ առաջիկայում պետք է սպասել հայ-աբխազական հակամարտության պոռթկմանը Սուխումում և նրա շրջակայքում։ Նա միաժամանակ զգուշացնում է, որ իրենք՝ վրացիները, դրանում մեղավոր չեն։ Պատմությունից մեզ քաջ հայտնի է, թե առաջներում վրացական ազգայնական մամուլն ինչպես է վերաբերվել հայերին՝ անընդհատ շեշտելով, որ հայերը չափազանց խելացի են, խորամանկ ու հաջողակ։ Եվ այստեղ էլ հեղինակը նշում է, որ հայերը միշտ իրենց շահերն են հետապնդում և սեփականաշնորհում են ամբողջ հողերը, և քանի որ աբխազները հայտնի «ծույլեր» են, հետևաբար, դա հայերին հաջողվում է։ «Այսօր Աբխազիայում շքերթը ղեկավարում են հայերը»,- ամփոփում է վրացի հեղինակը։ Վերջում հոդվածագիրը բացահայտում է իր հոդվածի հրապարակման իրական նպատակները. «Թող սպանեն իրար, մեզ դա, իհարկե, ձեռնտու է» («Ախալի թաոբա», դեկտեմբերի 20, 2006թ.)։

Երբ հայերի նկատմամբ նման մեղադրանքներով բազմաթիվ հրապարակումներ էին հայտնվում անցյալում, օրինակ՝ 20-րդ դ. սկզբին, երբ տարածաշրջանում միջէթնիկ լարվածություն կար, ֆրանսիական «Temps» լրագիրը դիպուկ մատնանշում էր հակահայկականության արմատները՝ 1905թ. գրելով. «Այն ազգաբնակությունների մեջ, որոնք սարսափում են աշխատանքից, հայերը հրաշալիորեն գործունյա են. այն անձերի մեջ, որոնք գործ չեն հասկանում, հայերը սիրում են գործել և հաջողում են։ Ահա նրանց հաջողության իսկական պատճառները, ահա իսկական պատճառները նրանց դեմ գրգռվող ատելության»։

Հայ-աբխազական հարաբերությունների համատեքստում արժե նշել վրաց-աբխազական պատերազմում Բաղրամյանի անվան գնդի մարտական գործողությունների թեմայի մասին։ Մեր ժամանակների հայտնի «հայագետ» Բոնդո Արվելաձեն զարմացնում է ընթերցողներին իր հայատյաց հրապարակումներով։ «Վրաստան Օն-լայն» ինտերնետային կայքին տված հարցազրույցում նա հայտնում է, որ հայկական կողմը պարտավոր է պաշտոնապես դատապարտել Բաղրամյանի անվան գնդի՝ Աբխազիայում այդ պատերազմի տարիներին կատարած «հանցանքները» վրաց ժողովրդի նկատմամբ։ Նա նշում է, որ վրաց ժողովուրդը երբեք չի ների հայերին այդ հանցանքը, ինչպես հայերը չեն ներում թուրքերին 1915թ. ցեղասպանությունը։ Ակնհայտ է, որ նման համեմատությունն արդեն իսկ լուրջ քաղաքական և էթնոհոգեբանական վտանգներ է պարունակում։ Մի կողմ թողնելով այս համեմատության անհեթեթ լինելը՝ նշենք միայն, որ այնուամենայնիվ, կա մի ընդհանրություն. թե՛ 1915թ. Օսմանյան կայսրության տարածքում և թե՛ 1992-1994թթ. վրաց-աբխազական պատերազմում խաղաղ հայ բնակչության դեմ կանգնած են եղել կառավարական զորքեր, ուղղակի առաջին դեպքում ինքնապաշտպանությունը կարող էր ավելի լավ կազմակերպված լինել։

Նույն հրապարակման առաջաբանում հայտարարվում է. «Բավական է մենք՝ վրացիներս, ջայլամի քաղաքականություն վարենք և զգուշավորություն ցուցաբերենք հայ-վրացական հարաբերություններին վերաբերող հարցերում, արդեն ժամանակն է իրերն իրենց անունով կոչենք։ Եվ դրա ապացույցն էլ կլինի այն, որ շուտով Վրաստանում լույս կտեսնի վրացերենով և անգլերենով մի գիրք, որտեղ կնկարագրվեն Բաղրամյանի անվան գնդի հանցանքները վրաց ժողովրդի նկատմամբ Աբխազիայում»։

Աբխազիայում հայ-աբխազական լարվածության առաջին պտուղները երևացին անցյալ տարվա աշնանը, երբ պայթեցվեցին հայկական ներկայացուցչության շենքն ու հայկական դպրոցը։

Մեկ այլ հոդվածում («Ցիսկարի», թիվ 24, ապրիլի 5, 2006թ.) հեղինակ Մալխազ Գվելուկաշվիլին առաջ է քաշում այն տեսակետը, թե վրաց-աբխազական պատերազմն իրականում հայ-վրացական էր։ Փաստորեն, վրացիների շրջանում քայլ առ քայլ տարածվում է այն գաղափարը, թե վրացիների հիմնական թշնամին հայերն են։ Այնուհետև նշվում է, թե Հայաստանը տարածաշրջանի այն միակ երկիրն է, որն ունի հստակ ձևակերպված շահեր ու ծրագրեր Կովկասում, և այդ ծրագրերի նպատակն է հայկական գերակայության հաստատումը, որն ավելի վտանգավոր է վրացիների համար, քան մահմեդականը։ Փաստորեն, այդ հրապարակումներում հնչում են մեղադրանքներ նաև պաշտոնական Երևանի հասցեին, թե այդ «նկրտումներն» ուղղորդվում են այստեղից։

Ակնհայտ է, որ վրացիները ներկայումս, ունենալով տարածաշրջանում ավանգարդի դերը ստանձնելու ձգտում, իրենց այդ «առաքելության» իրականացման ճանապարհին ամենահիմնական մրցակից ընկալում են ոչ թե մահմեդական աշխարհը (Թուրքիա, Ադրբեջան), այլ Հայաստանն ու հայությունը։

Հավելենք «Միջազգային և ռազմավարական հետազոտությունների վրացական հիմնադրամում» հայ փորձագետների հետ հանդիպման ժամանակ հիմնադրամի տնօրեն, արևելագետ պրն Ռոնդելիի արտահայտությունը, թե՝ «անկախացումից հետո մենք վախենում էինք, որ դուք՝ հայերդ, կգրավեք ամբողջ Կովկասը»։

Թամարա Վարդանյան
http://www.noravank.am/am/?page=analitics&nid=619

This post is also available in: ,