ArmAr.am, 15.12.2009
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ցավով ընդգծեց, որ Ջուղայի գերեզմանատան ավերումից հետո, այս հինգ տարիների ընթացքում Հայաստանի պատկան մարմինների կողմից խնդրի առնչությամբ` հետևողականություն, խնդրին հետամուտ լինելու աշխատանք չի տարվել։ «Իմ կարծիքով, մինչև որ պետական մակարդակով դատական հայց չհարուցվի, խնդիրը ճիշտ ընթացք չի ունենա։
Հանցագործությունն արդեն տեղի է ունեցել, իսկ ցանկացած հանցագործություն պետք է պատժվի, որպեսզի առաջիկայում այն կանխվի»,- ասաց Ս. Կարապետյանը։
Նա նշեց, որ երկու տարի առաջ, իհարկե, բավական ուշացումով, բայց Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը Եվրոպայի մարդու իրավունքների միջազգային դատարանում Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման խնդրով հայց ներկայացրեց, և հայցը դատարանի կողմից ընդունվեց։ «Երկու տարվա ընթացքում, կարող եմ ասել, որ դատական այդ գործընթացը` ընդամենը ընթացքի մեջ է։ Դա ինձ շատ չի գոհացնում, որովհետև, մենք անկախ պետություն ենք և այդ դիրքերից պետք է բարձրաձայնենք ու այդ դիրքերից պետք է հետամուտ լինենք խնդրին` դատի տալով Ադրբեջանին»,- ընդգծեց Ս. Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Ջուղան միակ հնավայրը չէ, որտեղ ադրբեջանցիներն իրենց վանդալիզմն են դրսևորել. «Ըստ էության, պատերազմական շրջանակից դուրս գտնվող մի տարածքում՝ Նախիջևանում, Ջուղայից բացի ոչնչացվել են այդ բնակավայրերի բոլոր պատմական հուշարձանները. թե գերեզմանոցները և թե եկեղեցիները։ Ջուղայի խնդիրը շատ արծարծվեց, որովհետև այն Իրանի սահմանին մոտ էր, և տեսանելի էր իրանական կողմից։ Մինչդեռ փաստ է, որ ամբողջ Նախիջևանում հայկական բոլոր հուշարձանների նկատմամբ հաշվեհարդար է տեղի ունեցել, և այսօր մենք այլևս այդ երկրամասի տարածքում որևէ հայկական հուշարձան չունենք։ Այսինքն՝ տեղի է ունեցել զանգվածային հանցագործություն, որի դեմն առնելու կամ պատժելու միակ ձևը` դատն է։ Կարծում եմ, որ մի շարք նախարարություններ՝ մշակույթի, արտաքին գործերի, պաշտպանության (որովհետև Ջուղայի գերեզմանոցը բանակի ուժի գործադրմամբ ոչնչացվեց), կարող էին համատեղ մեկ հայցով՝ միասնաբար հանդես գալ և պատասխան պահանջել։ Այնինչ անցել է արդեն հինգ տարի և այս ուղղությամբ պետական մակարդակով ոչինչ չի արվել»։
Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդի կողմից հարուցված դատական հայցի առնչությամբ Ս. Կարապետյանն ընդգծեց, որ դատն ընթացքի մեջ է, որ դատական այդ գործընթացում նոր հարցեր, նոր խնդիրներ են առաջ գալիս, որոնց պատասխանները` մեր կողմից արագ տրվում են։ «Հուսով եմ, որ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդն ամեն ինչ կանի, որ այս գործընթացում առաջխաղացում գրանցվի։
Սակայն հուսանք, որ կգա մի օր, երբ մենք` մեր ազգային արժեքների կորուստին պետականորեն կարձագանքենք»,- հուշարձանագետ ՍամվելԿարապետյանը։