Վրաստանի իշխանությունը Ջավախքի հայ մանկավարժների «սև ցուցակ» է կազմել

Վրաստանի իշխանությունը Ջավախքի հայ մանկավարժների «սև ցուցակ» է կազմել

Վերջին օրերին Ջավախքում արձանագրվեցին նոր երևույթներ, որոնցով վրացական իշխանությունները չափն անցան։ Այսօր կայացած մամուլի ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։

Պատգամավորի տեղեկացմամբ, նոր ուսումնական տարվա շեմին Ջավախքի դպրոցներին իջեցված դասաժամերի բաշխման նոր ցանկում հայերեն լեզվի ժամերը լրջորեն կրճատվել են։ Համեմատության համար Թորոսյանը նշեց, որ ավագ դպրոցում մայրենիի դասաժամերը կրճատվել են 5 անգամ Խորհրդային շրջանում, երկու անգամ հետխորհրդային շրջանում եղած դասաժամերի համեմատ։ Նոր ցանկով, ավագ դպրոցում, օրինակ, հայոց լեզվի դասաժամերը շաբաթական երկուսն են։

«Սա հայաթափման նոր քաղաքականություն է կամ սպիտակ եղեռն»,– հայտարարեց Շիրակ Թորոսյանը՝ հավելելով, թե դրանով հայերին հայրենի ակունքներից կտրելու քաղաքականություն է իրականացվում։ «Պատկերացնո՞մ եք՝ հայ երեխան սովորելու է հայկական դպրոցում, բայց ամենաքիչ ժամաֆոնդը հայոց լեզվինն է»,– ասաց Թորոսյանը։

Պատգամավորի բնորոշմամբ, «մյուս կեղտոտ» քայլը, որ ձեռնարկել են Վրաստանի իշխանությունները, այն է, որ այժմ Ջավախքի դպրոցների տնօրեններին է ներկայացվել մանկավարժների «սև ցուցակ», որոնց մեջ հիմնականում ընդգրկված են հայոց լեզվի և պատմության ուսուցիչները։ Վերջինները, Թորոսյանի խոսքով, ազատվել են աշխատանքից առանց բացատրության, ինչպես նաև նրանց արգելել են աշխատել ոչ միայն Ջավախքի, այլև Վրաստանի որևէ դպրոցում։

«Սա մի քայլ է վրաց իշխանությունների կողմից, որը, ըստ երևույթին, միտված է հայկական ազգային դիմագիծը խեղելուն և վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու բոլոր այն մնացած ազգային դիմագծով մարդկանց մոտ, ովքեր կփորձեն հայկական ինքնության տեսակետից հանդես գալ։ Ես Ձեզ վստահեցնում եմ՝ Ջավախքում այսօր ավելի սարսափելի մի համակարգ է ներդրված, քան Բերիայի և Ստալինի համակարգն էր նախորդ դարի 40–50–ականներին»,– հայտարարեց Շիրակ Թորոսյանը։

Tert.am

This post is also available in: ,