1998 թ. սեպտեմբերին Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, գրականագետ Ջեյմս Ռասելը եղել է Երեւանում եւ մտերմացել բանաստեղծ Գեւորգ Էմինի կրտսեր որդու` Արտաշես Էմինի հետ: «Ես Երեւանում հանդիպեցի Արտաշես Էմինին, ով ինձ հրավիրեց իրենց տուն եւ իմ առջեւ բացեց Չարենցի անտիպների մի ամբողջ աշխարհ: Նա ինձ վստահեց այդ ձեռագրերը»,- գրել է Ռասելը: Դրանից հետո նա մամուլում հրապարակումներ է արել այդ անտիպ ժառանգությունից, որի մասին Հայաստանում ոչ ոք տեղյակ չի եղել:
Բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանն ասում է, որ Ռասելը Չարենցի մի շարք էրոտիկ բնույթի բանաստեղծություններ սխալ է վերծանել, իրեն սրտամոտ մեկնաբանություններ արել եւ հրապարակել` դրանով վարկաբեկելով Չարենցի անունը:
Այդ ժառանգությունը հայ գրականագետների մոտ չկար, իրենք ոչինչ չէին կարող անել, լավագույն դեպքում` հետեւել Ռասելի քայլերին: 2008 թ. սեպտեմբերի 10-ին այդ ժառանգությունը վաճառվեց Գրականագիտության եւ արվեստի թանգարանին: Վաճառքի գինը 8 մլն դրամ է, բայց մշակույթի նախարարությունը կարողացավ վճարել միայն 6,5 մլն դրամ եւ գնեց չարենցյան ինքնագրերի զգալի մասը, բայց ոչ ամբողջը:
Այս տարվա սեպտեմբերին Դավիթ Գասպարյանը հնարավորություն է ունեցել զբաղվել չարենցյան ձեռագրերով, ուսումնասիրել դրանք:
Մոտ 262 էջ չարենցյան ինքնագրեր կան, ընդ որում` սեւագրություններ, մաքրագրություններ, վերջնական տարբերակներ, տարբեր ժանրերի գործեր: Այդ ժառանգության մեջ կա 11 պոեմ, բանաստեղծական շարքեր, օրինակ` Աղասի Խանջյանին նվիրված «Դոֆին նաիրյան» շարքը, տարբեր բանաստեղծություններ:
Պոեմների մեջ կան բազմաթիվ հայտնի վերնագրեր, բայց չարենցագետի վստահեցմամբ` այդտեղ եղածը լրիվ տարբեր է, չի համընկնում նախկինում հրապարակվածներին: Օրինակ` «Ռեքվիեմ հայրենասիրական», «Պոեմ անառակ հանճարների մասին», Արուս Ոսկանյանին նվիրված 4 պոեմ եւ այլն: Պոեմներ կան, որոնց էջերը խառնված են իրար, ինչ-որ բաներ էլ կորել են:
Գրականգետն ասում է, որ Չարենցի ձեռագրերը պետք է լինեն իր հայրենիքում, անհրաժեշտ է գնել նաեւ ձեռագրերի մնացած մասը: Նա համոզված է, որ եթե ձեռագրերն այստեղ լինեին, կտպագրվեին, ասում է, որ ոչ մի աղավաղում չպետք է լիներ, ձեռագրերը պետք է տպագրվեին այնպես, ինչպես Չարենցն է գրել: Դավիթ Գասպարյանը նշում է, որ այս շրջանի Չարենցի ստեղծագործություններին բնորոշ է անսովորի զգացումը, մեկուսացումը, աշխարհի հետ անհաշտ լինելը, քաղաքական մղձավանջից ելք գտնելը:
www.hetq.am